Առակ աղոթքի մասին

Ես Աստծուն խնդրեցի, որ նա ինձանից վերցնի իմ հպարտությունը,
Եվ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»:
Նա ասաց, որ հպարտությունը չի վերցվում, այլ հրաժարվում են դրանից:
Ես Աստծուն խնդրեցի բուժել անկողնուն գամված իմ դստերը,
Եվ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»:
Նա ասաց, որ նրա հոգին վնասված չէ, իսկ մարմինը, միեւնույն է, մեռնելու է:
Ես Աստծուն խնդրեցի համբերություն շնորհել ինձ,
Եվ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»:
Նա ասաց, որ համբերությունը փորձությունների արդյունքում է առաջանում: Այն չեն շնորհում, այլ արժանի են դառնում դրան:
Ես Աստծուն խնդրեցի երջանկություն պարգեւել ինձ,
Եվ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»:
Նա ասաց, որ օրհնություններ է շնորհում, իսկ երջանիկ կլինե՞մ ես, թե՞ ոչ, ինձանից է կախված:
Ես Աստծուն խնդրեցի հեռու պահել ինձ ցավից,
Եվ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»:
Նա ասաց, որ տառապանքները մարդուն հեռացնում են աշխարհիկ հոգսերից եւ մոտեցնում են իրեն:
Ես Աստծուն խնդրեցի, որ իմ ոգին աճի,
Եվ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»:
Նա ասաց, որ ոգին ինքը պետք է աճի:
Ես Աստծուն խնդրեցի օգնել, որ ես ուրիշներին սիրեմ այնպես, ինչպես Ինքն է սիրում ինձ,
Եվ Աստված ասաց. «Վերջապես դու հասկացար, թե ինչ է հարկավոր խնդրել»:
Ես ուժեր խնդրեցի,
Եվ Աստված ինձ փորձություններ ուղարկեց, որպեսզի կոփի ինձ:
Ես իմաստություն խնդրեցի,
Եվ Աստված ինձ ուղարկեց խնդիրներ, որոնց վրա հարկավոր էր գլուխ ջարդել:
Ես արիություն խնդրեցի,
Եվ Աստված ինձ վտանգներ ուղարկեց:
Ես սեր խնդրեցի,
Եվ Աստված իմ օգնության կարիքն ունեցող դժբախտներ ուղարկեց ինձ:
Ես բարիքներ խնդրեցի,
Եվ Աստված ինձ հնարավորություններ տվեց:
Ես չստացա ոչինչ այն ամենից, ինչ խնդրել էի:
Եվ ստացա ամեն ինչ, որ հարկավոր էր ինձ:
Աստված լսեց իմ աղոթքները:

Սուրբ Հովհան Ոսկեբերան: Ճառ աղոթքի մասին

Մեծ բարիք է աղոթքը, եթե լինում է երախտագիտության զգացումով, եթե մենք սովորում ենք երախտագիտություն հայտնել Աստծուն ոչ միայն ստանալիս (խնդրածը), այլև չստանալիս:
Աստված և´ տալիս (խնդրածը) և չի´ տալիս, և´ այն, և´ այս անում է օգուտի համար, այնպես, որ ստացար կամ չստացար` դու ստանում ես շնորհիվ այն բանի, որ չստացար, հաջողեցիր կամ թե չհաջողեցիր` դու հաջողեցիր շնորհիվ այն բանի, որ չհաջողեցիր:
Երբեմն օգտակար է չստանալը: Եթե մեզ համար հաճախ օգտակար չլիներ չստանալը, Աստված անկասկած կտար, այնինչ օգուտով չստանալը նշանակում է ստանալ: Եկեք չտրտնջանք խնդրածն ստանալու ուշացման համար, այլ այդ առիթով ցուցաբերենք մեծ համբերատարություն և կամք:
Մի՞թե Աստված չէր կարող ավելի շուտ կատարել մեր խնդրածը: Բայց Նա չի շտապում, որպեսզի հենց մեզնից առիթ ստանա արդարաբար արժանացնել մեզ Իր խնամքին:
Այն պատճառով կստանանք մեր խնդրածը, թե չենք ստանա, համառ լինենք մեր խնդրածներով և երախտագետ լինենք ոչ միայն հաջողելու, այլև չհաջողելու դեպքում:
Չստանալ, երբ այդպես է կամենում Աստված, կնշանակի ոչ պակաս, քան ստանալ, որովհետև ինքներս այնպես չգիտենք, թե ինչն է օգտակար մեզ համար, ինչպես Նա գիտի:
Ուրեմն, կստանանք թե չենք ստանա, մենք պետք է հավասարապես երախտապարտ լինենք և ուրախությամբ ընդունենք այն, ինչ Նրան հաճո է:

Անտուան դը Սենթ Էքզյուպերիի աղոթքը

Աստվա՛ծ իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրո՛ւ ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրո՛ւ ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն:

Սովորեցրո
՛ւ ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրի՛ր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:
Խնդրում եմ քեզանից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը` օրվա ընթացքում, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:

Օգնի
՛ր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո՛չ անցյալի, և ո՛չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնի՛ր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը:

Պահպանի
՛ր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տո՛ւր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:

Հիշեցրո
՛ւ ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:
Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:

Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տո
՛ւր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թո՛ւյլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին: Դարձրո՛ւ ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: 

Պահպանի՛ր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:

Տո
՛ւր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրո՛ւ ինձ փոքրիկ քայլերի արվեստը:

Աղոթի՛ր ընկերներիդ հետ