ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ - ԲԱՆ Ժ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա 
Եւ արդ, քանզի միապէս մատնէ կորստեան
Ե'ւ զղջումնն ուժգնապէս, ե'ւ մեղանչելն մոլեգնաբար,
Զի թէ եւ աւտարացեղ իմն են ի միմեանց այլայլութիւնք նմանութեանցն,
Սակայն զկերպարանս երկաքանչիւրոցն առ միմեանս եդեալ`
Զմի եւ զնոյն վհատութեան ծնունդս արտադրեն.
Զի մինն զհզաւրին ձեռն իբր ապիկար թերահաւատէ,
Իսկ միւսն, ըստ նմանութեան քառոտանեաց պաճարեղինաց,
Յանզգայս եղեալ` զյուսոյն առասան խզէ,
Վասն որոյ, ընդ առաջնումն միշտ փաղաքշեալ, հանապազ խնդայ սատանայ,
Իսկ երկրորդաւն, ըստ նմանութեան լափլիզող, դժոխորովայն գազանի,
Իբր կերակրով` արեամբ պարարի:


Բ 
Եւ արդ, իբր զգանեալ բազմահարուածեան հեծանաւ
Եւ յափն մահու ժամանեալ,
Դոյզն ինչ դարձումն շնչոյ ընկալեալ
Եւ յոգի կենդանի եկեալ`
Կազդուրեցայց, պատսպարեցայց, կանգնեցայց,
Յարեայց յանկենդանականս կորստենէ,
Աւժանդակեալ Քրիստոսի ձեռամբն,
Որ գթածն է յամենայնի,
Ի բարերար յերկնաւոր Հաւրէն
Փրկութեան եւ բժշկութեան պտուղ ընձեռեալ
Ինձ` մեղուցելոյս, ախտացելոյս եւ մահացելոյս:
Եւ սկզբնաւոր ողբերգութեան այսր աղերսանաց
Զհաւատոցն շինուած կառուցից.
Քանզի եւ ոմն ի նախնեացն, սոքիմբք զինեալ,
Փոխեցաւ իսկոյն յանմահականն վիճակ վերին,
Զապաշխարութեանն դեղ ընկալեալ` ապաշաւանաց թոշակաւն
Զգրաւականն անեղծութեան աստէն ժառանգեաց:
Ի վեր, քան զորոց առաքեալ ընդ նմին ցուցանէ,
Որք, զհանդէսն մրցանակին յերկրի կատարեալ,
Ապագայիցն եւ երկնաւորացն յուսոյ հաւատացին
Եւ անտեսցին ճոխութեամբ փարթամացան:

Գ 
Նա զի եւ ի մահ մեղուցեալն,
Եւ ի մետաղս այսոցն կրկին ընկլուզեալն,
Եւ յանդունդս չարեաց սուզեալն
Ունի զայս նշոյլ փրկութեան կենաց`
Վերստին գտանել սովաւ ելս քաւութեան,
Իբր պարտաւորն աչաց անձրեւով յամենակալին գթութեանց
Կրկին բարգաւաճեալ երկիր, նուիրեալ Հոգւոյն Աստուծոյ,
Ամենահրաշ ծաղկաւէտ գտաւ:
Իսկ զխրախոյս տէրունի պաշտելի բանին յիշեալ առ սմին`
Զամենայն ինչ հնարաւոր է այնմ, որ հաւատայն,
Է զի եւ զչափն ընտրականացն բարեմասնութեան
Աստուծոյ հաճելեացն զննեալ աստանաւր`
Զայս պատկեր բանի ընկալաք նախնի գահերէց
Առ ի սրբութեանցն մոտ սովիմբ հանդերձել,
Առանց որոյ եւ ոչ Տէրն փառաց
Զիւրսն առ մեզ հրաշագործեաց զաւրութիւնս,
Եթէ ոչ նախ լծակից խնդրեաց
Բարերարութեանն իւրոյ զհաւատսն մեր:
Ուստի եւ կեանս ընձեռել զաւրէ
Ինքնիշխան բաւականութեամբ` առընթեր գոլով Աստուծոյ,
Քանզի` Հաւատք քո կեցուցին զքեզ,
Աւրհնաբանեալն Աստուծոյ բերան վկայեաց: 

