ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ

ԱՂՕԹՔ ՊԻՏԱՆԻՔ ԻՒՐԱՔԱՆՉԻՒՐ ԱՆՁԻՆ ՀԱՒԱՏԱՑԵԼՈՑ Ի ՔՐԻՍՏՈՍ
ԱՐԱՐԵԱԼ ՍՐԲՈՅՆ ՆԷՐՍԻՍԻ ՇՆՈՐՀԱԼՒՈՅ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
Ա 
 Հաւատով խոստովանիմ եւ երկիրպագանեմ քեզ, Հայր եւ Որդի եւ Սուրբ Հոգի, անեղ եւ անմահ բնութիւն, արարիչ հրեշտակաց եւ մարդկան եւ ամենայն եղելոց. ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

Բ 
 Հաւատով խոստովանիմ եւ երկիրպագանեմ քեզ, անբաժանելի լոյս, միասնական սուրբ երրորդութիւն եւ մի աստուածութիւն, արարիչ լուսոյ եւ հալածիչ խաւարի. հալածեա ի հոգւոյ իմմէ զխաւար մեղաց եւ անգիտութեան, եւ լուսաւորեա զմիտս իմ ի ժամուս յայսմիկ աղօթել քեզ ի հաճոյս, եւ ընդունել ի քէն զխնդրուածս իմ. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

 Գ 
 Հայր երկնաւոր Աստուած ճշմարիտ, որ առաքեցեր զորդիդ քո սիրելի ի խնդիր մոլորեալ ոչխարին, մեղայ յերկինս եւ առաջի քո, ընկալ զիս որպես զանառակ որդին, եւ զգեցո ինձ զպատմուճանն զառաջին զոր մերկացայ մեղօք. եւ ողորմեա քո արարածոց 
եւ ինձ բազմամեղիս: 

 Դ 
 Որդի Աստուծոյ, Աստուած ճշմարիտ, որ խոնարհեցար ի Հայրական ծոցոյ, եւ առեր մարմին ի սրբոյ Կուսէն Մարիամայ վասն մերոյ փրկութեան, խաչեցար, թաղեցար եւ յարեար ի մեռելոց, եւ համբարձար փառօք առ հայր. մեղայ յերկինս եւ առաջի քո, յիշեա զիս որպէս զաւազակն յորժամ գաս արքայութեամբ քով. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

 Ե
 Հոգի Աստուծոյ, Աստուած ճշմարիտ, որ իջեր ի Յորդանան եւ ի վերնատունն, եւ լուսաւորեցեր զիս մկրտութեամբ սուրբ աւազանին. մեղայ յերկինս եւ առաջի քո, մաքրեա զիս վերստին աստուածային հրով քով` որպէս հրեղէն լեզուօք սուրբ զառաքեալսն. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 


Զ 
 Անեղ բնութիւն, մեղա՜յ քեզ մտօք իմովք, հոգւով եւ մարմնով իմով. մի՛ յիշեր զմեղս իմ զառաջինս վասն անուանդ քում սրբոյ. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

 Է 
 Տեսող ամենայնի, մեղայ քեզ խորհրդով բանիւ եւ գործով. ջնջեա՛ զձեռագիր յանցանաց իմոց, եւ գրեա՛ զանուն իմ ի դպրութեան կենաց. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

 Ը 
 Քննող գաղտնեաց, մեղայ քեզ կամաւ եւ ակամայ, գիտութեամբ եւ անգիտութեամբ, թողութիւն շնորհեա մեղաւորիս, զի ի ծննդենէ սուրբ աւազանին մինչեւ ցայսօր մեղուցեալ եմ առաջի աստուածութեանդ քո զգայարանօք իմովք, եւ ամենայն անդամօք մարմնոյս. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

