ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ - ԲԱՆ Է

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա 
Եւ զի մի' զփրկութեանն վստահութիւն իսպառ կտրեցից
Եւ, ապազէն եղեալ, մատնեցայց այսքանեաց աներեւութից ընդդիմամարտից,
Որք ոչ այլ ինչ են, քան թէ թշնամիք ընտանիք`
Ինքնածին բուսեալք, զոր վերագրեալքդ սահմանեցին`
Զորքանութիւն պատկերին ձեւոյ եդեալ ահարկուս,-
Ցուցից առ սմին բազմաբոյլ բռնութեան մարտակցացդ`
Զաւրեղ ախոյեանս աստուածականս,
Ամենայաղթողս եւ անպարտելիս,
Թէ եւ կսկծելիս կիրս
Եւ դժուարակութ պտուղս ծառոց անհասանելեաց
Եւ անկոխ ճանապարհաց երկք եւ տաժանմունք:
Քանզի զայն ամենայն գունդս չարութեան բանսարկուին զաւրաց
Սակաւ մի արտաւսր կաթուածոց աչաց,
Իբր զճճիս զեռունս բազմոտանիս խղխայթից երկրի տկար խլրտմանց`
Անկեալ ի վերայ ծորումն ձիթոյ
Կամ դոյզն դեղ ինչ սատակչական, ցամաքեցուցանէ.
Եւ դոյզն մի հառաչումն սրտի հեծութեան, ելեալ ի հոգւոյ,
Իբր շնչումն հարաւային ջերմութեան, խառնեալ յարեւու,
Զսառնամանեաց սաստկութիւն հալէ.
Քանզի ըստ միումդ նմանութեան հեշտածինք են,
Եւ ըստ միւսումդ դիմադրութեան` դիւրամեռք: 


Բ 
Այլ ես ոչ երբէք կասեցից դատել
Զդատապարտեալս բանից կսկծմամբ,
Պարսաւել զպարտաւորեալս`
Իբր զվնասակար անփրկանաւոր անհամոզելի,
Վասն զի զոմանս սատակեալ ի յիմոց նեղչացն`
Ոմանց զաւրութիւն տամ կենդանանալ` առ հոգւոյս կորուստ:
Տունկս դառնոստեան,
Որ զգարշութիւն անառակ վարուց ծաղկեցի,
Բարունակս ապականաբեր եւ մահողկուզեան,
Որ զկորստեան գինին երկնեցի,
Քանանու զաւակս եւ ոչ Յուդայ,
Ըստ ասից մեծին Դանիելի,
Որդիս գեհենին եւ ոչ արքայութեանն,
Ժառանգս դժոխոց եւ ոչ փառացն փափագելեաց,
Նիւթս տանջանացն եւ ոչ հանգստեան:
Ապերախտս առ երախտաւորդ,
Ապաշնորհս առ բազմապարգեւդ,
Միշտ մեղուցեալս առ երկայնամիտդ,
Դառնացուցիչս քաղցրութեան բարերարիդ,
Ծառայս չար եւ վատ,
Ըստ տէրունեան յանդիմանութեանն,
Իմաստունս զչարիս գործել,
Ըստ Եսայեայ նախասացութեանն:
Ժիրս առ ժանտագործութիւն զազրութեանն,
Փոյթս առ ի բարկացուցանել զՏէրն,
Մշտաշարժս առ գիւտս սատանայականս,
Հանապազորդեան, վիշտս ստացողին,
Թոյլս առ բարեացն թռիչս,
Ծոյլս առ երանութիւն ընտանութեանն,
Դանդաղս առ դիտմունս խոստացելոցն,
Անարիս առ կարիս պիտանեացն եւ աւգտակարացն,
Պաշտաւնեայս տիրադրուժ եւ երախտամոռաց:

