ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ - ԲԱՆ ԽԳ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա 
Բժշկական կրթականութեան ամենափորձ հնարաւորութեամբ
Պատճառ կենաց անախտականաց,
Թագաւոր զաւրաւոր, երկնաւոր, Տէր Յիսուս Քրիստոս,
Աստուած ամենեցուն` իմանալեաց եւ տեսականաց,
Ահա դու ի յիս, ըստ մարգարէին,
Որ ընդ ասելոյն` նոր կցորդութեան,
Առ որ բարեզարդ դաշամբք այս բանի ընդ քեզ միութեան,
Լուսաւորեցայց` կրկին ողջացեալ շնչով եւ մարմնով,
Ամենայնիւ կարող եւ անվանելի: 

Բ
Որ ոչ կարաւտանաս սպեղանեաց,
Առ պատրաստութիւն պատանաց հոգեկան վիրաց,
Ո'չ ժամանակի, ո'չ միջնորդի,
Ո'չ աւուրց երկարաձգութեան,
Ո'չ փոփոխս մատուցանելոյ,
Ո'չ հատման, ո'չ խարման, ո'չ սրագործութեան`
Ըստ երկրաւորս դեղատուութեան,
Առ որս միշտ է վրիպութիւն
Եւ ամենասխալ տարակուսութիւն:
Այլ քեզ` արարչիդ հոգւոց եւ մարմնոց
Ամենայն ինչ լուսաւորեալ է,
Ամենայն ինչ առաջի է,
Ամենայն ինչ գրեալ է,
Ամենայն ինչ դիւրին է,
Համայնն հնարաւոր է,
Իմաստն գլխաւորեալ է,
Խոստումն լցեալ է,
Կամելն կատարեալ է,
Քո կտակն աւետարան է,
Քո վճիռն ազատութիւն է,
Քո մատեանն շնորհ է:
Ոչ փակեալ ես ընդ աւրինաւք,
Ոչ պարունակեալ ես ընդ կանոնաւ,
Ոչ արգելեալ` ընդ նուազութեամբ,
Ոչ խոնարհեալ` ընդ հնազանդութեամբ,
Ոչ պարագրեալ` ընդ փոքրկութեամբ,
Ոչ չափեալ ես ընդ սահմանաւ,
Ոչ վրիպեալ` ի բարկութենէ,
Ոչ այլայլեալ ինչ` ի ցասմանէ,
Ոչ սխալեալ` ի խստութենէ,
Ոչ ամբոխեալ` ի խռովութենէ,
Ոչ դղրդեալ` յանգիտութենէ,
Ոչ փոփոխեալ` յողորմութենէ,
Ոչ պակասեալ` ի բարձրութենէ,
Ոչ լքեալ` յայցելութենէ,
Ոչ տկարացեալ` ի փրկութենէ:
Դու սկիզբն եւ լրումն ամենայնի,
Եւ ի քէն է ամենայն,
Եւ քեզ փա՜ռք եւ երկրպագութիւն յաւիտեանս: Ամէն: 

Ա 
Բժշկության հմտության ամենափորձված 
հնարավորությամբ 
Անախտական կյանքի դու պատճառ, 
երկնային զորեղ թագավոր` Տե՜ր 
Հիսուս Քրիստոս, 
Աստված` իմանալիների բոլոր և 
տեսանելիների: 
Ահա՛ իմ մեջ ես դու, ինչպես մագարեն է 
ասում, նոր կցորդությամբ, 
Ուստի և ես միացած քեզ հետ խոսքի 
դաշինքով այս բարեզարդ` 
Թո՛ղ լուսավորվեմ կրկին ողջացած` շնչով 
ու մարմնով, 
Ըստ ամենայնի կարող և անդրդվելի: 

Բ 
Սպեղանիների կարիք չես զգում դու Հոգուս վերքերին փաթաթաններ 
պատրաստելու համար, 
Ո՛չ ժամանակի, ո՛չ միջնորդի և ո՛չ էլ 
երկարաձիգ օրերի, 
Ո՛չ փոփոխական դեղեր տալու և ո՛չ 
անդամահատման, 
Ո՛չ էլ խարելու, վիրահատության. 
Եվ այլ երկրավոր դարմանումների, 
Որոնք ենթակա են հաճախ վրիպանքի և 
ամենասխալ տարակուսության: 
Բայց քեզ` հոգիների և մարմինների 
Արարչիդ 
Ամենայն ինչ լուսավոր է, ամենայն ինչ 
ակներև, 
Ամեն ինչ գրված, ամեն ինչ դյուրին և 
հնարավոր, 
Խորհուրդը գլխավորված է, խոստումը 
լցված, կամքը կատարված, 
Քո կտակն Ավետարան է, քո վճիռն` 
ազատություն, մատյանդ` շնորհ: 
Չես կաշկանդված դու օրենքներով, ոչ էլ 
կանոններով շրջափակված. 
Արգելակված չես նվաստությամբ, ոչ էլ 
հպատակությամբ խոնարհված. Չես պարփակված փոքրկությամբ, ոչ էլ 
սահմաններով չափված. 
Չես վրիպած բարությունից, ոչ էլ 
ցասումից այլայլված. 
Չես սխալված խստությունից, ոչ էլ 
խռովությունից վրդովված. 
Չես դղրդված անգիտությունից, ոչ էլ 
ողորմությունից` փոփոխված. 
Չես իջել բարձրությունից, ոչ էլ 
օգնությունից ընկրկած, 
Ոչ էլ փրկությունից տկարացած: 
Սկիզբն ու լրումն ես դու ամեն ինչի, և 
ամենայն ինչ քեզանից է: 
Փա՜ռք քեզ և երկրպագություն 
հավիտյանս. ամեն: 

Աղոթի՛ր ընկերներիդ հետ