Showing posts with label Բարեխոսություն. Show all posts
Showing posts with label Բարեխոսություն. Show all posts

ՊԱՀՊԱՆԻՉ ԶՈՐԱՎՈՐ ԱՂՈԹՔ ՍՈՒՐԲ ԿԻՊՐԻԱՆՈՍԻ

Հանուն Հոր, եվ Որդու եվ Սուրբ Հոգու. Ամեն

Երկնքի բարձունքներում Աստծուն փա՜ռք, երկրին խաղաղություն և մարդկանց մեջ հաճություն: Աստված ստեղծեց Կիրակին՝ (Հարության օրը) և այն օրհնեց ու սրբացրեց: Իրենով ստեղծվեց ամեն բան, ինչ որ կա, թե երկնքում, թե երկրի վրա: Նա բազմաթիվ հրաշքներ կատարեց և Իրենով ամբողջացրեց արդար ու բարի գործերը, Իր ամենազոր կարողությամբ ջնջեց չարի բոլոր գործերը: Նա ստեղծեց երկինքն ու երկիրը և ինչ որ կա նրա մեջ: Ե՜ս, Կիպրիանոսս՝ այժմ կենդանի Աստծո անարժան ծառան, ինքնքկամ հոժարությամբ ուխտեցի ու նվիրվեցի արդարության միակ Աստծուն՝ տիեզերքի վեհագույն Բարձրյալին և հավիտյանս հավիտենից ապրող Հիսուս Քրիստոսին։

Ով իմ Աստված, Դու ճանաչում ես ինձ՝ անարգ ու անարժան ծառայիդ չար գործերը, որովհետև նախքան աստվածային լույսովդ լուսավորվելս, ես ամբողջովին ենթակա էի չար սատանային և նրա պիղծ ու կործանարար խորհուրդներով էի առաջնորդվում: Քեզանից հեռացած լինլուս պատճառով, հալածում էի բոլոր Քեզ հավատացողներին. այլ խոսքով ասած, ես՝ թշվառս, կատարելապես Քո թշնամին էի: Իմ զազրելի և ատելի գործերի պատճառով ո՜չ երկինքն էր իր անձրևը տեղում և ոչ էլ երկիրն էր իր պտուղները տալիս: Բայց երբ աստվածային լույսդ իմ վրա ծագեց և երկնային շնորհդ ողողեց ինձ, անմիջապես Քեզ դարձա ու խոստովանեցի Քո աստվածությունդ և հավատացի սուրբ Օրենքիդ: Արդ, հիմա ո՜վ Տեր, աղաչում եմ, ներիր Քո դեմ գործած իմ բոլոր մեղքերը և անտեսիր նախկին տգիտությունս և անմտությունս:

Եվ այժմ զղջումով, ապաշխարհությամբ ու Քեզ դառնալով, Ո՜վ մարդասեր Աստված, Քո Հայրական ներումն եմ խնդրում մեղավորիս հանդեպ: Ո՜վ բարերար Տեր, աղաչում ու խնդրում եմ, որ աստվածային Քո զորությամբ պահպանես նաև բոլոր նրանց, որոնք այս աղոթքը կկարդան, կամ կլսեն ու կկրեն իրենց հետ, կամ կունենան տներում, կամ գործատեղերում. իրենցից հեռու պահիր ամեն չարություն, վնասակարություն, ցավ ու աղետ: Նաև ազատիր նրանց չար աչքերից, կախարդություններից և սատանայական դիվախորհուրդ բոլոր ազդեցություններից: Թող որ Քո բարի Աչքը հովանի լինի Քեզ հուսացողների վրա, որպեսզի ո՜չ արթուն եղած ժամանակ և ոչ էլ քնած պահին, չար հրեշտակը չհամարձակվի վնասել նրանց, այլ Քո Աստվածային ամենակարող զորությունը հզոր պարիսպ լինի նրանց՝ ընդդեմ սատանայական ամեն տեսակ որոգայթների եւ հարձակումների: 

Թող որ սուրբ Աստվածածին Կույս Մարիամի և համայն սրբերիդ անկասելի բարեխոսությունը պաշտպանի նրանց գիշերային խավարից, գայթակղող երևակայություններից ու պիղծ ոգիներից: Եվ ինչպես մոմն է հալվում կրակի առջև, այդպես էլ թշնամու զորությունները թող հեռանան Տիրոջ այն զավակից, որ կկրի այս աղոթքը: Տերն Ինքը կկարգավորի նրա բարի գործերը, կպաշտպանի նրա սիրտը, միտքը, հոգին ու ներքին և արտաքին զգայարանները: Եվ չորս ավետարանիչների՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի ու Հովհաննեսի և բոլոր սրբերի բարեխոսությամբ կօրհնի նրանց ելքն ու մուտքը, ամբողջ ունեցվածքը կպահի բոլոր տեսակի չար ու պիղծ ուժերից: Ամեն: 

