ԱՌԱՆՁՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ

«Եկէ՛ք խօսենք իրար հետ, -ասում է Տէրը.-եթէ ձեր մեղքերը արեան պէս կարմիր են, ապա ես ձեան պէս ճերմակ կը դարձնեմ, եթէ որդան կարմիր լինեն, կը սպիտակեցնեմ ինչպէս բուրդ» (Ես. 1:18)։ Եսայու մարգարեության այս փոքրիկ հատվածը ամենադիպուկ ու ամենաբնորոշող հատվածն է աղոթքի. աղոթքը, համառոտ ասած, մարդ արարածի զրույցն է Աստծո` արարչի և ամենայն բարիքներ պարգևողի հետ, աղոթքը Արարչի և արարածի միջև հոգեկան կապն է։ Աստծուն աղոթել կարելի է ցանկացած լավ բանի համար՝ կյանքի հարատևության, մեղքերի թողության, տառապանքների ու փորձությունների հաղթահարման, խաղաղության և ի վերջո՝ փրկության համար, Աստծուն գոհություն ու շնորհակալություն հայտնելու համար։ Աղոթում ենք մեր հարազատների, մտերիմների, բարեկամների ու ընկերների, նաև մեր ազգի ու համայն մարդկության և ինքներս մեզ համար։ Ընդհանուր առմամբ աղոթքը լինում է ինչպես միայնակ` առանձին, անհատական և ընդհանրական` միասնական աղոթք:

Առանձնական աղոթքի մասին օրինակներ կան Աստվածաշնչում, ինչպես նաև խոսքեր` հնչած անմիևապես Տիրոջ` Հիսուս Քրիստոսի շուրթերից. «Եւ երբ աղօթես, չլինե՛ս կեղծաւորների նման, որոնք սիրում են ժողովարաններում եւ հրապարակների անկիւններում աղօթքի կանգնել, որպէսզի մարդկանց երեւան. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը։ Այլ դու երբ աղօթես, մտի՛ր քո սենեակը, փակի՛ր քո դռները եւ ծածո՛ւկ աղօթիր քո Հօրը, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս։ Աղօթք անելիս շատախօս մի՛ լինէք ինչպէս հեթանոսները, որովհետեւ նրանք կարծում են, թէ իրենց շատ խօսքերի պատճառով լսելի կը լինեն։ Արդ, նրանց չնմանուէ՛ք, որովհետեւ ձեր Հայրը գիտէ, թէ ինչ է ձեզ պէտք, նախքան որ դուք նրանից մի բան ուզէք։ Եւ արդ, դուք այսպէ՛ս աղօթեցէք». 

«Հա՛յր մեր, որ երկնքում ես
սո՛ւրբ թող լինի քո անունը. 
քո թագաւորութի՛ւնը թող գայ
քո կա՛մքը թող լինի երկրի վրայ
ինչպէս որ երկնքում է՛. 
մեր հանապազօրեայ հացը տո՛ւր մեզ այսօր. 
եւ ների՛ր մեզ մեր յանցանքները
ինչպէս որ մենք ենք ներում նրանց
որ յանցանք են գործում մեր դէմ. 
եւ մի՛ տար մեզ փորձութեան
այլ փրկի՛ր մեզ չարից
որովհետեւ քո՛նն է թագաւորութիւնը եւ զօրութիւնը 
եւ փառքը յաւիտեանս. ամէն» 
(Մատթ. 6:5-14):


Արդարև, Հիսուս Քրիստոսն էլ ավետարանական բազում վկայությունների համաձայն շատ հաճախ միայնակ առանձնանում էր աղոթքի (տե՛ս Մարկ 6:45, Ղուկ. 3:21, 9:18, 29, 11:1, Մատթ. 26:36) և որպես «աղոթքի ուսուցիչ» իր երկրային կյանքն ու գործը վարում էր որպես աղոթք՝ սկսած անապատի փորձությունից՝ ընդհուպ Գեթսեմանիի տառապանքները և խաչափայտը, ինչպես վկայված է Եբրայեցիներին ուղղված նամակում. «Նա էր, որ մարմնի մեջ եղած իր օրերում աղոթքներ ու պաղատանքներ էր մատուցում ուժգին գոչումով եւ արտասուքներով Նրան, ով կարող էր փրկել իրեն մահվանից» (Եբր. 5:7):
Առհասարակ եկեղեցու հայրերն ու վարդապետները համապատասխան աղոթքի բովանդակությանը, տարբերոկում են 3 տեսակ աղոթք`

