ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ - ԲԱՆ ԺԱ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա 
Եւ արդ, ես` յետինս դաւանողաց, ունայն ի բարեաց,
Նայեցեալ խորհրդով մտացս ի սկզբնաւորն իմ եղելութիւն
Ի ձեռն ձեռին ստացողին իմոյ յանէից,
Յուսով հաւատամ Յիսուսի Քրիստոսի առնել` զոր կամի:
Քանզի հաւատացի, վասն որոյ եւ խաւսեցայ`
Խրատեալ Պաւղոսիւ, ուսեալ ի Դաւթայ,
Թէ եւ արդ կենդանի մաղթանք նոցա այց ինձ արասցէ,
Որպէս հաւատովք ճանաչել զնա,
Եւ զզաւրութիւն յարութեան նորա, ըստ առաքելոյ,
Եւ զհաղորդութւն չարչարանաց նորա,
Եւ որ զկնի բերին ասացեալքն:
Կցորդ է սմին եւ յոյժ նմանատիպ
Հաւատալն իսկապէս եւ ի նորոգս այս փոխադրութիւն,
Որ ի մեղացն` ի քաւութիւն,
Եւ ի չարագործութենէ` յարդարութիւն,
Եւ յանմաքրութենէ` ի սրբութիւն,
Եւ յանքաւելեացս պարտեաց մահացու յանցանաց` յանդատապարտն երանութիւն,
Եւ ի ծառայական կապանացս` յերկնաւորն ազատութիւն:


Բ 
Քանզի զիա՞րդ ոչ արդեւք չքնաղ քան զբան
Եւ ի մթութենէ երկեւանութեան խաւարի զտեալ,
Եւ աստուծով աւժանդակեալ եւ աւգնեալ սիրտ մեղաւորի,
Որ ընդ մարմնապէս ծիծաղելն` առ նմին հեծէ հոգեպէս,
Որ թէպէտ եւ համբարձմանէ բարձրութեան գերագունիցն կայից
Ստորասուզեալ ծանրութեամբ յանդնդային վհին խորխորատ գբոյն կործանման`
Նորագիւտ մեղաւքն անջրելեաւք,
Ունի եւ նշխար նշողից փրկութեան կենաց հպաւոր,
Իբր կայծակն լուսոյ` պահեցեալ ի միտս եւ յոգի,
Որպէս զհուր նշանաւոր եւ զարմանաւոր թանձրամած,
Հրաշիւք մակարդեալ վեհին հրամանի`
Ի յատակս ներքինս նիրհեալ ջրհորոցն:
Ուստի եւ մեղուցելոյն իսպառ թախծելոյ,
Եւ ակնկալութիւն բարւոյն բարձելոյ,
Եւ համարձակութիւն շնորհին լքելոյ
Յուսալ վերստին անդրէն միւսանգամ
Նախապարգեւիցն փառազարդութեանց դարձեալ հասանել:
Քանզի եւ յաստուածուստ անդուստ հանդերձի եւ այս ներգործիլ առ սոյնս,
Վասն զի սա զտուողին զաւրութիւն ամենահնար աւետարանէ,
Յոր խունկ հաճութեան մեծապէս հոտոտի Աստուած,
Քան յամենայն բուրումն անուշից
Եւ քան ի խառնեալն երբեմն աղացմամբ ի սպաս խորանին,
Որ է կերպարան անձանց խոնարհից` զիջեալ բեկութեամբ
Առ ի միութիւն նոյն նմանութեան:
Ըստ որում հարցեալ փրկչին ամենից ցոմանս ախտացեալս տեսանելեաւք`
Հաւատա՞յք, ասելով, առ այդ, թէ կարող եմ առնել ձեզ զայդ,-
Ոչ պարգեւեաց աչաց նոցա լոյս,
Եթէ ոչ նախ զհաւատոցն գրաւ ընկալաւ.
Քանզի զի՞նչ, քան զմեռելութիւն քառաւրեայն դիոյ,
Առ կենդանութիւն մեզ անյուսագոյն,
Առ որ կանանցն` ժամանելոց ի յոտս արարչին հաւատոցն հանդերձանաւք,
Անյապաղաբար զփառացն Աստուծոյ տեսին զհանդէս` ի յեղբաւրն կենդանութիւն:

Գ 
Իսկ աստստին անկապուտ շնորհին մնացելոյ
Զկնի մեղանացն հզաւրագոյն են վկայք.
Նախ` Ենովք, զկնի` Ահարոն,
Յետ նոցա` Դաւիթ, դարձեալ` եւ Պետրոս,
Ընդ որս` եւ փոքրն Եղիազար,
Որ ի մեծէն Աստուծոյ ողորմեալ մեծապէս`
Ի մեծագունիցն վկայեցաւ:
Աւելորդ է առ այս եւ բանն առակի անառակ որդւոյն,
Թողում զպոռնիկն, որ ի տեառնէ գովեցաւ,
Եւ զմաքսաւորն, որ ի բարեգործէն յիշատակեցաւ,
Եւ զաւազակն երջանիկ,
Որ յարձակումն վերջին շնչոյն` հաւատովքն պսակեցաւ.
Եւ զոր անքաւելին են պարտիք`
Զհաղորդեալքն սպանման մահու Արարչին,
Առ որս` եւ գլխաւորն ընտրելոց Պաւղոս,
Որ երբեմն նախնին էր անաւրինաց,-
Յորոց ոմանք ծանաւթութեամբ աւրինին գլորեալք`
Անդրէն կանգնեցան բիւրապատկեան գերազանցութեամբ,
Քան զնախակրաւնիցն առաւելութիւն:
Իսկ որ նախ քան զաւրինակին տուչութիւն
Զաւանդն պահեալ հայրենի,
Մերձաւորագոյն գոլ պատուիրանի սկզբնահաւրն դաւանութեան,
Որ եւ զնախնոյն պարտիս ինքեան վարկուցեալ`
Զնորայսն իւրովքն տուժեաց կրից տաժանմամբ,
Ոչ քաւեցաւ միայն ծածկեալ ի յերկրի,
Այլ չարչարելեաւն մարմնով,
Բանականաց բնութեան կենաց կարապետ,
Յաղթող զաւրապէս բռնութեան մահու` փոխեցաւ:

Դ 
Իսկ ոմանք, ի բուսոյ տհաս հասակին չարութեամբն յերկարաձգեալ,
Ի կատարեալ տիս ժամանակին ոչ ի բարձրութեանն կայից հոսեցան,
Քան թէ ի ստորնականաց թշուառութեանց դժնէից կենացս
Ի կամարն երկնից համբարձան:
Եւ թէ այն ժամանեաց կանխաւ, զաւրացեալ ի չարեացն դարձ,
Որ մինչեւ յոսկեղէն նիւթ յեղանակեալ հողոյս գոյութեան,
Եւ պատկերն արքունի, ի պատիւ կերպիս մերոյ, նկարեալ`
Արքունականն քանդակուածով, անկորուստ եւ անփոխադիր,
Եւ յաղթող դաւաճանութեան զմերս ենթադրեալ բնութիւն,
Ապա առաւել յուսալի է այժմ մերկապարանոց լուսաւորութիւն,
Անքաւղ եւ անվերարկու, տերամբ Քրիստոսիւ ուխտեալ,
Որով եւ միշտ հաստատեալ պահի ի մեզ բանն տէրունի,
Ըստ մարգարէին ձայնի`
Ուխտ խաղաղութեան եւ կնիք հաստատութեան,
Առ հաշտարարն միջնորդ`
Երկնային անմահ, կենդանի եւ մշտնջենաւոր բարեխաւս:
Ապա ուրեմն ըստ այսու կանոնի ճշմարտագունի,
Եւ անփոխադրելի սահմանի,
Եւ արարչաւանդ պայմանի
Համբուրեմ հաւատոց շրթամբք զպատկեր բանիս
Եւ ակն ունիմ փառացն շնորհի,
Քանզի արդարեւ յարդարացուցանելն զմեզ Աստուծոյ`
Ոչ ոք զաւրէ դատապարտ առնել,
Ըստ առաքելական բանի սահմանի:

Ե 
Այլ յայս անստուերագիր վստահութիւն ապաստան`
Կամ կործանեալս կանգուն,
Թշուառացեալս` յաղթող,
Վրիպեալս` ի դարձն կենդանական,
Ամենաթշուառ չարագործս` ի յոյսն,
Մահու մատնեցեալս` ի կեանսն,
Ընդ ապականութեամբ վաճառեալս` ի ձիրն,
Դժոխայն գործովք գրաւեալս` ի լոյսն,
Ստորնասէր անասնակենցաղս` յերկինս,
Կրկին գայթակղեալս` ի վերստին փրկութիւնն,
Մեղաւք կապեցեալս` ի հանգստեանն խոստումն,
Անբժշկական վիրաւք վարանեալս` ի դեղն անմահացուցիչ,
Ստամբակեալս վայրագութեամբ` ի սանձսն հանդարտութեան,
Սրացեալս վարատական` ի կոչումնն,
Ապառում դժնդակս` ի հեզութիւնն,
Ընդդիմաբան լուտացողս` ի ներումնն:
Ի Քրիստոս Յիսուս
Եւ ի Հայր նորին հզաւր եւ ահաւոր,
Յանուն եւ ի կամս բարերարութեան Հոգւոյն ճշմարտի,
Աւրհնաբանեալ իսկութեանն եւ մի աստուածութեանն`
Զաւրութիւն եւ արքայութիւն,
Մեծութիւն եւ փա՜ռք յաւիտեանս:
Ամէն:
Ա 
Եվ արդ, ես հետինս դավանողների, 
բարիքներից ունայն` 
Մտքիս աչքերով դիտելով սկիզբն իմ 
եղելության, 
Որը տեղի ունեցավ Արարչի ձեռքով, 
անէությունից,- հավատում եմ լիահույս, 
Թե Հիսուս Քրիստոս կարող է անել, ինչ որ կամենա: 
Քանզի հավատացի, ուստի և խոսեցի, 
Պողոսից խրատված և սովորած` 
Դավթից
Ուրեմն այժմ թող նրանց կենդանի 
աղոթքն ինձ օգնի` 
Հավատքով ճանաչել նրան ճշմարտապես 
Եվ նրա հարության զորությանն, ըստ  
 առաքյալի, 
Հաղորդակից լինել նրա 
չարչարանքներին, 
Եվ այն բոլորը, որոնք հիշվում են հաջորդ տողերով: 
Կցորդ է սրան և հույժ նմանատիպ` 
Հավատալն իսկապես և այն նոր 
փոփոխության, 
Որով մեղավորը դուրս է գալիս քավված, 
Չարագործն` արդարացած և անմաքուրը` սրբված, 
Եվ անքավելի մահացու մեղքով 
հանցավորըս ես` անդատապարտելի 
երանության 
Եվ ստրկական կապանքներից զերծ` 
Երկնավոր ազատության տիրացած: 

Բ
Եվ ի՞նչ կա արդյոք ավելի չքնաղ, քան 
սիրտն այն մեղավորի, 
Որն իր միտքը գտած տարակուսանքի 
թանձր խավարից, 
Եվ Աստուծո օգնությունն ստացած, 
Երբ մի կողմից մարմնապես ծիծաղում է, մյուս կողմից հեծում հոգեպես: 
Այդպիսին թեպետ գերագույն բարձրությունից, 
Նորագյուտ և անհերքելի մեղքերով 
ծանրաբեռնված 
Սուզված է խորը` կործանման գուբի 
անդունդն անհատակ, 
Սակայն փրկավետ կյանքին մոտեցնող 
նշխարը ունի, 
Որպես լուսեղեն մի կայծ իր մտքում և 
հոգում պահած. 
Ինչպես թանձրամած հուրն այն 
նշանավոր և զարմանալի` 
Հրամանով Վեհի մակարդած հրաշքով` 
Խորունկ հատակում նիրհող ջրհորի
Ուստի և ահա՛ թախծալից իսպառ 
մեղավորը հեգ, 
Որ կորցրել է բարին գտնելու 
ակնկալությունն 
Ու զրկվել շնորհի համարձակությունից,– 
Կարող է հուսալ, թե կրկին անգամ 
հասնելու է նա 
Նախապես իրեն պարգևված փառքի 
 զարդարանքներին: 
Զի Աստուծո կողմից է պատրաստվում 
նաև այս, որ գործադրվի սույնի 
վերաբերմամբ, 
Քանի որ սա ամենահնար տվողի 
զորությունն է ավետարանում, 
Որով հաճելի խունկ է հոտոտում 
Աստված, 
Քան ամենաանուշ բույրերը բոլոր, 
Քան խունկն այն, որ մանր աղալով, 
երբեմն խորանի համար էին 
պատրաստում
Ի՛սկը համակերպ այն հոգիներին, 
Որոնք զղջումով խոնարհվել են վար, 
Նույն նմանությամբ իրար միանալու: 
Ըստ որում և փրկիչը բոլորի` կույրերից 
ոմանց հարցնելով, 
Թե` «Հավատո՞ւմ եք, որ ես կարող եմ ձեր աչքը բանալե, 
Լույս չպարգևեց նրանց աչքերին, 
Մինչև նրանցից հաստատ հավատքի 
 գրավական չառավ: 
Ի՞նչն է մեզ համար ավելի անհույս, քան 
թե հավատալ, 
Թե չորս օրվա մեռելը կարող է կրկին 
կենդանանալ: 
Եվ սակայն կանայք, հավատքով լցված, 
Որոնք ընկան ոտքերն Արարչի, 
Տեսան անհապաղ Աստուծո փառքի 
ապացույցը պարզ, 
Երբ նրանց եղբայրը կենդանացավ

Գ 
Իսկ այն մասին, թե մեղանչումից վերջն էլ 
մնում է շնորհն անկապտելի` 
Կան հզորագույն վկաներ. 
Նախ Ենովքն ու Ահարոնն, ապա 
Նրանցից հետո Դավիթը և Պետրոսը 
դարձյալ, 
Որոնց հետ նաև Եղիազարը կրտսեր, 
Որ ողորմություն գտնելով մեծն Աստուծո կողմից` 
Վկա հանդիսացավ մեծագույններին: 
Ավելորդ է առ այն հիշել, և՛ առակը 
անառակ որդու: 
Թողնում եմ պոռնիկին, որ Տիրոջից 
գովվեց, 
Եվ մաքսավորին, որ բարեգործից 
հիշատակվեց, 
Նաև երջանիկ այն ավազակին
Որը վերջին շնչում պսակվեց շնորհիվ իր հավատքի. 
Եվ նույնիսկ նրանք, ովքեր մասնակից 
եղան Արարչի սպանմանը, 
Որ հանցանքների ամենեն անքավելին է: 
Դրանից էր ինքը` Պողոսն ընտրյալ, 
Որ առաջինն էր անօրենների մեջ մի 
ժամանակ: 
Սրանցից ոմանք, որոնք օրենքի 
ճանաչողությամբ հանդերձ 
գլորվեցին,
 Քան օրենքից առաջ ապրողների 
առավելությունը, 
Կանգնեցին կրկին նախկին կյանքն իրենց հազարապատիկ 
գերազանցությամբ: 
Իսկ նա, որ նախքան օրինակի տրվելը` 
ավանդությունն էր պահել հայրենի 
Եվ ավելի մոտ է եղել հավատքի 
սկզբնահոր պատվիրանին, 
Եվ նախամարդու մեղապարտությունն 
իրենը համարելով` 
Տուժել էր այն իր տաժանագին 
տառապանքներով,– 
Քավություն գտավ ոչ թե հողի տակ 
թաղվելով, 
Այլ հզորապես հաղթահարած բռնությունը մահվան` 
Իր չարչարելի մարմնով դեպի երկինք 
փոխադրվելով, 
Հանդիսանալով բանականների կյանքի 
կարապետ