Դ 
Քանզի արդարեւ սեռն տեսութիւն,
Եւ կատարեալ իմաստութիւն,
Եւ առ Աստուած ընտանութիւն,
Եւ բարձրելոյն ծանաւթութիւն
Հաւատոց մասն երջանիկ եւ ընտրեալ անուն,
Որ յարաձգեալ մնայ անվթար եւ անփակելի`
Պատուակից գոլով սիրոյ եւ յուսոյ:
Զի եթէ փոքու սերմանի գոյի`
Հատի մանանխոյ չափոյ նուաստի հաւատք
Զլերանց մեծութիւն փոխէ զաւրեղապէս ի սիրտս ծովու,
Ապա յիրաւի ընկալաք զսոյն սկզբնաշաւիղ առաջնորդ կենաց`
Աներկմիտ պաշտաւն առ Աստուած,
Որ զապառնիսն եւ զծածկեալսն
Առանց երկբայութեան ի հոգւոյն աչս տեսանէ
Երրորդութեանն փառատրելի անուամբն պատուեալ հաւատք`
Ընդ սիրոյն դասեալ եւ յուսոյ:
Զի թէ եւ զերիսն հատուածս առանձնաւորականս
Ի մի եւ ի նոյն խորհուրդ դիտեսցես,
Յաւէտ մեծասցիս նոքաւք ի յԱստուած,
Քանզի թէ հաւատաս ի նա` եւ սիրես,
Որով եւ յուսաս աներեւութից պարգեւաց նորին:
Նմա փա՜ռք յաւիտեանս:
Ամէն:
Ա 
Թե՛ զղջումն ուժգին և թե՛ մոլեգին 
մեղանչումը մեզ 
Կորստյան են մատնում հավասարապես: 
Թեպետև նրանք օտար եմ միմյանց և 
նմանությամբ իրարից տարբեր, 
Բայց եթե քննենք յուրաքանչյուրի 
էությունը մենք, 
Պիտի տեսնենք, որ նրանք երկուսն էլ 
մղում են մարդուն հուսահատության: 
Զի կասկածում է մեկը Հզորի ձեռքի 
զորությանն, 
Իսկ մյուսը չորքոտանի անասնի նման, 
անզգայաբար 
Խզում է հույսի առասանն իսպառ: 
Ուստի առաջնին միշտ փաղաքշելով` 
խնդում է սատանան, 
Իսկ երկրորդով լիզելով արյունն, իբրև կերակուր` 
Պարարվում է նա դժոխորովայն գազանի նման: 

Բ 
Արդ, բազմահարված բրով ծեծվածի և 
մահվան ափը հասածի նման 
Դույզն-ինչ շունչ դարձյալ և 
կենդանության ոգի առնելով` 
Պետք է զորանալ, կազդուրվել ու  կանգնել, 
Հառնել կորստից անկենդանական, 
Օգնություն առած Քրիստոսի ձեռքով, որ 
գո՜ւթ է տածում բոլորի հանդեպ. 
Նաև երկնավոր բարերար Հորից ձեռք 
բերեմ պտուղ փրկության և 
բժշկության 
Ինձ` մեղավորիս և ախտավորիս. 
Եվ սկսելով ողբերգությունն այս 
աղերսանքների, 
Ես հավատքի շենքը պիտի կառուցեմ: 
Զի ոմն նախնիներից հավատքով զինված` 
Փոխադրվեց իսկույն երկնային կյանքն 
անմահական. 
Ապաշխարության դեղն ընդունելով, զղջման միջոցով` 
Նա անկեղծության գրավականը 
ժառանգեց այստեղ, 
Առավել քան նրանք, որոնց նրա հետ 
առաքյալն է հիշատակում 
Որոնք երկրի վրա մրցման հանդեսներ 
կատարելով, 
Ապագա երկնավոր պարգևների հույսով` հավատացին 
Ու փարթամացան անտեսանելի 
ճոխություններով: 

Գ
Արդ, հի՛շենք այստեղ Տիրոջ պաշտելի 
խոսքը խրախուսիչ, 
Թե` «Ամենայն ինչ հնարավոր է նրան, ով հավատում է»: 
Եթե ընտրյալների աստվածահաճո 
բարեմասնությանց չափն այստեղ 
քննենք. 
Հավատքը պիտի գտնենք գերազանց, 
ամեն ինչից վեր, 
Քանզի նրանով կարող են մտնել սուրբ 
 խորանից ներս: 
Առանց հավատքի փառաց Տերն անգամ 
Չհաճեց ցույց տալ իր հրաշագործ 
զորությունը մեզ, 
Այլ նախ և առաջ իբրև լծակից իր 
բարերարությանը, 
Մեր հավատքը նա պահանջեց մեզնից: 
Նա՛ է մոտեցնում մարդուն Աստուծո, 
Կյանք ընձեռելով մեզ իր ինքնիշխան 
ընդունակությամբ, 
Զի օրհնաբանված Աստուծո բերանն էր, 
որ վկայեց, 
Թե` «Հավատքը քո փրկեց քեզե:

Դ 
Քանզի արդարև հստակ տեսողությունը, 
կատարյալ իմաստությունը, 
Մտերմությունն Աստուծո հետ և 
բարձրյալին ծանոթ լինելը 
Հավատքի մասն են – մի երջանիկ և 
ընտրյա՜լ բառ, 
Որ հարատևելով մնում է անվթար և 
անպարփակ, 
Պատվակից լինելով սիրո և հույսի: 
Զի մանանեխի ամենափոքրիկ հատիկի 
չափով հավատքը եթե Կարող է ծովի խորքը փոխադրել 
մեծամեծ լեռներ, 
Ապա ճիշտ է, որ կյանքի առաջնորդն այս նախաշավիղ` 
Հավատն ընդունեցինք որպես աներկմիտ աստվածապաշտություն: 
Սիրո և հույսի դասակից և Երրորդության 
փառատրելի անվամբ պատվված 
Այդ հավատքն է, որ հոգու աչքերով 
աներկբայորեն 
Տեսնում է ծածուկները բոլոր և ապագան: 
Քանզի այս երեք առանձին մասերն եթե 
միասին և նույն խորհուրդով դիտես, 
Նրանց շնորհիվ, Աստուծով պիտի հավետ ճոխանաս: 
Քանզի եթե հավատաս նրան, կսիրես 
նաև, 
Որով և կհուսաս նրա աներևույթ 
պարգևներին: 
Նրան փա՜ռք հավիտյանս. ամեն:

Աղոթի՛ր ընկերներիդ հետ