ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ - ԲԱՆ Խ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա  
Ամենակալ Աստուած բարերար, ստեղծիչ բոլորից,
Լո'ւր հառաչանաց ձայնիս վտանգի
Եւ յերկիւղէ տագնապի ապագայիցն կարծեաց
Փրկեա' կարող զաւրութեամբ` զերծեալ ի պարտեաց,
Քանզի բաւական ես յամենայնի առ ամենայն հնարս զաւրանալ`
Անբաւ մեծութեամբ եւ իմաստութեամբ անսահմանելեաւ: 

Բ 
Եւ քանզի ուշիւ մտացս տեսեալ ի հեռուստ
Զհանդերձելոցն հանդէս ահաւորափայլ,
Նկատեմ ինձէն աստանաւր կանխաւ
Զտիւն լուսոյ` սրբոցն յուսոյ,
Զաւրն խաւարի` պատժապարտիս պատուհասի,
Ուստի ոչ զաւրէ ոք յէիցս առ պատսպարան փախստեան`
Ո'չ անդունդք խորոց, ո'չ գեհք վհից,
Ո'չ բարձրութիւնք լերանց, ո'չ անձաւք քարանց,
Ո'չ կարծրութիւնք արձանաց, ո'չ ծերպք ծակաց,
Ո'չ փապարք փոսից, ո'չ սորք հեղեղաց,
Ո'չ բաւիղք խորշից, ո'չ շտեմարանք յարկաց,
Ո'չ ծածկութիւնք սենեկաց, ո'չ եմակք հովտաց,
Ո'չ ծործորք դժուարաց, ո'չ վերադրութիւնք բլրոց,
Ո'չ արձակմունք շնչոց, ո'չ անբաւութիւնք ծովուց,
Ո'չ սահանք յորձանաց, ո'չ հեռաւորութիւնք եզերաց,
Ո'չ ողբմունք ձայնից, ո'չ հեղեղք արտասուաց,
Ո'չ տատանմունք մատանց, ո'չ համբարձմունք ձեռաց,
Ո'չ պաղատանք շրթանց, ո'չ աղաչանք լեզուաց:
Այսոցիկ սաստկութեանց մասանց անճողոպրելեաց
Դու ես, Տէր Քրիստոս, հնարք եւ դադարք
Դիւրութեան եւ անդորրութեան` փրկութեան ամենամեղս հոգւոյ: 

Գ 
Արդ, հայեա' ի յանզերծ վտանգիցս շրջադրութիւն,
Միայնդ քաղցր առ ամենեսեան:
Խզեա' սուսերաւ յաղթական կենազէն խաչիդ զցանցս վարմիս,
Որ յամենայն կայից պաշարեն ի մահ զգերիս,
Եւ հա'ն ի յանդորր զոտս սասանեալ թիւր ընթացողիս,
Բժշկեա' զհրատապ ջերմնական տոչորումն մղձկեալ սրտիս,
Մերժեա' զդիւային չարահնարութեանս շշուկ` քո պարտաւորիս,
Հալածեա' զյուսահատ անձկութեան հոգւոյս մթութիւն չարի կենակցիս,
Ցրուեա' զծխամած թանձրութիւն բռնութեան մեղացս երեւոյթ մտելոյս ի յիս,
Կորո' զզազիր, թխատիպ կրիցս ապականութեանս կարիս,
Նորոգեա' զպատկեր լուսոյ պաշտեցեալ փառաց մեծութեան անուան հզաւրիդ` յոգիս,
Զաւրացո' զշնորհիդ փայլումն ի գեղ դիմացս եւ ի կերպարան տեսութեան մտացս հողեղինիս,
Յարմար յերիւրմամբ կացո' յարդարեալ, որ զքոյդ բերէ նկատումն` նշողազարդ մաքրութեամբ զտեալ զմռայլս մեղաւորիս,
Աստուածային կենդանի, անեղծ, երկնաւոր լուսով քո ծածկեալ յաւրինակս երիս:
Զի դու միայն ես աւրհնեալ ընդ Հաւր`
Ի գովեստ Հոգւոյդ Սրբոյ յաւիտեանս յաւիտենից:
Ամէն: 

Ա 
Ամենակալ Աստված բարերար, ստեղծո՛ղ 
բոլորի, 
Ունկնդրի՛ր հառաչանքներիս ձայնին 
տագնապահույզ. 
Եվ ինձ ապագա կասկածանքների 
երկյուղից փրկի՛ր, 
Կարող զորությամբդ ինձ ազատելով 
մեղքի պարտքերից, 
Քանզի քո անբավ մեծությամբ և 
իմաստությամբ անհուն` 
Հնարավոր է քեզ մոտ ամեն ինչ: 

Բ 
Եվ քանզի հեռվից տեսնելով հոգուս 
աչքերով ահա՛ 
Ահավորափայլ հանդեսը քո հանդերձյալ 
դատաստանի, Նկատում եմ ես արդեն կանխապես 
Ցերեկը լուսավոր ու հուսալից` սրբերի համար, 
Եվ օրը խավար` պատժապարտիս 
պատուհասի համար, 
Ուստի և չկա ոչինչ, որ լինի փախուստիս 
համար ապաստանարան. 
Ո՛չ անդունդները խորունկ և ո՛չ վիհերն 
անտակ, 
Ո՛չ լեռները բարձրաբերձ և ո՛չ 
քարանձավները, 
Ո՛չ ժայռերը կարծրակուռ, ո՛չ էլ ծործոր ու 
ծերպ, 
Ո՛չ փապարները փոսավոր և ո՛չ հոսանքը 
հեղեղների, 
Ո՛չ բավիղները խորշերի, ո՛չ 
շտեմարանները հարկերի, 
Ո՛չ թաքստոցները սենյակների, ո՛չ էլ 
ծմակները հովիտների, 
Ո՛չ ծործորները դժվարանց, ո՛չ բլուրները 
բազմակուտակ. 
Ո՛չ քամիները մեծաշունչ, և ո՛չ ծովերն անծայր, 
Ո՛չ հորձանքները սահանքների, և ո՛չ ափերը հեռավոր, 
Ո՛չ ողբերի ձայները և ո՛չ հեղեղներն արցունքի, 
Ո՛չ շարժումը մատների, ո՛չ ձեռքերը 
վերամբարձ 
Եվ ոչ էլ պաղատանքը շրթունքների: 

Գ 
Այս բոլորից` սաստկագույն և անճողոպրելի` 
Դո՛ւ միայն, Քրիստոս, կարող ես փրկել 
բազմամեղ հոգիս, 
Քո անդորրությամբ և քո դյուրությամբ 
ամենահնար: 
Ուստի և նայի՛ր ինձ շրջապատող 
վտանգներին անզերծանելի, 
Դո՛ւ միայն քաղցրդ բոլորի հանդեպ. 
Կենազեն խաչիդ հաղթական սրով 
կտրատի՛ր բոլոր ցանցերը վարմիս, 
Որոնք ամենուստ պաշարել են ինձ մահու 
գերյալիս, 
Տո՛ւր հանգստություն սասանյալ ոտքին 
թյուր ընթացողիս. 
Բուժի՛ր հրատապ ջերմին տոչորումն մղձկյալ սրտիս, 
Մերժի՛ր դիվային և չարահնար շշուկները 
իմ` քեզ պարտավորիս. 
Հալածի՛ր անհույս մթությունն հոգու` 
չարին կենակցիս. 
Ցրի՛ր ծխամած թանձրությունները 
բռնավոր մեղքերիս. 
Կորցրո՛ւ ապական ցանկությունները 
զազիր կրքերիս. 
Նորոգի՛ր մեծիդ անվան պաշտելի փառքի 
լուսեղեն պատկերն ի հոգիս. 
Զորացրո՛ւ շնորհիդ փայլը շողշողուն 
որպես շուք դեմքիս, 
Մտատեսության ընդունակություն տուր 
հողեղենիս, 
Հարմար հորինմամբ վերահարդարիր, որ 
տեսնի քեզ պարզ` 
Լուսազարդ մաքրությամբ զտելով մռայլը 
մեղավորիս, 
Աստվածային կենդանի, անեղծ, 
երկնավոր լույսովդ ծածկելով երեք 
պատկերներն անձիս: 
Զի դու ես միայն օրհնյալ Հորդ հետ ի 
գովեստ Սուրբ Հոգուդ Հավիտյանս հավիտենից. ամեն: 

Աղոթի՛ր ընկերներիդ հետ