Դ
Իսկ ոմանք դեռ խակ` տհաս հասակից 
չարությամբ տարված, 
Երբ տարիքն իրենց առան կատարյալ, 
Ոչ թե թափվեցին բարձրությունից վար, 
Այլ աշխարհային կյանքի դժնդակ 
թշվառությունից` 
Բարձրացան դեպի կամարն երկնքի: 
Եվ եթե կանխապես կարելի եղավ 
չարերին դարձի բերել վերստին 
Եվ մեր հողանյութ գոյացությունը փոխել ոսկեղենի, 
Պատկերն արքունի` կերպարանքին մեր ի պատիվ` 
Նկարված խորքը մեր հոգու 
քանդակումով արքայական, 
Մեր բնությունն անկորուստ և անփոփոխ 
Եվ դավադրության դեմ անպարտելի,– 
Ապա, առավել հուսալի է այժմ անողոք և անծածկույթ 
Շնորհաց հայտնությունը, ուխտված մեր 
Տեր Քրիստոսով, 
Ինքը լինելով հաշտարար միջնորդ 
  Եվ երկնային անմահ, կենդանի ու 
մշտնջենավոր բարեխոս, 
Որով հաստատուն կմնա մեր մեջ Տիրոջ 
խոսքը միշտ, ըստ մարգարեի.– 
«Ուխտ խաղաղության և կնիք 
հաստատության»
Ուրեմն և ես այս ճշմարտագույն Կանոնի, անփոփոխ վճռի 
Եվ արարչավանդ պայմանի համաձայն, 
ահա՛, 
Հավատավորի իմ շրթունքներով 
համբուրում եմ ճշմարտությունն այս 
խոսքի Եվ հույս ունեմ` փառքի շնորհին 
արժանանալու. 
Քանզի, արդարև, երբ Աստված ինքն է մեզ արդարացնում, 
Ոչ ոք չի կարող մեզ դատապարտել, ըստ 
հաստատ խոսքի առաքելական: 

Ե 
Այս պայծառ գծագրված վստահությանն 
ապավինած, ահա՛, 
Կանգուն եմ կործանյալս դարձյալ, և 
թշվառացյալս` հաղթող, 
Մոլորյալս կգամ կենարար դարձի, 
Ամենաթշվառ չարագործս` դեպի հույս, 
Մահվան մատնվածս` դեպի կյանք, 
Ապականությամբ վաճառվածս` դեպի 
շնորհ, 
Դժոխային գործերով տարվածս` դեպի 
լույս, 
Երկրասեր անասնակենցաղս` դեպի 
երկինք, 
Կրկնակի մոլորյալս` դեպի փրկություն, 
Մեղքերով կապկապյալս` դեպի 
հանգստյան խոստում, 
Անբժշկելի վերքերով վարանածս` դեպի 
դեղն անմահական, 
Ստամբակյալս վայրագաբար` դեպի սանձ զսպողական, 
Հեռացյալս վարատական` դեպի կոչում, 
Դժնդակ կամակորս` դեպի հեզություն, 
Ընդդիմախոս հայհոյողս` դեպի ներումն, Եվ այս բոլորը շնորհիվ Հիսուս Քրիստոսի 
Եվ նրա Հոր հզոր և ահավոր
Եվ ճշմարտության Հոգու անունով ու 
բարի կամքով, 
Որոնց օրհնաբանված իսկությանը և մի 
աստվածությանը 
Ե՛վ զորություն, և՛ արքայություն, և՛ 
մեծություն, և՛ փառք 
Հավիտյանս. ամեն: 

Աղոթի՛ր ընկերներիդ հետ