ԱՂՈԹՔ ԱՍՏՎԱԾԸՆԿԱԼ ՍՈՒՐԲ ԽԱՉԻՆ

ԱՂՕԹՔ ԱՌ ՍՈՒՐԲ ԽԱՉՆ ԱՍՏՈՒԱԾԸՆԿԱԼ

Միջնո՛րդ փրկութեան մերոյ եւ գրա՛ւ տիեզեաց, ճառագայթաւէտ լո՛յս աշխարհաց եւ արեգա՛կ սիրոյ եւ ապաստա՛ն յուսոյ, նշա՛ն սուրբ եւ սոսկալի երախտեացն Աստուծոյ առ մեզ, սու՛ր աստուածամուխ՝ սպանող հակառակամարտին մերոյ եւ դրո՛շմ զգայարանաց մերոց եւ ամուր ապաստա՛ն ակնկալութեան մերոյ, աստուածային զօրութիւն քո, որ պահէ հաստատուն զհիմունս աշխարհի, պահեսցէ զհոգի եւ զմամին իմ ի ցասմանէ, ի ցանկութենէ եւ յատելութենէ եւ յամենայն փորձութեանց եւ գայթակղութեանց հոգւոյ եւ մարմնոյ իմոյ առ սոսկալի զօրութեան քոյ յաւիտեանս յաւիտենից.ամէն:
Մեր փրկության միջնո՛րդ,  ողջ աշխարհի հույսի գրավակա՛ն,  տիեզերքի ճառագայթավետ լո՛ւյս, սիրո արեգա՛կ, հույսի ապաստա՛ն,  Աստծո` մեր հանդեպ բարերարության սուրբ ու սոսկալի նշա՛ն, աստվածամուխ սո՛ւր` մեր հակառակորդին սպանող, մեր զգայարանների դրո՛շմ, մեր հույսի ամուր ապաստա՛ն, քո աստվածային զորությունը, որ հաստատուն է պահում աշխարհի հիմքերը, թող իմ հոգին ու մարմինը հեռու պահի բարկությունից, ցանկությունից, ատելությունից հոգևոր ու մարմնավոր բոլոր փորձություններից ու գայթակղություններից և պահպանի քո սոսկալի զրությամբ հավիտյանս հավիտենից. ամեն:

ԱՂՈԹՔ ՕՐՎԱ ԱՎԱՐՏԻ


Փառք քեզ, Տէր Աստուած մեր, որ պարգեւեցեր զօրս զայս բարեաւ եւ խաղաղութեամբ անցուցանել: Մարդասէր Աստուած զառաջակայ գիշերս,որ ի վերայ մեր գալոց է, ի մեղաց փրկեա, ի չարեաց ազատեա, եւ ի գործս բարիս առաջնորդեա: 
 Առաւօտու օրհնութեանցն եւ փառաբանութեանցն արժանի արա զամենայն հաւատացեալս անուանդ քում սրբոյ եւ պահեա ի խաղաղութեան:
Տէր Աստուած մեր, տուր զքո խաղաղութիւնդ ամենայն աշխարհի, բարձ զցասումն եւ զպատուհասն ի յարարածոցս: 
 Ողորմեա հարց եւ եղբարց մերոց կենդանեաց եւ հանգուցելոց: 
 Ողորմեա զեկեղեցի շինողաց, երախտաւորաց, պտղատուից, սպասաւորաց եւ այնոցիկ, որք ընդ հովանեաւ սրբոյ եկեղեցւոյ են հանգուցեալ: 
 Տէր Աստուած, օգնեա թագաւորացն քրիստոնէից եւ իշխանացն բարեպաշտից, զօրաց եւ զաւակաց նոցին պահելով ի խաղաղութեան: 
 Տէր Աստուած մեր, պահեա զառաջնորդս եւ զեղբայրութիւնս մեր ամբողջ եւ անխռով ի կամս ողորմութեան քոյ: 
 Նշանաւ սուրբ եւ պատուական խաչիւ քոյ հալածեա զերեւելի եւ զաներեւոյթ թշնամին ի սահմանաց մերոց եւ ի բնակութենէս մերմէ: 
 Փրկեա զմեզ ի հրոյն յաւիտենից. եւ քեզ փառք յաւիտեանս. ամէն:
Փա՛ռք Քեզ, Տեր Աստված մեր, որ պարգևեցիր մեզ օրն այս խաղաղությամբ և բարիքով լեցուն անցկացնել: Մարդասեր Աստված, այս գիշերվա ընթացքում, որը մոտենում է, փրկիր մեղքից, ազատիր չարից և առաջնորդիր դեպի բարի գործեր: Առավոտյան օրհնություններին ու փառաբանություններին արժանի դարձրու Քո սուրբ անվանը հավատացողներին՝ պահելով խաղաղության մեջ: Տեր Աստված մեր, տուր Քո խաղաղությունն ամբողջ աշխարհին, վերացրու ցասումն ու պատուհասը Քո արարածներից: Ողորմիր մեր հայրերին ու եղբայրներին՝ ողջերին և հանգուցյալներին: Ողորմիր եկեղեցի կառուցողներին, բարերարներին, բարիքներ պարգևողներին, սպասավորներին և նրանց, ովքեր սուրբ եկեղեցու հովանու ներքո են ննջում: Տեր Աստված, օգնիր և խաղաղության մեջ պահիր քրիստոնյա թագավորներին, բարեպաշտ իշխաններին, ինչպես նաև նրանց զորքերին ու զավակներին: Տեր Աստված մեր, Քո կամքի ողորմությամբ ամբողջ ու անխռով պահիր մեր առաջնորդներին ու վանական միաբանությունները: Սուրբ և պատվական խաչիդ նշանով հալածիր երևելի և աներևույթ թշնամուն, մեր սահմաններից և մեր բնակության վայրից: Փրկիր մեզ հավիտենական հրից, որովհետև Քոնն է փառքը հավիտյանս. ամեն:

ՈւՍԱՆՈՂԻ ԱՂՈԹՔ

ԱՂՕԹՔ ՎԱՍՆ ԽՆԴՐԵԼՈՅ ԶՇՆՈՐՀՍ ԵՒ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ

Արարիչ անճառելի եւ աղբիւր ճշմարիտ լուսոյ եւ իմաստութեան. հեղ ի միտս իմ զնշոյլս պայծառութեան եւ փարատեցո յանձնէ իմմէ զմէգ եւ զանգիտութիւն: Դու, որ զլեզուս տղայոց դնես պարզախոս, վարժեա զլեզու իմ եւ լից օրհնութեամբ շնորհաց քոց զշրթունս իմ։ Տուր ինձ զօրութիւն՝ իմանալոյ, զընդունակութիւն՝ պահելոյ. զկորովամտութիւն մեկնելոյ. զդիւրընկալութիւն՝ ուսանելոյ եւ զամենառատ շնորհախոսելոյ: 
Կազմեալ հարդարեայ զմուտս իմ, ուղղեա զգնացս իմ եւ կատարեայ զելս իմ ի Յիսուս Քրիստոս ի Տէր. ամէն:

Արարիչ անճառելի և աղբյուր ճշմարիտ լույսի ու իմաստության, լուսավորիր իմ միտքը պայծառության նշույլով և մաքրիր իմ միջից անգիտության խավարը: Դո՛ւ, որ մանուկ երեխաների լեզուների մեջ պարզախոսություն ես դնում, վարժիր իմ լեզուն և Քո շնորհների օրհնությամբ լցրու շրթունքներս, սրություն տուր ինձ իմանալու մեջ, ընդունակություն՝ պահելու, կորովամտություն՝ մեկնաբանելու, դյուրընկալություն՝ ուսանելու, ինչպես նաև առատապես շնորհախոսելու: Պատրաստիր ու հարդարիր մուտքն իմ այս կյանք, ուղղիր ընթացքս այս կյանքում ու ավարտին հասցրու կյանքն իմ դեպի Քրիստոս Հիսուս Տերը։ Ամեն:

ԱՂՈԹՔ ԵԿԵՂԵՑԻ ՄՏՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ

Տաճար Աստուծո և բնակարան Սուրբ Հոգու, որ քո սուրբ ավազանով կանչվեցի երկնավոր Հոր որդեգրության, այսօր քո մեջ կամեցավ պատարագվել Գառն անարատ:
Եվ ես եկել եմ քո դռների առջև ու աղաչում եմ քեզ. մաքրի՛ր ինձ վերստին լվացմամբ և սրբի՛ր մեղքերից, արժանի դարձրու քո սուրբ սեղանի առջև երկրպագության անելու։ Ամեն:

