ԱՂՈԹՔ ՄԻԱԾԻՆ ՈՐԴՈՒՆ

ԱՂՕԹՔ ԱՌ ՄԻԱԾԻՆ ՈՐԴԻ
Ներսես Լամբրոնացի
Այլ ամեն կողմից տարակուսանքներով շրջապատված՝ սրտով պղծվածներս և ունկնդրության կարոտյալներս 
Քեզ ենք նայում, մեր տկար բնությունը կրած քահանայապե՛տդ Հիսուս: 
Ո՜վ Դու, որ մեզ համար մեղապարտ եղար, որպեսզի մենք Քեզանով արդարանանք: 
Ո՜վ Դու, որ մեզ համար երկրավոր եղար, որպեսզի մենք Քեզանով երկնավորներ լինենք: 
Ո՜վ Դու, որ մեզ համար հաց եղար, որպեսզի մենք, Քեզ ճաշակելով, սրբվենք: 
Տո՛ւր Քո ցավերով լի Մարմինը՝ որպես ամենայն սրտի սրբարար կերակուր: 
Մատռվակի՛ր Քո Արյան անմեղ վտակը՝ կաթեցնելով ի հագուրդ անմեղության մարդկանց որդիների: 
Մեկնի՛ր աշխարհի ծովում թաղվածներիս Քո փրկական խաչը՝ առ Քեզ վեր հանող:
Կարոտեցինք շնորհի, սփռի՛ր, լքված մնացինք գործերից, քաւի՛ր, 
խարխափում ենք խավարում, ճառագայթի՛ր, ընկանք հավատից, հաստատի՛ր: 
Դո՛ւ ես յույս, Դո՛ւ ես լույս, Դո՛ւ ես կյանք, Դո՛ւ ես քավութիւն, Դո՛ւ ի՛նքն իսկ անմահություն: 
Քեզ են սպասում Քո շնորհներին ապավինողները, Քեզանից փրկություն ստանալու են կարոտ Քո Մարմնին խառնվածները, Քեզ ունի որպես քավիչ քահանա Քո Արյամբ գնված Քո հոտը: 
Նայի՛ր ամենքին, սփոփի՛ր մեր տարակուսանքները Քո չարչարանքներով, հանդարտեցրո՛ւ մեր խռովությունը Քո խաղաղությամբ, հանգստացրո՛ւ մեր հոգնությունը Քո օթևաններում, ուր Դու գնացիր, ո՜վ Տեր, և խոստացար:
Արժանացրո՛ւ յուրայիններիդ փառավորել Քեզ այդտեղ Հոր և Սուրբ Հոգու հետ հավիտյանս. ամեն:

ՄԱՅՐ ՍՈՒՐԲ

ՄԱՅՐ ՍՈՒՐԲ ԲԱՐԵԽՈՍԵԱ

Մայր սուրբ սքանչելի լուսոյն, որ զԱստուածն ամենայն յաւիտեանց յորովայնի քում կրեցեր, եւ ցնծութիւն աշխարհի ծնար զԲանն Աստուած, աղաչեմք: 
Մայր սուրբ բարեխօսեա՛:

Աղաչեա՛ վասն մեր զառ ի քէն զմարմնացեալն Աստուած, որ խոնարհեցաւ ի հայրական ծոցոյ, էառ մարմին ըստ մարդկային բնութեանս. առնել խաղաղութիւն յերկինս եւ յերկրի. աղաչեմք: 
Մայր սուրբ բարեխօսեա՛:


 Աղաչեա՛ վասն մեր զառ ի քէն զմարմնացեալն Աստուած, ներել մեզ, անտես առնել զյանցանս մեր, եւ տալ օգնականութիւն ընդդիմակաց լինիլ հակառակամարտի՛ցն ի պատերազմի. աղաչեմք: 
Մայր սուրբ բարեխօսեա՛:

Աղաչեա՛ վասն մեր զառ ի քէն զմարմնացեալն Աստուած, զի լռեսցին պատերազմունք, դադարեսցին յարձակմունք թշնամեաց, տնկեսցի սէր եւ արդարութիւն ի յերկրի. աղաչեմք: 
Մայր սուրբ բարեխօսեա՛: 

Աղաչեա՛ վասն մեր զառ ի քէն զմարմնացեալն Աստուած աճեցուցանել յերկրի մերում զքաղցր բղխումն աղբերաց, զառատ պտղաբերութիւն բուսոց եւ տնկոց, առ ի զուարճալի լինիլ ամենայն հարկաւոր պիտոյից մերոց. աղաչեմք: 
Մայր սուրբ բարեխօսեա՛: 

Աղաչեա՛ վասն մեր զառ ի քէն զմարմնացեալն Աստուած, զի միաբանեսցէ զեկեղեցի իւր սուրբ, շինեալ ի վերայ հիման առաքելոց եւ մարգարէից, պահել անարատ մինչեւ յօր երեւելոյ գալստեան իւրոյ. աղաչեմք: 
Մայր սուրբ բարեխօսեա՛: 

Աղաչեա՛ վասն մեր Սրբուհի զՄիածին քո զորդին: Եւ վասն հոգւոցն հանգուցելոց, ընդունիլ յարքայութիւն երկնից եւ տալ մասն եւ բաժին ընդ սուրբս ամենայն. աղաչեմք: 
Մայր սուրբ բարեխօսեա՛:
Սքանչելի Լույսի Սուրբ Մա´յր, դու, որ հավիտենական Աստծուն որովայնումդ կրեցիր և ծնեցիր աշխարհի ցնծությունը` Աստծո Խոսքը, աղաչում ենք, 
Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր: 

 Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, Նրան, Ով խոնարհվեց Հայրական ծոցից և մարմին առավ ըստ մարդկային բնության, որպեսզի խաղաղություն պարգևի երկնքին և երկրին, աղաչում ենք, 
Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր: 

 Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ ների մեզ, անտեսի մեր հանցանքները և օգնական լինի` դիմադրելու հակառակորդին պատերազմի ժամանակ, աղաչում ենք, 
Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր: 

 Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ լռեն պատերազմները, դադարեն թշնամիների հարձակումները, երկրի վրա սեր և արդարություն հաստատվի, աղաչում ենք, 
Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր: 

 Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ շատացնի մեր երկրում աղբյուրների բխումը, բույսերի ու տնկիների առատ պտղաբերությունը` ծառայելու մեզ հարկավոր ամեն պետքի, աղաչում ենք, 
Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր: 


 Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ միաբանվի առաքյալների և մարգարեների հիմքի վրա կառուցված Իր Սուրբ Եկեղեցին, անարատ պահի այն մինչև իր երևելի գալստյան օրը, աղաչում ենք, 
Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր: 

 Աղաչի´ր մեզ համար, Սրբուհի´, քո Միածին Որդուն, նաև մեր հանգուցյալների հոգիների համար, որպեսզի ընդունի նրանց երկնքի արքայության մեջ և մաս ու բաժին հատկացնի բոլոր 
սրբերի հետ, աղաչում ենք, 
Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր:

ԱՂՈԹՔ ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏԻ ՏՈՆԻ

ԱՂՕԹՔ Ի ԴԷՄՍ ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹԵԱՆ

Սբ. Հովհան Ոսկեբերան

Ամենակալ անարատ Աստված` անսկիզբ Հայր` անտեսանելի, անբովանդակելի, անպատմելի, անպարագրելի, անփոփոխելի, անիմանալի, անհասանելի: 

Որ միայն Դու` անմատչելի լույսի մեջ բնակվածդ, անմահություն ունես: 
Որ Քո խոսքով ստեղծեցիր երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը և դրանց մեջ եղած բոլոր արարածներին, և Քո Հոգով գոյացան բոլոր ստեղծվածները: 
Եվ մարդկային ազգի նկատմամբ Քո անչափելի սիրո պատճառով ուղարկեցիր Քո Միածին Որդուն` փրկելու մեզ Ադամի անեծքից: 
Նա, որ երկնքից իջնելով, Սուրբ Հոգով մարմնացավ սուրբ և անարատ կույս Մարիամից, և մարդկային բոլոր կրքերը կրելով, բացի մեղքից, ազատեց մեզ մեղքի բեռից: 
Եվ մեզ համար խաչի ու մահվան համբերելով, մեզ փրկեց սատանայի ծառայությունից և կուռքերի երկրպագությունից: 
Եվ մեզ սովորեցրեց ամենասուրբ Երրորդությանդ գլուխ և ծունկ խոնարհել, աղոթք մատուցել և մեղքերի թողություն խնդրել: 
Եվ հարությունից հետո զանազան նշաններով քառասուն օր երևաց Իր աշակերտներին` նրանց հետ հացով հաղորդվելով` կենսաբեր տնօրենության հավատքի հաստատության համար: 
Եվ Իր հարության քառասուներորդ օրը երկինք վերանալիս, ձեռքը դրեց աշակերտների վրա և օրհնեց` նրանց տալով առաքինության կատարյալ շնորհները: 
Եվ նրանց միտքը բացեց` հասկանալու գրքերը. և նրանց պատվիրեց մնալ Երուսաղեմում. սպասել աստվածային խոստմանը և երկնավոր ու մարդասեր Հոր Ավետիսին: 

ՀԱՅՐ ՄԵՐ


     Հայ՛ր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն  Քո, եկեսցէ արքայութիւն Քո, եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի:
   Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր. եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մենք թողումք մերոց պարտապանաց:
   Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, զի Քո է արքայութիւն եւ 
զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:
  Հայ՛ր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի Քո անունը, Քո արքայութունը թող գա, Քո կամքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է:
Մեր հանապազօրյա հացը տո՛ւր մեզ այսօր. և թո՛ղ մեզ մեր պարտքերը, ինչպես և մենք ենք թողնում մեր պարտապաններին:
Եվ մի՛ տանիր փորձության, այլ փրկի՛ր մեզ չարից, քանզի Քոնն է արքայությունը և զօրությունը և փառք հավիտյանս. ամեն:

ԱՂՈԹՔ՝ ԵԿԵՂԵՑԻ ՄՏՆԵԼԻՍ

ԱՌ ԴՐԱՆՆ ՍՐԲՈՅ ԵԿԵՂԵՑՎՈՅ

Առ դրանն սրբոյ Եկեղեցւոյս եւ առաջի աստուածընկալ եւ պայծառացեալ սուրբ նշանացս խոնարհեալ երկիղիւ երկիր պագանեմք քեզ, Տէր Աստուած, որ յերկինս ես եւ ամենայն ուրեք: Զսուրբ, զհրաշալի եւ զյաղթող Տէրութիւնդ քո օրհնեմք եւ փառաւորեմք եւ քեզ մատուցանեմք զօրհնութիւն եւ զփառս Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, 
այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն:
Այս սուրբ Եկեղեցու դռան մօտ եւ աստուածընկալ ու լուսապայծառ սրբութիւնների առաջ երկիւղածութեամբ խոնարհւում եւ երկրպագում ենք քեզ, Տէր Աստուած, որ երկնքում ես եւ ամենուր: Քո սուրբ, հրաշալի եւ յաղթող Տէրութիւնդ օրհնում ենք ու փառաւորում եւ քեզ՝ Հօրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն օրհնութիւն ու փառք ենք մատուցում, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն:

Աղոթի՛ր ընկերներիդ հետ