ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ - ԲԱՆ ԻԸ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա 
Եւ արդ, զո՞րս յայտնեցից
Եւ յաղագս ո՞յց նշանակեցից
Եւ վասն ո՞րպիսեաց ճառեցից
Եւ զո՞րքան ծածկեալս մերկացուցից
Եւ կամ վասն որո՞ց խոստովանեցայց.
Զներկայի՞ցս, զոր արդէն ունիմ,
Թէ՞ զանցելոցն, զոր մթերեցի,
Զապագայի՞ցն, յորոց կասկածեմ,
Թէ՞ զբազմասահ շարժութեանցն, յորոց գլորեցայ,
Զփո՞քրն ինձ համարեալ, որ է Աստուծոյ մեծ գրեցեալ,
Թէ՞ զանկերպագրելին չյիշատակելի,
Զնուա՞զն, որ է առաւել,
Թէ՞ զթեթեւագոյնսն, որ են ծանունք,
Զհոգեկանա՞ցն կրից կորուսչաց,
Թէ՞ զմարմնականաց ախտից սպանողաց,
Զառ դրունս հեշտականա՞ցն,
Թէ՞ զծայրակոտոր վնասակարութեանցն,
Զաներեւութի՞ցն, թէ՞ զտեսականացն,
Զառ ձեռն հպաւորութի՞ւն,
Թէ՞ զառ նոյն ինքն շունչ հեռաւորութիւն,
Զլայնակա՞նն դիւրին խածմունս,
Թէ՞ զերկարաւորն նետաձգութիւն,
Զխորութեա՞նն զանչափութիւն,
Թէ՞ զամենածախն յայտնատեսիլ,
Զյոգնագլո՞ւխն պոռնկութիւն,
Թէ՞ զառողջութեանն անբժշկութիւն,
Զպարարո՞ւմն չարին մարմնովս,
Թէ՞ զսովիլն բարւոյն հոգւովս,
Զխնամո՞վն հանդիսանալ յոչ ախորժելիսն Աստուծոյ,
Թէ՞ զբռնադատութեանն տոռամբ ձգիլն ի նոյն մոլեգնութիւն,
Զառ ի մա՞հն մեղաց,
Թէ՞ զընդունայնութեանն կարծեաց:


Բ 
Արդարեւ, որպէս կամաւ խելագար, զերծեալ ի ձորձոյ`
Զառականացս տեսիլ յանդիմանեցի`
Զընդդէմսն գործեալ իմաստնոյն,
Որ թէ հանճարեղքն վերարկեսցեն զամաւթս իւրեանց.
Աւտարացեալս ի կրաւնից, հեռացեալս ի կարգաց,
Ի սրբութեան` անսուրբ, ի կուսութեան` անմաքուր,
Յարդարութեան` ամբարիշտ, ի բարեպաշտութեան` վնասապարտ,
Բերանովս` մերձ առ ստացողն, եւ հեռի` երիկամամբք,
Շրթամբքս պատուամատոյց, ըստ մարգարէին, այլ ոչ եթէ սրտիւս:
Եւ եթէ պարտ է զքստմնելիսն ասել աստանաւր,
Չար քան զտանջանսն յանդգնութիւն,
Իբր զուր իմն պաշտաւնատարս Աստուծոյ,
Ի միտս անկայունս երկեակ ճանապարհաւ մահու վարանեալս.
Ջանամ, եւ ոչ ինչ աւգտիմ,
Պնդիմ, եւ ոչ հասանեմ,
Փութամ, եւ ոչ ժամանեմ,
Անձկամ, եւ ոչ տեսանեմ,
Փափագիմ, եւ ոչ հանդիպիմ,
Կարաւտիմ, եւ ոչ պատահիմ,
Ունիմ զամենայն երկրի
Եւ եմ պատգամաւոր աղաւթանուէր ամենայն աշխարհի:

Գ 
Այլ թո'ղ զբազումս զայսոսիկ, բարերար, եւ մի' ունիցիս,
Դիւրինք են քեզ զսոսին եղծանել,
Քան ինձ տաժանաւորս աջով նկարել:
Վասն այնորիկ գրեցի առանց խնայելոյ,
Զի դու առատապէս ջնջեսցես, աւրհնեալ:
Որ վասն մեր` մեղաւորացս երկայնամիտ անուանեցար,
Ըստ մաղթանաց բանի հեծութեան սրտի Եզրի երջանկի,
Յոյժ նեղեալ անձն եւ ձանձրացեալ հոգի
Բանին յիշատակաւ, որ զսոյն պատմէ,
Յամենայն կրից մահացուցանողաց վտանգեալ,
Անկեալ ի վիհ գարշութեան մեղաց անդնդականաց ապականութեանց,
Քանզի չհաւատամ, թէ լսես իսկ ինձ, ըստ Յոբայ ձայնին:
Արդ, ես ինձէն ինքնադսրով, անձնադատ գերի,
Կամաւորապէս մատն եղեալ բնութեանս,
Արգելի, փակեցի, կնքեցի առ յինէն
Յամենայն մասանց զկենացն հնար,
Զի ի փրկութիւն մեղաւք կապելոյս կրկին մեծասցիս` գովեալ:

Դ 
Եւ քանզի ի մարգարէէն բարւոք է խրատեալ,
Փորձ գտցուք մաղթել ընդ նմին` հոգւով քո երգեալ,
Յուսով հաստատնով ի քեզ ապաստանեալ.
Առէ'ք ընդ ձեզ բանս, ասէ Ովսէէ,
Եւ դարձարո'ւք առ Տէր Աստուած ձեր,
Եւ ասացէ'ք ցնա` Կարող ես թողուլ զմեղս,
Զի ընդունիցիք զբարիս,
Եւ վայելեսցեն ի բարութեան անձինք ձեր:
Ահա Աստուած խաւսեցաւ, եւ ո՞վ է, որ ոչ լուիցէ,
Նոյն ինքն վկայեաց, եւ ո՞վ է, որ ոչ հաւատասցէ: 

Ե 
Արդ այսոքիկ վճիռ պաշտելի,
Նուիրեալ պայման, սահման նոյնագոյ,
Կենաց աւետիս, կէտ տէրունի, դուռն բարութեան,
Սփոփանաց հրաւէր, ճշգրիտ պատկեր,
Անստգիւտ գանձ, անմոռաց յիշատակ:
Այսու առ սոյն եւ ես, հաւատ ընկալեալ,
Աստուստ վկայեմ սմին ընդ մարգարէին.
Կարող ես յամենայնի թողուլ զմեղանս բազմաբեղունս,
Եւ եւս զաւրասցիս` կրրկին բարձրացեալ
Առ ամենաթշուառ, կործանեալ հոգիս:
Յամենայնի իշխես, ամենայնի բաւես,
Ամենայն ուրեք հասանես,
Ամենից բռնութեանց յաղթես,
Զամենայն կարծրութիւն փշրես,
Զամենայն ընդդիմահար վանես,
Զամենայն խստութիւն վատնես,
Զամենայն սրացեալ ընդոտնես,
Զամենայն դառինս անուշես,
Զամենայն դժուարամոքելիս քաղցրացուցանես,
Զամենայն պարտս շնորհես,
Զամենայն յանցանս թողուս:
Կարող ես, զաւրաւոր, հնարաւոր, ամէնարուեստ,
Զամենեցուն զմեղս ընկղմել եւ չքացուցանել բառնալ ի միջոյ,
Իբր զճաճանչ փոքու կայծական, սահմանեալ ի չափ ոչէից,
Անկեալ, ընկլուզեալ, կորուսեալ ի տիեզերատարածն ծովու:

Զ 
Արդ, բանիւ մաղթանաց վերծանողացն այսմ մատենի
Ողորմեա' վասն խաչի եւ չարչարանաց
Եւ մահու Որդւոյ քոյ, Հայրդ գթութեան,
Սկիզբն առաքողի ողբերգութեան ձայնի այսմ արտաւսրածին նուագի,
Որ զայս դեղ փրկութեան կենաց մեզ յարմարեցոյց,
Եղիցի' բժշկեալ յանուն քո, հզաւր:
Որ հետս ելից խոստովանութեան մեզ նկատեցոյց
Այսու պայմանաւ պատշաճականաւ,
Լիցի' անարատ յիւրոցն պարտեաց:
Որ զհպարտութեանն թեւս հարթել մեզ վարդապետեաց
Ի սոյն կանոնի կենաց պատգամի,
Եղիցի' զերծեալ ի չար կապանաց մահու արկածից
Սկզբնականաց, վերջնոց եւ միջնոց,
Երրորդութեամբդ բարեգործեալ,
Ի նորոգութիւն լուսաւորութեան.
Ընդ որում եւ մեք գրեսցուք` երջանիկ գտեալ ընդ սմին:

Է 
Արդ, այսքանեացս անբաւից հրաշից հանդերձիչ,
Հայր ամենաստեղծ, անունդ ահաւոր, ձայն սարսափելի,
Կոչումն ընտանի, բան համբուրելի,
Ազդումն սքանչելի, հրաման սոսկալի,
Էութիւն անքննելի, գոյութիւն անճառելի,
Իսկութիւն անբաւելի, զաւրութիւն անզննելի,
Կամք ամենաբարի, տէրութիւն անսահմանելի,
Մեծութիւն անչափելի, բարձրութիւն անբովանդակելի,
Որքանութիւն անկշռելի, առաւելութիւն անհասանելի,
Պատճառ Որդւոյ հայրութեամբ, այլ ոչ նախադրութեամբ:
Քեւ եւ ի ձեռն քոյդ անպարագիր զաւրութեանդ
Սաստեա' տագնապող եւ դիւական տենդիս ջերմութեան,
Որ սպրդեալ մուծաւ ընդ մեղաց,
Զի փախիցէ' ի մարդոյս`
Զարհուրեալ ի սխրալի եւ յանբաւելի արեան վտակի գառինդ երկնաւորի,
Որով սրսկեալ միանգամ` ի մշտնջենաւորս համայն մաքրեցաք:

Ը 
Եւ արդ, յայս պատկառելի խոնարհութենէ արարչակերտս խորհրդոյ
Ամաչեսցէ' սատանայ ի գործս չարեաց իւրոցն հրեշտակաց,
Տանջեսցի' եւ հալածեսցի`
Հեռացեալ եւ արտաքս առաքեալ
Ի շինուածոյ խորանէ քումդ բնակութեան յարտաքին խաւարն:
Եւ ջնջեալ մաքրեա' զարտասուս ողբոցս ի դիմաց մերոց,
Եւ զհառաչումն ձայնիս հեծութեան` ի սրտից մերոց:
Եւ յիշատակաւ հարման հեղուսիցն
Քստմնափուշ, տաժանատեսիլ ոգեպահանջից,
Որով պնդեցաւ միածինդ քո յաշտարակ խաչին,
Ցաւեսցի' չարին:
Եւ ի կողահերձ, սայրասուր սլաքէ ուժգին բախմանէ,
Որով զվէրն մեծ ընկալաւ,
Իսպա'ռ սատակեսցի սկզբնարար մահուն:
Եւ զի խոնարհեցոյց զգովեալն գլուխ
Յաւանդել զհոգին ի ծոց քո, բարձրեալ,
Ապստամբութիւն անբարի բարուցն Բելիարայ
Ի կոր կործանեսցի'` ամենայնիւ հերքեալ ի կորուստ:
Եւ զի ղաւղեալ ծածկեցաւ անմահն իսկութիւն յորովայնի երկրի,
Այսու ամբարձեալն հպարտութիւն կարծեալ գոռոզին
Ի յատակս մահու դժոխոց մթին ստուերին յառեալ դիտեսցէ'
Եւ յիշեսցէ' զառաջին հարուածն անբժշկական,
Որով մահացու դիմամարտութիւն թունից վիշապին
Կենարարն կրիւք ամենազաւրին:

Թ 
Վասն զի ի փառս քո, Հայր ողորմութեան,
Իբր ի գովեստ Որդւոյ քոյ, Հոգւովդ Սրբով զայս խոստովանիմ.
Քանզի ոչ պիտակ ինչ սոսկ զաւրութեանն ունի զմիւսմէն
Առ մի խորհրդականն խորութեան,
Այլ զանսկիզբն Բանդ անձնաւոր
Ընդ անժամանակդ Հաւր փառաւորեմք:
Եւ քեզ միայնոյ` Սուրբ Երրորդութեանդ,
Հաւասարապատիւ տէրութեանդ,
Համաբուն, անբաժին ինքնութեանդ
Աւրհնաբանութի'ւն, գոհութի'ւն, զաւրեղութի'ւն
Եւ անճառ վայելչութի'ւն մեծութեան, բարեվիճակ հարթութեան,
Զուգակշիռ հաւասարութեան յաւիտեանս:
Ամէն:
Ա 
Եվ արդ, ո՞ր մեղքերս հայտնեմ և կամ 
որո՞նք մատնացույց անեմ, 
Որպիսիների՞ մասին ես խոսեմ. 
Որքա՞ն ծածուկ հանցանքներ մերկացնեմ 
կամ որո՞նք խոստովանեմ,– Ներկայիննե՞րը, որոնք արդեն ունեմ, 
Թե՞ անցյալինները, որոնք կուտակեցի. 
Գալիքնե՞րը, որոնցից վախենում եմ, 
Թե՞ գայթումներս բազում, որոնք ինձ 
գլորեցին. 
Փո՞քրն իմ կարծիքով, որը սակայն մեծ է 
համարում Աստված, 
Թե՞ անմարմինը, որն հիշատակել մինչև 
իսկ չարժե, 
Քի՞չը, որ շատ է, թե՞ թեթևները, որոնք 
ծանր են ու խիստ. 
Հոգեկան կրքե՞րը կորստաբեր, թե՞ 
մարմնական ախտերն սպանիչ. 
Հեշտառիթնե՞րն սկզբում, թե՞ վերջում 
վնասողները, 
Աներևույթնե՞րը, թե՞ տեսանելիները. 
Ձեռքով շոշափվողնե՞րը, թե՞ հեռվից 
շնչողները. 
Լայնակի դյուրին խածոտողնե՞րը, թե՞ 
երկարորեն արձակված նետերը. 
Խոր խոցողնե՞րը, թե՞ հայտհանդիման 
 Մեղքի չորս կողմը գործած ավերներն է ակնարկում:  սպառողները. 
Պոռնկությո՞ւնը բազմագլխյան, թե՞ 
հիվանդությունն անբժշկելի. 
Չարի պարարո՞ւմը մարմնովս, թե՞ 
բարուն սովելը հոգովս. 
Աստուծո համար անախորժներին տածած խնամքնե՞րս, 
Թե՞ բռնադատման պարանով ձգվելս 
նույն մոլեգնությանը. 
Դեպի մահ տանող մեղքե՞րը, թե՞ խոհերն ունայն:

Բ 
Արդարև որպես կամավ խելագար, 
ձորձերս հանելով, 
Ամոթույքս ցուցադրեցի ես, գործելով 
ընդդեմ իմաստունի. 
Թե` խոհեմները ամոթույքն իրենց պետք է որ ծածկեն
Հեռացել եմ ես բարի կարգերից և 
օտարացել առաքինության, 
Սրբության մեջ եղել եմ անսուրբ և  
 կուսության մեջ` անմաքուր, 
Արդարության մեջ` ամբարիշտ, 
բարեպաշտության մեջ` 
վնասապարտ. 
Բերանովս մոտ եմ ստեղծողին և 
խորհուրդներով` հեռու, 
Շրթունքներովս եմ ես պատվամատույց, 
ըստ մարգարեի, և ո՛չ թե սրտովս
Եվ եթե պետք է քստմնելիներ ասել 
այստեղ,– 
Մի հանդգնություն, որ տանջանքներից 
ծանր է ավելի,– 
Որպես Աստուծո պաշտոնյա անպետ, 
անկայուն մտքով, 
Դեպի մահ տանող զույգ ճամփաների 
միջև վարանած` 
Ջանում եմ ու չեմ շահում ոչինչ, 
Հետապնդում եմ ու չեմ հասնում, 
Շտապում եմ ու չեմ ժամանում, 
Փափագում եմ ու չեմ հանդիպում, 
Ունեմ ամենայն ինչ երկրավոր, 
 Եվ պատգամավոր եմ աղոթանվեր 
համայն աշխարհի:

Գ 
Բայց դու, բարերա՛ր, ներիր այս բազում 
իմ հանցանքները և միտ մի՛ բերի. 
Քանզի դյուրին է քեզ համար ջնջելը 
նրանք, 
Քան թե ինձ համար նկարագրելը 
հոգնատանջ ձեռքով: 
Ուստի գրեցի առանց խնայելու, 
Որպեսզի դու էլ առատապես ջնջես, 
օրհնյա՜լ: 
Չէ՞ որ մեղավորներիս համար կոչվեցիր 
դու երկայնամիտ,– 
Ինչպես աղոթեց Եզրասն երջանիկ` սրտի հեծությամբ, 
Երբ հո՜ւյժ անձկությամբ և վհատ հոգով 
հիշեց գործերն այն, որ պատմում է նա: 
Ամեն տեսակի մահացու կրքերով 
տանջվում եմ ես, 
Ընկած գարշելի վիհը` դժնդակ և 
ապականիչ մեղանչումների: 
Եվ չեմ հավատում, թե մինչև անգամ 
կլսես դու ինձ, ինչպես Հոբն է ասում: Արդ, ահավասի՛կ, ես ինքնապարսավ, 
անձնադատ գերի` 
Կամավորապես ինքս ինձ մատնելով, 
Ապրելու բոլոր հնարներն իմ առջև 
փակեցի, 
Խափանեցի ու կնքեցի ամուր ամեն 
կողմից, 
Որ փրկելով ինձ` մեղքերով 
կապկապվածիս` կրկնակի անգամ 
մեծանաս, գովյա՜լ: 

Դ 
Եվ սակայն հետևելով մարգարեի 
բարեխրատ խորհուրդներին, 
Մենք էլ նրա հետ աղոթենք պիտի Հոգովդ երգելով, 
Հաստատուն հույսով քեզ ապավինած: 
«Խոսքեր առեք ձեզ հետ,– ասում է 
Ովսեեն,– դարձեք ձեր Տիրոջն ու 
ասացեք նրան. 
«Կարող ես դու մեր մեղքերը ներելե, 
որպեսզի բարիք ստանաք, 
Եվ ունենաք վայելք բարօրությանե: 
Աստված ահա խոսեց և ո՛վ է, որ չկամենա լսել. 
Նույն ինքը վկայեց, և ո՛վ է որ չուզենա 
հավատալ:

Ե 
Արդ, այս խոսքերն են` վճիռ պաշտելի, 
Սրբազան պայման, օրենք անփոփոխ, 
Կենաց ավետիս, նշան տերունի և 
բարության դուռ, 
Սփոփիչ հրավեր և ճշգրիտ պատկեր, 
Անպակասելի գանձ, անմոռաց հիշատակ: 
Առ այս, և ես հավատալով` հաստատում 
եմ այդ` մարգարեի հետ, 
Թե կարող ես ներել բոլորովին մեղքերս 
բազմաբեղուն: 
Եվ այդպիսով` ավելի պիտի մեծանաս դու ու բարձրանաս կրկին 
Իմ կործանված և ամենաթշվառ հոգու 
հանդեպ: 
Ամեն ինչում կարող ես դու, բավարարում 
ես բոլորին և հասնում ամենուրեք, 
Հաղթում ես բոլոր բռնություններին և 
փշրում կարծրություններն ամեն. 
Վանում ես ամեն ընդդիմադիր ուժ և 
վատնում ամեն խստություն. 
Ընդոտնում ես ամեն սրություն և բոլոր դառնություններ անուշացնում, 
Քաղցրացնում ես բոլոր 
դժվարամոքելիները, 
Բաշխում ես պարտքերը բոլոր և ներում 
հանցանքներն ամեն: 
Կարող ես, զորավոր, հզոր, հնարավոր ես դու և ամենարվեստ` 
Ընկղմել բոլորի մեղքերը, չքացնել ու 
բառնալ մեջտեղից. 
Ինչպես փայլն այն փոքրիկ կայծի, չնչին 
չափազանց և չքոտի, 
Որ ընկնելով ծովը տիեզերատարած` 
կորչում է իսպառ:

Զ 
Արդ, մատյանն այս վերծանողների 
աղոթքների խոսքով, 
Ողորմի՛ր Որդուդ խաչի և մահվան 
չարչարանքների համար, Հա՜յր 
գթած, 
Որ նախապատճառն եղավ ողբաձայն և 
արտոսրածին իմ այս նվագի, 
Եվ որ պատրաստեց կենաց փրկության 
դեղն այս մեզ համար, 
Թող ի՛նքն էլ բուժվի քո անվամբ, հզո՜ր: Նա, որ մեզ այսպես խոստովանության 
ճամփան ցույց տվեց, 
Թող իր պարտքերից լինի անարատ: 
Նա, որ հպարտության թևերը կտրել 
վարդապետեց մեզ կենաց կանոնի 
այս պատգամներով, 
Թող որ ազատվի բոլոր մահառիթ 
պատահարների չար կապանքներից 
Եվ Երրորդությանդ բարեգործությամբ 
նորոգվի դարձյալ և լուսավորվի. 
Ընդ որում և մե՛նք պիտի համարենք մեզ 
երջանկացած:

Է 
Դո՛ւ, որ այսքան շատ հրաշքներ ես 
գործել, 
Հայր ամենաստեղծ, անուն ահավոր, ձայն սարսափելի, 
Կոչումն ընտանի, խոսք համբուրելի, 
ազդումն սքանչելի, 
Հրաման սոսկալի, էություն անքննելի, 
գոյություն անճառելի, 
Իսկություն անբավելի, զորություն 
անզննելի, կամք ամենաբարի, 
Տերություն անսահմանելի, մեծություն անչափելի, բարձրություն 
անբովանդակելի, 
Քանակություն անկշռելի, առավելություն անհասանելի, 
Պատճառ Որդու` հայրությամբ, այլ ո՛չ 
նախադաս լինելով. 
Քո միջոցով և անպարագիր քո զորության շնորհիվ 
Սաստի՛ր տառապեցնող ու դիվական 
տենդիս ջերմությունը, 
Որ սպրդելով` մեղքի հետ մտավ ներս, 
որպեսզի փախչի մարդուց, 
Զարհուրելով երկնավոր գառիդ սխրալի և առատահոս արյան վտակից, 
Որով սրսկվեցինք թեպետ մի անգամ, 
բայց մաքրվեցինք մշտնջենապես:

Ը
Եվ արդ, արարչակերտ այս խորհրդի 
պատկառելի խոնարհությունից 
Թո՛ղ ամաչի սատանան իր հրեշտակների չար գործերի համար, 
Տանջվի՛ թող և հալածվի, հեռանալով ու 
արտաքսվելով 
Քո բնակարանն եղող մարմնի խորանից դեպի խավարն արտաքին: 
Եվ ջնջի՛ր, սրբիր, դու մեր դեմքերից 
արցունքն ողբագին 
Եվ հեծեծագին հառաչանքները մեր 
սրտերից հա՛ն, 
Հիշելով հարվածները քստմնափուշ, 
ժանտատեսիլ և մահառիթ այն 
բևեռների, 
Որոնցով գամվեց Միածինը քո` խաչի 
աշտարակի վրա` թող չարը ցավի գա 
Եվ կողքը հերձող սայրասուր սլաքի 
ուժգին բախումից, 
Որից խորապես մեծ վերք ընդունեց, 
Նախապատճառը մահվան թող իսպառ 
սատակի՛, կորչի՜: 
Եվ քանզի հոգին ավանդելիս իր գովյալ 
գլուխը խոնարհեց քո գիրկը, 
Բարձրյա՜լ, 
Ուստի ապստամբությունն անբարի 
բարքի տեր Բելիարի 
Թո՛ղ ի կոր կործանվի, ըստ ամենայնի 
կորուստի մատնված: 
Եվ դարձյալ, քանզի անմահ իսկությունն 
թաղվեց ու ծածկվեց երկրի արգանդում, 
Ապա, ուրեմն դրանով թող որ գոռոզի 
հոխորտ հպարտությունը 
Մահվան դժոխքի մթաստվեր ու խոր 
հատակը դիտի, 
Եվ թող որ հիշի առաջին հարվածն 
անբժշկելի, 
Որով մահացավ դիմադրությունը թունոտ վիշապի` 
Ամենազորի կենարար չարչարանքների 
գնով:

Թ 
Ի փառս քո և ի գովեստ Որդուդ ու Սուրբ 
Հոգուդ է 
Խոստովանությունն այս, Հա՜յր 
ողորմության, 
Քանզի խորախորհուրդ ձեր միության մեջ 
Մեկդ մյուսի զորությանը կարոտություն 
չունի: 
Ուստի և մենք փառավորելով Բանդ 
անսկիզբ ու մարմնացած` 
Փառավորած կլինենք նույնպես Հորդ 
անժամանակ: 
Եվ քեզ` միակ Սուրբ Երրորդությանդ, 
Հավասարապատիվ տերությանդ, Համաբուն, անբաժան ինքնությանդ` 
Օրհնաբանություն, գոհություն, 
զորեղություն 
Եվ անճառ վայելչություն մեծության 
բարեվիճակ հարթության, 
Զուգակշիռ հավասարության` 
հավիտյանս. ամեն

Աղոթի՛ր ընկերներիդ հետ

ԱՅԼ ԱՂՈԹՔՆԵՐ

    Պատահական