Գ 
Վա՜յ անձինս մեղաւորի,
Զի զԱրարիչն իմ բարկացուցի,
Վա՜յ որդւոյս կորստեան,
Որ զկենդանութեանն ձիր մոռացայ,
Վա՜յ պարտապանիս անհամար բիւրուց քանքարաց,
Որ ոչ գոյ հատուցանել,
Վա՜յ բեռնակրիս ծանրութեան մեղաց դժնէից,
Որ ոչ ունիմ դառնալ առ հանգստարանն,
Վա՜յ վնասակարիս տէրունեան պարտուցն,
Որ չիք յանդիման լինել հզաւրին:
Վա՜յ եղեգնախռիւ կիզանողականս նիւթոյ,
Որ տոչորելոց եմ ի գեհենին,
Վա՜յ ինձ առ այս յիշատակ,
Զի զնետս բարկութեանն Աստուծոյ այրեցելովք են գործեալ,
Վա՜յ յիմարութեանս,
Որ ոչ մտառեցի զծածկեցելոցն հանդէս,
Վա՜յ ամբարշտիս,
Զի միշտ անդադար ոստայնս չարեաց կկեցի:
Վա՜յ զմարմինս պարարողի` կերակուր որդանցն անմահից,
Կտտողացն թունաւորաց զիա՞րդ համբերեցից,
Վա՜յ ինձ առ արբումն մահուն բաժակի,
Ո՞րպէս զյաւիտենականն տուժեցայց,
Վա՜յ ինձ առ ելս անարժան հոգւոյս յեղկելի մարմնոյս,
Ի՞բր դատաւորին յանդիմանեցայց:
Վա՜յ ինձ առ նուազութիւն իւղոյն լապտերաց,
Զի անարծարծելի է աղաւտանալն,
Վա՜յ ինձ առ ճեպ տագնապի ահին պակուցման,
Յորժամ առագաստին մուտն փակեսցի,
Վա՜յ ինձ առ ձայնին ահաւորութիւն
Դողացուցչաց եւ սարսափելեացն բանից`
Երկնաւոր թագաւորին վճռաւն կնքելոյ,
Թէ` Ոչ գիտեմ զքեզ:

Ա 
Սակայն, որպեսզի փրկության հույսն իմ 
իսպառ չկտրեմ 
Եվ, մնալով անզեն, չմատնվեմ ձեռքն այն աներևույթ հակառակորդների, 
Որոնց մասին ես հիշատակեցի վերև 
ահավոր պատկերների տակ, 
Եվ որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ ինքնածին բուսած ընտանի թշնամիներ, 
Ապա, ես այստեղ այդ բազմամբոխ ու 
հզոր մարտիկների դեմ ցույց պիտի 
տամ նաև Աստվածային ամենահաղթ և անպարտելի ախոյաններ, 
Չնայած որ դա կսկծալի ցավ է, 
Անհասանելի ծառերի դժվարակութ  պտուղ, 
Եվ անկոխ ճամփաների տառապալից 
տաժանք: Բայց աչքերից կաթած կաթիլ մի արցունք 
Կարող է բանսարկուի չարագունդ 
զորքերը բոլոր ցամաքեցնել, 
Ինչպես տկար խլրտումով գետնաքարշ 
սողացող 
Բազմոտանի զեռուների ու որդերի վրա 
Ընկած ձեթի կաթիլ և կամ դույզն ինչ 
թույն սատակչական: 
Հեծեծող սրտի հոգուց դուրս ելած 
հառաչանքները 
Բարկ արևի հետ խառն տոթաշունչ 
խորշակի պես 
Հալեցնում են մեղքերի սառույցները 
սաստիկ, 
Քանզի որդերի պես որքան հեշտածին են մեղքերը, 
Նույնքան էլ դյուրամեռ են նրանք այս 
դիմադրական միջոցներով: 

