ՎԱՏ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԱՂՈԹՔ

ԳՐԱԲԱՐ

ԺԷ. Դարձուցիչ մոլորելոց,
դարձո զիս ի չար սովորութեանց իմոց ի բարի սովորութիւն,
եւ բեւեռեա ի հոգի իմ զսոսկալի օր մահուն,
եւ զերկիւղ գեհենոյն,
եւ զսէր արքայութեանն,
զի զղջացայց ի մեղաց,
եւ գործեցից զարդարութիւն.
եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

ԺԸ. Աղբիւր անմահութեան,
աղբերացո ի սրտէ իմմէ
զարտասուս ապաշխարութեան որպէս պոռնկին,
զի լուացից զմեղս անձին իմոյ
յառաջ քան զելանելն իմ յաշխարհէս.
եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 


ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆ

17.  Մոլորյալներին դարձի՛ բերող,
ե՛տ դարձրու ինձ իմ չար սովորություններից բարի սովորության
և բևեռի՛ր իմ հոգում մահվան սոսկալի օրը
և գեհենի երկյուղը
և արքայության սերը,
որպեսզի զղջամ մեղքերիս համար
և գործեմ արդարություն.
և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

18. Անմահությա՛ն աղբյուր,
բխեցրո՛ւ իմ սրտից ապաշխարության արտասուքներ,
ինչպես պոռնիկին,
որպեսզի լվանամ իմ հոգու մեղքերն
աշխարհից ելնելուց առաջ.
և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:


ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆ

17. Մոլորեալները դարձի բերող [Տէր],
դարձո՛ւր զիս իմ չար սովորութիւններէս դէպի բարի սովորութիւն,
եւ իմ հոգիիս մէջ բեւեռէ մահուան սոսկալի օրը,
դժոխքի սարսափը
եւ արքայութեան սէրը,
որպէսզի զղջամ իմ մեղքերուս համար
եւ արդարութիւն գործեմ.
եւ ողորմէ՛ քու արարածներուդ եւ ինծի՝ բազմամեղիս:

18. Անմահութեան աղբիւր,
ապաշխարութեան արցունքնե՛ր հոսեցուր սրտէս,
ինչպէս պոռնիկին [սրտէն հոսեցուցիր],
որպէսզի այս աշխարհէն դեռ չելած՝
լուամ իմ մեղքերս.
եւ ողորմէ՛ քու արարածներուդ եւ ինծի՝ բազմամեղիս:



Աղոթքն ամբողջական ձայնագրությամբ եւ 
8 լեզվով հասանելի ենթագրերով կարող եք լսել այստեղ՝ 
https://youtu.be/t0_I_fl5A8s

Աղոթի՛ր ընկերներիդ հետ

ԱՅԼ ԱՂՈԹՔՆԵՐ

    Պատահական