ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ - ԲԱՆ ԺԵ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա 
Իսկ դարձեալ Աստուստ վերստին
Առ նոյն հեծութիւն սրտիս վտանգի
Ինձէն մատուցեալ սովին նուագաւ ի նոյն ոճ բանի`
Զամենապարգեւդ արգահատեցից`
Տագնապեալ ոգւոյս վտանգիւ իսպառ,
Իբր մեռեալ` կենդանւոյ անմահիդ մաղթեմ Աստուծոյ,
Խոստովանեալ ընդ փառացդ քո զիմս անարգութիւն,
Եւ առ չարեաւքս իմովք` զքոյդ բարութիւն,
Որովք յաղթեալ գտայ, քան թէ բժշկեալ,
Եւ ամաչեցեալ, քան համարձակեալ,
Ուխտակորոյս, աւանդամոռաց:
Իսկ կրկին առակն, որ առ իս,
Որ ոչխարին տրուպն տարացուցիւ,
Որ յետին անզգայութեանն էր մատնեցեալ, մոլորեալ,
Եւ ի լերինն, ուր ոչ է այցելութիւն,
Ընդ գազանականացն դիւաց եւ կռոցն վայրենութեան թափառեալ,
Ո'չ մերձաւոր գոլ սակաւ մի հաւտին:
Ո'չ բան ունէի, որով եւ զցաւոցն աղէտ պատմէի,
Ո'չ ձեռն ձգողական, որ համերցն է ազդողական:
Իսկ դու, միայն գովեալդ ի սկզբանցն յաւիտեանց եւ յարդի ծնելոցս,
Գտեալ, ըստ մաղթանաց գոչման երգողին,
Զիս` զմեղուցեալս, յաննշոյլն մոլորութեան,
Խնամողաւրէն տեսչութեամբ կամաց հովիւ կոչեցար
Եւ ոչ միայն հոգացար, այլ եւ խնդրեցեր,
Եւ ոչ գտեր միայն, հրաշագործ,
Այլ անճառելիդ բարերարութեամբ սիրոյ
Ի կենդանարարդ քո յուս բարձեր
Եւ ընդ երկնային զաւրուն դասեցեր`
Ի հայրենիդ քո ժառանգութիւն:


Բ 
Եւ արդ, դու, հզաւր, կենարար,
Աւրհնեալ, այցելու, գթածդ յողորմութեան,
Եթէ զնոսա ընկալար զապաբանեալսն աղերսանաց,
Որ մինն ի միջոց մահու սահմանի էր չարչարեցեալ,
Իսկ միւսն ըստ անբանիցն անզգայութեան,
Վտարանդի բացամերժութեամբ յանբնակ վայրի վարանեալ`
Ի բառաչ ձայնին բարբառոյ, որ անկերպաւոր աննշանական,
Աստուծային բարեխնամութեամբդ անտեսեցեր
Զտիեզերահրաշն խնամողութիւն առ կորուսելոյն մեծ թշուառութիւն,-
Յայտնեա'ց վերստին եւ արդ գթութեանցդ խորք
Եւ բարերարութեանցդ հոսանք`
Առ անաւրինեալս առաւելութեամբ վերագրեցելոցդ աւրինակութեամբ,
Առ բազմաւրինակ մահու պարտապանս,
Առ որ ի բարութեանց խառնից քաղցրութեանց յատուկ համս չար,
Առ անդամս մարմնոյ արժանաւորս հատման,
Առ համաճարակ ամենաբոլոր ախտացեալ հոգիս վիրաւոր,
Առ հաւասարեալս անզգայութեանց անասնոց,
Առ աւտարացեալս յընտանութենէ իմաստնոց,
Առ աննմանս հանգունակից բանաւորութեանց:
Որ եթէ տարացոյց գոյր` ես ասէի,
Թէ նմանակից գոյր իմ` պատմէի,
Թէ հանգունակից գոյր` ես ճառէի,
Թէ հաւասար գոյր` ես գրէի,
Թէ զուգագործ գոյր` ցուցանէի,
Թէ աւրինակ գոյր` ես ազդէի,
Թէ յանցեալսն` հայթայթէի,
Թէ ի ներկայումս աստ` ես յուսայի:
Բայց քանզի անցեալ է ըստ աւրինակ
Եւ հրաժարեալ ըստ նմանութեան,
Զոր միայն քո է քաւել, բժշկել եւ հրաշագործել,
Կենդանարար համայն մեռելոց, նորոգութիւնդ տիեզերաց