Բ 
Բայց ես չպիտի դադարեմ դարձյալ 
դատելուց ինքս ինձ`  դատապարտյալիս, 
Եվ քարկոծելու անձս հանցապարտ դառն խոսքերով, 
Իբրև չարագործ անհամոզելի, 
փրկությունից զուրկ: 
Քանզի եթե ինձ նեղողներից ոմանց 
սատակեցնում եմ, 
Սակայն ոմանց էլ ուժ եմ տալիս ես, որ 
կենդանանան, 
Անդարձ կորստյան մատնելով հոգիս: 
Ես տունկս դառնության, որ անառակ 
վարքի գարշությունը ծաղկեցրի. 
Բարունակս ապականաբեր և 
մահողկուզյան, որ կորստյան գինին 
երկնեցի. 
Քանանի զավակս և ո՜չ Հուդայի` մեծ 
Դանիելի խոսքի համաձայն. 
Որդիս գեհենի և ո՛չ արքայության. 
Ժառանգս դժոխքի և ոչ թե փառաց 
փափագելի. 
Նյութս տանջանքի և ո՛չ հանգստյան. 
Ապերախտս երախտավորիդ և 
ապաշնորհս բազմապարգևիդ 
հանդեպ. Մշտապես մեղավորս երկայնամտիդ հանդեպ. Բարերարիդ քաղցրությունը դառնացնողս. 
Ծառաս չար և վատ, ըստ տերունական 
հանդիմանության. 
Իմաստունս չարագործության մեջ, ըստ 
նախագուշակության Եսայու. 
Ժիրս` զազրելի ժանտագործության մեջ. 
Փութաջանս` Տիրոջը բարկացնելու մեջ. 
Մշտաշարժս` սատանայական գյուտերի մեջ. 
Ես վիշտ հանապազօրյա` Արարչին. 
Թույլս` բարի թռիչքների մեջ. 
Ծույլս` երանական վիճակ ընտրելու 
գործում. 
Դանդաղս` խոստացվածներին ուշք 
դնելու մեջ. 
Անարիս` պիտանի և օգտակար 
ձեռնարկություններում. 
Պաշտոնյաս տիրադրուժ և երախտամոռ: 

Գ 
Վա՜յ մեղավոր հոգուս, որ բարկացրի իմ 
Արարչին. 
Վա՜յ կորստյան որդուս, որ կենդանության պարգևը մոռացա. 
Վա՜յ պարտապանիս բյուր ու անհամար 
այն քանքարներին, 
Որոնք անկարող եմ հատուցանել. 
Վա՜յ ծանր ու դժվար մեղքերի 
բեռնակրիս, 
Որ չեմ կարող հանգստարան 
վերադառնալ. 
Վա՜յ տերունական մեղքեր գործող 
հանցավորիս, 
Քանի որ չկա հնար` հզորին 
ներկայանալու. 
Վա՜յ եղեգընյա դյուրավառ նյութիս, 
Որ տոչորվելու եմ գեհենի մեջ. 
Վա՜յ ինձ, որ հիշում եմ, թե` Աստուծո 
բարկության նետերն հրեղեն են. 
Վա՜յ ինձ` հիմարիս, որ չըմբռնեցի, 
Թե ծածուկ գործերն հրապարակվելու են անպայման. 
Վա՜յ ամբարիշտիս, որ միշտ անդադրում 
չարությունների ոստայն հյուսեցի. 
Վա՜յ ինձ, որ պարարեցի մարմինս իբրև 
կեր անմեռ որդերի, 
Ես ինչպե՞ս պիտի տոկամ թունավոր այդ կտտողներին. 
Վա՜յ ինձ, երբ ըմպեմ բաժակը մահվան, 
Եվ ինչպե՞ս պիտի կրեմ ես տուգանքն 
հավիտենական. 
Վա՜յ ինձ, երբ ելնի եղկելի մարմնիցս 
անարժան հոգիս, 
Ինչպե՞ս պիտի ներկայանամ ճշմարիտ 
դատավորին. 
Վա՜յ ինձ, երբ լապտերիս յուղն սպառվի, 
Զի եթե մարի, էլ չի վառվի նա, 
Վա՜յ ինձ պակուցման համար այն ահեղ 
ու տագնապալից, 
Երբ առագաստի մուտքը փակվի. 
Վա՜յ ինձ, երբ լսեմ երկնավոր թագավորի վճռով կնքված 
Սիրտս դող հանող և սասափելի այն 
խոսքն ահավոր,– «Քեզ չեմ ճանաչում»:

Աղոթի՛ր ընկերներիդ հետ

ԱՅԼ ԱՂՈԹՔՆԵՐ

    Պատահական