ԱՂՈԹՔ ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ


Սիմեոն Երևանցի
Ո՛վ բազմագութ Աստված, աղաչում և խնդրում եմ Քեզ մեր ազգի բոլոր հին ու նոր, հավատով և հույսով ի Քեզ ննջածների համար: Մանավանդ, Քեզ մոտ ննջող իմ մարմնավոր և հոգևոր ծնողների, եղբայրների, քույրերի, ազգականների, սիրելիների, բարեկամների, բարու մեջ կրթող հոգևոր վարդպետների, ուսուցիչների, մեր բոլոր աշխատավորների և երախտավորների համար, որպեսզի Քո գալստյան մեծ օրը ողորմությամբ հիշես և թողություն շնորհես նրանց բոլոր մեղքերին ու սխալներին և Քո աջակողմյան դասի սրբերի հետ դասես ու թույլ տաս լսել Քո երանավետ խոսքը, թե` «Եկե՛ք իմ Հոր օրհնածներ»: Եվ, ըստ մեր հանդեպ կատարած նրանց երախտիքների` մեկի փոարեն բյուրապատիկ հատուցես նրանց հոգիներին, իսկ մեզ նրանց պարտքերից անպարտ դարձնես: 
Քեզ փառք հավիտյանս հավիտենից. Ամեն:

ԱՂՈԹՔ ՄԵՂՔԵՐԻ ՆԵՐՄԱՆ

Եփրեմ Ասորի
Բժշկի՛ր ինձ, Տե՛ր, հպարտությունից և ամբարտավանությունից, սնափառությունիցմարդահաճությունից և ոխակալությունից, նախանձից և ատելությունից և բոլոր չարիքներից:
Բխեցրո՛ւ, Տե՛ր, իմ գլխում վտակների աղբյուրը և ոռոգի՛ր իմ մտքերի անդաստանը, լվա՛ իմ հանցանքների աղտերն ու սրբի՛ր վերքերիս թարախը, հանի՛ր իմ մեղքերի փուշը և տնկի՛ր կենաց բույսը: Աճեցրո՛ւ, Տե՛ր, արդարությունը և նվաստացրո՛ւ անօրենությունը, մեռցրո՛ւ մարմնի ցանկությունը և նորոգի՛ր հոգուս կենդանությունը:
Կանչի՛ր, Տե՛ր, իմ մեղանչած անձը Քեզ մոտ, քանզի չեմ համարձակվում մերձենալ Քեզ, պատկառում եմ ամոթից և զարհուրում եմ իմ գործերից, չունեմ համարձակություն Քո առջև, քանզի ես ինքս եմ ինձ կորստյան մատնել: Հեռացա Քո սուրբ պատվիրաններից և մերկացա Քո փառքից, բայց Դո՛ւ, Տե՛ր, գթա՛ ինձողորմի՛ր, քանզի Քո անարատ ձեռքերի ստեղծածն եմ:
Փնտրի՛ր, Տե՛ր, Քո եղծյալ ու կորուսյալ պատկերիս, որ մեղքերի աղբի և տիղմի մեջ եմ ծածկվել, դո՛ւրս բեր Քո շնորհի ավելով և դի՛ր նախկին գանձանակի մեջ, որից ընկա:
Ապրեցրո՛ւ ինձ, Տե՛ր, երկյուղով և հառաչանքներով, սիրով և սրբությամբշնորհներով և ճշմարտությամբ, գիտությամբ և բոլոր առաքինություններով:
Փրկի՛ր ինձ, Տե՛ր, մարդկային գովեստից, փառքից ու մեծարումներից, քանզի լույս կարծելով խավարիս՝ բարին են համբավում իմ՝ եղկելիիս ու ողորմելիիս մասին: Ինձ առաքինի են համբավում, մինչդեռ ես ողբալի եմ և անթիվ մեղքերով լի: Ծածկի՛ր ինձ, Տե՛ր, սուտ գովեստների և երանիների լույսից, քանզի չգիտեն իմ մեղքերը: Ինձ սուրբ եմ ցույց տալիս և լի եմ աղտեղությամբ, կերպարանվում եմ առաքինությամբ և անառակությամբ ապրում, փայլում եմ երկյուղածությամբ և ընթանում արդահաճությամբ, ճանաչում եմ ճշմարտությունը և սուտ խոսումգիտեմ արդարությունը և անօրենություն եմ գործում:
Չեմ կարող, Տե՛ր, անհույս լինել, քանզի ողորմած ես և գթած, և անճառ փառք խոստացար դարձի եկած մեղավորին, սակայն ես զարհուրում ու դողում եմ և երկնչում եմ իմ բազում և անթիվ մեղքերից, քանզի պարտվելով խաբվեցի որսողից և արդ, ի՞նչ կլինեմ եղկելիս, որ տարակուսած եմ կյանքից:
Քո առջև եմ ընկնում և թողությո՛ւն հայցում իմ մեղքերին. ընդունի՛ր իմ պաղատանքները և քավի՛չ եղիր հանցանքներիս, պայծառացրո՛ւ և լուսավորի՛ր իմ խորհուրդներն ու միտքը, կարո՛ղ դարձրու իմ մարմինը՝ անդադար Քո սուրբ անվան փառաբանության մեջ մնալու:
Հաղո՛րդ դարձրու ինձ, Տե՛ր, Քո աստվածային սիրուն՝ սիրելու Քո պատվիրանները և գալու Քո ճանապարհով, չարչարվելու մինչ ի մահ Քո անվան համար, մտնելու փառքի մեջ, դասվելու Քո սուրբերի շարքը և միշտ ուրախանալու Քո կամարարների հետ:
Շնորհի՛ր ինձ, Տե՛ր, աչքերի լաց, արցունքների հոսում, մեղքերի սուգ, սրտի երկյուղ, ոսկորների սարսափ և դող տանջանքների ահից, կենաց ճանապարհ և
անդադար պաղատանքներ: Փրկիր երևացող և աներևույթ թշնամուց և
արժանավորիր գոհությամբ փառավորել Քեզ, Հոր և Սուրբ Հոգուդ հետ, այժմ և
միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:

ԱՂՈԹՔ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՀԱՄԱՐ


Հովհաննես Գառնեցի
Առաջնորդ կյանքի և ճանապարհ ճշմարտության, մեր Տեր Հիսուս Քրիստոս, որ Հովսեփին առաջնորդեցիր Եգիպտոս, և իսրայելացիներին Կարմիր ծովն անցկացրիր, և Մովսեսին` Սինա լեռը, և ժողովրդին` պարգևների երկիրը, կղեովպյաններին ուղեկից եղար դեպի Էմավուս, աղաչում եմ քեզ, Տե՛ր, առաջնորդիր մեզ և մեր եղբայրներին` գնալու խաղաղությամբ առաջիկա ճանապարհը, փրկի՛ր երևելի ու աներևույթ թշնամուց և բարով առաջնորդիր այնտեղ, ուր դիմում ենք, քանի որ դու ես ճանապարհ և ճշմարտություն և կյանք, և քեզ վայել է փառք ու երկրպագություն, իշխանություն և պատիվ այժմ և միշտ ը հավիտյանս հավիտենից. ամեն:

ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԱՂՈԹՔԸ ՀԱՆՈՒՆ ՇՆՈՐՀՆԵՐԻ

Փրկի՛չ աշխարհի Քրիստոս, աղաչում եմ Քեզ, նայի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ, փրկի՛ր ինձ իմ բազում անօրենություններից, քանզի անարգեցի բոլոր բարիքները, որ շնորհեցիր ինձ իմ մանկությունից ի վեր: Ինձ՝ տխմարիս, տգետիս և հիմարիս, դարձրեցիր գիտությամբ լի անոթ, Քո շնորհն առատացավ իմ մեջ և հագեցրեց իմ քաղցն ու զովացրեց իմ ծարավը, լուսավորեց իմ խավարած միտքը, թափառումներից հավաքեց իմ խորհուրդները և լցրեց իմ սիրտը: Այժմ երկրպագում և աղաչում եմ ծունկի գալովս ու հայցում՝ վկայելով Քո բարերարության մասին. կատարի՛ր ինձ համար Քո շնորհի խոստումը և պահի՛ր այն Քո գանձի մեջ, որպեսզի դարձյալ տաս ինձ այն Օրը: 

Մի՛ բարկացիր ինձ վրա, Մարդասե՛ր, քանզի չեմ դիմանում Քո սպառնալիքներին: Ուստի թախանձելով աղաչում եմ, քանզի չափից առավել առատացավ [շնորհն] իմ մեջ, քանի որ լեզուս տկարացավ՝ չկարողանալով խոսել Քո շնորհի մասին: Սարսափեց նաև իմ միտքը՝ չտանելով [նրա] ալիքների բազմությունը: 

Օրհնված Հորդ կերպարա՛նք և ճառագա՛յթ, դադարեցրո՛ւ դեպի ինձ [եկող] շնորհի հոսանքները, քանզի ինչպես բորբոքված հուր բոցակիզում են իմ երիկամներն ու սիրտը: Հետո այնտեղ դարձյալ պարգևի՛ր ինձ այն ու պահի՛ր ինձ Քո արքայության մեջ, մի՛ հիշիր իմ անօրենությունները, հանդգնում եմ հայցել՝ տո՛ւր ինձ իմ խնդրածները, և Հայտնության Օրն իմ օթևանը թող օրհնվի Քո Հոր կողմից: Շնորհի՛ր ինձ, Քրիստո՛ս, իմ հայցվածերը, քանզի միայն Դու ես ինձ կյանք տվողը: 
Եվ Քեզ փա՜ռք հավիտյանս հավիտենից. ամեն: 

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

Աղոթի՛ր ընկերներիդ հետ

ԱՅԼ ԱՂՈԹՔՆԵՐ

    Պատահական