ԱՂՈԹՔ ՀՈՐԸ, ՈՐԴՈՒՆ ԵՎ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒՆ

ԳՐԱԲԱՐ

Գ. Հայր երկնաւոր Աստուած ճշմարիտ, որ առաքեցեր զորդիդ քո սիրելի ի խնդիր մոլորեալ ոչխարին, մեղայ յերկինս եւ առաջի քո, ընկալ զիս որպես զանառակ որդին, եւ զգեցո ինձ զպատմուճանն զառաջին զոր մերկացայ մեղօք. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

Դ. Որդի Աստուծոյ, Աստուած ճշմարիտ, որ խոնարհեցար ի Հայրական ծոցոյ, եւ առեր մարմին ի սրբոյ կուսէն Մարիամայ վասն մերոյ փրկութեան, խաչեցար, թաղեցար եւ յարեար ի մեռելոց, եւ համբարձար փառօք առ հայր. մեղայ յերկինս եւ առաջի քո, յիշեա զիս որպէս զաւազակն յորժամ գաս արքայութեամբ քով. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

Ե. Հոգի Աստուծոյ, Աստուած ճշմարիտ, որ իջեր ի Յորդանան եւ ի վերնատունն, եւ լուսաւորեցեր զիս մկրտութեամբ սուրբ աւազանին. մեղայ յերկինս եւ առաջի քո, մաքրեա զիս վերստին աստուածային հրով քով` որպէս հրեղէն լեզուօք սուրբ զառաքեալսն. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆ

3.   Հա՛յր երկնավոր, Աստվա՛ծ ճշմարիտ, որ առաքեցիր Քո սիրելի Որդուն մոլորված ոչխարին փնտրելու համար, մեղա՜ երկնքի ու Քո առաջ, ընդունի՛ր ինձ ինչպես անառակ որդուն և հագցրո՛ւ ինձ առաջին պատմուճանը, որից մերկացա մեղքով. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

4. Որդի՛ Աստծո, Աստվա՛ծ ճշմարիտ, որ իջար հայրական ծոցից և մարմին առար սուրբ Կույս Մարիամից մեր փրկութեան համար, խաչվեցիր, թաղվեցիր և հարություն առար մեռելներից ու փառքով համբարձվեցիր առ Հայրը, մեղա՜յ երկնքի և Քո առաջ, հիշի՛ր ինձ, ինչպես ավազակին, երբ գաս Քո արքայությամբ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

5. Հոգի՛ Աստծո, Աստվա՛ծ ճշմարիտ, որ իջար Հորդանան և Վերնատուն և լուսավորեցիր ինձ սուրբ ավազանի մկրտությամբ, մեղա՜յ երկնքի և Քո առաջ, մաքրի՛ր ինձ վերստին Քո աստվածային հրով, ինչպես հրեղեն լեզուներով՝ սուրբ առաքյալներին. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆ

3.  Հայր երկնաւոր, ճշմարիտ Աստուած, որ քու սիրելի Որդիդ ղրկեցիր՝ մոլորեալ ոչխարը փնտռելու համար. մեղանչեցի երկինքի դէմ՝ քու առջեւդ. ընդունէ՛ զիս իբրեւ անառակ որդին, եւ հագցո՛ւր ինծի առաջին պատմուճանը, զոր վրայէս հանեցի մեղքերովս. եւ ողորմէ՛ քու արարածներուդ եւ ինծի՝ բազմամեղիս:

4. Որդի Աստուծոյ, ճշմարիտ Աստուած, որ հայրական ծոցէն խոնարհեցար եւ մարմին առիր սուրբ կոյս Մարիամէն՝ մեր փրկութեան համար. խաչուեցար, թաղուեցար, յարութիւն առիր մեռելներէն, եւ փառքով համբարձար՝ Հօրը քով. մեղանչեցի երկինքի դէմ՝ քու առջեւդ. երբ քու թագաւորութեամբդ գաս, յիշէ՛ զիս, ինչպէս աւազակը ընդունեցիր. եւ ողորմէ՛ քու արարածներուդ եւ ինծի՝ բազմամեղիս:

5. Հոգի Աստուծոյ, ճշմարիտ Աստուած, որ Յորդանան [գետին վրայ] եւ Վերնատունը իջար, եւ զիս լուսաւորեցիր սուրբ Աւազանին մկրտութեամբ. մեղանչեցի երկինքի դէմ՝ քու առջեւդ. վերստի՛ն մաքրէ զիս քու աստուածային կրակովդ, ինչպէս հրեղէն լեզուներով մաքրեցիր սուրբ առաքեալները. եւ ողորմէ՛ քու արարածներուդ եւ ինծի՝ բազմամեղիս:

Աղոթքն ամբողջական ձայնագրությամբ եւ 

8 լեզվով հասանելի ենթագրերով կարող եք լսել այստեղ՝ 

https://youtu.be/t0_I_fl5A8s

ԱՂՈԹՔ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ

Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, հանուն Քո Սրբասուրբ Մոր` Աստվածածին Կույս Մարիամի բարեխոսության լսիր իմ այս աղոթքը որդուս (կամ նշել զինվորի անունը), որ այժմ ծառայում է Հայոց բանակում։ 

