ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ - ԲԱՆ Թ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա 
Եւ արդ, զի՞նչ արժանաւոր ըստ քեզ բամբասանս շարագրեցից
Ի կտակ մաղթանաց մատենի այսր ողբերգութեան,
Ո'վ անձն իմ թշուառ, ամենապատկառ
Եւ առ պատասխանիս բանից անբարբառ,
Անպիտան Աստուծոյ եւ սրբոցն մասնակցութեան:
Զի եթէ զլիճ մի ծովուց ի յորակութիւն դեղոյ յեղյեղեցից,
Եւ զդաշտս ասպարիսաւք բազմաւք սահմանեալ`
Ի տարածումն լայնութեան քարտենի չափեցից,
Եւ զպուրակս յոգունց անտառաց շամբից եղեգանց
Ի հատուածս գոյութեան գրչաց կազմեցից,
Եւ ո'չ զթիւ մի ի բարդելոցն անաւրէնութեանց
Զաւրեցից ընդ գրով սահմանի գրաւել.
Նա զի թէ զմայրս Լիբանանու ի մի լուծ կշռոց զաւդեցից,
Եւ կամ զլեառն Արարատեան
Ի կէտ ամբարձման նժարի միոյ
Արդարութեան միջնորդ կացուցից,
Ո'չ հաւասարէ այնր հարթութեան համազուգակցել: 

Բ 
Ծառս ամբարձուղէշ, ստուարաստեղն,
Տերեւալից` ունայն ի պտղոց,
Նմանակից յաւէտ հարազատ այնր թզենւոյ,
Զոր Տէրն գաւսացոյց:
Քանզի սաղարթաւք վարսից,
Այս է` արտաքին դիմաւք բարեշուք կերպից,
Իբր պսակաւ իմիք պաճուճեալ,
Բացականացն գոս բաղձալի,
Իսկ եթէ մերձեսցի տնկողն խուզել զխնդրելին,
Գտցէ զքեզ ունայն ի բարեաց
Եւ գարշելի ի գեղեցկութեանց`
Ծաղր տեսողաց եւ նշաւակութիւնք նախատողաց:
Զի եթէ ապաժաման յանզգոյշ ժամուն
Հերապանծ տունկն պտղակորոյս, անկենդան,
Որ դոյզն պատկեր է անպատրաստից,
Եկն ընդ անիծիւք,-
Եւ կամ երկիր, ոռոգեալ ցաւղով,
Եւ ոչ բազմապատիկ զաւանդս արգասեաց
Երկրագործութեան տածողացն մատուցանէ`
Լքեալ մոռանի,-
Իսկ դու, ո'վ անձն իմ եղկելի,
Սահման բանաւոր եւ տունկ կենդանի,
Եւ ոչ ի ժամու իւրում պտղաւոր,
Ի՞բր ոչ զնոյնն կրեսցես պատիժ նախնում առակիդ:
Վասն զի զհամայնն ընկալար ի քեզ անպակաս յառաւելութեանց,
Սկզբնաւորեալ ի մարդն առաջին
Եւ մինչեւ ի սպառումն ծննդոց նորին,
Զբերս գործոց նանրութեանց եւ զգիւտս նորոգս`
Ատելիս եւ անախորժելիս հաստողին զքեզ` Աստուծոյ: 

