ՀՈՎՆԱՆ ՄԱՐԳԱՐԵԻ ԱՂՈԹՔԸ ՆԵՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԱՂՕԹՔ ՅՈՎՆԱՆՈՒ ՄԱՐԳԱՐԷԻ

Ի նեղութեան իմում ես առ Տէր կարդացի, եւ լուաւ Աստուած յանդնդոց դժոխոց աղաղակի իմում:
Լո՛ւր, Տէ՛ր, ձայնի իմում, զի ընկեցեր զիս ի խորս ծովու, եւ շրջանք գետոց պաշարեցին զիս:
Ամենայն զբօսանք Քո եւ ալիք Քո անցին ի վերայ իմ. եւ ասացի, թէ մերժեցայ ուրեմն աչաց Քոց:
Արդ, իցէ՞, թէ յաւելից հայել ի տաճար սուրբ Քո, զի հեղան զինեւ ջուրք մինչեւ յանձն իմ, եւ անդունդք անհնարինք պաշարեցին զիս:
Եմուտ գլուխ իմ ընդ փապարս լերանց. իջի ես ի խորս երկրի, տեսի զնիգս նորա, զի էին որպէս աղխք յաւիտենից. եւ ելցեն յապականութենէ կեանք իմ:
Առ Քեզ, Տէր Աստուած ի՛մ, ի նուաղել անձին իմոյ կարդացի, եւ զՔեզ, Տէ՛ր, յիշեցի, եւ մտցեն աղօթք իմ ի տաճար սուրբ Քո:
Զի ոյք պահէին զունայնութիւն եւ զստութիւն, յողորմութենէ իւրեանց մերժեցան:
Ես ի ձայն օրհնութեան եւ խոստովան եղեց Քեզ, մատուցից պատարագս Տեառն, եւ կատարեցից զուխտս իմ ի փրկութիւն:
Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Իմ նեղության մեջ ես աղոթեցի իմ տեր Աստծուն, և նա լսեց իմ աղաչանքը դժոխքի խորքից:
Տե’ր լսի’ր իմ ձայնը. ինձ գցեցիր ծովի խորքերը, և ջրի հոսանքները պաշարեցին ինձ։
Քո կոհակներն ու ալիքները թափվեցին ինձ վրա, և ես մտածեցի թե մերժվել եմ քո ներկայությունից. արդյոք նորից պիտի տեսնե՞մ Քո սուրբ տաճարը։
Ջրերը թափվեցին ինձ վրա շունչս կտրելու աստիճան։
Խորունկ անդունդներ պաշարեցին ինձ:
Գլուխս մտավ լեռների փապարների մեջ, իջա մի երկիր, որի նիգերը փակ են հավիտյան. ես կփրկվեմ ապականությունից։
Երբ հոգիս տկարացավ, Քե’զ դիմեցի, Տե’ր իմ Աստված, մտաբերեց իմ Տիրոջը, և թող իմ աղոթքները հասնեն Քո սուրբ տաճարը:
Նրանք, որ ունայն ու սուտ աստվածներ էին պաշտում թողեցին իրենց երկյուղածությունը:
Իսկ ես օրհնության և խոստովանանքի ձայնով Քեզ պիտի մատուցեմ այն պատարագը, որ ուխտեցի, և կարժանանամ Տիրոջ փրկությանը։
Փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից . ամեն։

ԱՂՈԹՔ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ


Տէր Աստուած մեր, որ նստիս ի վերայ քերովբէից եւ հայիս յանդունդս,
հայեաց ի մեզ ծառայս քո ի բարձրութենէ սրբութեան քո.
հեռացո ի մենջ զամենայն ախտս եւ զամենայն ցաւս,
եւ տուր զառողջութիւն եւ զլոյս զամենայն աւուրս կենաց մերոց:
Եւ քեզ փառք, իշխանութիւն եւ պատիւ
այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն»:

Տեր Աստված մեր, որ բազմում ես քերովբեների վրա և նայում անդունդներին,
Քո սրբության բարձրունքից նայիր մեր՝ քո ծառաների վրա:
Հեռացրու մեր միջից բոլոր ախտերն ու բոլոր ցավերը,
և առողջություն ու լույս պարգեւիր մեր կյանքի բոլոր օրերին:
Եվ քեզ փառք, իշխանություն և պատիվ.
այժմ և միշտ հավիտեանս հավիտենից. ամեն:

ԱՂՈԹՔ ԱՍՏԾՈՒՆ ԱՊԱՎԻՆԵԼՈՒ - ՍԱՂՄՈՍ (90/91)

