ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ - ԲԱՆ ԽԱ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա 
Որդի Աստուծոյ կենդանւոյ, աւրհնեալ յամենայնի,
Հաւրդ ահաւորի անքնին ծնունդ,
Որ տկարանայ առ ի քէն եւ ոչ ինչ,
Որ ի ծագել անստուեր նշողից ողորմութեան քո փառաց
Հալին մեղք, հալածին դեւք, ջնջին յանցանք,
Խզին կապանք, խորտակին շղթայք,
Կենդանածնին մահացեալք, բժշկին հարուածք,
Ողջանան վէրք, բառնին ապականութիւնք,
Տեղի տան տխրութիւնք, նահանջին հեծութիւնք,
Փախնու խաւարն, մեկնի մէգն,
Մերժի մառախուղն, փարատի մռայլն,
Սպառի աղջամուղջն, վերանայ մութն, գնայ գիշերն,
Տարագրի տագնապն, չքանան չարիքն, հալածին յուսահատութիւնքն,
Եւ թագաւորէ ձեռն քո ամենակար, քաւիչդ ամենայնի: 

Բ
Որ ոչ եկիր կորուսանել զմարդկան ոգիս, այլ կեցուցանել,
Թո'ղ ինձ զանթիւ չարիսն իմ բազում ողորմութեամբդ,
Զի դու միայն ես յերկնի անճառ եւ յերկրի անզնին,
Ի տարր գոյի եւ յեզրս ծագաց աշխարհի,
Սկիզբն ամենայնի եւ յամենայնի ամենայն լրմամբ, աւրհնեալ ի բարձունս:
Եւ քեզ ընդ Հաւր եւ Հոգւոյդ Սրբոյ փա՜ռք յաւիտեանս: Ամէն: 

Ա 
Որդի՛ կենդանի Աստուծո, ամենաօրհնյա՛լ, 
Անքնին ծնունդ դու ահավոր Հոր, 
Քեզ համար չկա ոչինչ անհնար ու անկարելի: 
Երբ ողորմությանդ փառքի անստվեր 
ճաճանչները ծագեն, 
Կհալվեն մեղքերը, կհալածվեն դևերն ու 
կջնջվեն հանցանքները, 
Կխզվեն կապանքները, կխորտակվեն 
շղթաները, 
Կկենդանանան մեռյալները, կբուժվեն 
զարկվածները, 
Եվ վերքերը կառողջանան. Կվերանան ապականությունները, տեղի 
կտան տխրությունները, 
Կնահանջեն հեծությունները, կփախչի 
խավարն, ու մեգը կմեկնի, 
Կցրվի մառախուղն, ու մռայլը կփարատվի. 
Կսպառվի աղջամուղջը, կվերանա մութն, 
ու գիշերը կանցնի, 
Տագնապը կտարագրվի, կչքանան չարիքները, 
Հուսահատությունները կհալածվեն, 
Եվ կթագավորի քո ձեռքն ամենակարող, 
քավի՛չդ բոլորի: 

Բ 
Դու չեկար կորցնելու մարդկանց 
հոգիներն, այլ ազատելու. 
Ների՛ր ինձ անթիվ չարիքներս` քո բազում 
ողորմությամբ, 
Զի դու միայն ես երկնքում անճառ և 
երկրում` անզնին, 
Գոյության տարրերի մեջ և աշխարհի 
բոլոր ծագերում, 
Սկիզբն ամեն ինչի, և ամեն ինչի մեջ` ամբողջ լրումով, 
Օրհնյա՜լ ի բարձունս. 
Եվ քեզ` Հոր ու Սուրբ Հոգուդ 
հետ` փա՜ռք հավիտյանս. ամեն: 


Աղոթի՛ր ընկերներիդ հետ