Գ 
Եւ վասն զի եդի զքեզ նպատակ
Հանդէպ երեսաց տեսութեան մտացս,
Անձն իմ անպիտան,
Վիմաւք ձգելոց արձանաց բանից,
Իբր զանընտել գազան վայրենի,
Անողորմաբար զքեզ քարկոծել:
Որ թէպէտ եւ ոչ պատահիմ անուանիլ արդար,
Սակայն յառաջնումն պատասխանւոջ,
Իբր ընդ ոսոխի ումեմն,
Ընդ անձին յաւժարամիտ կամաւք ոգորիմ,
Ըստ իմաստութեանն բանի,-
Եւ զյոյզք մտաց խորհրդոցս գաղտնեաց,
Իբր զգլխաւորեալ յանգաւորութիւն չարութեան գործոց,
Խոստովանեալ` քեզ տարածեցից, Աստուած իմ եւ Տէր:
Զի որով չափով չափեցից զանձինս ստգտանք`
Ի քոցդ աննուազ գթութեանցդ այսրէն չափեցայց,
Ընկալեալ զշնորհդ յաճախագոյնս ընդ մեծագունիցս պարտեաց.
Եւ որքան վիրացն հարուածք անբժշկականք եւ անհնարաւորք ճարակեսցին,
Այնքանեաւք չափովք կրկին առ սմին
Եւ իմաստք արուեստից բարձրեալ բժշկիդ
Բարեհռչակեալ` լուսաւորեսցին,
Եւ ի պարտուցն առաւելութիւն`
Նոյնքան փոխատուիդ առատատրութիւն
Բարեբանեալ` միշտ պսակեսցի,
Ըստ խնկաւորդ քում առակի: 

Դ 
Զի քո է փրկութիւն,
Եւ ի քէն է քաւութիւն,
Եւ աջով քո` նորոգութիւն,
Եւ մատամբ քո` զաւրեղութիւն,
Եւ ի հրամանաց քոց` արդարութիւն,
Եւ յողորմութեանց քոց` ազատութիւն,
Եւ յերեսաց քոց` լուսաւորութիւն,
Եւ ի դիմաց քոց` զուարճութիւն,
Եւ հոգւովդ քո` բարութիւն,
Եւ աւծմամբ իւղոյ քո` սփոփութիւն,
Եւ ցաւղով շնորհի քոյ` զուարթութիւն:
Եւ դու տաս մխիթարութիւն,
Եւ մոռացուցանես զվհատութիւն,
Եւ բառնաս զխաւար վշտաց,
Եւ զհեծութիւն ողբոց ի ծաղր փոխես:
Եւ քեզ վայել է աւրհնութիւն գովութեամբ հանդերձ`
Յերկինս եւ յազգս հարցն եւ ի ծնունդս նոցա
Եւ յաւիտենից յաւիտեանս:
Ամէն:
Ա 
Եվ արդ ողբագին աղաչանքների այս 
կտակարան իմ մատյանի մեջ 
Ի՞նչ բամբասանքներ շարադրեմ արդյոք 
ես քեզ արժանի, ո՜վ անձն իմ թշվառ, 
Սևերեսըդ դու և պատասխանի համար 
անբարբառ, 
Անպիտանըդ` Աստուծո և սրբերի 
հաղորդակցության: 
Քանզի եթե ես ծովի ջրերը մելանի փոխեմ 
Եվ բազմասպարեզ ընդարձակությամբ 
դաշտերը թղթի նման տարածեմ, 
Կտրեմ եղեգնի անտառները և գրիչներ 
շինեմ` 
Մի մասն իսկ բազում անօրինական իմ 
արարքների 
Դարձյա՛լ չեմ կարող ես գրի առնել: 
Եվ Լիբանանի մայրիներն եթե իրար 
զոդելով շինելու լինեմ կշեռքի լծակ, 
Ու նժարներից մեկի մեջ դնեմ լեռն 
Արարատյան` 
Դարձյա՛լ չի կարող հավասարվել նա իմ 
մեղքերի հետ: 

