ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ - ԲԱՆ ԺԷ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա 
Արդ, աղաչեմ զխնամակալդ վտանգաւորաց
Տաժանելեաց կրից թախծութեանց հոգւոց վշտացելոց`
Մի' յաւելուր հեծութեանս ցաւ,
Մի' խոցեր զվիրաւորեալս,
Մի' դատապարտեր զպատժեալս,
Մի' տանջեր զչարչարեալս,
Մի' գաներ զհարուածեալս,
Մի' գլորեր զանկեալս,
Մի' կործաներ զգայթակղեալս,
Մի' մերժեր զհեռացեալս,
Մի' տարագրեր զհալածեալս,
Մի' ամաչեցուցաներ զպատկառեալս,
Մի' կշտամբեր զհարթուցեալս,
Մի' խորտակեր զբեկեալս,
Մի' խռովեցուցաներ զամբոխեալս,
Մի' ալեկոծեր զբքացեալս,
Մի' սասանեցուցաներ զդղրդեալս,
Մի' շփոթեր զմրրկեալս,
Մի' կեղեքեր զգիշատեալս,
Մի' ջախջախեր զբեկեալս,
Մի' գաւշեր զմորմոքեալս,
Մի' կուրացուցաներ զխաւարեալս,
Մի' զարհուրեցուցաներ զապշեալս,
Մի' խորովեր զխարշատեալս,
Մի' մահացուցաներ զհիւանդս,
Մի' բեռանց ծանրութեան մատներ զտկարս,
Մի' անուր յաւելուր կարկամեալ թիկանցս,
Մի' կրկնակի ողբումն` դառն հեծութեանս,
Մի' ուժգնապէս վարեսցիս առ հողս,
Մի' սաստկապէս` առ մոխիրս,
Մի' անաչառապէս` առ ստեղծուածս,
Մի' ահարկութեամբ` առ փոշիս:


Բ 
Մի' ընդհարկանիր խստութեամբ մեծդ ընդ փոքուս,
Լոյսդ` ընդ ստուերականիս,
Բնութեամբ բարիդ` ընդ ի բնէ չարիս,
Ողկոյզդ աւրհնութեան` ընդ պտղոյս անիծից,
Քաղցրութիւնդ իսկապէս` ընդ համայն դառնութեանս,
Փառաւորեալդ անփոփոխ` ընդ ամենեւին անարգիս,
Կենացդ նշխար` ընդ կաւոյս զանգուածոյ,
Տէրդ տերանց` ընդ տղմիս երկրայնոյ,
Աննուազ լիութիւնդ` ընդ չքաւոր ստրկիս,
Անկապուտ ճոխութիւնդ` ընդ անպատսպար տառապելոյս,
Անկարաւտ բարութիւնդ` ընդ ամենաթշուառ աղքատիս:
Քանզի ո՞վ ոք հասեալ յառաւաւտ`
Եւ ի ծագման լուսոյն խիթայ մթանալ,
Եւ կամ ընթերակաց կենաց` մահանալ,
Կամ ազատութեան` եւ պարտաւորիլ,
Կամ շնորհաց` եւ դատապարտիլ,
Կամ փրկութեան` եւ մատնիլ,
Կամ նորոգման` եւ եղծանիլ,
Կամ աւրհնութեան` եւ տարագրիլ,
Կամ բժշկութեան` եւ վիրաւորիլ,
Կամ լիութեան` եւ նուազիլ,
Կամ յաճախութեան հացի` եւ քաղցնուլ,
Կամ գետոց հոսանաց` եւ պասքիլ,
Կամ մայրենի գթոց` եւ նենգիլ,
Կամ խնամոց աստուածեան աջոյդ` եւ զզուիլ:

Գ 
Եւ արդ, ընդ ախտացելոյն սաստկապէս մարմնոյն բորոտութեամբ`
Հոգւոյս վտանգաւ եւ ես պաղատիմ.
Տէր, եթէ կամիս` կարող ես զիս սրբել:
Ընդ աչացուացն նեղեցելոց մշտագիշերն խարխափանաւք`
Մեծակական ձայնիւ հառաչեմ.
Ոչ որդի անուանեմ Դաւթի,
Այլ ծնունդ էիդ Աստուծոյ դաւանեմ,
Ոչ միայն ռաբբի կոչեմ,
Որ վարդապետացն է պատիւ կարծողական զիսկն գիտելոյ,
Այլ տէր երկնի եւ երկրի հաւատամ:
Ոչ ձեռինդ միայն ձգմամբ հպաւորութեան,
Ո'վ բարեգութ Աստուած մերձաւոր,
Այլ ի բացեայ գոլով միջոցաւ մեծաւ`
Ակն ունիմ զաւրել քո բանիդ առ իմ բժշկութիւն:
Ոչ թէ ինչ խտրոց կասկածանաց միջոցի բանի,
Որ երկմտութեան կարծի նշանակ,
Ի մէջ արկանեմ կամելոյն եւ ողորմութեանն,
Այլ կամիս` որպէս բարեգութ,
Եւ կարես` որպէս զարարիչ:
Ասա' բանիւդ` եւ բժշկեցայց:
Ընդ հարիւրապետին հաւատոց եւ ես լծակցիմ.
Ոչ մինչ անձուկ միայն բացակայութեամբ
Հեռի լինելով խորան ի խորանէ
Հաւատամ ազդել քո կարողութեանդ
Առ յարութիւն եւ բժշկութիւն,
Այլ ի վերինն երկնի բազմելով`
Եւ ի ստորինս երկրի բովանդակ,
Առ հրաշիցն սքանչելութիւն` ոչ ունիմ հատուցանել:

Դ 
Շնորհեա' ինձ, որպէս դատակնիք բանին քո վճռեաց
Առ պոռնկին ընդունելութիւն`
Հնգից հարիւրոց դենարաց պարտուց շնորհաբաշխութիւն,
Աստուած բարութեանց եւ տէր երանութեանց,
Որ յաճախն ընձեռել` բազումս փառաւորիս,
Եւ ի շատն միտուցանել` նովին չափ սիրիս,
Եւ յառաւելն ողորմել` կրկին բարգաւաճիս,
Եւ յայսքան բարիս իրաւամբք գովիս,
Եւ ամենայն գոլով` հաւասարորդ ճանաչիս,
Եւ որ զբոլորն ունիս` ընդ մերումս կշռիս,
Եւ անճառելեաւդ ձրիւ` մերայնովքս վճարիս,
Եւ ընդ երկրաւորիս` զանվախճանն պարտ վարկանիս,
Եւ մեծագրեալ քո զմերն` վեհս գոհաբանիս,
Եւ ի սակաւուն տուչութիւն դոյզն փառաւորիլ` ոչ ամբարտաւանիս:
Արա' եւ ինձ զնոյն գթութիւն`
Ունողիս զգործս անհամար պարտուց,
Զի եւ ի ճառս երախտեաց քումդ պարգեւաց`
Նորին իսկ սակով սիրելն կարգեսցի:
Եւ քեզ փա՜ռք յամենայնի:
Ամէն:
Ա 
Աղաչում եմ քեզ` վտանգված, վշտոտ ու 
տխրաթախիծ տառապանքներով լի 
հոգիների խնամակալիդ, 
Մի՛ ավելացնիր ցավն իմ հեծության և մի՛ 
խոցիր ինձ` վիրավորվածիս, 
Մի՛ դատապարտիր պատժվածիս և մի՛ 
տանջիր չարչարվածիս, 
Մի՛ գանակոծիր հարվածյալիս, մի՛ գլորիր ընկածիս, 
Մի՛ կործանիր սայթաքյալիս, մի՛ 
հեռացնիր հեռացվածիս, 
Մի՛ ամաչեցնի պատկառյալիս, մի՛ 
տարագրիր հալածվածիս, 
Մի՛ կշտամբիր խրտնածիս, մի՛ խորտակիր ջախջախվածիս, 
Մի՛ խռովիր վրդովյալիս, մի՛ ալեկոծիր 
փոթորկվածիս, 
Մի՛ սասանիր դղրդվածիս, մի՛ շփոթիր մրրկյալիս, 
Մի՛ կեղեքիր գիշատվածիս, մի՛ 
ջախջախիր փշրվածիս, 
Մի՛ հոշոտիր մորմոքյալիս, մի՛ կուրացնի խավարածիս, 
Մի՛ զարհուրեցնիր ապշահարիս, մի՛ 
խորովիր խարշատվածիս, 
Մի՛ մահացնիր հիվանդիս, մի՛ 
ծանրաբեռնիր տկարիս, 
Մի՛ ավելացնիր անուր` կարկամած 
թիկունքիս, 
Մի՛ բարդիր ողբեր դառն հեծեծանքիս, 
Մի՛ ուժգնորեն վարվիր հողիս հետ, 
Մի՛ սաստկապես` մոխրիս հետ, 
Մի՛ անաչառորեն` ստեղծվածիս հետ, 
Մի՛ ահարկությամբ` փոշուս հետ,