Եվ այնպես, ինչպես անջուր անապատի մեջ Իսրայելի ժողովրդի ծարավը հագեցնելու համար Մովսեսի ձեռքով ժայռը ճեղքվեց ու ջուր բխեց այնտեղից, և ինչպես որ Տերը դրախտի միջից չորս գետեր բխեցրեց՝ (Գեհոնը, Փիսոնը, Տիգրիսն ու Եփրատը) ոռոգելու համար ամբողջ երկրի երեսը, նույնպես էլ Տերն այս աղոթքը կարդացողի ու կրողի ներաշխարհում պիտի բխեցնի Աստվածային շնորհի և առատ պարգևների աղբյուրներ, պիտի պաշտպանի նրա բոլոր զավակներին և պիտի օրհնելով օրհնի նրա որովայնի պտուղները: Եվ անվանի երդմնեցուցիր Անտոն անապատականի՝ մեծ ճգնավորի բարեխոսությամբ ու աստվածային սուրբ Պատարագի քահանայական զգեստի իշխանությամբ դուրս պիտի վտարի չարի բոլոր երևելի ու աներևույթ թշնամիները: Ամեն: 

Դու՜, ով Տեր, որ Սուրբ Ավետարանի մեջ ասացիր. «Ինչ որ կապեք երկրի վրա՝ կապված պիտի լինի երկնքի մեջ, և ինչ որ արձակեք երկրի վրա՝ արձակված պիտի լինի երկնքի մեջ», ուստի Քո զորությամբ ո՜վ Տեր, արտոնի՜ր, որ այս աղոթքը կրողը արձակված լինի իր մեղքերից և չարի ու նրա գաղտնի որոգայթների դեմ պաշտպանություն և ապահովություն գտնի, որպեսզի ո՜չ ցերեկ ժամանակ չար հրեշտակը կարողանա վնասել իրեն և ոչ էլ գիշերվա պահին՝ պիղծ ոգին: 

Ո՜վ ամենակալ Տեր և Աստված, աղաչում եմ, զորացրու այս աղոթքին վստահող հոգուն ու բժշկիր նրան իր հոգեկան, մտավոր ու ֆիզիկական բոլոր տեսակի հիվանդություններից ու տանջող ցավերից,  բարեխոսությամբ սուրբ մարգարեներիդ ու մարտիրոսներիդ, խստակենցաղ ճգնավորներիդ, որոնք իրենց աղոթքներով ու գործերով հաճելի եղան Քեզ: Աստծո ամենակարող զորությունը կխորտակի դևերի ուժը ու նրանց կնետի դժոխքի խորխորատը: Այս աղոթքի զորությունը հայտնաբերում ու վտարում է նրանց, եթե բնակություն են հաստատել երկաթի, օդի, հողի, ջրի եւ այլ նյութերի, կամ երկրի ստորին վայրերում. Զորությամբ սուրբ Առաքյալների, արդար Աբելի պատարագի Ենովքի նվիրման, Մովսեսի հեզության, Դավթի սաղմոսների, Հիսուս Քրիստոսի հաղթական սուրբ Խաչի, մեր բոլորի Մոր՝ կույս Մարիամի և համայն սրբերի. ամեն: 

Ես հրամայում եմ ձեզ, ով դժոխային պիղծ ոգիներ, Ամենազոր Տիրոջ Անունով, Ով անդամալույծի ոտքի հանեց, ի ծնե կույրի աչքերը բացեց և չորս օրվա գերեզման մտած Ղազարոսին հարություն պարգևեց, որ հեռանա՜ք ու վռնդվե՜ք յուրաքանչյուր անձից, ով կրում է այս աղոթքը, ու անհետանաք նրա մոտից, այնպես, ինչպես փոշին է ցրվում զորեղ քամուց: Երդմնեցնում եմ քեզ, ո՜վ չար սատանա, որ թողնես ու հեռանաս նրանից: Կապում եմ քեզ Աստծո զորությամբ, որ ծովը կապեց մի ափ ավազով: Դու չե՜ս կարող և իրավունք չունե՜ս վնաս պատճառելու այս աղոթքը կրողին. Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով: Ամեն: 