Բ 
Ես ծառ բարձուղեշ` ստվար ոստերով, 
սաղարթախիտ, բայց անպտուղ, 
Ճիշտ ու ճիշտ նման այն թզենուն, որ 
Տերը չորացրեց: 
Թեև իսկապես վարսագեղ,  սաղարթազարդ, 
Արտաքին տեսքով բարեշուք ես դու, 
Պաճուճված, ինչպես պսակով մի պերճ,– Եվ հեռվից նայողներին երևում ես 
բաղձալի, 
Բայց երբ մոտենա Տնկողն իր ուզածը 
փնտրելու, 
Ամեն բարիքից դատարկ և ունայն պիտի գտնի քեզ, 
Եվ գարշելի` գեղեցկությանդ մեջ` 
Տեսնողներին ի ծաղր և նախատողաց` 
նշավակություն: Քանզի եթե անժամանակ, չսպասված ժամին` 
Տունկը հերապանծ, անպտուղ և 
անկենդան,– 
Որ մի պատկերն է անպատրաստ 
մեղավորների,– 
Ենթարկվեց անեծքի, 
Եվ կամ թե հողն այն, ոռոգված ցողով, 
Որ երկրագործի թափած 
աշխատանքների դիմաց 
Բազմապատիկ արդյունք չտալու 
պատճառով լքվում է և մոռացվում,– 
Հապա ուրեմն դու, ո՜վ անձն իմ եղկելի, 
Դու հո՛ղ բանավոր ու տունկ կենդանի, 
Որ չես տալիս պտուղ իր ժամանակին, 
Ինչպե՞ս կարող ես վերի առակում 
հիշված պատիժը չկրել, ինչպե՞ս: 
Քանզի դու բոլոր արդյունքն ու բերքը 
նանիր գործերի, 
Առաջին մարդուց սկսած մինչև սերունդը վերջին, 
Եվ գյուտերը նոր, որոնք քեզ ստեղծող 
Աստուծո համար 
Ատելի են խիստ, անախորժելի` Անպակաս չափով, առավելապես մեջդ ընդունեցիր: 

Գ 
Եվ քանզի ես քեզ արի նշավակ-
նպատակակետ իմ մտադրությանց, 
ա՛նձն իմ անպիտան, 
Բանաստեղծական խոսքերովս, ինչպես 
պարսաքարերով, 
Քեզ, իբրև վայրի անընտել գազան` պիտի 
քարկոծեմ անողորմաբար: 
Եթե մինչև իսկ չկարողանամ արդար 
անվանվել, 
Սակայն առաջին պատասխանիս մեջ, 
ինչպես մի ոսոխի հետ, 
Ոգորեմ պիտի ես հոժարակամ, ինչպես 
իմաստունն է բարբառել մեծ
Եվ իմ մտքերի, մտածումների հույզերը 
թաքուն 
Իբրև չար գործեր` կատարված արդեն, 
խոստովանելով, 
 Քո առջև պիտի տարածեմ բոլոր, Աստված իմ և Տեր, 
Քանզի ի՛նչ չափով որ պիտի չափեմ 
մեղադրանքն անձիս, 
Միևնույն չափով պիտի աննվազ քո 
գթությա՜նը ես արժանանամ, 
Ընդունելով քո շնորհներն առատ իմ 
ամենամեծ պարտքերի տեղակ: 
Որքան ճարակեն վերքերն անհնար և 
անբուժելի, 
Այնքան ավելի և կրկնապատիկ բարձրյալ բժշկիդ 
Հրաշագործության իմաստությունը 
բարեմասնորեն պիտի հռչակվի: 
Հանցանքներն որքան որ ավելանան, 
Նո՛ւյնքան փոխատվիդ առատությունն 
բարեբանելով` 
Պիտի պսակվի, ըստ քո խնկելի առակի, 
ընդմիշտ

Դ
Քանզի փրկում ես դո՛ւ և դո՛ւ քավում, 
Նորոգում ես աջով քո և չորացնում 
 մատով. 
Արդարացնում ես հրամանովդ և 
ողորմությամբդ ազատում. 
Երեսովդ լուսավորում ես և քո դեմքով 
զվարճացնում. 
Բարերարում ես Հոգով քո և յուղիդ 
օծումով սփոփում 
Ու շնորհիդ ցողով զվարթացնում ես դու: 
Դո՛ւ ես տալիս մխիթարություն և 
վհատության մոռացում. 
Վերացնում խավարը վշտերի և հեծության ողբերը` ծիծաղի փոխում: 
Եվ քեզ է վայելում օրհնություն` 
գովությամբ հանդերձ, երկնքում, 
Նախահայրերից բոլոր և նրանց 
սերունդներից, 
Հավիտյանս հավիտենից. ամեն: 

Աղոթի՛ր ընկերներիդ հետ