ՍԱՂՄՈՍ 90/91

Որ բնակեալն է յօգնութիւն բարձրելոյն, ընդ հովանեաւ Աստուծոյ յերկինս հանգիցէ:
Ասասցէ Տեառն, ընդունող իմ ես դու, ապաւէն իմ Աստուած, եւ ես յուսամ ի նա:
Նա փրկեսցէ զիս յորոգայթէ որսողին, եւ ի բանից խռովութենէ:
Ի թիկնամէջս իւր ընկալցի զքեզ, ի հովանի թեւոց նորա յուսասցիս:
Որպէս զէն՝ շուրջ եղիցի զքեւ ճշմարտութիւն նորա:
Ոչ երկիցես դու յերկիւղէ գիշերի, եւ ոչ ի նետէ որ թռչի ի տուէ:
Յիրէ որ շրջի ի խաւարի, ի գայթակղութենէ դիւին ի հասարակ աւուր:
Անկցին ի կողմանէ քումմէ հազարք եւ բիւրք ընդ աջմէ քումմէ, որ առ քեզ ինչ ոչ մերձեսցին:
Բայց միայն աչօք քովք հայեսցիս դու, եւ զհատուցումն մեղաւորաց տեսցես, զի դու, Տէր, յոյս իմ ես:
Զբարձրեալն արարեր քեզ ապաւէն. ոչ հասցեն առ քեզ չարք, եւ տանջանք մի՛ մերձեսցին ի յարկս քո:
Հրեշտակաց իւրոց պատուիրեալ է վասն քո, պահել զքեզ յամենայն ճանապարհս քո:
Ի բազուկս իւրեանց ընկալցին զքեզ, զի մի՛ երբէք հարցես զքարի զոտն քո:
Ի վերայ իժից եւ քարբից գնասցես դու. եւ առ ոտն կոխեսցես զառիւծն եւ զվիշապն:
Քանզի յիս յուսացաւ եւ փրկեցից զնա, հովանի եղէց նմա, զի ծանեաւ զանուն իմ:
Կարդասցէ առ իս՝ եւ ես լուայց նմա, եւ առ նմա եղէց ի նեղութեան:
Փրկեցից եւ փառաւոր արարից զնա, երկայն աւուրբք լցուցից եւ ցուցից նմա զփրկութիւն իմ:

Փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ.
Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Նա ով ապրում է Բարձրյալի աջակցությամբ, երկնքում կհանգչի Աստծու հովանու տակ։ 
Տիրոջը կասի. «Դու ես ինձ ընդունողը, ապավեն իմ Աստված, որի վրա եմ դրել իմ հույսը»։ 
Նա ինձ կփրկի որսորդի թակարդից ու խռովեցուցիչ խոսքերից։ 
Իր ծոցում կպահի կպաշտպանի քեզ, եւ դու ապահովություն կունենաս նրա թեւերի հովանու տակ։ 
Նրա ճշմարտությունը որպես զենք քո շուրջը կլինի։ 
Դու չես վախենա գիշերվա զարհուրանքից եւ ոչ էլ ցերեկվա սլացող նետից, խավարում շրջող բանից, եւ կեսօրին դեւի գայթակղությունից։ 
Քո կողքին հազարներ կընկնեն, եւ քո աջին՝ տասնյակ հազարներ, բայց քեզ ոչինչ չի մերձենա։ 
Բավական է, որ քո աչքով նայես, եւ դու կտեսնես մեղավորների ստացած հատուցումը։ 
Դու, Տե՛ր, իմ հոյսն ես։ 
Բարձրյալին քեզ ապավեն դարձրիր։ 
Չարիքը չի հասնի քեզ, եւ տանջանքները չեն մոտենա քո տան հարկին։ 
Իր հրեշտակներին հրամայված է քո մասին, որ պահպանեն քեզ քո բոլոր ճանապարհներին։ 
Իրենց բազուկների վրա պիտի վերցնեն քեզ, որ երբեք ոտքդ քարի չխփես։ 
Դու կքայլես իժերի ու քարբերի վրայով, ոտքով կկոխոտես առյուծին ու վիշապին։ 
Քանի որ հույսն ինձ վրայ դրեց, ես կփրկեմ նրան, նրան հովանի կլինեմ, քանզի անունս ճանաչեց։ 
Ինձ ձայն կտա` ու կլսեմ նրան, եւ նրա հետ կլինեմ նեղության մեջ. կփրկեմ ու կփառավորեմ նրան։ 
Բազում օրերով նրան կլիացնեմ ու ցույց կտամ նրան իմ փրկությունը։

Փառք Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն.
Այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից. Ամեն։

Աղոթի՛ր ընկերներիդ հետ