ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ - ԲԱՆ Ե

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա 
Եւ արդ, ես` երկրածինս մարդ,
Կենցաղականաւ անկայուն գոյիւս զբաղեալ
Եւ յիմարութեամբ պատրողականաւ գինեաւս թմբրեալ,
Որ ամենայնիւ ստեմ եւ ոչ միով իւիք ճշմարտեմ,
Քանզի որո՞վք դիմաւք վերագրեցելովք նշանակաւք աղարտեցելովք
Յանդգնեցայց լինել յանդիման քում դատաստանիդ, ո'վ իրաւադատ,
Ահաւոր, անճառ, անպատում, հզաւր, Աստուած բոլորից:
Քանզի դասեալ աստստին ի սոյն
Զապերախտութիւն մեղուցեալ անձինս առ քումդ երախտիս`
Ցուցից զիրաւունս քո` միշտ զաւրացեալ,
Եւ զանիրաւութիւնս իմ` յաւէտ պարտաւորեալ: 



Բ 
Որ արարեր զիս ի քո պատկեր պանծալի`
Ի ձեռն վեհիդ տպաւորութեան զտկարս աւժանդակելով,
Զարդարեցեր բանիւ, փայլեցուցեր փչմամբ,
Մտաւք ճոխացուցեր, իմաստիւք աճեցուցեր,
Հանճարով հաստատեցեր, ի շնչականացն որոշեցեր,
Հոգւով իմանալեաւ խառնեցեր,
Իշխանականին գոյիւ պճնեցեր,
Ծնար հայրաբար, սնուցեր դայեկապէս, տածեր ստացողապէս,
Տնկեցեր զամբարիշտս ի քումդ գաւթի,
Ջրովն կենաց ոռոգեցեր,
Աւազանին ցաւղով մաքրեցեր,
Կենաց վտակաւն արմատացուցեր,
Հացիւդ երկնայնով ջամբեցեր,
Աստուածային արեամբդ արբուցեր,
Անհպիցն եւ անհասանելեացն ընտանեցուցեր,
Զաչս երկրեղէն ի քեզ համարձակեցեր,
Լուսովդ փառաց վերածածկեցեր,
Զհողանիւթ մատունս անմաքուր ձեռացս ի քեզ մատուցեր,
Զմոխիրս անարգ, մահացու, իբր զնշոյլ լուսոյ, յարգեցեր,
ԶՀայր քո հզաւր, ահաւոր, աւրհնեալ`
Մարդասիրապէս եւ անարժանիս իմոյ անձին կնքեցեր: 

Գ 
Ո'չ կիզեր զբերանս, լցեալ նանրութեամբ, ի ժառանգակիցն կարդալ զքեզ,
Ո'չ կշտամբեցեր զյանդգնեալս ի քո կցորդութիւն,
Ո'չ ստուերացուցեր զտեսիլ աչացս ի քումդ ակնարկութիւն,
Ո'չ արգելանաւ կապանացն ընդ մահապարտացն տարագրեցեր,
Ո'չ խորտակեցեր զդաստակ բազկիս, որ անմաքրապէս առ քեզ համբառնայր,
Ո'չ մանրեցեր զոստս իմոց մատանց ի շաւշափելն զբանդ կենաց,
Ո'չ պատեցին զինեւ մառախուղք ի ձաւնելն զքեզ, ահաւոր,
Ո'չ փշրեցեր զպարս ատամանցս յըմբոշխնելն զքեզ, անսահմանելի,
Ո'չ գնացեր բարկութեամբ խոտորնակ` խոտորնակի ընդ քեզ հետեւողս,
Իբր ընդ վրիպեալ տունն Իսրայելի,
Ո'չ խայտառակեցեր ի հարսնարանիդ զանարժանս քումդ պարերգութեան,
Ո'չ ի գծուծ հանդերձին տեսիլ` զանաւրինեալս յանդիմանեցեր,
Ո'չ կապանաւք ձեռացս եւ ոտիցս յարտաքին խաւարն հալածեցեր: 

