ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ - ԲԱՆ Ի

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա

Տէր, տէր, անոխակալ եւ երկայնամիտ,
Ներող, բարեգութ, հզաւր, ողորմած,
Ահա ճշմարտութեամբ են գործք քո,
Եւ խոստովանեալ` դատաստանք քո,
Վկայեալ են ընտրութիւնք քո, տեսողդ ծածկութից:
Ընդ երից երջանկաց մանկանցն,
Որք կիզանողական բոցովն փորձեցան
Եւ ոչ վնասեցան ի Բաբելոնի,
Զնոցա թախծութեան զերգն հառաչեմ.
Մեղայ, անաւրինեցայ, յանցեայ, ապստամբեցայ
Եւ պատուիրանաց քոց ոչ անսացի:
Եւ քանզի մաքուր գոլով ի վնասուց նոքա,
Եւ զայս խոստովանութիւն գոչէին,
Իսկ ես ընդ նոսին նովին աղերսիւ
Ձայնակցեալ սմին ողբոց երգութեան,
Եւ ա'յլ յաւելից` ամենապարտս մահու:
Ընդ Դանիելի երանեալ եւ սուրբ մեծ մարգարէի,
Որ ի քում հարազատութեան ազգականութենէ
Տանն Յուդայի շառաւիղ ընտրեալ,
Զնորայն առեալ ընդունական եւ նուիրական բանից պաղատանս,
Իմովս պատժականութեան գոչմամբ հեծութեանս եւ ա'յլ կրկնեցից: 
Բ

Ի մէջ գիտութեանս անպատշաճականս գնացի`
Զարտուղի սխալեալ դժնդակապէս,
Այս է` ամենայնիւ ամենայն իրաւք մեղանչելն:
Ըստ սահման կշռութեան կամաց քոց արտաքս վազեցի,
Որ է հաւաստի կերպարան բասիր անաւրէնութեան:
Անգիտիցն չափոց չարութեան գործոց լրումն յաճախութեան նիւթեցի,
Որ է ճշգրիտ պատկեր յանցաւորութեան:
Սպառնացար, եւ ոչ զարհուրեցայ,
Արգահատեցեր, եւ ոչ երբէք լուայ,
Որ է ապստամբութեան յայտնի նշանակ: 
Գ



Քեզ արդարութիւն հանդերձեցեր, բարերար,
Եւ ինձ ամաւթ եւ պատկառանս պատրաստեցեր,
Քեզ` փառս վայելչականս, եւ ինձ` նախատինս յարմարաւորս,
Քեզ` քաղցրութեան յիշատակ, եւ ինձ` մաղձ քացախեալ ի կատարածի,
Քեզ` բարեբանութիւն անլռելի, եւ ինձ` ձայնս ողբոց աղաղակի,
Քեզ` աւրհնութիւնս երգոց խնկելի, եւ ինձ` մերժումն տարագրութեան,
Քեզ` իրաւունս բազմարժանիս, եւ ինձ` պատասխանատուութիւնս ամենավարանս,
Քեզ` բարձրութիւն անճառ գովեստից, եւ ինձ` զաճիւն լիզելոյ պատիժ ձաղանաց: 
Դ

Եւ արդ, ընկալար դու բարեաց ընտրութեանց անկշիռ սահման`
Զքոյոցդ ախորժականաց կնդրկաց պտղոց վերառեալ ըստ քեզ,
Եւ ես` զիմոյս աստէն առ սմին
Պարսաւանս յոգունս կրկնակի բարդեալ ինձ ըստ իս:
Իսկ եթէ անարատիցն մաղթանաց այս էր յանձնառութիւն,
Իսկ ինձ զո՞րս հիւսեցից շարս եւ տողս բանից դսրովականաց,
Որ քան զամենայն դժնեայս յաւէտ վրիպեցայ:
Մոլորեցայ անառակ ընթացիւք ի միտս վայրենիս,
Յանդգնեցայ շրթամբք խաւսից ի բանս երկրաւորս,
Զակատեցայ անկասելի ի պատկառելեացն գործոց,
Փքացայ, վերացայ, որ յետ սակաւ մի ժամանակի
Ի հող մահու եմ իջանելոց,
Գոռոզացայ, բարձրացայ, որ եւ ոչ զգրաւական շնչոյս
Տուրեւառութեան ունիմ ի ձեռին: 
Ե

Ամբարտաւանեցայ փոշիս շնչաւոր,
Ամբարհաւաճեցայ կաւս ձայնաւոր,
Հպարտացայ հողս անարգութեան,
Ի վեր ամբարձայ մոխիրս մերժելի,
Բազուկ կառուցի բաժակս մանրելի,
Տարածեցայ առաւել իբր վեհ
Եւ դարձեալ իբրեւ զհերքեալ առ իս ինքն ամփոփեցայ,
Բարկութեան բոցով ցոլացայ տիղմս բանաւոր,
Իբր զանմեռ ոք մեծամտեցի,
Որ ընդ քառոտանեաց մահու եմ փակեալ:
Գիրկս արկի կենցաղոյս սիրոյ
Եւ ի քեզ թիկունս, փոխանակ դիմաց, դարձուցի,
Ի թռիչս մտաց ընդ խաւար խորհրդոց սլացայ,
Զանարատ հոգիս մարմնոյս փափկութեամբ յաւէտ վտտեցի,
Զզաւրութիւն աջական կողմանս տկար արարի,
Ահեկանացս կայից ուժգնութիւն տալով` յաղթեցի,
Զքեզ իսկ տեսի հոգացեալ վասն իմ,
Զոր չէ աստ գրելի, եւ ոչ պատկառեցի: 
Զ

Իբրեւ զհաւ վայրենի սրացայ, ըստ ովսէեան բանին առ Եփրեմ
Ի նախնին իմ սովորութիւն,
Յաղաւթարանն վայրի ընդ պատաղմունս այսր կենցաղոյս շրջանակեցայ,
Ոչ կացուցի յոտին զերիվար մտացս երասանաւ բանին,
Ընդ հին չարութեանցն նորոգ ինքնաստեղծութիւնս գտի,
Անուրս, ըստ Յոբայ, ծանունս եւ անտանելիս ինձէն ինձ սաստկացուցի,
Առիգած անկարկատելի, ըստ Երեմիայ, զանձն իմ արարի,
Իբր զվիժած անգրելի կոչման, ըստ առակարկուին,
Ի մարդկանէ համարոյ եղծայ,
Իբր զհանդերձս ինչ ապարահից, ըստ եսայեան բանին, զազրացայ:
Որպէս զթրծեալ աման խեցեղեն` փշրեցայ անարծարծելի,
Ըստ բամբասանացն Եդոմայ ի մարգարէէն`
Զչորրորդ չափն անաւրէնութեան սատակման ինձ պատրաստեցի:
Եւ զի՞նչ ստութիւն առ այս` եւ զայս յաւելուլ ընդ այս.
Քանզի զվրանն իսկ դիւանուէր Մողոքայ
Առի ինձ այսրէն առ դժոխոցն ժառանգութիւն,
Լքեալ զերկնայինն` յեղանակաւ իմն աւրինակի նմանագիր ձեւակերպութեան,
Որպէս առակ պատկերի աստեղն Ռեփանայ բաբելականի,
ՅԻսրայելէ պատուեցեալ, ցուցաւ ի Սինա: 
Է

Իսկ արդ, զի ի նախնի շնորհին համարձակութենէ դարձեալ`
Փոխեցայ, զրկեցայ, ելայ, հեռացայ,
Բաժանեցայ եւ անպատուաստելի կտրեցայ,-
Արդ, ընկա'լ զիս, Տէր, վերստին կերպարանեալ ի պատկեր հոգւոյ,
Զանարժանս կենաց` իբր զմահապարտ, իբր զչարագործ,
Իբր զպատկառեալ, իբր զկոխան եղեալ բանսարկուին,
Որպէս զանբժշկելի մատնեցեալ, որպէս զհասեալ յատակս մահու,
Որպէս զգարշեցեալ, որպէս զխոտան գտեալ քո կոչմանդ,
Որպէս միանգամայն ի կորուստ վարեալ,
Որպէս դեգերալ, որպէս վանեցեալ, որպէս սարտուցեալ,
Որպէս տարակուսեալ, որպէս թշուառացեալ, որպէս վհատեալ,
Որպէս կործանեալ, որպէս խորտակեալ, որպէս բեկեալ,
Որպէս թախծեալ, որպէս յոգի տրտմեցեալ, որպէս թշնամանեալ: 
Ը 

Իսկ դարձեալ ակնարկելով քո, գթած,
Մարդասէր, հզաւր, ի յաղերս բանիս`
Որպէս զղջացեալ, որպէս խոստովանեալ,
Որպէս ի յոտս քո դիմեցեալ, որպէս զապաշխարեալ,
Որ կշռես, գրես եւ մեծ համարիս զհառաչ հոգւոյ
Եւ զազդումն շնչոց հեծութեան,
Զկսկիծ շրթանց, զպասքել լեզուի, զտխրականութիւն երեսաց,
Զկամս խորհրդոց եւ զյաւժարութիւն խորութեան սրտից,
Որ փրկութիւնդ ես անձանց եւ տեսող ոչ գործեցելոց,
Եւ ստեղծիչ բոլորից, եւ բժիշկ վիրաց աներեւութից,
Պաշտպան յուսացելոց եւ բարեխնամող տէր ամենեցուն:
Եւ քեզ փա՜ռք յամենայնի յաւիտեանս:
Ամէն:
Ա

 Տե՜ր անոխակալ և երկայնամիտ, ներող,
բարեգութ, հզոր, ողորմած,
Ահա՛ ճշմարիտ են քո գործերը և
դատաստաններդ խոստովանված,
Եվ որոշումներդ վկայված են, ո՜վ
ծածկությունների տեսանո՛ղ:
Երեք երջանկահիշատակ
երիտասարդների հետ,
Որոնք կիզանուտ բոցով փորձվեցին ու
չվնասվեցին Բաբելոնի մեջ,
Նրանց թախծալի ե՜րգն եմ հառաչում.–
«Ես մեղանչեցի և անօրեն դարձա,
Ապստամբվեցի և պատվերներին քո
չանսացիե:
Մաքուր լինելով հանդերձ` այսպես
գոչեցին նրանք խոստովանաբար,
Իսկ ես, որ իսպառ մահապարտ եմ մի,
Ձայնակցելով նրանց այդ ողբերին,
Այս ողբերգությանս դեռ ուրիշնե՜ր էլ
պիտի ավելացնեմ ես` ամեն բանով
մահապարտս,
Դանիելի հետ` երանելի և սուրբ
մարգարեի,
Որը հարազատ ազգական էր քեզ և Հուդայի տան ընտիր շառավիղ,
Նրա հաճելի և նվիրական
պաղատանքների խոսքերն
առնելով`
Իմ պատժապարտի հեծեծանքներով դեռ
ուրիշնե՜ր էլ պիտի կրկնեմ ես:
Բ

Գիտակցելով մեկտեղ` անպատշաճ
ընթացք ունեցա,
Զարտուղելով շարունակ և դժնդակորեն
սխալվելով.
Եվ այսպես` մեղանչեցի ես ամեն բանի
մեջ, ամեն եղանակով:
Կամքիդ որոշակի սահմանից ես ի դուրս
սլացա,
Որ և իսկական օրինակ է մի անմաքուր
անօրենության:
Անչափելի չարիքներն հաճախակի
կրկնելով` իրենց լրումին հասցրի,
Ինչ որ ճշգրիտ մի պատկեր է
հանցավորության:
Սպառնացիր` չզարհուրեցի, խրատեցիր
 ինձ, և չանսացի,
Որ հայտնի նշան է ըմբոստության:
Գ

Արդարություն հարդարեցիր քեզ, ո՜վ
բարերար,
Եվ ինձ` պատրաստեցիր ամոթ ու
պատկառանք:
Քեզ` փառք վայելչական և ինձ`
նախատինք հարմարավոր.
Քեզ` քաղցր հիշատակ և ինձ` մաղձ
քացախյալ վերջում.
Քեզ` անլռելի բարեբանություն և ինձ` ողբ ու կոծ.
Քեզ` օրհներգություն խնկելի և ինձ`
մերժումն ի բաց.
Քեզ` իրավունք բազմարժան և ինձ`
ամենավարան
պատասխանատվություն.
Քեզ` փառք անճառ գովեստներով և ինձ`
մոխիր լիզելու անարգական
պատիժ:
Դ

Արդ, ընդունեցիր դու, ո՜վ անկշիռ
սահման ընտիր բարությանց, Քոյիններից վեր առար կնդրուկներ
ախորժանուշ` քեզ
համապատասխան,
Իսկ ես ստացա այստեղ բազում
պարսավանքներ սրանց դիմաց`
կրկնակի բարդությամբ:
Եթե անբիծներն հանձն էին առնում
այսպես աղոթել,
Իսկ ես պարսավի ինչպիսի՜ տողեր
հյուսեմ ինձ համար,
Երբ քան բոլոր դժնաբարոներն առավել
վրիպեցի:
Անառակ ընթացքովն իմ ես մոլորվեցի
որպես վայրենամիտ,
Եվ հանդգնեցի իմ շրթունքներով
երկրավոր խոսքեր բարբառել:
Մոլի դարձա անկասելի կերպով ամոթալի գործերի մեջ,
Փքվեցի և վերացա ես, որ փոքր-ինչ
ժամանակից հետո մահվան հողն եմ
իջնելու.
Գոռոզացա և բարձրամտեցի ես, որ տերն
իսկ չեմ հոգուս գրավական եղող
շնչառությանը:
Ե

Ամբարտավանացա՜ փոշիս շնչավոր,
Ամբարհավաճեցի կավս ձայնավոր,
Հպարտացա հողս անգոսնելի,
Դեպի վեր ելա մոխիրս մերժելի,
Բազուկ բարձրացրի` բաժակս փշրելի:
Տարածվեցի առավել, քան իբր վեհ,
Եվ իբրև հետ մղված` դարձյալ ինքս իմ
մեջ ամփոփվեցի:
Բարկության բոցով ցոլացա` տիղմս
բանավոր:
Իբրև անմեռ մի` մեծամտեցի, ես, որ
չորքոտանիների հետ մահից եմ
կառչած:
Այս կյանքի սիրույն բացի գիրկս ես և
դեմքիս փոխարեն քեզ թիկունք
դարձրի.
Մտքիս թևերով մութ խորհուրդների միջից սլացա.
Անարատ հոգիս մարմնիս փափկությամբ հավետ հյուծեցի.
Զորությունն իմ աջ կողմի տկարացրի,
Իսկ ձախակողմիս ուժգնություն տալով` հաղթեցի նրան:
Հոգածությունդ իսկ տեսա ինձ համար,–
որն այստեղ գրել անկարող եմ ես, ու
չպատկառեցի.
Զ

Վայրի հավքի պես սլացա դեպի
սովորությունն իմ վաղեմի,
Ինչպես Ովսեեն Եփրեմի վերաբերյալ է
ասել:
Աղոթավայրում ես այս կենցաղի
զբաղումներով շրջանակվեցի.
Մտքիս երիվարը բանականության
երասանակով ոտքի չհանեցի:
Հին չարությունների վրա ես ինքս նորերն
ստեղծեցի,
Եվ, ինչպես Հոբն է ասում, անտանելի
ծանր անուրներն ինձ վրա ես ինքս
ծանրացրի:
Ձախը իբրև բացասական կողմ` չարամետ ուղղության
նշանակ:
Հավանաբար ակնարկում է իր տեսիլքի մեջ Հիսուսին
տեսնելը, որի համար մանրամասնություններ տալը հոգևոր
անհամեստություն է նկատում:
Ինքս ինձ սփածանելի արի
անկարկատելի, ըստ Երեմիայի.
Եվ առակողի խոսքի համաձայն,
Անունն անգրելի մի վիժվածի պես`
մարդահամարից ջնջվեցի,
Եվ ըստ Եսայու` դաշտանավորի զգեստի
նման զազրելի դարձա:
Որպես թրծված խեցեղեն աման`
աննորգելի կերպով փշրվեցի:
Եդովմին ուղղած մարգարեական
մեղադրանքների համաձայն, ե՛ս էլ
Անօրենության սատակիչ չորրորդ չափն
իմ ինձ պատրաստեցի:
Եվ սո՞ւտ կլինի, որ ավելացնեմ ես այդ
բոլորին,
Թե Մողոքի դիվանվեր վրանն անգամ
առա ես`դժոխքը ժառանգելու
համար:
Երկնայինը լքած` ես ինքս էլ ձևակերպեցի
խայտառակ պատկերն Ռեփանի աստղի,
Որն Իսրայելից պաշտվեց Սինայում
Է

Եվ արդ, քանզի զրկվեցի ես նախկին
շնորհի համարձակությունից,
Ելա նրանից, հեռացա դարձյալ և
բաժանվեցի,
Եվ անպատվաստելի կերպով կտրվեցի,–
Ընդունի՛ր ինձ, Տեր, հոգուդ պատկերով
կերպարանելով ինձ կրկին անգամ,
Ինձ, որ անարժան եմ ապրելու իբրև
մահապարտ և չարագործ,
Իբրև ամոթահար ու ոտքի կոխան եղած
բանսարկուի կողմից,
Որպես անբժշկելի մանրված,
Որպես մահվան հատակը հասած,
Որպես գարշելի դարձած,
Որպես կոչումիդ խոտան համարված,
Որպես միանգամայն կորստյան
մատնված,
Որպես դեգերյալ, որպես վտարված,
Որպես տարակուսյալ, որպես
թշվառացած,
Որպես վհատյալ, որպես կործանված,
Որպես խորտակված, որպես կոտրված,
Որպես թախծոտված, որպես խիստ
տրտմած,Որպես թշնամանված:
Ը

Իսկ նայելով վրաս, գթա՜ծ, մարդասեր,
հզոր,
Ինչպես նաև աղերսական այս խոսքերիս`
Ընդունիր ինձ դարձյալ որպես զղջացած,
որպես խոստովանված,
Որպես ոտքիդ դիմած, որպես
ապաշխարած:
Դու, որ կշռում ես, չափում ու համարում
մեծ`
Հառաչանքն հոգու, ձայնն հեծող շնչի,
Կսկիծը շուրթերի, ցամաքելը լեզվի,
տխրությունը դեմքի,
Կամքը խորհուրդների և հոժարությունը
սրտի խորքերից.
Դու, որ փրկությունն ես հոգիների
Եվ տեսնում ես չգործվածները, Ստեղծիչն ես բոլորի և աներևույթ
վերքերի բժիշկ,
Պաշտպանն ես քեզ հուսացողների
Եվ բարեխնամ Տեր ամենեցուն`
Ամեն բանի մեջ քեզ փա՜ռք
հավիտյան. ամեն:

Աղոթի՛ր ընկերներիդ հետ

ԱՅԼ ԱՂՈԹՔՆԵՐ

    Պատահական