ԱՂՈԹՔ ԱՍՏԾՈ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐՈՎ ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԳՐԱԲԱՐ

Թ. Ամենախնամ Տէր,
դի՛ր պահապան աչաց իմոց զերկիւղ քո սուրբ ոչ եւս հայիլ յայրատ,
եւ ականջաց իմոց` ոչ ախորժել լսել զբանս չարութեան,
եւ բերանոյ իմոյ` ոչ խօսել զսուտութիւն,
եւ սրտի իմոյ` ոչ խորհել զչարութիւն,
եւ ձեռաց իմոց` ոչ գործել զանիրաւութիւն,
եւ ոտից իմոց` ոչ գնալ ի ճանապարհս անօրէնութեան,
այլ ուղղեա զշարժումն սոցա լինել միշտ ըստ պատուիրանաց քոց յամենայնի.
եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆ

9.  Ամենախնա՛մ Տեր,
Քո սուրբ երկյուղը պահապան դի՛ր աչքերիս` այլևս անպատկառ չնայելու,
ականջներիս՝ չախորժելու լսել չար խոսքեր,
բերանիս՝ սուտ չխոսելու,
սրտիս՝ չարը չխորհելու,
ձեռքերիս՝ անիրավություն չգործելու,
և ոտքերիս՝ անօրենության ճանապարհով չգնալու,
այլ ուղղի՛ր սրանց ընթացքը` միշտ լինելու ըստ Քո պատվիրանների.
և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆ

9. Բոլորը խնամող Տէր,
քու սուրբ երկիւղդ պահապա՛ն դիր աչքերուս՝ որ այլեւս անառակ ու ցանկացող աչքով չնայիմ,
եւ ականջներուս՝ որ ախորժ չզգամ չար խօսքեր լսելէ,
եւ բերանիս՝ որ ստութիւն չխօսիմ,
եւ սրտիս՝ որ չարութիւն չխորհիմ,
եւ ձեռքերուս՝ որ անիրաւութիւն չգործեմ,
եւ ոտքերուս՝ որ անօրէնութեան ճամբաներէն չքալեմ.
այլ ուղղէ՛ասոնց շարժումը,
որպէս զի միշտ քու պատուիրաններուդ համաձայն ըլլան՝ ամէն բանի մէջ.
եւ ողորմէ՛ քու արարածներուդ եւ ինծի՝ բազմամեղիս:

Աղոթքն ամբողջական ձայնագրությամբ եւ 

8 լեզվով հասանելի ենթագրերով կարող եք լսել այստեղ՝ 

https://youtu.be/t0_I_fl5A8s

ԶՂՋՄԱՆ ԱՂՈԹՔ

ԳՐԱԲԱՐ

Զ. Անեղ բնութիւն, մեղա՜յ քեզ մտօք իմովք, հոգւով եւ մարմնով իմով. մի՛ յիշեր զմեղս իմ զառաջինս վասն անուանդ քում սրբոյ. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

Է. Տեսող ամենայնի, մեղայ քեզ խորհրդով բանիւ եւ գործով. ջնջեա՛ զձեռագիր յանցանաց իմոց, եւ գրեա՛ զանուն իմ ի դպրութեան կենաց. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

Ը. Քննող գաղտնեաց, մեղայ քեզ կամաւ եւ ակամայ, գիտութեամբ եւ անգիտութեամբ, թողութիւն շնորհեա մեղաւորիս, զի ի ծննդենէ սուրբ աւազանին մինչեւ ցայսօր մեղուցեալ եմ առաջի աստուածութեանդ քո զգայարանօք իմովք, եւ ամենայն անդամօք մարմնոյս. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆ

6.   Անե՛ղ բնություն, մեղա՜ Քեզ իմ մտքով, հոգով և մարմնով, հանուն Քո սուրբ անվան մի՛ հիշիր իմ նախկին մեղքերը. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:  

7. Ամեն ինչ տեսնող Աստված, մեղանչեցի Քո առջև խորհրդով, խոսքով և գործով, ջնջի՛ր իմ հանցանքների ձեռագիրը և գրի՛ր անունս Կյանքի Գրքում. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս։

8. Գաղտնիքնե՛ր քննող, մեղա՜ Քեզ կամա և ակամա, գիտությամբ և անգիտությամբ, թողությո՛ւն շնորհիր մեղավորիս, քանզի սուրբ Ավազանի ծնունդից մինչև այսօր մեղանչել եմ Աստվածությանդ առաջ իմ զգայարաններով և մարմնիս բոլոր անդամներով. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆ

6.  Անեղ բնութիւն, մեղանչեցի քեզի դէմ՝ մտքովս, հոգիովս եւ մարմնովս. մի՛ յիշեր իմ առաջուան մեղքերս՝ քու սուրբ անունիդ համար. եւ ողորմէ՛ քու արարածներուդ եւ ինծի՝ բազմամեղիս:

7. Ամենատես [Աստուած], մեղանչեցի քեզի դէմ՝ մտածումով, խօսքով եւ գործով. ջնջէ՛ իմ յանցանքներուս մուրհակը, եւ Կեանքի Գիրքին մէջ գրէ անունս. եւ ողորմէ՛ քու արարածներուդ եւ ինծի՝ բազմամեղիս։

8. Գաղտնիքները քննող [Աստուած], մեղք գործեցի քեզի դէմ՝ կամայ եւ ակամայ, գիտակցաբար եւ անգիտակցաբար. թողութի՛ւն շնորհէ մեղաւորիս, որովհետեւ սուրբ Աւազանէն ծնելէս մինչեւ այսօր մեղք գործած եմ քու Աստուածութեանդ առջեւ՝ զգայարանքներովս եւ մարմնիս բոլոր անդամներով. եւ ողորմէ՛ քու արարածներուդ եւ ինծի՝ բազմամեղիս:

Աղոթքն ամբողջական ձայնագրությամբ եւ 

8 լեզվով հասանելի ենթագրերով կարող եք լսել այստեղ՝ 

https://youtu.be/t0_I_fl5A8s

Աղոթի՛ր ընկերներիդ հետ

ԱՅԼ ԱՂՈԹՔՆԵՐ

    Պատահական