Ով մեր գթառատ Աստված, անսահման ու մարդասեր ողորմությանդ ապավինելով, աղաչում եմ Քեզ, օրհնի՜ր այս աղոթքը կրող զավակներիդ, և հաղթական սուրբ Խաչիդ կնիքով պահիր-պահպանիր նրանց ընտանիքները, կանանց, զավակներին, տներն ու ստացվածքները: Լիառատ կյանքի արգասավորություն և հաջողություն պարգևիր, փրկի՜ր նրանց չարի բոլոր հարձակումներից, որպեսզի երբ այս աղոթքները ընդունես և մեր մարմինները բժշկես, երախտապարտ հոգով ու գոհունակ սրտով երկրպագելով, փառավորենք Ամենասուրբ Երրորդությանդ. Ում վայել է փառքը, իշխանությունն ու պատիվը, հավիտյանս, հավիտենից. ամեն:

Հեղինակ՝ ԿԻՊՐԻԱՆՈՍ

ՇԱԲԱԹ ՕՐՎԱ ԱՂՈԹՔ

Հովհաննես Գառնեցի

Սուրբ Երրորդութի՛ւն անբաժանելի, անճառելի և անաշխատ, որ յայսմ աւուր հանգեար յամենայն գործոց քոց, զոր սկսար առնել և կատարել, որ նշանակեաց հանգիստն զթաղումն աստուածացեալ մարմնոյդ, որ աշխատեցար բազկատարած բևեռմամբն ի վերայ կենսաբեր սուրբ խաչին. և արդ, ահա ես՝ ամենամեղս, անկեալ աղաչեմ զքեզ, Տէ՛ր իմ և Աստուա՛ծ իմ, յո՛յս իմ Յիսուս Քրիստոս, և խնդրեմ ի քէն վասն փառաց երեսաց Հաւրդ լուսոյ և վասն փառակցութեան Հոգւոյդ Սրբոյ, և վասն կամաւոր չարչարանաց քոց, և վասն կենդանարար արմատ փայտին և սուրբ բևեռացն, և վասն հեղման քրքմատեսակ ազատարար սուրբ արեանդ, և վասն երեքաւրեայ թաղմանն և հրաշալի յարութեանն, և վասն կուսական կաթինն Մարիամու Սրբոյ Աստուածածնին, և վասն սիրոյ և բարեխաւսութեան ամենայն սրբոց քոց՝ երկնաւորաց և երկրաւորաց, սրբեա՛ զիս յամենայն մեղաց իմոց և ազատեա՛ ի դառն վշտաց գեհենին, և արժանի արա՛ զանպիտան ծառայս քո խոստացեալ բարեացն՝ ընդ ամենայն սուրբս քո, զի ընդ նոսին հանգուցեալ փառաւորեցից զՀայր և զՈրդի և զՍուրբ Հոգին, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն:


Սուրբ Երրորդություն անբաժանելի, անճառելի և անխոնջ, որ այս օրը հանգստացար քո բոլոր գործերից, որ սկսեցիր ստեղծել ու կատարել[ագործել], որ հանգիստը խորհրդանշեց աստվածացած մարմնիդ թաղումը, որ բազկատարած գամվելով` չարչարվեցիր կենսաբեր սուրբ խաչի վրա: Արդ, ահա ես` ամենամեղս, ընկած աղաչում եմ քեզ, Տեր իմ և Աստված իմ, հույս իմ Հիսուս Քրիստոս, և խնդրում եմ քեզնից լույսի Հորդ երեսի փառքի և սուրբ Հոգուդ փառակցության համար, և քո կամավոր չարչարանքի համար, և կենդանարար արմատով փայտի ու սուրբ գամերի համար, և քո քրքմագույն, ազատարար սուրբ արյան հեղման համար, և եռօրյա թաղման ու հրաշալի հարության համար, և սուրբ Մարիամ Աստվածածնի կուսական կաթի համար, քո երկնային և երկրավոր բոլոր սրբերի սիրո ու բարեխոսության համար, սրբիր ինձ իմ բոլոր մեղքերից և ազատիր գեհենի դառն վշտերից և քո անպիտան ծառայիս արժանացրու քո խոստացած բարիքին` քո սրբերի հետ, որ նրանց հետ հանգչելով` փառավորեմ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:


ՀՂԻ ԿՆՈՋ ԱՂՈԹՔՆ ԱՍՏՎԱԾԱԾՆԻՆ


Ո՜վ Աստծո փառավորյալ Մայր, օգնության հասիր ինձ իմ բոլոր տկարությունների ու վտանգների պահին, որոնց մեջ մանուկ են ծնում Եվայի բոլոր դուստրերը։ Ո՜վ Օրհնյալդ կանանց մեջ, հիշիր, թե ինչպիսի ուրախությամբ ու սիրով էիր այցելության շտապում քո ազգական Եղիսաբեթին` իր հղիության ժամանակ, և ինչ սքանչելի եղավ քո այցը մոր և մանկան համար։ Քո անսպառ բարեսիրությամբ նաև ինձ` նվաստ աղախնուս էլ պարգևիր բարեհաջող որդեծնության շնորհը, որպեսզի այժմ սրտիս տակ հանգիստ գտած բալիկս, զգայություն առնելով, մանուկ Հովհաննեսի նման ուրախությամբ ու խայտալով ցնծա Փրկիչ Աստծով, Ով մեղավորներիս հանդեպ անսահման սիրուց մղված` չխորշեց մեզ պես մարդանալուց եւ Մանուկ լինելուց։ Այն անանց ուրախությունը, որով լցվեց կուսական սիրտդ` նորածին Քո Մանկանն ու Տիրոջը հայելիս, թող սփոփի նաև ինձ և թեթևացնի ծննդաբերությանս ծանրությունը։ Իմ Փրկիչն ու Կյանքն աշխարհի, որ մարմին առավ և ծնվեց քեզանից, թող պահպանի ինձ հոգու և մարմնի բոլոր վտանգներից, իսկ դեռ լույս աշխարհ չեկած մանկանս դասի Աստծո ընտրյալների մեջ։ Լսի՛ր խոնարհ աղաչանքներս ո՜վ Երկնային Ամենասուրբ Թագուհի եւ շնորհընկալ հայացքդ ուղղիր ինձ ու հովանի եղիր, թող ամոթով չմնա քո մեծ բարեգթությանն ապավինած հույսս։ Տիրոջ անունը բոլոր կրողների օգնական, ապաքինող բոլոր հիվանդություններից ու տկարություններից, թող ես էլ համոզվեմ, որ Դու ես Մայրը գթության և միշտ փառավորեմ քեզանից ծնված Աստծո Որդուն և Աստծո Մայրությունդ, որ չի մերժում իրեն աղաչողներին և ազատում է վշտերի ու հիվանդությունների մեջ իրեն կանչողներին. Ամեն:

ՄԱՅՐ ՍՈՒՐԲ

ՄԱՅՐ ՍՈՒՐԲ ԲԱՐԵԽՈՍԵԱ

Մայր սուրբ սքանչելի լուսոյն, որ զԱստուածն ամենայն յաւիտեանց յորովայնի քում կրեցեր, եւ ցնծութիւն աշխարհի ծնար զԲանն Աստուած, աղաչեմք: 
Մայր սուրբ բարեխօսեա՛:

Աղաչեա՛ վասն մեր զառ ի քէն զմարմնացեալն Աստուած, որ խոնարհեցաւ ի հայրական ծոցոյ, էառ մարմին ըստ մարդկային բնութեանս. առնել խաղաղութիւն յերկինս եւ յերկրի. աղաչեմք: 
Մայր սուրբ բարեխօսեա՛:


 Աղաչեա՛ վասն մեր զառ ի քէն զմարմնացեալն Աստուած, ներել մեզ, անտես առնել զյանցանս մեր, եւ տալ օգնականութիւն ընդդիմակաց լինիլ հակառակամարտի՛ցն ի պատերազմի. աղաչեմք: 
Մայր սուրբ բարեխօսեա՛:

Աղաչեա՛ վասն մեր զառ ի քէն զմարմնացեալն Աստուած, զի լռեսցին պատերազմունք, դադարեսցին յարձակմունք թշնամեաց, տնկեսցի սէր եւ արդարութիւն ի յերկրի. աղաչեմք: 
Մայր սուրբ բարեխօսեա՛: 

Աղաչեա՛ վասն մեր զառ ի քէն զմարմնացեալն Աստուած աճեցուցանել յերկրի մերում զքաղցր բղխումն աղբերաց, զառատ պտղաբերութիւն բուսոց եւ տնկոց, առ ի զուարճալի լինիլ ամենայն հարկաւոր պիտոյից մերոց. աղաչեմք: 
Մայր սուրբ բարեխօսեա՛: 

Աղաչեա՛ վասն մեր զառ ի քէն զմարմնացեալն Աստուած, զի միաբանեսցէ զեկեղեցի իւր սուրբ, շինեալ ի վերայ հիման առաքելոց եւ մարգարէից, պահել անարատ մինչեւ յօր երեւելոյ գալստեան իւրոյ. աղաչեմք: 
Մայր սուրբ բարեխօսեա՛: 