Մարդասեր Տեր, նախ խնդրում եմ ներիր նրա կամա և ակամա մեղքերը, որ գործել է Քո առջև՝ տրվելով իր երիտասարդական ցանկություններին։ Այժմ տուր նրան խոհեմություն և իմաստություն, որ բարին և օգտակարը կարողանա ընտրել և քաջություն շնորհիր, հավատարմաբար ծառայելու մեր հայրենիքին , որ մեր սուրբ նախնիներից ժառանգություն է մնացել մեզ։ Պահպանիր նրան Սուրբ Խաչիդ զորությամբ թշնամու ամեն տեսակի մահաբեր հարձակումներից և դիվական ազդեցություններից։ 

Շնորհիր նրան քաջառողջություն և հնազանդություն իր հրամանատարական անձնակազմին և զինվորական կարգ ու կանոնին, իսկ իր հետ ծառայող զինակիցների հետ բարի վարվեցողություն ու ընկերական կարեկցություն։

Մեր հաղթող Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս, ընդունիր այս աղոթքս հավատքի բարի պատերազմում Քո զինվորյալ հաղթական սրբերի` սուրբ Սարգսի, սուրբ Գևորգի, սուրբ Վարդան Մամիկոնյանի ու իր քաջ զինակից նահատակ սրբերի պահպանիչ բարեխոսությամբ. ամեն։

ԱՂՈԹՔ ՋԵՐՄԵՌԱՆԴ ԱՂՈԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԳՐԱԲԱՐ

Բ. Հաւատով խոստովանիմ եւ երկիրպագանեմ քեզ, անբաժանելի լոյս, միասնական սուրբ երրորդութիւն եւ մի աստուածութիւն, արարիչ լուսոյ եւ հալածիչ խաւարի. հալածեա ի հոգւոյ իմմէ զխաւար մեղաց եւ անգիտութեան, եւ լուսաւորեա զմիտս իմ ի ժամուս յայսմիկ աղօթել քեզ ի հաճոյս, եւ ընդունել ի քէն զխնդրուածս իմ. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆ

2.  Հավատով խոստովանում և երկրպագում եմ Քեզ, անբաժանելի լո՛ւյս, միասնական Սո՛ւրբ Երրորդություն և Մի Աստվածություն, արարի՛չ լոյսի և հալածի՛չ խավարի, հալածի՛ր իմ հոգուց մեղքերի և անգիտութեան խավարը և լուսավորի՛ր միտքս` աղոթելու Քեզ այժմ հաճույքով ու ստանալու Քեզանից իմ խնդրածները. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆ

2. Հաւատքով կը խոստովանիմ եւ կ՚երկրպաքեմ քեզի, անբաժանելի լոյս, միասնական Սուրբ Երրորդութիւն եւ մէկ Աստուածութիւն, արարիչը լոյսին եւ հալածիչը խաւարին. իմ հոգիէս հալածէ՛ մեղքի եւ անգիտութեան խաւարը, եւ լուսաւորէ՛ միտքս, որ այս պահուս քեզի հաճելի ձեւով աղօթեմ եւ քեզմէ ընդունիմ իմ խնդրանքներս. եւ ողորմէ՛ քու արարածներուդ եւ ինծի՝ բազմամեղիս:

Աղոթքն ամբողջական ձայնագրությամբ եւ 

8 լեզվով հասանելի ենթագրերով կարող եք լսել այստեղ՝ 

https://youtu.be/t0_I_fl5A8s

ԴԱՎԱՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆԸ

ԳՐԱԲԱՐ

Ա. Հաւատով խոստովանիմ եւ երկիրպագանեմ քեզ, Հայր եւ Որդի եւ Սուրբ Հոգի, անեղ եւ անմահ բնութիւն, արարիչ հրեշտակաց եւ մարդկան եւ ամենայն եղելոց. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆ

1.  Հավատով խոստովանում և երկրպագում եմ Քեզ` Հա՛յր և Որդի՛ և Սո՛ւրբ Հոգի, անստեղծ և անմա՛հ բնություն, հրեշտակների, մարդկանց և բոլոր եղածների՛ Արարիչ, ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆ

1. Հաւատքով կը խոստովանիմ եւ կ՚երկրպաքեմ քեզի՝ Հայր եւ Որդի եւ Սուրբ Հոգի, անեղ եւ անմահ բնութիւն, արարիչը հրեշտակներուն, մարդոց եւ բոլոր ստեղծուածներուն. ողորմէ՛ քու արարածներուդ եւ ինծի՝ բազմամեղիս:

Աղոթքն ամբողջական ձայնագրությամբ եւ 

8 լեզվով հասանելի ենթագրերով կարող եք լսել այստեղ՝ 

https://youtu.be/t0_I_fl5A8s

Աղոթի՛ր ընկերներիդ հետ

ԱՅԼ ԱՂՈԹՔՆԵՐ

    Պատահական