  1. Գոհաբանական - Գոհաբանական են այն աղոթքները, երբ մենք շնորհակալհություն ենք հայտնում Աստծուն մեզ տրված Աստվածային բոլոր բարիքների ու պարգևների համար։ Իսկ Աստվածային բարիքներն են այն բոլորը, ինչ գոյություն ունի մեր շուրջը՝ տիեզերքը, լույսը, կյանքը, ամեն ինչ։ Գոհություն ենք հայտնում Աստծուն նաև մեզ շնորհված պարգևների, օգնության ու օրհնության համար։ Գոհաբանական աղոթք հնչեցրեց նաև Քրիստոսը Ղազարոսի հարության  ժամանակ. «Հա՛յր, գոհութիւն եմ տալիս քեզ, որ ինձ լսեցիր. եւ ես գիտէի, որ ամէն ժամ լսում ես ինձ, բայց այս անում եմ շուրջս կանգնած այս ժողովրդի համար, որպէսզի հաւատան, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր» (Հովհ. 11:41-42)
  2. Փառաբանական - Փառաբանական են այն աղոթքները, որոնց ժամանակ փառաբանում, փառք են տալիս Աստծուն՝ Իր բարության արդարության և անսահման սիրո համար։ Փառաբանում ենք Աստծուն, որովհետև Աստված ստեղծել և պահում ու պահպանում է այն ամենը, ինչ որ գոյություն ունի։ Փառաբանում ենք Աստծուն նաև այն պատճառով, որ Աստված իր իմաստության շնորհիվ տալիս է մեզ անհրաժեշտ ամեն ինչ, որ բարի է ու գեղեցիկ։ Փառաբանական աղոթք Նոր Կտակարանում առաջին անգամ հնչեցնում են Սուրբ Ծննդյան հրեշտակները. «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, եւ երկրի վրայ խաղաղութի՜ւն եւ հաճութի՜ւն՝ մարդկանց մէջ» (Ղուկ. 2:14):
  3. Խնդրողական - Խնդրական են այն աղոթքները, որոնցով Աստծուց խնդրում ենք մեր հավատքի մեջ հաստատուն մնալու կարողություն, հույս, սեր, համբեություն, առողջություն և այլ բարիքներ։ Հիսուսն էլ հորդորում է մեր խնդրանքներով միշտ դիմել Աստծուն. «Խնդրեցէ՛ք Աստծուց, եւ նա կը տայ ձեզ, փնտռեցէ՛ք եւ կը գտնէք, բախեցէ՛ք, եւ կը բացուի ձեր առաջ.որովհետեւ, ով որ ուզի, ստանում է, ով որ փնտռի, գտնում է, եւ ով որ բախի, նրա առաջ կը բացուի» (Մատթ. 7:7-8):

Աղոթել կարելի է բարձրաձայն, մտքում՝ արտասանելով կամ երգելով։
Աղոթելու ժամանակ կարելի է խաչակնքել, ծնրադրել, ձեռքերը վեր բարձրացնել, աղոթել կարելի է ամենուր և հատկապես եկեղեցիներում: Կարևոր է աղոթքի ժամանակ ազնիվ ու անկեղծ լինել Աստծո հետ, աղոթել սրտանց ու ջերմեռանդորեն. «Նախ խնդրեցէ´ք Աստծու արքայութիւնը, եւ այդ բոլորը Աստուած ձեզ աւելիով կը տայ» (Մատթ. 6:34):Առանձնական աղոթքը կարելի է կառուցել ու կազմակերպել ինչպես Եկեղեցու սուրբ հայրերի աղոթքների հիման վրա, այնպես էլ ինքնաբուխ ու ազատ: 

Աղոթի՛ր ընկերներիդ հետ