Դ 
Զայս ամենայն մասունս բարեաց
Եւ զներելոյս երկայնմտութիւն, ընկալեալ ի քէն,
Բարերար, աւրհնեալ եւ յամենայնի միշտ երկայնամիտ,
Փոխատրեցի վնասակարս պարտեաց
Անթիւ եւ բազմաւրինակ անաւրէնութիւնս մարմնականաց եւ անձնականաց,
Ամենակիր բազմածուփ խորհրդոց, յուզմանց երկրաքարշութեանց:
Զայսոսի'կ քեզ, Աստուած իմ եւ Տէր, ընդ այսքանեաց բարեաց փոխաբերեցի,
Զա'յս քեզ ինձէն հատուցի չարիս,
Ըստ մովսեսեան յանդիմանութեանն առակի,
Մոռացեալ զիմաստութիւն` սիրողս յիմարութեան,
Զա'յսց բարեաց երախտեաց կաճառս
Ընդունայնութեան գնացիւք չարաչար ունայնացուցի,
Զա'յս լուսաւորութիւն շնորհաց անճառից,
Ի բարձրելոյդ խնամոց բարդեցեալ,
Մրրկաւն խելագարութեան ցնդեցի: 

Ե 
Եւ թէպէտ բազում անգամ ծանուցար`
Կարկառմամբ ձեռին քո այցելութեան ձգել զիս առ քեզ,
Ոչ հաւանեցայ, ըստ մարգարէին, որ զԻսրայելէ ամբաստանութեան:
Եւ թէպէտ խոստացայ, դաշնաւորեցի քեզ հաճոյանալ,
Եւ ոչ ընդ այսմ սահմանաւ ուխտիւ փակեցայ,
Այլ դարձեալ զնոյն նիւթեցի չարիս,
Անդստին յոճն առաջին մատեայ,
Փշոցն մեղաց հերկեցի զանդաստան սրտիս յորոմանն արդիւնատրութիւն:
Առ իս ելանեն առածք աստուածարեալ սուրբ մարգարէիցն.
Քանզի մնացեր յինէն խաղողոյ,
Եւ ես ընդ այնորիկ փուշ շառաւիղեցի,
Դարձայ յանախորժ դառնութիւն պտղոյ` այգիս աւտարացեալ,
Բուռն հարի զանհաստատ հողմոյ,
Որովք միշտ տատանեալ` այսր անդր տարաբերիմ,
Ըստ ձայնի երանելոյն Յոբայ` ընդ ճանապարհ իմն անդարձ գնացի,
Ի վերայ աւազոյ զշինուածս յիմարութեան կառուցի:
Լայնատարր հետովք խաբեցայ կենացն անձկալեաց հասանել,
Փակեցի ինձէն զելիցն ուղեւորութիւն,
Բացի կամաւ զկորստեան խորխորատն,
Խցի զպատուհան լսելեաց իմոց` առ բանիդ կենաց ընդունելութիւն,
Կափուցի զաչաց հոգւոյս հայեցուած` առ ի զկենացն դեղ նկատել:
Ո'չ ընդոստեայ ի թմբրութեանց լքմանէ մտացս`
Ի պատգամ փողոյդ ահաւորութեան,
Ո'չ զգաստացայ ի բողոք գուժի հրափորձական աւուրն ընտրութեան,
Ո'չ երբէք զարթեայ ի նիրհմանէ քնոյն մահացուի,
Որ ի կորուստն տպաւորեալ կարապետէ,
Ո'չ ետու հանգիստ քո Հոգւոյդ ի մարմնեղէնս տաղաւարի,
Ո'չ ընդ բնութիւն շնչոյս խառնեցի զմասն շնորհաց քումդ պարգեւի,
Իմովս ձեռաւք կոչեցի կորուստ, ըստ առակողին,
Զհոգիս կենդանի մահացուցանել: 

Զ 
Եւ զի՞նչ է ինձ սակաւս եւ նուազագոյնս յաւդել
Սահմանս կսկծելիս չափաբերականս,
Մինչ անցեալ է ըստ քանակութեան եւ վրիպեալ ըստ բժշկութեան:
Արդ, քո է ընձեռել կեանս հոգւով մեռելոյս
Եւ անոխակալութեամբ մատչել առ այցելութիւն դատապարտելոյս,
Որդի Աստուծոյ կենդանւոյ, քեզ փա՜ռք յամենայնի:
Ամէն: 
Ա 
Եվ արդ, ես որ մարդ եմ երկրածին` 
Անկայուն կյանքի երևույթներով զբաղված, 
Եվ պատրող գինու հիմարությամբ արբած, 
Որ ստում եմ ամեն ինչով ու ոչ մի բանով 
ճիշտ չեմ խոսում, 
Վերոհիշյալ բոլոր ախտանիշներն իմ մեջ կրելով, 
Ես ի՞նչ երեսով հանդգնեմ կանգնել 
ատյանիդ առաջ, 
Ո՜վ արդարադատ, ահավոր անճառ, 
անպատում, հզոր Աստված բոլորի: 
Մեղանչած հոգուս ապերախտությունն 
համեմատելով երախտիքիդ հետ, 
Պիտի ցույց տամ, թե զորեղ ես դու միշտ 
իրավունքիդ մեջ, 
Եվ հանիրավի գործերովըս ես` հավետ 
պարտական: 

