ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ - ԲԱՆ ԻԳ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա 
Տէր Աստուած ամենայնի, զաւրաւոր յամենայնի,
Անպարագիր, անվայրափակ տեղի ամենեցուն,
Բոլոր իսկութեամբ հուպ յամենեսին,
Անուրեք վայրից, եւ չիք սահման առանց քո,
Ո'չ երեւեալ երբէք եւ ո'չ տեսականութիւն առանց քո ծագման լուսաւոր:
Փառք ահաւորութեան, անուն անհասութեան, կոչումն մեծութեան,
Ձայն անբաւութեան, իսկութիւն անքննութեան,
Անմատչելի հեռաւոր եւ անընդմիջելի մերձաւոր,
Տեսող հեծութեան, նկատիչ թշուառութեան,
Մաւտակաց թախծութեան, ամենաբոյժ հնար անճարութեան,
Հայր գթութեանց, ծագող ողորմութեան, Աստուած մխիթարութեան: 


Բ 
Հայեա'ց, Տէր, ողորմութեամբ ի պատկեր վշտաց դառնութեան
Բազմավտանգ կրիցս կարեաց, զոր հանդէպ քո տարածանեմ,
Կցորդակի'ց լեր բժշկապէս,
Եւ մի' ի խոյզ ընտրութեան կոչեր դատաւորաբար:
Արդարեւ մեծ է վտանգ տարակուսանաց ցաւոց այսր վարանման,
Յորժամ իցէ մարմինն մեղաւք գրաւեալ,
Եւ անձն` ի գործոց չարեաց ոչ մեկուսացեալ,
Գործնականացն գործի` սովորութեամբն կարեաց կապեալ,
Զանգուածն հանդերձանաց` մահացու կրիւք շաղախեալ,
Զգայութիւն սրտին իմաստից` խեթիւ խոցոտեալ,
Ակնկալութիւն բարեացն` բնաւին բարձեալ,
Եւ ի բանականութեանն` ընդ անասունս դասակարգեալ,
Եւ զազիր գարշութիւն` ընդ գոյութեանն շարամանեալ,
Եւ տեսականացն ողջ ելով` իմանալիքն վիրաւորեալ,
Եւ ի սաստկութենէ յանցմանցն յիշատակի` յաւէտ յուսահատեալ,
Եւ տագնապաւ նախագործելոցն` միշտ տարակուսեալ,
Եւ յստակութիւն աղերսին` իսպառ պղտորեալ,
Եւ խղճիւ մտացն յուզմանց` կրկին ճենճերեալ,
Եւ ձեռն ի մաճի գործոյն` զյետնոցն հետազաւտեալ,
Եւ կերպ ի յառաջ դիմեալ` ոտք ի վերջ կոյս յետահարեալ,
Եւ գիտութեամբ էիցն` ի չէիցն միշտ խաբեցեալ,
Եւ ի մտացն մարտ` ի փոքունցն յաղթահարեալ,
Եւ ի թառանչ սրտին` հագագին դուռն հրդեհեալ,
Եւ խոնաւ զաւրութիւն քմացն` ամենայն ուրեք տոչորեալ,
Եւ անարեւ միգով` յամենայն մասանց պարփակեալ,
Եւ լայնութիւն ակնկալութեանն` ամենեւին իսպառ ամփոփեալ,
Եւ անբերելեացն տոյժ` ի զգալիսն տպաւորեալ,
Եւ եղկութիւն կորստեանն` ի յուշ անդ եկեալ,
Եւ դատակնիք հատուցմանն` ի դիւանի մտացն գրեցեալ,
Եւ բարերարին ակն` ի ցասումն իմն երեւեցեալ,
Եւ լոյսն բնութեամբ` զանգուածոյ հողոյս զայրացեալ,
Եւ ահաւորութիւն էին` ընդ փոքրկութիւն բնութեանս ընդհարեալ,
Եւ միշտ որոտմամբ բանից` բանաւոր մոխրոյս բարկացեալ,
Եւ իրաւանցն վիմաւք` զարժանիս մահու կոշկոճեալ,
Եւ որ իմն է տաղանդ` յանառակս աստէն կորուսեալ,
Եւ պատուական իրին ստացուած` իբրեւ անարգ յերկրի թաղեալ,
Եւ տաժանմանցն արգասիք` ծուլութեանն մթով ծածկեալ,
Եւ իբր զի բաց բարձեալ նշմարան ճրագի` չերեւեալ,
Եւ պատասխանարան լեզուիս` յիրաւանցն աւտար` կարկեցեալ,
Եւ անհամբոյր շրթանցս դրութիւն` աւրինաւոր դատմամբ պապանձեալ,
Եւ յուզմունք մտացս` ի զանազան մասունս ցնդեալ,
Եւ զկեալն ի վերայ աւգտին` ոչ ինչ գիտացեալ,
Եւ ի կշռութիւն բարւոյն ընտրութեան` յիմար երեւեալ,
Եւ ընթացք ելիցն` նահանջմամբ չարին խափանեալ,
Եւ վառարան իւղոյն` աճիւնովն հնոցի լցեալ,
Եւ անուանս գիր` ի կենաց մատենէն եղծեալ,
Եւ կշտամբանք ընդ երանութեան` անդ արձանացեալ: 

Գ 
Եթէ զինուոր տեսանեմ` մահու ակն ունիմ,
Եթէ պատգամաւոր` խստութեան,
Եթէ մատենագէտ` մուրհակի կորստեան,
Եթէ աւրինաւոր` անիծից,
Եթէ աւետարանական` փոշւոյ ոտիցն թաւթափելոյ,
Եթէ բարեկրաւն` յանդիմանութեան,
Եթէ ապառում` կսկծման:
Եթէ ջրովն ընտրութեան փորձիմ` խորտակիմ,
Եթէ դեղ ինչ դատման ձգեմ` սատակիմ:
Եթէ բերս նկատեմ բարութեան`
Ի կարծեաց չարեացս փախնում,
Եթէ ձեռն համբարձեալ` կորանամ,
Եթէ փոքր ինչ խրտուիլ` սարսեմ,
Եթէ սակաւ մի թնդիւն` ընդոստիմ:
Եթէ ի խրախճանս ըմպելեաց հրաւիրիմ` դողամ,
Եթէ մեծիդ յանդիման լինիմ` սարսափեմ,
Եթէ ի հարցումն բանի կոչիմ` կարկիմ,
Եթէ իրաւամբք քննիմ` համրանամ: 

Դ 
Արդ, այսքան ամենաթշուառ եւ ողորմագին տարակուսանացս,
Ի վերայ միմեանց բարդելոց,
Որք զստորեւ զգայականաց սրտիս գոյութեան ի ներքուստ անդուստ
Անբժշկական ցաւաւք, աներեւակի նետիւք խոցոտեալ,
Անարտաբերելի, մշտակիր, յարամնաց, հանապազամուխ
Բեւեռեալ աստուստ ընդ հոգւոյս,
Լցեալ շարաւով, կրկին հարուածով,
Վտանգ սատակման մահու գուշակին:
Թարախ մթերից, պատեալ զերկաթով, գաղտնեացս ծածուկք
Ազդեն ինձ տագնապս` վէրս պահեալս անխնամարկելիս
Ընդ ելս շնչոյս տուրեւառութեան,
Յորոց նեղութեանց չարաչար ճնշեալ աղաղակ ձայնիս,
Խառնեալ արտասուաւք, կողկողագին թախծանաւք հոգւոյ,
Բարեգործիդ հնարաւորութեան`
Յերկրաստեղծիցս նահատակաց ընդ իմ մաղթողաց յերկինս առաքեմ:
Վերջին հեծութեամբս եւ ես ընդ նոսին
Արտասուաւք ողբոց, ամենեքումբք նուիրողաւք,
Զաղերսանս ըղձիցս ի ստորնայնոցս աստի յերկինս առաքեմ:
Շնորհեա', Տէր, անդորրութիւն կենաց հանգստեան
Ողորմելի վաստակեցելոյս ի յընդունայն երկրագործութեանս,
Համայնդ յամենայնում, ամենայնիւ ստացեալ քեզ փառս:
Ամէն:
Ա 
Տե՜ր, Աստված ամենայնի և զորավոր 
ամեն բանում, 
Տե՜ղ անպարագիր և անվայրափակ, 
Բոլո՜ր իսկությամբդ ամենքին մոտիկ, 
Ամենուր ես դու, և չկա ոչ մի սահման 
առանց քեզ: 
Չես երևում երբեք, բայց առանց լույսիդ 
չի տեսնվում ոչինչ, 
Ո՜վ ահավոր փառք և անհաս անուն, 
Մեծության կոչում, ձայն անբավելի, 
Իսկություն անքնին, անմատչելի հեռավոր 
և անընդմիջելի մերձավոր, 
Տեսնող` հեծության և նկատիչ` 
թշվառության, 
Տխրության այցելու և ամենաբույժ հնար` անճարության, 
Հայր գթության, ծագող ողորմության և Աստվա՜ծ մխիթարության: 

Բ 
Տե՜ր, ողորմությամբ նայիր բազմավտանգ 
ախտերի դառնավիշտ իմ պատկերին, 
Որ քո հանդեպ եմ տածում ահա՛: 
Կարեկից եղիր ինձ բժշկապես և ոչ թե 
որպես քննիչ-դատավոր: 
Արդարև մեծ է տագնապն այս ցավատանջ 
տարակուսանքի և վարանման, 
Երբ մեղքով է տարված մարմինն 
ամբողջովին, 
Իսկ հոգին չի մեկուսացած չար գործերից, 
Երբ զգայարանքները կապկապված են 
մոլորությունների սովորությամբ, 
Եվ զանգվածը շաղախված է մահացու 
կրքերով. 
Երբ սրտի զգայությունը խայթերո՜վ է 
խոցոտված, 
Եվ բարիքների ակնկալությունն իսպառ 
վերացած. 
Երբ բանականությամբ հանդերձ` 
անասունների շարքն է դասված, Եվ գոյության հետ զազրելի 
գարշություններ են շարամանված. 
Երբ արտաքնապես թեև առողջ, սակայն 
ներքնապես է վիրավորված 
Եվ հիշելով իր մեղքերը սաստիկ` 
հուսահատության է միշտ մատնված. 
Երբ որ նախապես գործած մեղքերի 
տագնապումներով է տարակուսված, 
Եվ աղոթքի հստակությունն իսպառ 
պղտորված. 
Երբ խղճմտանքը խռովանքներով է հույժ տոչորված 
Եվ ձեռքը մաճին` հետևի գործերն 
հետազոտելով է միտքն զբաղված
Երբ դեմքով դեպի առաջ է դիմում, 
ոտքերով` դեպի հետև ընկրկած 
Եվ գիտենալով հանդերձ ճշմարիտ 
գոյությունները, անգոներից է 
շարունակ խաբված 
Եվ մտքի մղած մարտերի մեջ միշտ 
փոքրություններից է 
 հաղթահարված, 
Եվ սրտի սաստիկ հառաչանքներից 
հագագի դուռն է համակ հրդեհված. 
Երբ ամենուրեք` խոնավությունն է քիմքի տոչորված 
Եվ ամեն կողմից անարև մեգով է 
շրջապատված. 
Երբ ակնկալության ընդարձակությունն է իսպառ ամփոփված, 
Եվ անտանելի տառապանքներն են 
զգայարանների վրա դրոշմված. 
Երբ որ կորստյան եղկելիությունն է 
մտաբերված, 
Եվ հատուցումի դատավճիռն է մտքի 
դիվանում արձանագրված. 
Երբ բարերարի աչքն է զայրալից երևույթ առած, 
Եվ լույսը խնդությամբ հողազանգվածիս 
դեմ է զայրագնած. 
Երբ որ Աստուծո ահավորությունն 
փոքրիկ էությանս հետ է ընդհարված 
Եվ իր խոսքերի որոտումով միշտ` 
բանավոր մոխրիս դեմ է բարկացած, 
Երբ արդարության իր քարերով նա մահվան արժանուս է միշտ 
քարկոծած, 
Երբ որ ինձ տրված տաղանդը այստեղ 
անառակության մեջ եմ կորցրած, 
Եվ իմ պատվական ստացվածքն իբրև 
անարգ անարժեք` հողի տակ է 
թաղված. 
Երբ ողջ արգասիքն իմ աշխատանքի` 
ծուլության մութով է ծածկված 
Եվ չի երևում ճրագի լույսի պես հեռու 
տարված, 
Երբ իրավազուրկ պատասխանարանն է 
լեզվիս կարկամած, 
Եվ իմ անհամբույր բարբառող շուրթերս 
իրոք արժանի կերպով 
պապանձված. 
Երբ հուզյալ միտքս ամեն ուղղությամբ 
ցրիվ է եկած 
Եվ օգտակարին հասու լինելու անկարող դարձած, 
Եվ լավն ու բարին ընտրելու կշռի մեջ 
հիմարացած. 
Երբ ճանապարհը չարի արգելքով է 
խափանված, Եվ վառարանն է յուղի` հնոցի մոխիրով լցված. 
Երբ կենաց մատյանից իմ անվան գիրն է 
ջնջված, 
Եվ երանության փոխարեն այնտեղ 
կշտամբանք գրված:

Գ 
Թե զինվոր եմ տեսնում` սպասում եմ 
մահվան. 
Թե պատգամավոր` խստության. 
Թե գրագիր` կորստյան մուրհակի. 
Թե կրոնավոր` անեծքի. 
Թե ավետարանիչ` ոտքի փոշին 
թոթափելու. 
Թե բարեկրոն` հանդիմանության. 
Թե անզգամ` կսկծանքի. 
Եթե փորձվեմ ջրով` կխորտակվեմ
Եթե մի դեղ քննության առնեմ` 
կսատակեմ. 
Թե բարիք տեսնեմ, կասկածելով չար 
գործերիցս` կփախչեմ.  
Թե բարձրացած մի ձեռք` կկորանամ. 
Թե խրտվիլակ փոքրիկ` կսարսեմ. 
Թե լսեմ թնդյուն մի թեթև` կընդոստնեմ 
Թե կերուխումի հրավեր ստանամ` 
կդողամ. 
Թե մեծիդ ներկայանամ` կսարսափեմ. 
Թե հարցաքննության կանչվեմ` 
կկարկամեմ. 
Թե իրավամբ քննվեմ` կհամրանամ:

Դ
Արդ, իրար վրա բարդված իմ այսքան 
տարակույսները ամենաթշվառ և 
ողորմագին, 
Որոնք ի ներքուստ խոցում են սիրտս 
անբույժ ցավերով, նետերով անտես, 
Եվ բևեռվելով անարտաքսելի` նրանք 
հոգուս հետ հանապազամուխ ու 
հարամնաց, 
Եվ շարավներով լցնելով հոգիս, 
հարվածելով միշտ` 
Սատակիչ մահվանս վտանգն են սաստիկ նախագուշակում 
Իր ներսը մխված երկաթը պատող կույտը թարախի, 
Տագնապը ծածուկ ու մեջս պահված վերքերն անդարման 
Իմ շնչառության միջոցին սաստիկ ցավ են պատճառում: 
Ուստի և նրանց նեղություններից 
չարաչար ճնշված, 
Թախծալից հոգուս ձայնով բարձրագոչ և աղերսախառն իմ արցունքներով 
Ինձ համար նաև աղոթող բոլոր 
նահատակների հետ այն 
երկրաստեղծ, 
Եվ հեծությամբ ողբակից նրանց 
արտասվանվեր իմ այս ողբերով, 
Ըղձակաթ աղերսն իմ` Բարեգործիդ 
ամենահնար` 
Երկրիցս դեպի երկինքը, ահա՛, առաքում եմ քեզ: 
Շնորհիր, ո՜վ Տեր, հանգիստ ու խաղաղ 
կյանք ողորմելի վաստակյալիս, 
Ինձ, որ ընդունա՜յն եկրագործեցի. 
Ո՜վ համայնդ դու ամեն ինչի մեջ, 
քեզ փա՜ռք հավիտյան:

Աղոթի՛ր ընկերներիդ հետ

ԱՅԼ ԱՂՈԹՔՆԵՐ

    Պատահական