Թ 
 Ամենախնամ Տէր, դի՛ր պահապան աչաց իմոց զերկիւղ քո սուրբ ոչ եւս հայիլ յայրատ, եւ ականջաց իմոց` ոչ ախորժել լսել զբանս չարութեան, եւ բերանոյ իմոյ` ոչ խօսել զսուտութիւն, եւ սրտի իմոյ` ոչ խորհել զչարութիւն, եւ ձեռաց իմոց` ոչ գործել զանիրաւութիւն, եւ ոտից իմոց` ոչ գնալ ի ճանապարհս անօրէնութեան, այլ ուղղեա զշարժումն սոցա լինել միշտ ըստ պատուիրանաց քոց յամենայնի. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

 Ժ 
 Հուր կենդանի Քրիստո՛ս, զհուր սիրոյ քո զոր արկեր յերկիր, բորբոքեա յանձն իմ, զի այրեսցէ զաղտ հոգւոյ իմոյ, եւ սրբեսցէ զխիղճ մտաց իմոց, եւ մաքրեսցէ զմեղս մարմնոյ իմոյ, եւ վառեսցէ զլոյս գիտութեան քո ի սրտի իմում. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

 ԺԱ 
 Իմաստութիւն Հօր Յիսուս, տուր ինձ իմաստութիւն զբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա զիս. եւ ողորմեա քո արարածոց 
եւ ինձ բազմամեղիս: 

 ԺԲ 
 Կամեցող բարեաց Տէր կամարար, մի՛ թողուր զիս ի կամս անձին իմոյ գնալ, այլ առաջնորդեա ինձ լինել միշտ ըստ կամաց քոց բարեսիրաց. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 


ԺԳ 
 Արքայ Երկնաւոր, տո՛ւր ինձ զարքայութիւն քո զոր խոստացար սիրելեաց քոց, եւ զօրացո զսիրտ իմ ատել զմեղս, եւ սիրել զքեզ միայն, եւ առնել զկամս քո. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:


 ԺԴ 
 Խնամող արարածոց, պահեա նշանաւ Խաչի քո զհոգի եւ զմարմին իմ ի պատրանաց մեղաց, ի փորձութեանց դիւաց, եւ ի մարդոց անիրաւաց, եւ յամենայն վտանգից հոգւոյ եւ մարմնոյ. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 


 ԺԵ 
 Պահապան ամենայնի Քրիստոս, աջ քո հովանի լիցի ի վերայ իմ, ի տուէ եւ ի գիշերի, ի նստիլ ի տան, ի գնալ ի ճանապարհ, ի ննջել եւ ի յառնել, զի մի երբեք սասանեցայց. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

ԺԶ 
 Աստուած իմ, որ բանաս զձեռն քո, եւ լնուս զամենայն արարածս ողորմութեամբ քով. քեզ յանձն առնեմ զանձն իմ. դու հոգա եւ պատրաստեա զպէտս հոգւոյ եւ մարմնոյ իմոյ յայսմհետէ մինչեւ յաւիտեան. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

 ԺԷ 
 Դարձուցիչ մոլորելոց, դարձո զիս ի չար սովորութեանց իմոց ի բարի սովորութիւն, եւ բեւեռեա ի հոգի իմ զսոսկալի օր մահուն, եւ զերկիւղ գեհենոյն, եւ զսէր արքայութեանն, զի զղջացայց ի մեղաց, եւ գործեցից զարդարութիւն. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:  

ԺԸ 
 Աղբիւր անմահութեան, աղբերացո ի սրտէ իմմէ զարտասուս ապաշխարութեան որպէս պոռնկին, զի լուացից զմեղս անձին իմոյ յառաջ քան զելանելն իմ յաշխարհէս. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 


ԺԹ 
 Պարգեւիչ ողորմութեան, պարգեւեա ինձ ուղղափառ հաւատով, եւ բարի գործով, եւ սուրբ մարմնոյ եւ արեան քո հաղորդութեամբ գալ առ քեզ. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

 Ի 
 Բարերա՛ր Տէր, հրեշտակի բարւոյ յանձն արասցես զիս քաղցրութեամբ աւանդել զհոգի իմ, եւ անխռով անցուցանել ընդ չարութիւն այսոցն, որ են ի ներքոյ երկնից. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 