Աղաչեա՛ վասն մեր Սրբուհի զՄիածին քո զորդին: Եւ վասն հոգւոցն հանգուցելոց, ընդունիլ յարքայութիւն երկնից եւ տալ մասն եւ բաժին ընդ սուրբս ամենայն. աղաչեմք: 
Մայր սուրբ բարեխօսեա՛:
Սքանչելի Լույսի Սուրբ Մա´յր, դու, որ հավիտենական Աստծուն որովայնումդ կրեցիր և ծնեցիր աշխարհի ցնծությունը` Աստծո Խոսքը, աղաչում ենք, 
Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր: 

 Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, Նրան, Ով խոնարհվեց Հայրական ծոցից և մարմին առավ ըստ մարդկային բնության, որպեսզի խաղաղություն պարգևի երկնքին և երկրին, աղաչում ենք, 
Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր: 

 Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ ների մեզ, անտեսի մեր հանցանքները և օգնական լինի` դիմադրելու հակառակորդին պատերազմի ժամանակ, աղաչում ենք, 
Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր: 

 Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ լռեն պատերազմները, դադարեն թշնամիների հարձակումները, երկրի վրա սեր և արդարություն հաստատվի, աղաչում ենք, 
Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր: 

 Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ շատացնի մեր երկրում աղբյուրների բխումը, բույսերի ու տնկիների առատ պտղաբերությունը` ծառայելու մեզ հարկավոր ամեն պետքի, աղաչում ենք, 
Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր: 


 Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ միաբանվի առաքյալների և մարգարեների հիմքի վրա կառուցված Իր Սուրբ Եկեղեցին, անարատ պահի այն մինչև իր երևելի գալստյան օրը, աղաչում ենք, 
Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր: 

 Աղաչի´ր մեզ համար, Սրբուհի´, քո Միածին Որդուն, նաև մեր հանգուցյալների հոգիների համար, որպեսզի ընդունի նրանց երկնքի արքայության մեջ և մաս ու բաժին հատկացնի բոլոր 
սրբերի հետ, աղաչում ենք, 
Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր:

ԱՂՈԹՔ ԱՍՏՎԱԾԸՆԿԱԼ ՍՈՒՐԲ ԽԱՉԻՆ

ԱՂՕԹՔ ԱՌ ՍՈՒՐԲ ԽԱՉՆ ԱՍՏՈՒԱԾԸՆԿԱԼ

Միջնո՛րդ փրկութեան մերոյ եւ գրա՛ւ տիեզեաց, ճառագայթաւէտ լո՛յս աշխարհաց եւ արեգա՛կ սիրոյ եւ ապաստա՛ն յուսոյ, նշա՛ն սուրբ եւ սոսկալի երախտեացն Աստուծոյ առ մեզ, սու՛ր աստուածամուխ՝ սպանող հակառակամարտին մերոյ եւ դրո՛շմ զգայարանաց մերոց եւ ամուր ապաստա՛ն ակնկալութեան մերոյ, աստուածային զօրութիւն քո, որ պահէ հաստատուն զհիմունս աշխարհի, պահեսցէ զհոգի եւ զմամին իմ ի ցասմանէ, ի ցանկութենէ եւ յատելութենէ եւ յամենայն փորձութեանց եւ գայթակղութեանց հոգւոյ եւ մարմնոյ իմոյ առ սոսկալի զօրութեան քոյ յաւիտեանս յաւիտենից.ամէն:
Մեր փրկության միջնո՛րդ,  ողջ աշխարհի հույսի գրավակա՛ն,  տիեզերքի ճառագայթավետ լո՛ւյս, սիրո արեգա՛կ, հույսի ապաստա՛ն,  Աստծո` մեր հանդեպ բարերարության սուրբ ու սոսկալի նշա՛ն, աստվածամուխ սո՛ւր` մեր հակառակորդին սպանող, մեր զգայարանների դրո՛շմ, մեր հույսի ամուր ապաստա՛ն, քո աստվածային զորությունը, որ հաստատուն է պահում աշխարհի հիմքերը, թող իմ հոգին ու մարմինը հեռու պահի բարկությունից, ցանկությունից, ատելությունից հոգևոր ու մարմնավոր բոլոր փորձություններից ու գայթակղություններից և պահպանի քո սոսկալի զրությամբ հավիտյանս հավիտենից. ամեն:

Աղոթի՛ր ընկերներիդ հետ

ԱՅԼ ԱՂՈԹՔՆԵՐ

    Պատահական