Գ 
Զի եթէ սրբոյն սրտի տեսութեամբ երջանկին Դաւթի
Անաւրէնութիւն չարեաց բարձրացեալ ասի, քան զգլուխ,
Եւ ըստ ծանրութեանց բեռանց դժուարակրելոց` յանցմունք մեղաց,
Իսկ որ առ իս կրին սխալմունք` գերազանցէ,
Քան զհեղեղին ջրակուտակ, տիեզերասոյզ, ամենասպառ ծովուն յորդութիւն,
Եւ գլխոց լերանց վերադրէ:
Այլ շնչեսցէ' աւդ քո քաղցրութեան, իբրեւ առ Նոյիւն,
Եւ որ զլերինս հալէ զաւրութիւն`
Ցամաքեցուցանել զշիղջս ջրակոյտս բազմակոհակս
Եւ երկրակործանս իմոցս պարտեաց,
Եւ լեռնակարկառ բարձրութեան մեղացս ամբարձելոց:

Դ 
Եւ համառաւտեալ զբան քո հզաւր`
Ամենակար հնարաւորութեամբ հակիրճ հատուցմամբ,
Արասցե'ս ահա ելս քաւութեան, ըստ մարգարէին,
Առ երկարաձիգս անաւրէնութիւն:
Եւ ներելով իմս յամառութեան,
Ո'վ երկայնամիտ, ողորմած, աւրհնեալ,
Թողցե'ս միանգամայն, բարեգործեսցե'ս իսկապէս,
Հատցե'ս բոլորովին զանվճարելի պարտուցս
Զարժանահատոյց տոկոսեացս տոյժս տաժանակիրս:
Նա զի եւ չիք իսկ առ քեզ ցասումն սրտի
Եւ կամ բորբոքումն բարկութեան,
Որպէս ոչ կրին նենգութիւնք եւ կամ նշմարանք մթութեան,
Քանզի կեանք են ի կամաց քոց եւ լոյս,
Եւ ո'չ արարեր զմահ,
Եւ ո'չ խնդաս ընդ կորուստ մարդոյ,
Ըստ Դաւթի եւ Սողոմոնի:

Ե 
Եթէ մարդկան կարգեցեր զայս կէտ սահմանի մեծի պայմանի
Ի բարեվիճակդ քո կանոնաց`
Ոչ փոխատրել անդրէն չարի չար,
Այլ եւթանասնիցս եւթն թողուլ
Անդուստ ի յաւուր զիւրաքանչիւր մեղանաց զպարտս.
Եւ այդ բան` առ մեզ, որ միշտ ի բնութեան ունիմք
Բնաւորաբար ուղերձեալ զբիծս չարեաց
Անհամար բիւրուց նորոգ յայտնելոց,
Որ աւրինաւորին երեւին ի յանդաստան սահմանի
Ամենաբոյս փշածին բնութեանս,
Ըստ անսուտ քո վկայութեան, որ թէ` Միտք մարդոյ
Ի խնամս չարի են արձանացեալ ի մանկութենէ:
Զի որ զկատարեալ մաքրութիւնն ունէր`
Աւետարանիչն կենացդ բանի Յովհաննէս,
Եւ զինքն ընդ հասարակաց բնութեան լծակցեալ`
Հաստատեաց զճշմարտութիւն քո` առ իմս ստութիւն յոյժ արդարացեալ.
Թէ ասեմք, ասէ, մեղս ինչ մեք չունել` սուտ առնեմք զնա:
Եւ արդ, կատարեալ է բան քո խնկեալ
Եւ ի գլուխ ելեալ անպակաս ի ստուգութենէ`
Առ իմս մոլորութիւն եւ դժնդակ անիրաւութիւն:
Վասն որոյ խնայեա' յիս ողորմութեամբ,
Քաղցրութեան ճաշակաց աղբիւր,
Միայն աւրհնեալդ յամենայն յաւիտենից:
Ամէն:
Ա 
Արդ, նույն ցավագին հեծեծանքներով 
վշտահար սրտիս 
Եվ բոլորովին տագնապած հոգուս 
տառապանքներով, 
Այս անգամ դարձյա՛լ միևնույն ոճով 
դիմելով ես քեզ, 
Ամենապարգև քո բարերարի գո՜ւթն եմ 
խնդրելու: 
Պաղատում եմ իբրև մեռյալ` կենդանի 
անմահ Աստծուդ, 
Փառքիդ հանդեպ իմ անարգությունը 
խոստովանելով, 
Ինչպես և քո բարությունն իմ չարության դիմաց. 
Որոնցով հաղթվեցի ինքս, քան թե 
բուժվեցի, 
Ամաչեցի, քան թե համարձակվեցի, 
Ուխտակորույսս ես և ավանդամոռաց:
Այն ոչխարի պես, որին օրինակ է բերում 
առակն երկրորդ, 
Ես էլ ծայրահեղ չափով մատնված 
անզգայության 
Ու մոլորվելով անմարդաբնակ լեռներում` երկար, 
Եվ դևերի հետ գազանաբարո վայրի 
կուռքերի մեջ թափառելով, 
Առանց թեկուզ փոքր-ինչ հոտին 
մոտենալու,– 
Չունեի լեզու, որով պատմեի ցավերն իմ 
տանջող, 
Ոչ էլ ձեռք, որի շարժուձևերով համրերն 
են իրենց մտքերը հայտնում: 
Իսկ դու, միա՜յն գովյալդ, սկսած նախնի 
սերունդներից մինչև այսօր, 
Գտնելով և ինձ` մեղավորիս էլ 
մոլորության մեջ անլույս ու անել, 
Ըստ գոչման առ քեզ մաղթանք երգողի, 
Քո խնամարկու կամքի տեսչությամբ 
Հովիվ կոչվեցիր. 
Ոչ միայն հոգ տարար, այլև փնտրեցիր, 
Եվ, ո՜վ հրաշագործ, ոչ միայն գտար, այլև 
անճառելի բարերարությամբ 
Վերցրիր սիրով դու կենդանարար քո ուսի վրա, 
Եվ քո երկնային զորաց հետ մեկտեղ` 
Քո հայրենական ժառանգության մեջ 
դասեցիր ինձ:

Բ
Եվ արդ, դու հզո՜ր, կենարար, օրհնյալ, 
այցելու գթած և մի՛շտ ողորմած, 
Դու, որ ընդունեցիր նրանց` 
անաղերսներին այն անլեզու, 
Որոնցից մեկը մահացու խոցված` 
չարչարվում էր խիստ, 
Մյուսն անբանների անզգայությամբ 
Փախել էր դեպի հեռու ամայի վայրեր 
անբնակ, 
Եվ վտարանդի, շվար ու վհատ` բառաչում 
էր խեղճ, անիմաստորեն,– 
Վիրավորին ու ոչխարին 
 Քո աստվածային բարեխնամությամբ 
տիեզերահրաշ 
Ցույց տվեցիր դու հոգածությունդ 
թշվառության մեջ կորածի հանդեպ,– 
Հայտնիր արդ և ի՛նձ գթությունդ խոր և 
բարիքներիդ հորդումներն առատ, 
Ինձ, որ բերված օրինակներից շատ 
ավելի եմ եղել անօրեն. 
Ինձ, որ մահապարտ եմ բազմօրինակ. 
Ինձ, որ բարության քաղցր խառնուրդում` 
հատուկ համ եմ չար. 
Ինձ, որ արժանի եմ անդամներիս 
հատմանն արդարև, 
Ինձ, համաճարակ, ախտով վարակված 
վիրավոր հոգուս. 
Ինձ, որ անզգա անասուններին եմ 
հավասարվել 
Եվ օտարացել իմաստունների 
ընտանությունից. 
Ինձ, որ նման չեմ բնությամբ ինձ պես 
բանականներին: 
Եթե մի օրինակ ունենայի, ես կասեի. 
Թե նմանակից ունենայի` կպատմեի. 
Թե հանգունակից ունենայի` կխոսեի. Թե ինձ հավասարն ունենայի` կգրեի. 
Թե նույն բանը անող ունենայի` ցույց 
կտայի. 
Թե ինձ համեմատն ունենայի` կիմացնեի. 
Թե անցյալում լիներ` կսփոփվեի. 
Թե ներկայումս` կհուսայի: 
Սակայն, քանի որ ոչ նմանս ունեմ, ոչ էլ 
օրինակ, 
Ուստի դո՛ւ միայն կարող ես քավել ու 
բժշկել ինձ և կենսագործել, 
Կենդանարարդ բոլոր մեռելների և 
նորոգո՛ղդ տիեզերաց: 

Գ 
Զի եթե երջանիկ, սուրբ ու սրատես 
Դավթի գործած չարիքներն ու 
Անօրենությունները գլխից ավելի վեր 
բարձրացած էին, 
Եվ մեղքերն ու հանցանքները 
դժվարակիր բեռների նման 
ծանրացած սաստիկ, 
Հապա ուրեմն իմ սխալմունքներն ավելի են, քան 
Տիեզերասույզ, ամենասպառ ծովի ջրակուտակ հեղեղի հորդությունը 
Ու անցնում են բոլոր լեռների 
կատարներից: 
Բայց թող որ փչե քաղցրաշունչ քամիդ,– 
Ինչպես այդ եղավ Նոյի ժամանակ,– 
Որ լեռներն անգամ կարող է հալել, 
Ցամաքեցնելու բազմաբովանդակ 
ջրակույտն իմ երկրակործան 
հանցանքների 
Ու լեռնակարկառ բարձրությամբ դիզված մեղքերն իմ բոլոր:

Դ 
Եվ արդ, համառոտ քո խոսքով հզոր, 
Եվ ամենակարող հնարավորությամբ 
կարճ դատաստանիդ, 
Ըստ մարգարեի, քավության մի ելք ցույց տուր ինձ` 
Անօրենության մեջ ընդերկար մոլորյալիս: 
Եվ դու, ներելով համառությունն իմ, 
Ո՜վ երկայնամիտ, ողորմած, օրհնյալ, 
Շնորհի՛ր ինձ կատարյալ թողություն և 
բարեգործիր ճշմարտապես, 
Ջնջի՛ր բոլորովին` անվճարելի 
պարտքերիս արժանահատույց 
տոկոսների տույժը տաժանակիր: Չէ՞ որ դու չունես ցասումնալից սիրտ ու 
բարկություն բորբոք, 
Ինչպես նաև չկան քո մեջ նենգություններ և նշաններ մթության, 
Քանզի դու կյանք ես կամենում և լույս, 
Դու մահ չստեղծեցիր և, ըստ Դավթի ու 
Սողոմոնի, 
Մարդու կորուստը քեզ ուրախություն չի 
պատճառում: 

Ե 
Քո բարեվիճակ կանոնների մեջ դու 
մեծագույն պայման սահմանեցիր 
մարդկանց համար` 
Չարությունը չարությամբ չփոխարինել, 
Այլ մի օրվա մեջ յոթանասունյոթ անգամ 
գործած մեղքերը նույնիսկ ներել 
պատգամեցիր մեզ, 
Մեզ, որ ի բնե հակամետ ենք միշտ ի 
հայտ բերելու բյուր ու անհամար 
չարության բծեր,  
Որոնք աճում են ու միշտ նորոգվում 
Մեր ամեն տեսակ փշեր բուսցնող 
բնության դաշտում` 
Համաձայն անսուտ քո վկայության, 
Թե` «Մարդու միտքը իր մանկությունից 
տրամադիր է չարիք գործելուե: 
Քո Կենաց բանի ավետարանիչ 
Հովհաննեսն անգամ, 
Որը մաքուր էր կատարելապես, 
Նա ինքը` որպես հասարակության 
բնության լծակից, 
Ամբողջովին արդարացած` քո 
ճշմարտությունը հաստատեց իմ 
ստության հանդեպ: 
«Եթե ասենք, որ ոչ մի մեղք չունենք,– 
ասում է նա,– 
Սուտ դուրս բերած կլինենք նրանե: 
Արդ, կատարված է խոսքդ խնկելի 
Եվ լիովին ստույգ արդարացված` 
Իմ մոլորության խիստ դժնդակ 
անիրավության հանդեպ: 
 Ուստի խնայի՛ր ինձ ողորմությամբ, 
քաղցրահա՜մ աղբյուր, 
Դո՛ւ միայն օրհնյալ հավիտյանս. ամեն: 

Աղոթի՛ր ընկերներիդ հետ

ԱՅԼ ԱՂՈԹՔՆԵՐ

    Պատահական