Բ
Դու ստեղծեցիր ինձ քո պանծալի պատկերի նման, 
Քո նմանությամբ օժանդակելով անուժ-
տկարիս: 
Խոսելու շնորհով զարդարեցիր ինձ և 
փայլեցրիր ներշնչումով
Ճոխացրիր ինձ մտքով և իմաստությամբ 
աճեցրիր, 
Հանճարով հզորացիր ինձ` մյուս 
շնչավորներից տարբերելով, 
Իմանալի Հոգով շաղեցիր ու պճնեցիր 
անձնիշխանությամբ, 
Ծնեցիր հայրաբար, սնեցիր դայակորեն, 
խնամեցիր որպես տեր, 
Տնկեցիր ամբարիշտիս քո գավթի մեջ, 
Ոռոգեցիր կենաց ջրով և ավազանի ցողով 
մաքրեցիր. 
Ու կենսատու վտակով արմատացրիր, 
Երկնային հացովդ ջամբեցիր 
Եվ արբեցրիր արյամբդ աստվածային, 
 Անհպելի և անհաս բաների ընտանեցրիր, 
Երկրային աչքիս համարձակություն 
տվեցիր նայելու քեզ, 
Եվ փառքիդ լույսով պարածածկեցիր, 
Անմաքուր ձեռքիս մատներն հողանյութ 
քեզ մոտեցրիր, 
Մահկանացու մոխիրս անարգ` հարգեցիր իբրև լույսի ճաճանչ, 
Քո Հորը հզոր, ահավոր, օրհնյալ` 
Մարդասիրաբար անարժան անձիս հայր անվանակնքեցիր: 

Գ
Նանրությամբ լցված բերանն իմ  չայրեցիր, 
Երբ ինձ ժառանգակից անվանեցի քեզ. 
Չկշտամբեցիր, երբ հանդգնեցի քեզ 
կցորդվելու: 
Չստվերացրիր աչքիս տեսողությունը, 
երբ ես հայացքս հառել էի քեզ. 
Մահապարտների հետ շղթայակապ 
չտարագրեցիր և ինձ, 
Չխորտակեցիր դաստակը բազկիս, երբ 
անմաքրապես բարձրանում էր քեզ. 
Չկոտրտեցիր մատներիս հոդերը, երբ քո 
կենաց Բանն էի շոշափում, 
Մառախուղ չպատեց շուրջս, երբ, ո՜վ 
ահավոր, պատարագ էի ձոնում քեզ
Չփշրեցիր շարքն ատամներիս, երբ 
ըմբոշխնում էի քեզ, անսահմանելի՜. 
Բարկությամբ խոտորնակ չգնացիր ինձ, 
մինչ ես խոտորնակի հետևեցի քեզ, 
Ինչպես վարվեցիր Իսրայելի տան հետ 
մոլորագնաց. 
Չխայտառակեցիր հարսնարանիդ մեջ 
ինձ` պարերգությանդ անարժանիս, 
Ոչ էլ զգեստն իմ գծուծ տեսնելով 
հանդիմանեցիր անօրենիս, 
Կամ կապկապելով ձեռքերս ու ոտքերս` 
արտաքին խավարը հալածեցիր: 

