ԱՂՕԹՔ Ի ԴԷՄՍ ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹԵԱՆ
Սբ. Հովհան ՈսկեբերանԱմենակալ անարատ Աստված` անսկիզբ Հայր` անտեսանելի, անբովանդակելի, անպատմելի, անպարագրելի, անփոփոխելի, անիմանալի, անհասանելի:
Որ միայն Դու` անմատչելի լույսի մեջ բնակվածդ, անմահություն ունես:
Որ Քո խոսքով ստեղծեցիր երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը և դրանց մեջ եղած բոլոր արարածներին, և Քո Հոգով գոյացան բոլոր ստեղծվածները:
Եվ մարդկային ազգի նկատմամբ Քո անչափելի սիրո պատճառով ուղարկեցիր Քո Միածին Որդուն` փրկելու մեզ Ադամի անեծքից:
Նա, որ երկնքից իջնելով, Սուրբ Հոգով մարմնացավ սուրբ և անարատ կույս Մարիամից, և մարդկային բոլոր կրքերը կրելով, բացի մեղքից, ազատեց մեզ մեղքի բեռից:
Եվ մեզ համար խաչի ու մահվան համբերելով, մեզ փրկեց սատանայի ծառայությունից և կուռքերի երկրպագությունից:
Եվ մեզ սովորեցրեց ամենասուրբ Երրորդությանդ գլուխ և ծունկ խոնարհել, աղոթք մատուցել և մեղքերի թողություն խնդրել:
Եվ հարությունից հետո զանազան նշաններով քառասուն օր երևաց Իր աշակերտներին` նրանց հետ հացով հաղորդվելով` կենսաբեր տնօրենության հավատքի հաստատության համար:
Եվ Իր հարության քառասուներորդ օրը երկինք վերանալիս, ձեռքը դրեց աշակերտների վրա և օրհնեց` նրանց տալով առաքինության կատարյալ շնորհները:
Եվ նրանց միտքը բացեց` հասկանալու գրքերը. և նրանց պատվիրեց մնալ Երուսաղեմում. սպասել աստվածային խոստմանը և երկնավոր ու մարդասեր Հոր Ավետիսին:
Դու, Տեր, Քո անբավ ողորմության շնորհները պարգևեցիր մարդկային ազգին:
Ուղարկեցիր Քո էակից ու փառակից Սուրբ Հոգուն մեծ կիրակի օրը` Փրկչի հարության հիսուներորդ օրվա լրանալուց` երրորդ ժամին, երբ նախահայր Ադամը Սուրբ Հոգովդ գոյացավ որպես կենդանի հոգի` աստվածային փչմամբ, ապա պտղի ճաշակումով կորստյան մատնվելով և մահանալով, այս ժամին վերստին է կենդանաստեղծվում` Սուրբ Հոգուդ իջմամբ առաքյալների դասերի մեջ:
Որը հրեղեն լեզուներով երևալով, նստեց նրանց վրա և նրանց լցրեց ամենառատ շնորհներով` խոսելով բոլոր լեզուներով. և լսողների մոտ միաձայն սպասավորելով Սուրբ Հոգուդ, որով և որպես առաջին ծնունդ ծնելով երեք հազարին` Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով, նրանք առաջինը երկրպագեցին սուրբ Երրորդությանդ:
Որոնց հետ և մենք այսօր խոնարհեցնում ենք մեր ծնկներն ու պարանոցները և աղաչում ենք Քո առաքյալների հետ. ընդունիր վերջիններիս հետ մեր և նրանց երկրպագությունը, ովքեր նույն արժանավորությամբ խորհրդաբար երկրպագել են Քեզ մինչև այժմ:
Լսիր մեզ մեծ Պենտեկոստեի այս օրը, երբ Սուրբ Հոգիդ ուղարկեցիր ստորինների մեջ` Քո որդի Հիսուսի երկինք համբարձվելուց հետո, և երբ հավատով դիմում ենք Քեզ:
Քո սրբության բարձունքներից նայիր Քո ժողովրդին, ովքեր կանգնած են Քո առջև և Քո մեծ ողորմության ակնկալությունն ունեն:
Ուղարկիր այսօր բարերար Սուրբ Հոգուդ Քո Տաճարի և նրանում հավաքվածների մեջ, ինչպես այն ժամանակ ուղարկեցիր վերնատանը` առաքյալների մեջ:
Որովհետև այստեղ նույնպես Քո Միածին Որդին մշտապես պատարագվում է, ինչպես վերնատանը, որտեղ սուրբ խորհուրդն ավանդելով` աշակերտներին բաշխեց խորհրդավոր ընթրիքի ժամանակ և նրանց ոտքերը լվաց. և երևաց փակ դռներով վերնատանը հարության երեկոյան առաջին կիրակի օրը, և դարձյալ` ութերորդ օրը:
Եվ Պենտեկոստեի օրերի ավարտին Սուրբ Հոգիդ, հողմի փչումով իջնելով, այն լցրեց հրով` իր մեջ սուրբ միաբանվածներով հանդերձ:
Որի համար փառավորում ենք Քեզ, բարերար Տեր, մեր Տիրոջ` Հիսուս Քրիտոսի Հայր, և աղաչում ենք Քեզ ամբողջ սրտով, քաղցրությամբ նայիր մեզ գթությամբ և ողորմությամբ հիշիր Քեզ ապավինածներիս, տառապածներիս ու դատապարտվածներիս, շրջիր բանսարկուի կողմից բանտված մեր ոգիների գերությունը և կանգնեցրու ընկածներիս ու կործանվածներիս:
Աղաչում ենք Քեզ, մարդասեր Տեր, որովհետև թեպետ և մեղանչեցինք, սակայն ավազանի արգանդից դեպի Քեզ դարձանք, և Դու ես մեր Աստվածը. մեզ բաց մի թող Քո ձեռքից, որովհետև ունայնության մեջ նվազեցին մեր օրերը, մենք նախատվեցինք թշնամիներից և մեզ ատողների համար ծաղր ու ծանակի առարկա եղանք:
Այլ հուսալով Քո ողորմությանը, որ այս օրերին եղավ, հայցում ենք Քեզանից, մեր առջև բաց արա Քո ողորմության դուռը և սրբիր մեզ մեր մեղքերի գաղտնիքներից:
Տես Քո ծառաների խոնարհությունը և թողություն տուր մեր կամա և ակամա, գիտակցաբար ու անգիտակցաբար կատարած բոլոր հանցանքներին:
Քավություն շնորհիր Քո ժողովրդին և ամենքին մաքրիր Սուրբ Հոգուդ զորությամբ:
Փրկիր մեզ թշնամու բռնությունից և մեր կյանքն ամուր պահիր բանսարկուի չարահնար որոգայթների դեմ:
Խաղաղության հրեշտակին հանձնիր մեզ, Դու, որ նախքան մեր հայցելը, պատրաստում ես մեր պետքերը:
Արժանացրու մեզ խոստովանությամբ ու ապաշխարությամբ դառնալ դեպի Քեզ` նախքան մեր վախճանը:
Սուրբ Հոգուդ ընդունելության տաճար դարձրու բոլորին, սուրբ առաքյալների հետ, և մեր անունները նրանց հետ միասին գրիր կյանքի գրքում:
Մեզ ամենքիս ժողովիր Քո արքայության մեջ վերին Սիոնում` երկնային ու բարձրագույն վերնատանը: Որովհետև Քոնն է ողորմությունը, և Քեզ ու Քո Միածին Որդուն և Սուրբ Հոգուդ ենք փառք վերառաքում այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
**************************************
Մեր Տեր Հիսուս Քրիստոս, որ Քո խաղաղությունը շնորհեցիր Քո առաքյալներին` փչելով նրանց վրա, և Սուրբ Հոգիդ այսօր հայտնապես նրանց պարգևեցիր: Որը գալով Հորից` բնակվեց նրանց մեջ, նրանց տրտմությունը փարատեց և հրեղեն լեզուներով նրանց լեզուների վրա հանգչելով, նրանց բերանները բացեց` խոսելու բոլոր լեզուներով:
Եվ բոլոր մարդկանց, որոնք աշտարակից բաժանվել էին բազմաստված մոլորություններով, միավորեց ճշմարիտ Երեքանձնյա զորությանդ մեկ աստվածգիտությամբ սովորեցրեց բոլոր լեզուներով մեկ Աստծո փառավորել` ողջ տիեզերքում Ավետարանի քարոզությամբ, և ծունկ խոնարհեցնել միայն նույն Աստծուն, ինչպես այսօր մկրտությամբ նոր ծնված երեք հազարը:
Որոնց հետ և մենք` նույն Հոգով լուսավորված, հավատքով ծունկ ենք խոնարհում Ամենասուրբ Երրորդությանդ առջև և աղաչում ենք` միաբան հավաքվածներս:
Նայիր ինձ` անարժանիս, որ ժողովրդի աղոթքը Քո Սուրբ Սեղանի առջև Քեզ եմ մատուցում:
Բաց արա, Տե՜ր, իմ` մեղավորի շուրթերը, ինչպես երանելի առաքյալներին, և լցրու մեզ Քո Սուրբ Հոգով` Քեզանից տրված բոլոր շնորհները հաղորդելու Քո ընտրյալներին: Եվ իմ բազում մեղքերի պատճառով մի արքելիր Քո ողորմությունը մեզանից, որ հույսով կանգնած ենք Քո առջև և Քո անբավ գթությունից ենք հայցում:
Քո ծառաներին արժանի արա աստվածային պարգևներիդ. իմաստության ու հանճարի, խորհրդի ու զորության, գիտության ու աստվածպաշտության և Քո երկյուղի Հոգով լցրու մեր մտքերը, և մեր մեջ սուրբ սիրտ, ուղիղ հոգի և մաքուր միտք նորոգիր, Մարդասե՜ր:
Դու, որ նավահանգիստ ես նավողների համար, Քո Սուրբ Հոգով մեր ընթացքն ուղղիր անբիծ ճանապարհի մեջ` միշտ խորհելու Քո օրեքի վրա, պահելու Քո պատվիրանները, կատարելու Քո հրամանները և քարոզելու Քո խոսքերը: Մեր աղոթքներն ու խնդրանքները բարության մեջ ավարտիր:
Դու, որ մեր ախտահարված բնությունը միացրիր Քո անախտ աստվածությանը, և դրանով մեր կարիքներին հաղորդակից եղար և մեր ախտերը բժշկեցիր:
Լսիր մեզ, մեր Փրկիչ Աստված, և խոնարհեցրու Քո ականջը դեպի քո Սուրբ Եկեղեցում հավաքվածներիս երկրպագությունը` սուրբ վերնատան Քո ընտրյալների նմանությամբ:
Սրբիր մեզ մեղքերի բոլոր պղծություններից և Սուրբ Հոգուդ ուղարկիր միաբան հավատացյալներիս մոտ, որպեսզի բնակվի մեր մեջ, լուսավորի մեր մտքերն աստվածգիտության լույսով, առաջնորդի մեզ քո պատվիրաններն ամենայն ճշմարտությամբ պահելու և դարձնի աստվածային կտակարանների օրենսգետ, որը խոսեցին մարգարեները, առաքյալներն ու վարդապետները` Սուրբ Հոգու միջոցով, և որը մեզ սովորեցնելու ու զորացնելու է` ամեն ինչ կատարելու:
Աղաչում և պաղատում ենք Քեզ, որպեսզի հաշտությամբ նայես Քո ժողովրդին` ի գին Քո սուրբ արյան. իմ բազում հանցանքների պատճառով մի անտեսիր նրանց հայցվածները, որովհետև Քո փրկածներն են և դեպի Քեզ են ձեռքերը բարձրացնում ու հաշտություն խնդրում:
Արդ, ընդունիր նրանց մաղթանքների ծնրադրումն ինչպես նոր լուսավորվածներինը, և նրանց ձեռքերի համբարձումն ընդունիր որպես երեկոյան պատարագ, իսկ նրանց աղոթքները` որպես անուշահոտ խունկ Քո բարերար Տերության առջև, և Քո թևերի հովանու տակ ծածկիր նրանց` պահելով երևելի ու աներևույթ թշնամիներից:
Որպեսզի անարատ քրիստոնեությամբ ապրելով այս աշխարհում, Քո բոլոր սուրբերի հետ արժանի լինենք երկնային կյանքիդ. և գոհանալով փառավորենք Քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ միասին, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
**************************************
Դու, որ զորությանց Տեր ես, Աստված ճշմարիտ, լույսի և կյանքի աղբյուր` անքննելի կերպով բխելով Հորից, հրաշագործ Սուրբ Հոգի, որը սուրբ առաքյալներին խոստացավ մեր Աստված` Քրիստոս, Նա, որ մահվամբ մահվան կապանքները քանդեց և մեղքերի սկզբին անլուծանելի կապանքներով արգելափակեց անշեջ հրի ու արտաքին խավարի մեջ` այնտեղ ամուր փակելով պիղծ վիշապին` իր ապստամբ զորության հետ միասին, և այնտեղ բանտարկված Ադամի որդիներին` ննջեցյալներին, դուրս հանեց դժոխքից` Իր հարությամբ:
Եվ մեր բնությամբ հանդերձ բարձրանալով Հոր մոտ, բոլոր բարիքների ավարտին ու բոլոր խորհուրդների կատարման ժամանակ Քեզ` նորոգող ու կենդանարար Սուրբ Հոգուդ, տրտմածներին մխիթարիչ ուղարկեց:
Դու` Աստված, որ խոնարհվեցիր Հայր Աստծուց և եկար վերնատուն, Դու, որին երկինքը չէր կարող տանել, և անճառելի խնդությամբ ու շնորհներով լցրեցիր Քո ընտրյալներին, որոնց ուղարկեցիր ողջ աշխարհում կենաց խոսքը քարոզելու:
Որոնք ողջ տիեզերքը լցրեցին Քո գիտությամբ, Տեր. և մեկ Աստվածությունդ ճանաչել տվեցիր ողջ աշխարհին` վերացնելով կուռքերի սնոտի պաշտամունքը:
Սուրբ ավազանով հեթանոսներին ծնեցին որպես Երկնավոր Հորդ որդեգիրների, և բոլորին ամենասուրբ Երրորդությանդ երկրպագողներ դարձրեցին:
Բոլոր վայրերում դրեցին Սուրբ Եկեղեցու հիմքերը և հարդարեցին Քո փառքի սեղանը, որից անմահական խորհրդով կերակրեցին բոլոր Քեզ հավատացողներին:
Երկիրը երկինք դարձնելով` երկրայիններին դասակից դարձրեցին երկնայիններին:
Եվ արդ, Տեր մեր Աստված` ողորմած և մարդասեր, լսիր մեր պաղատանքները, որ հայցում ենք Քեզանից, և երկնային հանգստի մեջ ընդունիր մեր ննջեցյալների հոգիները, որոնք լուսավորվելով հոգևոր ծննդյամբ` քրիստոնյա անվան արժանացան, և հաղորդվելով աստվածային մարմնին ու արյանը, հավատով ու ուղիղ դավանությամբ հեռացան աշխարհից, որոնց և հիշատակը կատարեցինք այսօր փրկական պատարագի հույսով` Քո երևման մեծ օրը:
Ամենակալ Տեր, մահկանացուների ու անմահների Աստված` ամեն ինչի Արարիչ և կյանքի ու մահվան Տեր, մարմնի խնամող, և հանդերձյալում` երկրի բոլոր ծագերի հույս, Դու, որ մեծ Պենտեկոստեի տոնի վերջին օրը` վերնատան մեջ Քո փառավոր գալստյամբ ուրախացրիր Քո անունով հավաքվածներին, լսիր և այժմ մեր աղաչանքի ձայնը և հիշիր նախկին ննջեցյալներին` մեր հայրերին ու եղբայրներին, և հանգստացրու Քո սրբերի խորանում` լույսի վայրում:
Հիշիր նրանց աղոթքներն ու պաղատանքները և խոստովանությունը` կյանքի ու վախճանի ժամանակ, և թողություն շնորհիր նրանց բոլոր հանցանքներին. և բոլորին արժանացրու սպասելու ապագա բարիքի ու փառքի հատուցմանը, որը պատրաստեցիր Քո սիրելիների համար, և նաև նրանց հետ օրհնելու ամենասուրբ Երրորդությանդ:
Եվ մեզ` Քո անունով Քո Սուրբ Տաճարի մեջ հավաքվածներիս` Քո ամենակեցուցիչ գալստյան օրը երկրպագողներիս ու տոնողներիս, շնորհիր երկնային խաղաղությունդ և մեղքերի հնությունից հոգիների ու մարմինների նորոգում` ապաշխարությամբ ու արտասուքներով վերստին ծնվելու. և բոլորին սուրբ առաքյալների հետ, զորացրու զգաստությամբ ու արդարությամբ` Քո բնակության համար, որպեսզի մեր մեջ չարի համար տեղ և մուտք չլինի:
Հրեղեն լեզուներով սրբիր Քո ծառաների շուրթերն ու լեզուները, որպեսզի արժանի լինենք հոգևոր օրհնությամբ հոգեղենների հետ երգելու, սաղմոս ասելու և ամեն ժամ աղոթելու, սուրբ սրտով և խոնարհ հոգով բանավոր պաշտամունք մատուցելու Քեզ, և սրտի խորքից արտասվալից պաղատանքով Քեզանից քավություն խնդրելու:
Եվ մեր ողջ կյանքն ամրացրու ու Քո երկյուղով պարսպված պահիր չար խորհուրդներից, խոսքերից ու գործերից:
Եվ մեզ արժանացրու ի հաճույս Քեզ ապրելու, մեր ընթացքը Քո կամքի համաձայն ճշմարիտ խոստովանությամբ կատարելու, և ջերմեռանդ զղջումով, փրկական խորհրդի հաղորդությամբ, քահանայական մոտեցումով, նվերներով ու պատարագներով մշտապես Քո Սուրբ Սեղանի առջև հիշատակ կատարելու:
Ծնկի գալով Քո առջև, աղաչում ենք, մարդասեր Սուրբ Հոգի, որպեսզի նաև մեր հոգիների ընթացքը մարմնական կենցաղի մեջ պահես, որպեսզի աներկյուղ անցնենք և փրկվենք օդային ու պիղծ դևերից, և առաջնորդես դեպի ճշմարիտ երկիր` դեպի երանավետ կյանք ու արդարների օթևան, որտեղ սրբերի հոգիներն ուրախությամբ օրհնում են Քեզ, և հաջորդ նորոգման` Քո էակից Փրկչի գալստյան ժամանակ, արթնացնես բոլորին` հրեշտակապետի փողի ձայնով ու Աստծո խոսքով:
Իսկ Դու, մեր Տեր և Աստված, Սուրբ Հոգի, երբ հարությամբ ստանաս բոլոր մարդկանց և յուրաքանչյուրին հոգով նորոգես, փրկիր գեհենի սպառնալիքից ու աններելի տանջանքներից և Քո սրբերի բանակին խառնիր Քո անունը սիրողների հետ` որպեսզի երկնքի արքայության ժառանգորդներ լինենք:
Եվ մենք` Քո բանավոր հոտը և Քեզ հավատացողները, օրհնելու և փառավորելու ենք ամենասուրբ Երրորդությունդ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից.
ամեն: