ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ - ԲԱՆ ԺԸ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա

Արդ, ես` ծնունդս մեղաց, որդիս մահացու երկանց, Արդարեւ անսահման բիւրուց քանքարաց տուժից Գոլ հատուցանող ի միում աւուր, Այլ ոչ թէ առ փոքրկութիւն մարդկային մտաց հայցեմ ներութիւն, Այլ առ աննուազ լիութիւն փրկչիդ Յիսուսի Քրիստոսի պաղատիմ մարդասիրութիւն: Որ չէի երբեմն` եւ ստեղծեր, Չմաղթեցի` եւ դու արարեր, Չեւ եւս եկեալ ի լոյս` եւ տեսեր, Ոչ յայտնեցեալ իմ` եւ գթացար, Ոչ կարդացեալ` եւ խնամարկեցեր, Ոչ համբարձեալ ձեռն` եւ նայեցար, Ոչ պաղատեալ` եւ ողորմեցար, Ոչ կերպացեալ ձայնիս` եւ լուար, Ոչ հեծեծեալ` եւ ունկնդրեցեր, Գիտելով զարդեան դիպուածոյս` եւ չանտեսեցեր, Նախահայեացդ աչաւք նկատեալ զպատժապարտիս չարագործութիւն` եւ յաւրինեցեր: 
 Բ

 Եւ արդ, զքո արարեալս եւ զքեւ փրկեալս Եւ զայսքանեաց խնամոց յանձանձեալս Մի' իսպառ կորուսցէ մեղացն հարուած գիւտք բանսարկուին, Մի' յաղթեսցէ յամառութեանս իմոյ մառախուղ` ներողութեան քո լուսոյ, Մի' սրտիս կարծրութիւն` երկայնամիտ բարութեանդ, Մի' մահացու մսեղիս` ամենակատարդ լրութեան, Մի' տկարութիւնս նիւթոյ` անպարտելիդ բարձրութեան: 
Գ



 Ահա կարկառեմ զկարկամեալ բազուկս հոգւոյս յանուն քո, հզաւր, Արասցե'ս ողջ իբրեւ զառաջինն, Մինչ ի դրախտին փափկութեան զպտուղն կենաց կթէի: Կաշկանդեալ, գաւսացեալ ի կոր կործանմամբ ընդ կնոջն տագնապելոյ` Կայ անուղղելի հոգւոյս թշուառութիւն` Ընդ երկիր պշուցեալ մեղացն կքմամբ, սատանայական բուռն կապանաւք, Զի մի' զերկնայնոյդ ընկալցի զողջոյն: Խոնարհեա'ց առ իս, միայն ողորմած, Զի բարձրացուսցես զփայտս խոնարհ, բանաւոր, անկեալ Եւ զչորացեալս ծաղկեցուսցե'ս ի բարի կրաւնս վայելչութեան, Ըստ աստուածաբանութեան սուրբ մարգարէին: 
Դ 

 Որպէս զի' ծնէ կոյրն անլուսաւոր` չունիմ տեսարան, Որով զստեղծչիդ նկատեալ զկերպ` մաղթեցից. Հզաւր, բարեգութ, միայն դու պաշտպան, Ակնարկեալ խնամովք անճառ քո սիրոյ Ի շնչական խաւսուն քո անաւթս` Յանէից գոյաւորութիւն լուսո'յ հաստեսցես: Ընդ երկոտասանամեայ չարեաւք չարչարեալ վշտագին կնոջն տանջեցելոյ Գետովք մեղանաց արեան հեղեղիմ. Հայեա'ց ի բարձանց անմատոյց լուսովդ պարածածկեալ, Ուր ոչ է քղանցք ձեռաստեղծական վերարկուի ձորձոյ, Այլ տարածումն հրաշից ամենայն ուրեք զաւրացեալ:
 Ե

 Ոչ աւծութեամբ իւղով` պատժապարտս ընդ մեղաւորին Մատուցեալ առ կենդանաձիր ոտից գարշապարդ` Զկաթիլս աչացս վարսիւք հերացս ընծայեցուցանեմ, Այլ զանբիծ հաւատս ամբարձմամբ բազկացս, Ստոյգ դաւանմամբ, հոգւոյ ողջունիւ, Շրթանց կափուցմամբ զերկիր համբուրեմ, Խառնեալ հեծութիւն աղբերցս արտասուաց` Բժշկութիւն հոգւոյս աղերսեմ: 
 Զ

 Վատնեալ մեղանաւք հոգւոյս գոյութիւն` լուծեալ մեղկութեամբ, Եւ յերկուց կայից միայնակողմամբ, անհաստատ հետովք, Զընթացից գործին, նահանջմամբ չարին, Զհետեւականն բարձողութիւն շինուածոյ մարմնոյս` Առ ելս ծառոյն կենսաթիռ պտղոյն խափանեցելոյ, Պատսպարեսցե'ս անդրէն վերստին, Միայն հնարաւորդ առ ի փրկութիւն: Զփառաբանարան հաստուածոյ կերպիս ի քէն եղելոյ Ամրափակ խցմամբ համրացոյց արգել հողմ բանսարկուին. Հոգիդ քո ազդեալ մեծդ ողորմութեամբ, Ըստ Աւետարանին բժշկեցելոյ, Հրաշափառապէս բարեգործեսցե'ս, Բանդ կենդանի, Ինձ խաւսողութիւն անսայթաքելի:
Է

Անկեալ կամ չարեաւք ի մահիճս ախտից ընկողնոց մեղաց, Դի կենդանի եւ խաւսուն մեռեալ. Կարեկցեալ իմումս թշուառութեան ողբականաւք քքուանաց ձայնից, Ո'վ բարերար Որդի Աստուծոյ, Աւրհնաբանեալ աչացդ ցաւղով վերականգնեսցե'ս ի կենդանութիւն` Իբր զսիրելին ի յանշնչական մեռելութենէ: Ստոյգ դառնացողս ի գբի մեղաց կամ տարակուսեալ. Ձեռն մատուցեալ, արեւ անստուեր, Որդի բարձրելոյ. Հանցե'ս զիս ի լոյս քումդ նշուլից:
Ը

Ընդ աղիողորմ թշուառութեան կականման ձայնի Այրւոյն ի Նային` մաւր միամաւրին, Տատանմամբ մատանցն, կոծմամբ կրծիցն, Հոսմամբ արտասուացն, տուայտանաւք տխրութեամբ դիմացն Եւ ես պաղատիմ վերջին հեծութեամբս` Տո'ւր յուսահատելոյս զքաջալերութիւն մխիթարութեան գթած քո բանիդ Ասելով եւ ինձ, գովեալդ բարի ստեղծիչ աշխարհի, Թէ` Մի' լար, գերի, բազմաց ողբալի, Որով ընդ պատանւոյն կենդանացելոյ` ի վշտացելոյ` ծնաւղին սփոփանս, Զամենապարտ ոգիս ընկալայց ի քէն` ընդ նմին կրկին նորոգեալ: 
Թ

Ընդ այսակիր անզգայելոցն, դիւալլուկ եւ քարակոշկոճ, Հեղձամղձուկ, եղկելի անձանցն, քստմնելի, գիսախռիւ հերացն, Վայրեներես բանդագուշելոցն, ի քէն ողորմեալ, Փրկիչ բոլորից, իբրեւ զնոսին առ քեզ դիմեցից` Հերքեալ մերժեսցե'ս զգունդս չարացն ապականողաց ի քո խորանէս, Զի ժամանեալ Հոգիդ քո բարի` այսրէն հանգիցէ, Լցեալ զմարմինս մաքրութեամբ շնչոյս, զգեցմամբ անդամոցս` Զգա'ստ արասցես զխելագարեալս ամենաթշուառ: 
Ժ

Ընդ գերեցեալ դժոխաբնակաց վտարանդելոց հոգւոցն արգելեալ` Կամ ի վտանգի. Զճառագայթ ողորմութեան փառաց քոց ծագեալ, լոյսդ իմ անձկութեան, Ի կապանաց աւցտողին զերծեալ` զիս ապրեցուսցե'ս: Գաղտնորոգայթ, աներեւութերակ, վրիպակ արահետ, Գարշութեամբ մեղացս ջրգողեցեալ` Ոգւոյս կերպարան կայ ի տագնապի. Զծածկեցեալն ի տեսողութեանց զչարագործին թունիցն այտուցմունս Քո ինքնաւորդ զաւրեղութեամբ, Որդի Աստուծոյ, գթածաբար առողջացուսցե'ս: Զբազմազան տարազս ցեղիցն զանազանից ախտաւորութեանց մահացուցողաց Իւրականաւք կորստեան բերիւք, դժնդակարմատն շառաւիղաւք, Հաստատեցելովք ի յանդաստանի անաւրէն մարմնոյս, Տարակորզեսցե'ս ի ձեռն ձեռինդ ամենակալի, Որ արաւրադրեալ միշտ եւ մշակես զսահմանս հոգւոց` Առ բանիդ կենաց արդիւնատրութիւն: 
ԺԱ

Եւ քանզի անցաւ ըստ նմանութեան աւրինակութեանց Յանցուածոցս վէր, ըստ ճարակողն քաղցկեղի, Առ բնաւ անդամս մասնաւորեալ զախտին տարածումն, Չիք սպեղանի, իբր Իսրայելի, Առ անչափութիւն խարանացն մատուցանել. Ի խարսխաց բարձիցս մինչեւ ցափն կառուցման լրութեան անդամոցս Չէ առողջութիւն, այլ ամենեւին անբժշկութիւն: Իսկ դու, ողորմած, բարերար, աւրհնեալ Եւ երկայնամիտ թագաւոր անմահ, Լո'ւր պաղատանացս արգահատութեան սրտիս վտանգի, Որ կարդամս առ քեզ, Տէր, ի նեղութեան:
Ա

Արդ, ես ծնունդս մեղքի և մահացու երկունքի որդիս, Արդարև պարտավոր եմ մի օրվա մեջ բյուր քանքարների տույժը հատուցել: Սակայն ոչ թե մարդկային մտքի փոքրության համեմատ եմ ես ներումն հայցում, Այլ փրկչիդ` Հիսուս Քրիստոսի աննվազելի լիության չափով եմ պաղատում մարդասիրություն: Չկայի երբեմն, և ստեղծեցիր, Ես չաղաչեցի, և դու գոյացրիր, Դեռ աշխարհ չեկած` տեսար դու ինձ, Չէի հայտնվել, և դու գթացիր, Չէի խնդրել ես` խնամարկեցիր, Չէի բարձրացրել ձեռքս` նայեցիր, Չէի պաղատել` և ողորմեցիր, Չէի ձայն հանել, և դու լսեցիր, Չէի հառաչել` և ունկնդրեցիր, Գիտեիր, թե ինչ կպատահի ինձ, և չանտեսեցիր, Նախատես աչքով քո նկատեցիր չարագործությունը պատժապարտիս և հորինեցիր ինձ: 
Բ 

 Եվ արդ, ես, որ քո ստեղծածն եմ, քեզանով փրկված Եվ այնքան խնամոտ սիրովդ հոգացված,– Արա՛ դու այնպես, որ չարահնար մեղքերի հարվածն ինձ դեպի կորուստ չտանի իսպառ: Թող համառության մառախուղը իմ` քո ներողության լույսին չհաղթի, Եվ ոչ էլ սրտիս կարծրությունը` քո երկայնամիտ համբերությանը, Եվ կամ մսեղեն այս մահկանացուն` քո լրությանն ամենակատար, Ոչ էլ նյութեղեն տկարությունս իմ` քո բարձրությանն անպարտելի:  
Գ

Ահա՛, կարկամած բազուկն իմ հոգու կարկառում եմ ես քո անվամբ, հզո՛ր, Արա՛ այն առողջ, ինչպես էր առաջ, Երբ դրախտի փափկության մեջ կենաց պտուղն էի քաղում ես: Ախտավոր կնոջ նման կաշկանդված, գոսացած ձեռքով, Գլխիկոր, շվար և անուղղելի մեղքերով կքած թշվառ իմ հոգին Սատանայական ամուր կապանքով ակնկոր, ահա՛, Չի նայում վերև, որ քո երկնայնոց ողջույնը չառնե: Խոնարհվիր վրաս, միայն ողորմած, և բարձրացրու ինձ` Գետնահար ընկած ծառիս բանավոր. Բարեվայելուչ կյանքով վերստին ծաղկեցրու չորացյալիս, Ըստ աստվածաբանության սուրբ մարգարեի:
 Դ

 Ինչպես ի ծնե լուսազուրկ մի կույր` չունեմ տեսողություն, Որ կարողանամ տեսնել Արարչիդ դեմքն ու պաղատեմ, Հզո՛ր բարեգութ, դու միայն պաշտպան, Քո անճառ սիրո հոգածու, ակնարկն ինձ դարձընելով` Շնչավոր, խոսուն քո անոթի մեջ անէությունից լո՜ւյս գոյացրու դու: Տասներկու տարվա ախտով տառապած, տանջահար, տխուր Կնոջ նման ես մեղքի արյան մեջ ողողվում եմ, տե՛ս. Անմատույց լույսով քո պարածածկված` նայիր բարձունքից, Ուր չկա քղանցք ձեռագործ վերարկուի, որին ես դիպչեմ, Բայց ամենուրեք տարածված են քո հրաշքներն հզոր: 
Ե

 Մեղսոտ կնոջ պես պատժապարտս ես Օծման յուղով չէ, որ մոտենում եմ կենսաձիր ոտքիդ, Հները մի ժամանակ երկինքը նմանեցրել են մի մեծ վարագույրի, վրանի և նույնիսկ պատմուճանի կամ վերարկուի: Կաթիլներն աչքիս գլխիս վարսերով բերելով ընծա, Այլ հավատս անբիծ` իմ բազուկների վերամբարձումով, ստույգ դավանմամբ, Հոգու ողջույնով և փակ շուրթերով երկրպագելով: Եվ աղբերահոս արցունքներիս հետ խառնելով նաև հեծեծանք, ահա՛, Բժշկություն եմ աղերսում հոգուս: 
Զ 

 Գոյությունն հոգուս` մեղկությամբ լուծված և քայքայված է մեղքերով համակ, Եվ մարմնիս շինվածքը իրենց վրա վերցնող ոտքերս, Որոնք քայլում են կաղալով տխեղծ ու խիստ անհաստատ, Եվ որոնց չարը արգելք է լինում մտնելու ուղիղ– Դեպի կենսաթիռ պտղաբեր ծառը տանող ճամփի մեջ,– Զորացրո՛ւ դարձյալ, ո՜վ ամենազոր, քանզի դո՛ւ միայն կարող ես փրկել: Քո ստեղծած լեզուս, որով քեզ էի փառաբանում միշտ, Ամրափակ խցմամբ կապեց, համրացրեց հողմը բանսարկուի: Զգայուն հոգուդ մեծ ողորմությամբ, Ինչպես բուժեցիր Ավետարանում հիշատակվածին, Հրաշափառորեն շնորհիր և ի՛նձ Բանդ կենդանի, Որպեսզի ես էլ խոսեմ անսայթաք: 
Է

Ախտով վարակված` մեղքի մահիճն եմ ընկել ես, ինչպես կենդանի մեռյալ. Ի լուր ողբագին հեծեծանքներիս և թշվառությանն իմ կարեկցելով, Ո՜վ դու բարերար Որդի Աստուծո, Քո օրհնաբանված աչքերի ցողով ինձ ոտքի՛ հանիր կրկին կենդանի, Ինչպես սիրելուդ` անշարժ ու անշունչ մեռելությունից: Ստույգ անօրեն եմ տարակուսյալ` մեղքի գուբն ընկած. Ձեռքըդ ինձ տալով, արև՜ անստվեր, Որդիդ բարձրյալի, Քո ճաճանչափայլ լույսի՛ն հանիր ինձ: 
 Ը 

