ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ - ԲԱՆ ԽԲ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա 
Տէր Աստուած գթութեան, փրկութեան եւ ողորմութեան,
Քաւութեան եւ նորոգութեան, բժշկութեան եւ առողջութեան,
Լուսաւորութեան եւ կենդանութեան, յարութեան եւ անմահութեան,
Յիշեա' զիս, յորժամ գայցես արքայութեամբ քո,
Ահաւոր, հզաւր, բարերար եւ ամենաստեղծ,
Կենդանի, գովեալ, ամենակատար,
Մերձ ի հեծութիւն համայն եղելոց:
Ընդ խաչեցելոյն ընդ քեզ պաղատիմ,
Որ ո'չ ըմբռնեալ վասն քո եւ ո'չ կապեցեալ,
Ո'չ կախեալ եւ ո'չ բեւեռեալ,
Ո'չ կռփեալ յանուն մեծիդ եւ ո'չ անարգեալ,
Ո'չ լլկեալ եւ ո'չ նշկահեալ,
Ո'չ խորտակեալ եւ ո'չ մահացեալ,
Եւ արքայութեանն` արդարոց մասին
Անձկալեաց լուսոյ արժանի ցուցեալ,
Իրաւամբք ուխտի երդմնականաւ Ամէնիւն
Ազդեալ զանփոփոխութիւն բարեացն տուելոց`
Փառաւորեցեր առ յոյս փրկութեան իսպառ լքելոյս: 

Բ 
Աւրհնեա՜լ, աւրհնեա՜լ եւ դարձեալ աւրհնեա՜լ,
Եւ զիս ընկալեալ նովին հաւատովք`
Կանգնեա' ի կործանմանէս, բարերար,
Բժշկեա' ի հիւանդութեանցս ախտից, ողորմած,
Յեզերաց մահուս դարձո' զիս ի կեանս, կենդանութիւն,
Քո եմ եւ ես, կեցո' ընդ նմին, ապաւինութիւն,
Անձամբ մեռելոյս կենդանական շո'ւնչ ընծայեցո, յարութիւն,
Կեանք, անմահութիւն, անպակաս բարութիւն,
Անսպառ շնորհ, անփոփոխ ներողութիւն,
Աջ ամենազաւր, ձեռն ամէնիշխան, մատն ամենամերձ:
Կամեա'ց, Տէր, եւ փրկեցայց,
Ակնարկեա' միայն գթութեամբ` եւ արդարացայց,
Ասա' բանիւ` եւ վաղվաղակի անարատ գտայց,
Մոռացի'ր զթիւս չարեացն` եւ անդստին համարձակեցայց,
Առատաձեռնեա'` եւ արդէն ի քեզ իսկ պատուաստեցայց,
Փառաւորեալդ յամենայնի յաւիտեանս: Ամէն: 

Ա 
Տե՜ր Աստված գթության, փրկության և 
ողորմության, 
Քավության և նորոգության, բժշկության և 
առողջության, 
Լուսավորության և կենդանության, 
հարության և անմահության, 
Հիշի՛ր ինձ, երբ գաս քո արքայությամբ, 
Ահավոր, հզոր, բարերար և ամենաստեղծ, 
Կենդանի, գովյալ, ամենակատար 
Եվ մերձ համորեն արարածների հեծություններին: 
Ես էլ եմ ահա՛ պաղատում քեզ խաչակցիդ հետ, 
Որը քեզ համար ո՛չ բռնված էր և ո՛չ էլ կապված, 
Ո՛չ կախված և ո՛չ բևեռված, 
Ո՛չ խոշտանգված էր մեծիդ անունով և ո՛չ 
անարգված, Ո՛չ լլկված և ո՛չ արհամարհված, 
Ո՛չ խորտակված և ո՛չ մահացած, 
Այլ արքայությանը` արդարների համար 
պահված լույսին արժանի համարված: 
Եվ դու հաստատուն ուխտի խոստումով 
«Ամենե-ի երդմամբ, 
Հայտնելով տրված բարիքների անփոփոխությունը, 
Փառավորեցիր նրան և փրկության հույս 
ներշնչեցիր ինձ` իսպառ լքվածիս: 

Բ 
Օրհնյա՜լ, օրհնյա՜լ և դարձյալ օրհնյալ, 
Ընդունելով և ինձ նույն հավատքով` 
Փրկի՛ր կործանումից և բաձրացրո՛ւ, ո՜վ 
բարերար. 
Բժշկիր հիվանդությունների ախտերից, 
ողորմա՜ծ. 
Մահվան եզերքից ինձ կյանքին դարձրու, 
ո՜վ կենդանություն. 
Քոնն եմ նաև ես, ուստի նրա հետ 
ապրեցրո՛ւ և ինձ, ապավինությո՜ւն. 
Կենդանության շունչ ընծայիր դու ինձ` հոգով մեռածիս, 
Հարությո՜ւն, դու կյանք և անմահություն, 
Անպակաս բարություն, անսպառ շնորհ, 
անփոփոխ ներողություն, 
Աջ ամենազոր, ձեռք ամենիշխան, մատ 
ամենամերձ: 
Կամեցիր դու, Տեր, և պիտի փրկվեմ. 
Ակնարկիր միայն գթությամբ, և պիտի 
արդարանամ. 
Ասա՛ դու խոսքով, և իսկույն պիտի 
դառնամ անարատ: 
Մոռացի՛ր թիվը իմ չարիքների` 
Եվ անմիջապես համարձակություն պիտի 
առնեմ ես. 
Առատաձեռնի՛ր, և շուտով պիտի 
պատվաստվեմ քո մեջ, 
Փառավորյալդ ամեն ինչի մեջ 
հավիտյանս. ամեն: 



Աղոթի՛ր ընկերներիդ հետ