ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ - ԲԱՆ ԺԲ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա 
Եւ արդ, քանզի յաւէտ յառաջնում զղջմանն
Յուսահատութեանն բանիւ լքայ
Եւ տարակուսանաց հեծանաւն ի մահ ձաղկեցայ,
Աստանաւր ի յոսոյն կերպարան փոխեալ` յարգահատել համարձակեցայց`
ԶԵրրորդութիւնն Սուրբ կարդալով յաւգնականութիւն ինձ` մեղաւորիս:
Որ եւ անդստին իսկ յաւրհնաբանելն
Եւ ի դաւանելն զկենդանարարն բնաւից Աստուած,
Իսկոյն եւ կոչումն ընտանի ձայնի
Ահաւորութեան անուան շնորհաձիրն բարերարի,
Մահացելոյս է կենդանութիւն,
Ըստ մարգարէին նախաճառութեան,
Թէ` Որ կարդայ զանուն Տեառն, նա կեցցէ:


Բ 
Իսկ ես ոչ միայն կարդամ,
Այլ նախ հաւատամ մեծութեան նորին,
Ոչ եթէ վասն պարգեւաց նորա դարձեալ մատուցեալ յողոք դեգերիմ,
Այլ իբր զկենդանութիւն իսկապէս
Եւ զշնչոյ տուրեւառութիւն հաւաստի,
Առանց որոյ ոչ է շարժողութիւն կամ ընթացութիւն,
Զի ոչ այնքան յուսոյն հանգուցիւ,
Որքան սիրոյն կապանաւք բերիմ:
Ոչ ի տուրսն, այլ ի տուողն յաւէտ կարաւտիմ,
Ոչ փառքն են ինձ անձկալի,
Այլ փառաւորեալն է համբուրելի,
Ոչ կենացն փափագանաւք,
Այլ կենարարին յիշատակաւն միշտ ճենճերիմ,
Ոչ վայելիցն տարփանաւք հեծեմ,
Այլ հանդերձաւղին տենչանաւք` յերիկամանց աստի կականիմ,
Ոչ զհանգիստն խնդրեմ,
Այլ զհանգուցչին երեսս աղաչեմ,
Ոչ հարսնարանին խնջոյիւք,
Այլ փեսային անձկութեամբ մաշիմ:
Ի ձեռն որոյ զաւրութեան վստահապէս ակնկալութեամբ,
Վերագրեցեալդ յանցանաւք բեռանց,
Աներկմիտ յուսով հաւատամ`
Ի կարողին ձեռն ապաստանեալ.
Ոչ քաւութեան միայն հասանել,
Այլ զնոյն ինքն տեսանել`
Յողորմութիւն եւ ի գթութիւն
Եւ յերկնիցն ժառանգութիւն,
Թէպէտ եւ յոյժ եմ տարագրելի:

Գ 
Եւ արդ, բազում պատկառանաւք ամաչեցելոց դիմաց կորացեալ,
Զմիջնորդ ազդման կափուցմանց երկակի շրթանցս`
Արժանափակ աղխիւ կարկելոց առ անհամարձակ լեզուիս շարժութիւն,
Նորոգեցից ի յերգ հառաչման պաղատանաց յեղանակութեանց
Աղիողորմ հեծեծանաց` ի բարձունս աղաղակելոյ.
Ընկա'լ քաղցրութեամբ, տէր աստուած հզաւր, զդառնացողիս զաղաչանս,
Մատի'ր գթութեամբ առ պատկառեալս դիմաւք,
Փարատեա', ամենապարգեւ, զամաւթական տխրութիւնս,
Բա'րձ յինէն, ողորմած, զանբերելի ծանրութիւնս,
Անջրպետեա', հնարաւոր, զմահացու կրթութիւնս,
Աւարեա', միշտ յաղթող, զխաբողին հաճութիւնս,
Բացադրեա', վերնային, զմոլելոյն մառախուղ,
Կնքեա', կեցուցիչ, զկորուսչին ընթացմունս,
Ցրուեա', ծածկատես, զըմբռնողին չար գտմունս,
Խորտակեա', անքնին, զմարտողին դիմեցմունս:
Տեառնագրեա' քո անուամբդ զլուսանցոյց երդ յարկիս,
Պարփակեա' քո ձեռամբդ զառաստաղ տաճարիս,
Գծագրեա' քո արեամբդ զմուտ սեմոց սենեկիս,
Կերպացո' զքո նշանդ ի հետս ելից մաղթողիս,
Ամրացո' քո աջովդ զհանգստեանս խշտի,
Մաքրեսցե'ս ի խաղբից զծածկարան անկողնոյս,
Պահեսցե'ս քո կամաւքդ զտառապեալ անձն ոգւոյս,
Անխարդա'խ արասցես զքո շնորհեալ շունչ մարմնոյս,
Կացուսցե'ս շրջափակ զպար զաւրուդ երկնայնոյ,
Կարգեսցե'ս ի դիտի ընդդէմ դիւացն դասու:

Դ 
Տո'ւր հանգիստ բերկրութեան
Մահահանգոյնս նիրհման
Ի խորութեան գիշերիս`
Բարեխաւսութեամբ հայցուածոց
Սրբոյ Աստուածածնիդ
Եւ ամենայն ընտրելոց:
Ամփոփեալ պարուրեա'
Զպատուհան տեսութեանց
Զգայարանացս իմաստից`
Անզարհուրելի զետեղմամբ
Ի ծփական խռովութեանց,
Կենցաղական զբաղմանց,
Անրջական երազոց,
Խաւլականաց ցնորից`
Յիշատակաւ քո յուսոյդ
Անվնասելի պաշտպանեալ:
Եւ սթափեալ վերստին
Ի ննջմանէ ծանրութեան,
Ամենազգաստ արթնութեամբ,
Հոգենորոգ զուարթութեամբ
Ի քեզ արձանացեալ,
Զայս ձայն մաղթանաց բուրմամբ հաւատոց
Քեզ, ամէնաւրհնեալ թագաւոր փառաց անճառից,
Փառաբանողաց երկնագումար խմբից երգակցեալ`
Յերկինս առաքել:
Զի դու փառաւորեալ ես յամենայն արարածոց
Յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:
Ա 
Եվ արդ, քանզի զղջման նախընթաց 
գլուխներում 
Հուսահատության խոսքերով լքվեցի 
սաստիկ, 
Եվ տարակուսանքի հեծանով մահու չափ ձաղկեցի ինքս ինձ, 
Ուստի և այստեղ վերադառնալով հույսին վերստին` 
Համարձակվեմ պիտի գո՜ւթ շարժել ես, 
Սուրբ Երրորդությանը մեղավորիս 
օգնության կանչելով: 
Գիտեմ, որ եթե օրհնաբանեմ ես և 
դավանեմ 
Արարածներին բոլոր կյանք տվող 
Աստծուն, 
Եվ ընտանի ձայնով կանչեմ անունն 
ահավոր շնորհապարգև Բարերարի, 
Նա կենդանություն պիտի տա, անշուշտ ինձ` մեղավորիս, 
Ըստ մարգարեի կանխասացության, 
Թե` «Ով որ կանչի Տիրոջ անունը, նա 
պիտի ապրիե:

Բ 
Իսկ ես ոչ միայն կանչում եմ նրան, 
Այլ հավատում եմ նրա մեծությանն 
ամենից առաջ. 
Ոչ թե գալիս եմ խնդրելու նրա 
պարգևները ես, 
Այլ նույնիսկ իրեն, որ կենդանությունն է 
ճշմարտապես, 
Շնչառությունն իսկ, առանց որի չի՛ք 
շարժում և ընթացք: 
Ո՛չ այնքան հույսի հանգույցով, որքան 
սիրո կապով եմ ես կապվում նրան. 
Ու ոչ թե տուրքի, այլ այն տվողի 
կարոտով եմ ես վառվում շարունակ: 
Ոչ թե փառքն է ինձ համար անձկալի, 
Այլ փառավորյալն է համբուրելի, 
Ոչ թե ապրելու կյանքի փափագով, 
Այլ կենարարի հիշատակով եմ տոչորվում ես միշտ: 
Ոչ թե վայելքի տարփանքով եմ ես հեծում 
ողբաձայն, Այլ այն կազմողի տենչանքովն եմ խոր 
հառաչում սրտանց: 
Չեմ փնտրում հանգիստ, այլ աղաչում եմ երեսը տեսնել Հանգստարարի: 
Ոչ թե հարսանքատան խնջույքի, այլ 
փեսայի անձկությամբ եմ մաշվում, 
Որի զորության շնորհիվ` վստահ 
ակնկալությամբ, 
Հավատում եմ ես աներկմիտ հույսով, 
Որ վերոգրյալ մեղքերի բեռներն 
ունենալով հանդերձ` 
Ապաստանելով ամենակարողի ձեռքին, 
Ոչ միայն պիտի հասնեմ քավության, այլև պիտի տեսնեմ իրեն, 
Ընդունելու գութն ու ողորմությունը և 
ժառանգելու երկինքը նրա, 
Թեև հո՜ւյժ մերժելի եմ: 

