ԱՂՈԹՔ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԱՂՕԹՔ ՎԱՍՆ ԹՇՆԱՄԵԱՑ ԵՒ ՉԱՐԱԿԱՄԱՑ


Արդ, ո՜վ ողորմած և բազմագութ Աստված իմ Հիսուս Քրիստոս, իմ հարազատների և բարեկամների համար բարիքներ և ողորմություն խնդրեցի Քեզանից, ինչպես որ հարկն է, և պահանջում է մեր բնության օրենքը: Այժմ աղաչում եմ Քեզ նաև իմ թշնամիների համար, ինչպես որ Դո՛ւ ասացիր օրհնյալ բերանովդ, թե՝ «Բարի՛ք գործեք ձեզ ատողներին»: Ուրեմն, ընկնելով Քո առաջ, խնդրում եմ ամենառատ ողորմությունիցդ, որ ողորմես նաև իմ բոլոր թշնամիներին և ատողներին, չարակամներին ու վնասատուներին և բոլոր մյուսներին, ովքեր Քո ծառայի հանդեպ չարն են խորհում, խոսում, գործում և կամենում գործել, ովքեր բամբասում, վատաբանում և հայհոյում են ինձ՝ թե՛ իրավամբ և թե՛ անիրաւամբ, մի՛ բարկացիր, Տե՛ր իմ, նրանց վրա իմ պատճառով, այլ ների՛ր և թողությո՛ւն տուր նրանց մեղքերին: 
Քանզի նրանք մեղանչում են իմ հանդեպ, որովհետև հիրավի մեղավոր եմ և արժանի ամենայն բամբասանքի ու նախատինքի: Ես մեղանչում եմ Քո հանդեպ, որ արդար ես ամեն ինչում և միշտ բարերար իմ հանդէպ: Ուրեմն, եթե նրանք արժանի են Քո բարկությանը, ապա ես բյուրապատի՛կ բարկության որդի եմ և պատժի արժանի, քան նրանք: 
Այս պատճառով աղաչում եմ Քեզ, Տե՛ր իմ, որ բոլոր բարիքների աղբյուր ես և անհուն ողորմության ծով, որ ողորմես նրանց և ինձ՝ նրանց հետ, և ներես իմ հանդեպ [ունեցած] բոլոր սխալները և ետ դարձնես նրանց չարից՝ փոխարկելով բարու: Որպեսզի ամենքս զգաստանալով ընթանանք ըստ Քո կամքի և փառք վերառաքենք Քեզ Հոր և Սուրբ Հոգուդ այժմ և միշտ և հավիտեանս հավիտենից. ամեն:

Աղոթի՛ր ընկերներիդ հետ

ԱՅԼ ԱՂՈԹՔՆԵՐ

    Պատահական