Դ 
Բարիքներն այս բոլոր և ներողամիտ 
համբերությունդ 
Ընդունել եմ ես քեզանից, ո՜վ բարերար, 
օրհնյալ և միշտ երկայնամիտ, 
 Ինչպես որ պատահեց քահանաներին, երբ տապանակը 
տաճարի մեջ դնելուց հետո մի ամպ հանկարծ լցրեց 
Աստուծո տունը, խափանելով նրանց տեսողությունը: 
 Եվ սակայն հանցապարտս ես 
փոխարինեցի նրանք 
Մարմնական և հոգեկան երկրաքարշ 
հուզումներով 
Եվ մտածումներով` ախտախորհուրդ ու 
բազմածուփ: 
Սրանք են ահա՛, Աստված իմ և Տեր, 
Որ վճարեցի ես քո այնքա՜ն բարիքների 
փոխարեն. 
Ես ինքս հատուցեցի այս չարիքները քեզ, 
Ինչպես Մովսեսն իր հանդիմանական 
առակովն է ասում, 
Իմաստությունը մոռացած` հիմարություն սիրողս, 
Բոլոր այդ բարիքներդ ու երախտիքներդ 
ես իմ ունայն վարքով չարաչար  վատնեցի: 
Բարձրյալիդ խնամքով գումարված 
լուսավոր շնորհներն այս անճառ 
Ցնդեցրի ես խելագարության մրրկով: 

Ե
Եվ թեպետ բազում անգամ հոգածու 
ձեռքերդ ինձ երկարելով 
Ուզեցիր դու ինձ քաշել դեպի քեզ, բայց 
ես չցանկացա, 
Նմանվելով մարգարեից ամբաստանված Իսրայելին: 
Թեև խոստացա քեզ հաճոյանալ, բայց 
ուխտն իմ չպահեցի, 
Այլ նույն չարիքը նյութեցի դարձյալ` 
նախկին կենցաղիս վերադառնալով: 
Սրտիս անդաստանը հերկեցի փշեր 
աճեցնելու համար, 
Որպեսզի որոմն արդյունավորվի: 
Ինձ են վերաբերում աստվածարյալ սուրբ 
մարգարեների առածները բոլոր. 
Զի դու ինձանից խաղող սպասեցիր, և ես փուշ ընձյուղեցի. 
Ես օտար այգիս` դառն ու անախորժ 
պտուղներ տվի. 
Փաթաթվեցի հողմին անհաստատ, 
Որով մշտածուփ տատանումներով` այս 
կողմ ու այն կողմ եմ տարուբերվում. 
Եվ ինչպես որ երանելի Հոբն է ասում` 
գնացի ճամփով անդառնալի, 
Ավազի վրա կառուցեցի ես շենք  հիմարության` 
Լայն արահետով խաբվեցի հասնել 
անձկալի կյանքի, Ինքս փակեցի ելքն ուղևորիս 
Եվ կորստյանս խորխորատը ես իմ 
կամքո՛վ բացի: 
Խցկեցի պատուհանն ականջներիս, որ 
չլսեմ խոսքդ կենդանի, 
Փակեցի նայվածքն հոգուս աչքերի, որ 
չտեսնեմ կյանքի սպեղանին: 
Չընդոստնեցի մտքիս լքումից ու 
թմրությունից` 
Ի լուր պատգամիդ ահավոր փողին. 
Չզգաստացա մեծ դատաստանի 
հրափորձ օրվա գուժկան գոչյունից. 
Չզարթնեցի նիրհից մահացու քնի, որ 
դեպի կորուստն է առաջնորդում: 
Հանգիստ չտվի երբեք քո հոգուն ես իմ 
մարմնեղեն տաղավարի մեջ. 
Բանական շնչիս հետ չխառնեցի մասը 
պարգևած քո շնորհների. 
Ես ինքս իմ ձեռքով կանչեցի կորուստն, 
ըստ առակողի, 
Մեռցնելու համար կենդանի հոգիս: 

Զ
Բայց ինձ ի՞նչ օգուտ` հյուսել այս խղճուկ խոսքերը մորմոք, չափաբերական, 
Երբ որ անցել է չափն իմ մեղքերի, և 
անհնար է բուժումը նրանց: 
Լոկ դո՛ւ կարող ես կյանք ընձեռել ինձ` 
հոգով մեռածիս, 
Եվ անոխակալ` ձեռք կարկառել ինձ, 
օգնելու համար դատապարտվածիս, 
Ո՜վ կենդանի դու Աստուծո 
Որդի, քեզ փա՜ռք հավիտյան. ամեն:

Աղոթի՛ր ընկերներիդ հետ

ԱՅԼ ԱՂՈԹՔՆԵՐ

    Պատահական