ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ - ԲԱՆ Զ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ 
 Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Իսկ արդ, զինչ բարւոք գոյ առ այս,
Եւ կամ որ աւգուտ ինձ առ սոյն `
Զայս սահման ընթացից ձայնիս հեծութեան լքանել,
Եւ ոչ զամբարեալ շարաւ մահացու վիրիս
Խարանաւ բանիս արտաքս հերքել
Եւ կամ զծանրութիւն սրտիս մթերեալ ցաւոյս հոգեկան խիթոյս,
Իբր տաղտկացուցանողական հնարաւորութեամբ,
Մատնամուխ զզուանաւք փսխել: 

Բ 
Եւ քանզի ոչ գտայ արժանի պարծելոյ ի փառս ընդ սրբոցն դասս,
Որոց լի են բերանք նոցա ծաղու,
Եւ շրթունք իւրեանց `ցնծութեամբ,
Ըստ առակողին եւ սաղմոսողին, -
Ի կարգն երկրորդ դիմեցից `
Զնմանիսն իմ յիշատակել համայն աստանաւր,
Թէպէտ առ իմում թերութեան բարուց անբարեաց `
Եւ նոքա յաղթականք իցեն,
Իբր ապաշաւեալն, քան զանապաշխարն:
Տաւնելի եղեւ Մանասէ `առ իմոց պարտուցս առաւելութիւն,
Պատուեցաւ եւ փարիսեցին `առ դժնէիս ամբարշտութիւն,
Գովեցաւ անառակ որդին `առ անդարձիս ուխտազանցութիւն,
Յիշատակեցաւ կեղծաւորութիւն որդւոյն Ամասեայ `
Առ անշնորհութիւն ապախտաւորիս,
Աւրհնաբանեալ եղեւ աւազակն, որ դատախազն է անհաւատից,
Պատուեցաւ եւ կինն պոռնիկ `սկզբնամայրն ապաշաւողաց: 



Գ 
Ոչ պակաս, քան զփարաւոն `զստեղծուած սրտիս իմ խստացուցի,
Ոչ թերի, քան զեբրայականին խուժանին կատաղութիւն `
Ընդդէմ արարչիդ համբարձայ,
Ոչ նուազ, քան զաստուածամարտիցն `գտայ հանդէս
Եւ ոչ խորշեցայ ի յուրացութենէ ստեղծողիդ բնաւիցս:
Ըստ աւրինակի խռովութեան մրրկաց ծովու ծփեցայ,
Ոչ այնքան սարսեցի եւ պատկառեցի ի սաստկութենէ քումդ հրամանի,
Որքան ալիք ծովուն `յեզերացն:
Ընդ թիւս չափուց կշռութեան առ իմս գործոց `
Եւ աւազոյն կոյտ սահմանեցաւ:
Պակասեաց անբաւիցն շիղջք `առ համբարս իմոց անաւրէնութեանց: 

Դ 
Զի թէպէտ եւ յոյժ բազում են մանունքն,
Ի յափունս ջրոյն համահաւաքեալք,
Այլ ուրոյնք եւ առանձնականք ի ծննդոց աճելութենէ:
Իսկ մեղանք իմոց յանցանացս `անթիւք,
Զորս անհնար է առնուլ ի միտ.
Ոմն եւ ծնունդք իւր,
Ոմն եւ շառաւիղք իւր,
Ոմն եւ բիծք իւր,
Ոմն եւ արկածք իւր,
Ոմն եւ փուշք իւր,
Ոմն եւ արմատք իւր,
Ոմն եւ հաստուածք իւր,
Ոմն եւ պտուղք իւր,
Ոմն եւ նշխարք իւր,
Ոմն եւ ճիւղք իւր,
Ոմն եւ ոստք իւր,
Ոմն եւ արմկունք իւր,
Ոմն եւ ճիրանք իւր,
Ոմն եւ մատունք իւր,
Ոմն եւ խլրտմունք իւր,
Ոմն եւ զաւրութիւնք իւր,
Ոմն եւ ազդմունք իւր,
Ոմն եւ նշմարանք իւր,
Ոմն եւ տիպք իւր,
Ոմն եւ մնացուածք իւր,
Ոմն եւ ստուերք իւր,
Ոմն եւ մթութիւնք իւր,
Ոմն եւ յարձակմունք իւր,
Ոմն եւ հնարք իւր,
Ոմն եւ պատիրք իւր,
Ոմն եւ դիտմունք իւր,
Ոմն եւ դիմեցմունք իւր,
Ոմն եւ չափք իւր,
Ոմն եւ խորք իւր,
Ոմն եւ գարշութիւնք իւր,
Ոմն եւ կայծակունք իւր,
Ոմն եւ կիրք իւր,
Ոմն եւ մթերք իւր,
Ոմն եւ գանձք իւր,
Ոմն եւ ցնցուղք իւր,
Ոմն եւ աղբիւրք իւր,
Ոմն եւ գետք իւր,
Ոմն եւ շանթք իւր,
Ոմն եւ հրդեհմունք իւր,
Ոմն եւ պատկառանք իւր,
Ոմն եւ վիհք իւր,
Ոմն եւ անդունդք իւր,
Ոմն եւ բորբոքմունք իւր,
Ոմն եւ աղջութիւնք իւր,
Ոմն եւ ամպրոպք իւր,
Ոմն եւ կայլակք իւր,
Ոմն եւ հոսմունք իւր,
Ոմն եւ հեղեղք իւր,
Ոմն եւ սառնամանիք իւր,
Ոմն եւ դրունք իւր,
Ոմն եւ շաւիղք իւր,
Ոմն եւ ճանապարհք իւր,
Հնոցն եւ տապ իւր,
Հրատն եւ գոլորշիք իւր,
Հալոցն ճարպին եւ ճենճերմունք իւր,
Աւշինդրն եւ դառնութիւն իւր,
Կործանիչն եւ հնազանդեալք իւր,
Բռնաւորն եւ յելուզակք իւր,
Գոռոզն եւ սպառազէնք իւր,
Աւազակապետն եւ գումարտակք իւր,
Գազանն եւ կորիւնք իւր,
Խածանողն եւ ծակոտուածք իւր,
Ապականագործն եւ նմանիք իւր: 

Ե 
Արդ, այսոքիկ պետք են գլխաւորութեանց `
Ապականողաց ոգւոց համայնից,
Դասեալք ընդ ինքեամբք նուաճութիւնք մասանց,
Իւրաքանչիւր ոք ի սոցանէ `բիւրք բիւրուց եւ հազարք հազարաց,
Իսկ զհամայնիցս թիւ նա միայն զաւրէ իմանալ,
Որ զառ ի մէնջ չէութիւնն գրեալ `
Իբր զէութիւն գործոց տեսանէ:
Եւ արդ, եթէ ոք զանձն ոչ խաբեսցէ,
Եւ առ երեսս ոչ կերպարանեսցի,
Եւ կեղծաւորաբար ոչ անհաւատեսցէ,
Եւ մարդ զինքն ծանիցէ,
Եւ հասարակաց բնութեամբ վարեսցի,
Եւ երկրածին զանձն դիտեսցէ,
Եւ ի չափ իւրում կանոնին կացցէ,
Իմասցի, ծանիցէ զնախաթիւ մասունս արկածիցդ վերագրելոց,
Թէ ոչ ընդունայն ինչ գրեցի
Եւ կամ զբնաւ իսկութիւնն սահմանեցի,
Որ ի մերս բնութեան պտուտկի ազգի ազգի վրիպականութիւն,
Այլ ի բիւրուցն արգասեաց չարեաց չափ մի երեւեցուցի,
Զի նոքաւք եւ զայլսն իմաստասիրեսջիք,
Թէպէտ եւ ոչ բովանդ ակապէս:
Ա
Բայց ինչ բարիք ինձ եւ կամ ինչ օգուտ, 
Եթե ​​շարելով տողերն այս ողբիս ես 
հուսալքվեմ 
Ու դուրս չթափեմ խոսքի խարանով 
Մահացու վերքիս շարավն ամբարված, 
Եվ կամ սրտիս մեջ կուտակված ցավի, 
Հոգեկան խիթի ծանրությունն ամբողջ  Զզվանք պատճառող մատնամխությամբի  դուրս չփսխեմ: 

Բ 
Եվ քանզի արժանի չեղա պարծենալու 
փառքով սրբերի հետ, 
Որոնց բերանները լի են ծիծաղով, եւ 
շրթունքները `ցնծությամբ, 
Ըստ առակողի եւ սաղմոսողի, - 
Ուստի եւ երկրորդ կարգին դիմեցի, 
Որպեսզի այստեղ հիշատակեմ ես իմ նմաններին, 
Թեեւ իմ բարքի թերությունների հետ 
համեմատած ` 
Նույնիսկ նրանք էլ բարձր են ինձանից, 
Ինչպես ապաշխարողը` չապաշխարողից: 
Այսպես, տոնելի եղավ Մանասեն, 
Պատիվ ստացավ եւ փարիսեցին, 
Զի ես նրանցից ավելի դաժան 
ամբարիշտ եղա: 
Գովվեց անառակ որդին, քանի որ չեղավ 
նա ինձ պես անդարձ ուխտազանց: 
Հիշվեց կեղծավոր որդին Ամասիայի, 
Որ չեղավ ինձ չափ ապերախտ սաստիկ եւ  շնորհուրաց: 
Օրհնություն առավ ավազակն անգամ, որ  դատախազն է անհավատների. 
Պոռնիկ կինն անգամ պատիվ ստացավ, 
իբրեւ նախամայր զղջացողների:

Գ 
Փարավոնից ոչ պակաս կարծրացրի ես 
իմ սիրտը. 
Ոչ նվազ եբրայական խուժանի 
կատաղությունից ` 
Արարչիդ դեմ ընդվզեցի, 
Աստվածամարտներից ետ չմնացի Ու չխորշեցի բոլորիս ստեղծողիդ 
ուրանալուց: 
Ծփացի մրրիկներից հուզված ծովի նման. 
Չսարսեցի սաստիկ քո հրամանից ու 
չպատկառեցի այնքան, 
Որքան մեծածուփ ծովի ալիքներն իրենց 
ափերից: 
Իմ գործերի չափն ու քանակը որոշելու 
համար ավազակույտը վերջացավ, 
Պակասեցին նրանց անբավ շեղջերը ` 
չափելու կուտակումներն իմ անօրեն 
արարքների: 

Դ 
Թեպետեւ թվով շատ են ծովափին 
համահավաքված ավազները, 
Բայց չունեն նրանք ծնունդ եւ աճում, 
Իսկ իմ մեղքերը ու հանցանքները 
այնքան շատ են, որ հիշել չի լինի, - 
Մեկն իր ծնունդով եւ մեկ ուրիշն իր 
շառավիղներով. 
Մեկն իր բծերով, մյուսն `արկածներով. 
Մեկն իր փշերով, մյուսն `արմատներով. 
Մեկն իր կազմությամբ, եւ մեկ ուրիշը իր պտուղներով. 
Մեկն իր մասերով, մյուսը `ճյուղերով. 
Մեկն իր ոստերով, մյուսն իր ցողունով. 
Մեկն իր ճանկերով, մյուսը `մատներով. 
Մեկն իր խլրտմամբ, եւ մյուսն իր ուժով. 
Մեկն իր ազդեցությամբ, մյուսն 
օրինակներով. 
Մեկն իր հետքերով, մյուսը ` 
մնացորդներով. 
Մեկն իր ստվերներով եւ մեկ ուրիշն իր 
մթություններով. 
Մեկն իր հարձակմամբ, մյուսն ` 
հնարքներով. 
Մեկն իր պատրությամբ, մյուսն իր 
դիտավորություններով. 
Մեկն իր գրոհով, մյուսը `չափերով. 
Մեկն իր խորությամբ, մյուսը ` 
գարշանքներով. 
Մեկն իր կայծերով, մյուսն իր կրքերով. 
Մեկն իր մթերմամբ, մյուսն իր գանձերով. 
Մեկն իր ցնցուղով, մյուսն՝ աղբյուրներով. 
Մեկն իր գետերով, մյուսն իր շանթերով. 
Մեկն իր հրդեհներով, մյուսն իր ամոթով. 
Մեկն իր վիհերով, մյուսն`անդունդներով. Մեկն իր բորբոքումներով, մյուսն ` 
աղջամուղջներով. 
Մեկն իր ամպրոպներով, մյուսն իր 
կայլակներով. 
Մեկն իր հորձանքով, մյուսն `հեղեղներով  ու սառույցներով. 
Մեկն իր դռներով, մյուսը `շավիղներով. 
Հնոցն իր տապով, կրակն իր  գոլորշիներով. 
Ճարպի հալոցն իր ճենճերումներով. 
Օշինդրը իր դառնություններով. 
Կործանարարն իր հպատակներով. 
Բռնավորն իր հելուզակներով. 
Գոռոզն իր սպառազեններով. 
Ավազակապետն իր գումարտակներով. 
Գազանն իր կորյուններով. 
Խածանողն իր ծակոտվածքներով, 
Եվ ապականություն գործողն իր 
նմաններով: 

Ե 
Սրանք են ահա հոգիներն համայն մեր 
ապականող 
Գլխավոր մեղքերն իրենց ենթակա եւ ստորադաս բոլոր մասերով, 
Որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է 
բյուր - հազարներից: 
Իսկ ամբողջական թիվը կարող է իմանալ  լոկ նա, 
Որը մեր կողմից չեղյալ համարվածները 
Տեսնում է, որպես արդեն գոյություն 
ունեցող գործեր: 
Արդ, եթե մեկը չխաբի իրեն կամ չձեւանա 
Ու չանհավատի կեղծավորաբար, եւ պարզ 
ու հասարակ վարվի,  Ճանաչի իրեն որպես մարդ մահկանացու, 
Համարի երկրածին իրեն եւ իր չափի ու 
սահմանի մեջ մնա, - 
Այդպիսին պետք է հասկանա, որ ես զուր  չգրեցի 
Մեղքերի բոլոր դեպքերը այստեղ, 
Որոնց գլխավոր մասերը 
մեկ-մեկ թվեցի վերեւ, 
Կամ ամբողջությամբ չսահմանեցի 
իսկությունը ես 
Այն տեսակ - տեսակ սխալանքների, 
Որոնք պտտվում, գալար են գալիս մեր 
բնության մեջ: Այլ բյուրավոր չար արգասիքներից միայն 
մի փոքրիկ չափով ցույց տվի, 
Մնացածները թողնելով, որ դուք սրանց 
միջոցով ուսումնասիրեք, 
Թեեւ ոչ լրիվ եւ ամբողջապես: 

Աղոթի՛ր ընկերներիդ հետ