 ԻԱ 
 Լոյս ճշմարիտ Քրիստոս, արժանաւորեա զհոգի իմ ուրախութեամբ տեսանել զլոյս փառաց քոց ի կոչման աւուրն, եւ հանգչել յուսով բարեաց յօթեւանս արդարոց մինչեւ յօր մեծի գալստեան քո. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

ԻԲ 
 Դատաւոր արդար, յորժամ գաս փառօք հօր դատել զկենդանիս եւ զմեռեալս, մի՛ մտաներ ի դատաստան ընդ ծառայի քում, այլ փրկեա զիս ի յաւիտենական հրոյն, եւ լսելի արա ինձ զերանաւէտ կոչումն արդարոց յերկնից արքայութիւնդ. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

ԻԳ 
 Ամենողորմ Տէր, ողորմեա ամենայն հաւատացելոց ի քեզ, իմոց եւ օտարաց, ծանօթից եւ անծանօթից, կենդանեաց եւ մեռելոց. շնորհեա եւ թշնամեաց իմոց եւ ատելեաց զթողութիւն որ առ իս յանցանացն, եւ դարձո զնոսա ի չարեացն զոր ունին վասն իմ, զի ողորմութեան քում արժանի եղիցին. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 


 ԻԴ 
 Փառաւորեալ Տէր, ընկալ զաղաչանս ծառայիս քո, եւ կատարեա ի բարի զխնդրուածս իմ, բարեխօսութեամբ սրբուհւոյ Աստուածածնին, եւ Յովհաննու Մկրտչին, եւ սրբոյն Ստեփանոսի նախավկային, եւ սրբոյն Գրիգորի մերոյ Լուսաւորչին, եւ սրբոց Առաքելոց, Մարգարէից, Վարդապետաց, Մարտիրոսաց, Հայրապետաց, Ճգնաւորաց, Կուսանաց, եւ Ամենայն սրբոց քոց երկնաւորաց եւ երկրաւորաց: Եւ քեզ փառք եւ երկրպագութիւն անբաժանելի Սուրբ Երրորդութեանդ, յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Ա (1) 
 Հավատով խոստովանում և երկրպագում եմ Քեզ` Հա՛յր և Որդի՛ և Սո՛ւրբ Հոգի, անստեղծ և անմա՛հ բնություն, հրեշտակների, մարդկանց և բոլոր եղածների՛ Արարիչ, ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

 Բ (2) 
 Հավատով խոստովանում և երկրպագում եմ Քեզ, անբաժանելի լո՛ւյս, միասնական Սո՛ւրբ Երրորդություն և Մի Աստվածություն, արարի՛չ լույսի և հալածի՛չ խավարի, հալածի՛ր իմ հոգուց մեղքերի և անգիտութեան խավարը և լուսավորի՛ր միտքս` աղոթելու Քեզ այժմ հաճույքով ու ստանալու Քեզանից իմ խնդրածները. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

 Գ (3) 
 Հա՛յր երկնավոր, Աստվա՛ծ ճշմարիտ, որ առաքեցիր Քո սիրելի Որդուն մոլորված ոչխարին փնտրելու համար, մեղա՜ երկնքի ու Քո առաջ, ընդունի՛ր ինձ ինչպես անառակ որդուն և հագցրո՛ւ ինձ առաջին պատմուճանը, որից մերկացա մեղքով. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

Դ (4) 
 Որդի՛ Աստծո, Աստվա՛ծ ճշմարիտ, որ իջար հայրական ծոցից և մարմին առար սուրբ Կույս Մարիամից մեր փրկութեան համար, խաչվեցիր, թաղվեցիր և հարություն առար մեռելներից ու փառքով համբարձվեցիր առ Հայրը, մեղա՜յ երկնքի և Քո առաջ, հիշի՛ր ինձ, ինչպես ավազակին, երբ գաս Քո արքայությամբ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

 Ե (5) 
 Հոգի՛ Աստծո, Աստվա՛ծ ճշմարիտ, որ իջար Հորդանան և Վերնատուն և լուսավորեցիր ինձ սուրբ ավազանի մկրտությամբ, մեղա՜յ երկնքի և Քո առաջ, մաքրի՛ր ինձ վերստին Քո աստվածային հրով, ինչպես հրեղեն լեզուներով՝ սուրբ առաքյալներին. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

 Զ (6) 
 Անե՛ղ բնություն, մեղա՜ Քեզ իմ մտքով, հոգով և մարմնով, հանուն Քո սուրբ անվան մի՛ հիշիր իմ նախկին մեղքերը. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

 Է (7) 
 Ամեն ինչ տեսնող Աստված, մեղանչեցի Քո առջև խորհրդով, խոսքով և գործով, ջնջի՛ր իմ հանցանքների ձեռագիրը և գրի՛ր անունս Կյանքի Գրքում. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

 Ը (8) 
 Գաղտնիքնե՛ր քննող, մեղա՜ Քեզ կամա և ակամա, գիտությամբ և անգիտությամբ, թողությո՛ւն շնորհիր մեղավորիս, քանզի սուրբ Ավազանի ծնունդից մինչև այսօր մեղանչել եմ Աստվածությանդ առաջ իմ զգայարաններով և մարմնիս բոլոր անդամներով. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

 Թ (9) 
 Ամենախնա՛մ Տեր, Քո սուրբ երկյուղը պահապան դի՛ր աչքերիս` այլևս անպատկառ չնայելու, ականջներիս՝ չախորժելու լսել չար խոսքեր, բերանիս՝ սուտ չխոսելու,սրտիս՝ չարը չխորհելու, ձեռքերիս՝ անիրավություն չգործելու, և ոտքերիս՝ անօրենության ճանապարհով չգնալու, այլ ուղղի՛ր սրանց ընթացքը` միշտ լինելու ըստ Քո պատվիրանների. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

 Ժ (10) 
 Հուր կենդանի Քրիստո՛ս, Քո սիրո հուրը, որ գցեցիր երկրի վրա, բորբոքի՛ր իմ անձում, որպեսզի այրի իմ հոգու աղտերը և սրբի իմ մտքի խիղճը, մաքրի իմ մարմնի մեղքերը և վառի Քո գիտության լույսն իմ սրտում. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

ԺԱ (11) 
 Հոր իմաստություն Հիսո՛ւս, տո՛ւր ինձ իմաստություն՝ ամեն ժամ Քո առջև բարին խորհելու, խոսելու և գործելու: Փրկի՛ր ինձ չար խորհուրդներից, խոսքերից և գործերից. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

 ԺԲ (12) 
 Բարիք կամեցող Տե՛ր կամարար, մի՛ թող ինձ իմ անձի կամքով գնալ, այլ առաջնորդի՛ր ինձ միշտ լինել ըստ Քո բարեսեր կամքի. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

 ԺԳ (13) 
 Արքա՛ երկնավոր, տո՛ւր ինձ Քո արքայությունը, որ խոստացար Քո սիրելիներին, զորացրո՛ւ իմ սիրտը՝ ատելու մեղքը և միայն Քեզ սիրելու և Քո կամքը կատարելու. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

 ԺԴ (14) 
 Խնամո՛ղ արարածների, պահի՛ր Քո Խաչի նշանով իմ հոգին և մարմինը մեղքերի պատրանքներից, դևերի փորձություններից, անիրավ մարդկանցից և հոգու ու մարմնի բոլոր վտանգներից. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

 ԺԵ (15) 
 Պահապա՛ն բոլորի Քրիստո՛ս, Քո աջը թող հովանի լինի ինձ վրա գիշեր թե ցերեկ, թե՛ տանը նստելիս, թե՛ ճանապարհ գնալիս, ննջելիս և թե՛ արթնանալիս, որպեսզի երբեք չսասանվեմ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

 ԺԶ (16)
 Աստվա՛ծ իմ, որ բացում ես ձեռքերդ և լցնում բոլոր արարածներիդ Քո ողորմությամբ, Քեզ եմ հանձնում իմ անձը, Դո՛ւ հոգա և պատրաստիր իմ հոգու և մարմնի կարիքները այսուհետև մինչև հավիտյանս. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

 ԺԷ (17) 
 Մոլորյալներին դարձի՛ բերող, ե՛տ դարձրու ինձ իմ չար սովորություններից բարի սովորության և բևեռի՛ր իմ հոգում մահվան սոսկալի օրը և գեհենի երկյուղը և արքայության սերը, որպեսզի զղջամ մեղքերիս համար և գործեմ արդարություն. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

 ԺԸ (18) 
 Անմահությա՛ն աղբյուր, բխեցրո՛ւ իմ սրտից ապաշխարության արտասուքներ, ինչպես պոռնիկին, որպեսզի լվանամ իմ հոգու մեղքերն աշխարհից ելնելուց առաջ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

ԺԹ (19) 
 Պարգևի՛չ ողորմության, պարգևի՛ր ինձ ուղղափառ հավատքով և բարի գործով և Քո սուրբ Մարմնի և Արյան հաղորդությամբ գալ Քեզ մոտ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

 Ի (20) 
 Բարերա՛ր Տեր, ինձ բարի հրեշտակին հանձնիր՝ իմ հոգին քաղցրությամբ ավանդելու համար և անխռով անցկացնելու դևերի չարիքից, որոնք երկնքի ներքո են. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

 ԻԱ (21) 
 Lո՛ւյս ճշմարիտ Քրիստոս, արժանավորի՛ր իմ հոգու կոչման օրը ուրախությամբ տեսնել Քո փառքի լույսը և բարիքների հույսով հանգչել արդարների օթևաններում մինչև Քո Գալստյան մեծ օրը. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

 ԻԲ (22) 
 Արդա՛ր Դատավոր, երբ գաս Հոր փառքով դատելու կենդանիներին և մեռյալներին, մի՛ մտնիր դատաստանի մեջ Քո ծառայի հետ, այլ փրկի՛ր ինձ հավիտենական հրից և լսելի՛ արա ինձ արդարների երանավետ կանչը դեպի երկնքի արքայությունդ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

 ԻԳ (23) 
 Ամենողո՛րմ Տեր, ողորմի՛ր Քեզ հավատացողներին` յուրայիններիս ու օտարներին, ծանոթներին ու անծանոթներին, կենդանիներին ու մեռյալներին. թողությո՛ւն շնորհիր նաև իմ թշնամիներին ու ատողներին իմ դեմ գործած հանցանքների համար և ետ դարձրու նրանց չարիքից, որ պահում են իմ դեմ, որպեսզի նրանք էլ արժանի լինեն Քո ողորմությանը. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

 ԺԴ (24) 
 Փառավորյա՛լ Տեր, ընդունի՛ր Քո ծառայի աղաչանքները և ի բարի՛ կատարիր իմ խնդրվածքները՝ բարեխոսությամբ սրբուհի Աստվածածնի և Հովհաննես Մկրտչի և սուրբ Ստեփանոս Նախավկայի և մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի և սուրբ Առաքյալների, Մարգարեների, Վարդապետների, Մարտիրոսների, Հայրապետների, Ճգնավորների, Կույսերի, Միանձանց և Քո բոլոր երկնավոր և երկրավոր սրբերի. և Քեզ անբաժանելի Սուրբ Երրորդությանդ, փա՜ռք և երկրպագություն հավիտյանս հավիտենից. ամեն:

































































































































































































ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքը ձայնագրությամբ եւ 8 լեզուներով հասանելի ենթագրերով կարող եք լսել այստեղ՝ 

 

Աղոթի՛ր ընկերներիդ հետ

ԱՅԼ ԱՂՈԹՔՆԵՐ

    Պատահական