ԱՂՈԹՔ ՄԵՂՔԵՐԻ ԹՈՂՈՒԹՅԱՆ

ԱՂՕԹՔ ՄԱՆԱՍԷ ԹԱԳԱՒՈՐԻ

Տէ՛ր ամենակալ, Աստուա՛ծ Աբրահամու, Իսահակայ, Յակովբայ եւ զաւակի նոցա արդարոց. ամենակա՛լ Տէր, թո՛ղ զմեղս իմ:
Որ արարեր զերկինս եւ զերկիր եւ զամենայն զարդ նոցա. ամենակա՛լ Տէր, թո՛ղ զմեղս իմ:
Որ կապեցեր զծով բանիւ հրամանի Քո, փակեցեր զխորս, կնքեցեր ահաւոր եւ փառաւորեալ անուամբ Քով. ամենակա՛լ Տէր, թող զմեղս իմ:
Որ ամենայն ինչ սարսի եւ դողայ յերեսաց ահի զօրութեան Քո. ամենակա՛լ Տէր, թո՛ղ զմեղս իմ:
Անբաւ է մեծվայելչութիւն փառաց սրբութեան Քո, եւ սաստիկ է բարկութիւն սպառնալեաց Քոց ի վերայ մեղաւորաց, անչափ եւ անքնին են ողորմութիւնք աւետեաց Քոց, ամենակա՛լ Տէր, թող զմեղս իմ:
Դո՛ւ, Տէ՛ր, բարձրեալ, գթած, երկայնամիտ, բազումողորմ եւ զղջանաս ի վերայ չարեաց մարդկան. ամենակա՛լ Տէր, թող զմեղս իմ:
Դո՛ւ, Աստուա՛ծ, ո՛չ եդեր ապաշխարութիւն վասն արդարոցն Աբրահամու, Իսահակայ եւ Յակովբայ, որք ոչ մեղան քեզ. ամենակա՛լ Տէր, թող զմեղս իմ:
Այլ եդեր ապաշխարութիւն վասն իմ` մեղաւորիս, զի մեղայ աւելի, քան զաւազ ծովու, եւ բազմացան անօրենութիւնք իմ. ամենակա՛լ Տէր, թող զմեղս իմ:
Չեմ արժանի հայիլ եւ տեսանել զբարձրութիւնս երկինից ի բազմութենէ անօրէնութեան իմոյ. ամենակա՛լ Տէր, թող զմեղս իմ:
Կորացեալ եմ ես ի բռնութենէ կապանաց երկաթից, եւ ո՛չ գոյ ինձ հանգիստ. ամենակա՛լ Տէր, թող զմեղս իմ:
Բարկացուցի զսրտմտութիւն եւ զչար առաջի Քո արարի, կանգնեցի պատկեր եւ բազմացուցի զցասումն անձին իմոյ. ամենակա՛լ Տէր, թող զմեղս իմ:
Եւ արդ, Տէ՛ր, խոնարհեցուցանեմ զծունր սրտի իմոյ եւ հայցեմ ի քաղցրութենէ Քումմէ. ամենակա՛լ Տէր, թող զմեղս իմ:
Մեղա՜յ, Տէ՛ր, մեղա՜յ, եւ զանօրէնութիւնս իմ ես ինձէն գիտեմ. ամենակա՛լ Տէր, թող զմեղս իմ:
Աղաչեմ եւ խնդրեմ ի Քէն, թո՛ղ ինձ, Տէ՛ր, թո՛ղ ինձ եւ մի՛ կորուսաներ զիս ըստ անօրէնութեան իմոյ. ամենակա՛լ Տէր, թող զմեղս իմ:
Մի՛ յաւիտեան բարկանար ինձ, Տէ՛ր, եւ մի՛ յիշեր զչարիսն իմ եւ մի՛ պարտաւորեր զիս ընդ իջեալսն ի ներքոյ երկրի չարեօք. ամենակա՛լ Տէր, թող զմեղս իմ:
Զի Դո՛ւ, Աստուա՛ծ, Աստուած ապաշխարողաց ես եւ յի՛ս ցոյց զբարերարութիւնդ Քո, որ անարժան եմ. ամենակա՛լ Տէր, թող զմեղս իմ:
Կեցուսցես զիս ըստ բազում ողորմութեան Քում, եւ ես օրհնեսցից զՔեզ զամենայն աւուրս կենաց իմոց. ամենակա՛լ Տէր, թող զմեղս իմ:
ԶՔեզ, Տէ՛ր, օրհնեն ամենայն զուարթունք երկնից, եւ Քո են փառք յաւիտեանս. ամէն:

Տէ՛ր ամենակալ, Աստոուա՛ծ Աբրահամի, Իսահակի, Յակոբի եւ նրանց արդար զաւակների. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը:
Որ արարեցիր երկինքն ու երկիրը եւ նրանց բոլոր զարդերը. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը:
Որ կապեցիր ծովը Քո հրամանի խօսքով, փակեցիր անդունդները, կնքեցիր Քո ահաւոր եւ փառաւորեալ անուամբ. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը:
Որ ամեն ինչ սարսում է եւ դողում Քո զօրութեան ահից. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը:
Անբաւ է Քո սրբութեան փառքի մեծավայելչութիւնը, սաստիկ է Քո սպառնալիքների բարկութիւնը մեղաւորների հանդէպ, անչափ են եւ անքննելի Քո աւետիսների ողորմութիւններիը. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը:
Դո՛ւ, Տէ՛ր, բարձրեալ, գթած, համբերող, բազումողորմ ես եւ ցաւում ես մարդկանց չարիքների համար. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը:
Դո՛ւ, Աստուա՛ծ, չկարգեցիր ապաշխարութիւն արդարների՝ Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի համար, որոնք չմեղանչեցին Քո հանդէպ. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը:
Այլ ապաշխարութիւն կարգեցիր մեղանչեցի աւելի, քան ծովի աւազները, եւ բազմացան իմ անօրենութիւնները. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը:
Արժանի չեմ նայելու եւ տեսնելու երկնքի բարձունքները իմ բազում անօրենութիւնների պատճառով. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը:
Կորացել եմ ես երկաթէ կապանքների բռնութիւնից եւ չունեմ հանգիստ. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը:
Սաստկացրեցի զայրույթդ եւ չարիք գործեցի Քո առջեւ, [կռապատկեր] կանգնեցրեցի եւ աւելացրեցի ցասումդ իմ անձի հանդէպ. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը:
Եւ արդ, Տէ՛ր, խոնարհեցնում եմ իմ սրտի ծունկը եւ հայցում Քո քաղցրութիւնից. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը:
Մեղա՜յ, Տէ՛ր, մեղա՜յ, իմ անօրենութիւնները ես ինքս գիտեմ. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը:
Աղաչում եւ խնդրում եմ Քեզ, ների՛ր ինձ, Տէ՛ր, ների՛ր ինձ, եւ կորստեան մի՛ մատնիր ինձ ըստ իմ անօրենութեան. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը:
Տէ՛ր յաւիտեան մի՛ բարկանա ինձ վրայ եւ մի՛ յիշիր իմ չարիքները եւ մի՛ պարտաւորեցրու ինձ չարիքներով երկրի ստորոտն իջնողների հետ. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը:
Քանի որ Դու, Աստուա՛ծ, ապաշխարողների Աստուածն ես, ի՛նձ էլ ցոյց տուր Քո բարերարութիւնը, որին անարժան եմ. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը:
Ապրեցրո՛ւ ինձ ըստ Քո բազում ողորմութեան, եւ ես կօրհնեմ Քեզ իմ կեանքի բոլոր օրերում. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը:
Քեզ են, Տէ՛ր, օրհնում երկնքի բոլոր հրեշտակները, եւ Քոնն է փառքը յաւիտեանս. ամէն:

Աղոթի՛ր ընկերներիդ հետ

ԱՅԼ ԱՂՈԹՔՆԵՐ

    Պատահական