Գ 
Եվ արդ, ամոթահար սաստիկ ու 
կորագլուխ, 
Գրչովս, որ խոսքի միջնորդ է դառնում 
Ամուր կողպեքով փակված, պապանձված իմ շրթունքներին, 
Չկարողանալով շարժել լեզուս 
անհամարձակ, 
Պաղատանքների նոր երգեր ահա՛ պիտի ոգեմ ես` 
Ի վեր ուղերձված իմ աղիողորմ 
հառաչանքների աղաղակներով: 
Ընդունի՛ր սիրով, Տեր Աստված հզոր, 
աղաչանքներն իմ դառնացած սրտի. 
Քաղցր գթությամբ մոտեցիր դու ինձ` 
ամոթահարիս. 
Փարատի՜ր, ամենապարգև՛, ամոթալի 
տխրություններս, 
Վերցրո՛ւ ինձնից, ողորմա՛ծ, անտանելի 
ծանրություններս, 
Հեռացրո՛ւ, հնարագետ, 
սովորություններս մահացու. 
Խափանի՛ր, մի՛շտ հաղթող, 
հրապույրները խաբողի. 
Վանի՛ր, վերնային, մառախուղը 
մոլորեցնողի. 
Կասեցրո՛ւ, կեցուցիչ, ընթացքը կորուսչի. Ցրի՛ր, ծածկատե՛ս, չար հնարքները կապկապողի. 
Խորտակիր, անքնի՛ն, հարձակումները 
մարտնչողի. 
Տյառնագրի՛ր անունովդ լուսացույց երդն իմ հարկի. 
Պարփակիր քո ձեռքով առաստաղը 
տաճարիս. 
Գծագրիր քո արյունով սեմը սենյակիս 
մուտքի. 
Դրոշմիր քո նշանը աղոթյալիս 
ճանապարհին, 
Ամրացրու քո աջով խշտյակն իմ 
հանգստի. 
Զերծ պահիր թակարդներից ծածկարանն իմ անկողնի. 
Պահպանիր քո կամքով տառապած 
հոգիս. 
Անխարդախ արա՛ քո շնորհած շունչը 
մարմնիս. 
Կանգնեցրո՛ւ շուրջն իմ` պարը երկնային քո զորքերի, 
Որպես դիմամարտ` դևերի գնդին:

Դ 
Տո՛ւր հանգիստ բերկրալի մահահանգույն նիրհիս խորին գիշերում` 
Բարեխոսությամբ սուրբ Աստվածածնիդ և բոլոր ընտրյալների: 
Տեսությանս պատուհանները, որոնք 
մտքի զգայարաններ են, 
Ամփոփիր այնպես ու պարուրիր, 
Որ պաշտպանվեն միշտ անսասանելի 
Կենցաղական հոգսերից բոլոր, 
անրջական երազներից, 
Խռովահույզ ծփանքներից ու ցնորքներից խենթ ու խոլական 
Ու հիշատակով աներկբա հույսիդ մնան 
անվնաս: 
Որպեսզի երբ սթափվեմ իմ ծանր քնից, 
Ամենազգաստ արթնությամբ և հոգենորոգ 
զվարթությամբ քո դեմ արձանացած, 
Աղաչանքն այս իմ` հավատքի բուրմամբ, 
Ո՜վ ամենօրհնյալ թագավոր անճառ 
փառքերի, 
Երգակցելով երկնագումար փառաբանող խմբին` 
Քո բարձունքն ի վեր` առաքեմ առ քեզ: 
Զի փառավորյալ ես դու արարածներից 
բոլոր Հավիտյանս հավիտենից. ամեն:

Աղոթի՛ր ընկերներիդ հետ

ԱՅԼ ԱՂՈԹՔՆԵՐ

    Պատահական