Ինչպես աղեխարշ թշվառ ճիչերով, մատների տխուր տատանումներով Կուրծքը ծեծելով, արցունք թափելով, տխրամած դեմքի տվայտանքներով Իր միամորիկ որդուն ողբացող Նայինի այրին Ես էլ սրտագին, սաստիկ հեծությամբ պաղատում եմ քեզ, Տո՛ւր հուսահատիս քաջալերություն քո մխիթարիչ և գթոտ խոսքով, Ասելով և ինձ, ո՜վ բարեբանյալ ստեղծիչ աշխարհի, Թե` «Մի՛ լար` այդպես սաստիկ ողբալիե. Որպեսզի կրկին կենդանացած այն պատանու հետ, Որ սփոփեց վիշտն իրեն ծնող մոր, Ես էլ քեզանով իմ ամենապարտ հոգին ընդունեմ վերանորոգված: 
Թ

Այսահարությամբ անզգայացած, դիվալլուկ ու քարակոշկոճ, Հեղձամղձուկ ու եղկելի, քստմնելի, գիսախռիվ մազերով, Վայրենադեմ ու ցնորամիտ մարդկանց հետ, որոնց դու ողորմեցիր Ես էլ նրանց պես քեզ պիտի դիմեմ, ամենափրկի՛չ: Հեռու դու վանիր ապականարար գնդերը չարի մարմնիս խորանից, Որպեսզի հասնի հոգին քո բարի և հանգստանա այնտեղ վերստին, Եվ մաքուր շնչով լցնելով մարմինս ու անդամներս` Զգաստացնես ինձ` խելագարվածիս ամենաթշվառ: 
Ժ

 Դժոխաբնակ և վտարանդի հոգիների հետ գերված` նաև ես Արգելափակված տառապում եմ խիստ: Փառահեղ ճառագայթը քո ողորմության, լույսդ իմ անձկալի, Ծագելով վրաս` ինձ պառակտիչի կապերից փրկիր: Վհատ կերպարանք է առել հոգիս, Որ գաղտնորոգայթ և աներևույթ արահետներում մոլորաթափառ` Գարշ իմ մեղքերով է հիվանդացած: Իմ` չարագործի թույնից գոյացած այտուցքներն անտես, Որդի՛ Աստուծո, Քեզ միայն հատուկ քո կարողությամբ առողջացրու դու գթասիրաբար: Զանազանակերպ և բազմատեսակ ախտերն մահացու, Որոնցից ամեն մեկն իր առանձին արդյունքն ունի, Եվ որ ժանտարմատ շառավիղներով հաստատված են մեր անօրեն մարմնի մեղկ անդաստանում, Ամենակալի քո ձեռքով թող որ կորզե՜ս արմատից, Դու, որ արորով` մեր հոգիների դաշտերն անոպա մշակում ես միշտ, Որպեսզի կենաց քո խոսքը հավետ արդյունավորվի: 
 ժԱ

 Եվ քանզի ճարակող քաղցկեղի նման Հանցանքներիս վերքն այս իմ բերած օրինակները գերազանցեց, Եվ ախտն ամբողջովին անդամներիս մեջ տարածվեց,– Չիք սպեղանի, ինչպես Իսրայելին, որ դրվի անչափ իմ խարանների վրա, Ազդրերիս խարսխից մինչև ծայրն իմ անդամների կառուցվածքի Չի մնացել մի տեղ լիովին առողջ և բժշկելի: Իսկ դու, ողորմա՜ծ, բարերար, օրհնյալ և երկայնամիտ թագավոր անմահ, Լսիր վշտահար սրտիս խղճալի պաղատանքներն այս, Որ դառնահառաչ քեզ եմ ուղերձում իմ նեղության մեջ, Տե՛ր ամենակալ: Այսինքն` ոտքից մինչև գլուխ:

Աղոթի՛ր ընկերներիդ հետ