Բ 
Մի՛ խստությամբ ընդհարվիր մեծդ 
փոքրիս հետ, 
Լույսդ` ստվերիս հետ, 
Բնությամբ բարիդ` ի բնե չարիս հետ, 
Ողկույզդ օրհնության` անիծյալ պտղիս 
հետ, 
Քաղցրությունդ ճշմարիտ` համակ 
դառնությանս հետ, Փառավորյալդ անփոփոխ` իսպառ 
անարգիս հետ, 
Կենաց նշխարդ` կավեղեն զանգվածիս 
հետ, 
Տերերի Տերդ` երկրային տիղմիս հետ, 
Աննվազ լիությունդ` չքավոր ստրուկիս 
հետ, Անկապուտ ճոխությունդ` անպատսպար տառապյալիս հետ, 
Անկարոտ բարությունդ` ամենաթշվառ 
աղքատիս հետ: 
Քանզի ո՞վ է նա, որ առավոտյան լույսին 
հասնելով` 
Կտարակուսի, թե խավարի մեջ կարող է 
ընկնել. 
Կամ մոտ լինելով կյանքին` մահանալ, 
Կամ ազատության` և բռնության 
ենթարկվել, 
Կամ շնորհին` և դատապարտվել, 
Կամ փրկության` և մատնվել, 
Կամ նորոգման` և քայքայվել, 
Կամ օրհնության` և տարագրվել, 
Կամ բժշկության` և վիրավորվել, 
Կամ լիության` և նվազել, Կամ առատ հացի` և քաղցել, 
Կամ հոսող գետերի` և պապակել, 
Կամ մայրական գթության` և նրանից 
նենգվել, 
Կամ աստվածային խնամող աջիդ` և 
տառապել: 

Գ 
Արդ, բորոտությամբ մարմնի սաստկապես վարակվածի հետ
Ե՛ս էլ վշտահար հոգովըս ահա՛ 
պաղատում եմ քեզ. 
«Տե՛ր, եթե ուզես` կարող ես ինձ մաքրելե: 
Մշտագիշեր խարխափումներով 
տանջվող կույրերի հետ 
Հառաչում եմ ձայնով մեծակական. 
Ոչ թե անվանում եմ քեզ Դավթի որդի, 
Այլ աստվածային էության իբրև ծնունդ եմ դավանում քեզ. 
Ոչ միայն կոչում եմ Ռաբբի, 
Որ պատվանուն է իսկությունը գիտենալ  
կարծող վարդապետների, 
Այլև հավատում եմ քեզ, որպես Տիրոջ 
երկնի և երկրի: 
Ոչ միայն մոտից ձեռքդ երկարելով, ո՜վ 
դու բարեգութ 
Աստված մերձավոր, 
Այլև վստահ եմ, թե մեծ միջոցով նույնիսկ 
ինձանից հեռու լինելով` 
Խոսքդ կարող է բուժել թշվառիս: 
Կամեցողությանդ և ողորմությանդ միջև 
անջրպետ չեմ դնում երբեք, 
Որ երկմտություն է նշանակում 
տարակուսելի, 
Այլ համոզված եմ, թե կկամենաս որպես 
բարեգութ 
Եվ կկարենաս որպես Արարիչ. 
Ասա՛ խոսքովդ, և ես կբուժվեմ: 
Հարյուրապետի հավատքին և ես կլինեմ 
լծորդ. 
Ոչ միայն մոտիկ տարածությունից, 
խորանից խորան` 
Զորավոր ես դու տալու հարություն և 
բժշկություն, 
Այլև երկնքում բազմելով նույնիսկ, Ստորև, երկրի վրա բովանդակ դու 
սքանչելի հրաշքներ ես գործում, 
Որոնց փոխարեն հատուցանելու ես ոչինչ չունեմ:

Դ 
Շնորհիր և ինձ, ինչպես որ պոռնիկին 
ընդունելիս 
Վճռեցիր խոսքիդ դատակնիքով հինգ 
հարյուր դենար պարտքը շնորհել, 
Աստվա՜ծ բարությանց և Տե՜ր 
երանությանց: 
Որքան շատ բաշխես, այնքան ավելի՛ 
կփառավորվես. 
Որքան որ շատ տաս, այնքան կսիրվես. 
Եվ ավելին ողորմելով` դո՛ւ էլ կրկնակի 
կբարգավաճես. 
Այսքան բարիքներիդ համար իրավամբ 
գովվում ես դու, 
Ամեն բանի տեր լինելով հանդերձ` մեզ 
հավասար ես ցույց տալիս դու քեզ. 
Եվ դու, որ ունես ամեն ինչ առատ` մեր 
ունեցածին արժեք ես տալիս. 
Քո պարգևների փոխարեն անճառ` մերն 
իբրև վճար ես ընդունում դու. 
Երկրայինի տեղ անվախճանի տալն ես 
արժանի գտնում. 
Մեծ համարելով մերը` վեհորեն գոհանում ես դու. 
Չե՜ս մեծամտի, երբ քո տվածի փոխարեն դույզն-ինչ փառավորվես: 
Նո՜ւյն գթությունդ ցույց տուր նաև ինձ` 
հույժ մեղապարտիս, 
Որ երբ թվարկեմ քո պարգևների 
երախտիքը ես` 
Նույն չափով սիրելդ էլ չմոռանամ: 
Ամեն բանի մեջ քեզ փա՜ռք հավիտյան. 
ամեն:

Աղոթի՛ր ընկերներիդ հետ

ԱՅԼ ԱՂՈԹՔՆԵՐ

    Պատահական