ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԳՈՀԱԲԱՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ

Ողորմած Աստծուդ վերակրկնելով իմ պաղատանքները՝ խնդրում եմ եւ մեր ազգի մնացորդի, այսինքն՝ վանքերի, եկեղեցիների, եկեղեցականների եւ ամբողջ մեր ժողովրդի համար, որոնց ցայսօր հաստատուն եւ բարեկարգ ես պահել: Մեծ թախանձանքով աղաչում եմ, որ հետ այսու եւս Քո սուրբ անվան փառքի համար, խնամքիդ տակ պահես: Մի՛ նայիր իմ մեղքերին ու անարժանություններին, այլ նայի՛ր Քո անսպառ սիրուդ եւ անբավ մարդասիրությանդ, եւ ըստ իմ սխալական բնության եւ տկար մտքի, ինչ որ խնդրում եմ, Դու կատարի՛ր իմ խնդրանքը Քո ամենագետ եւ անսխալ իմաստությամբ, Դո՛ւ որ ավելի լավ գիտես մեր պետքերն ու օգուտները, քան մենք, որ խնդրում ենք եւ գիտենք: 

Արդ, նախքան իմ խնդրելը՝ իբրեւ աղերս, Քո՝ իմ Աստծուդ առաջ դնելով գլխավոր եւ մեծամեծ բարերարություններդ, որոնք արել ես հատկապես Հայոց Ազգիս, հիշում եմ մեծ շնորհակալությամբ, որովհետեւ եթե ոչ մեր արժանավորության համար, գոնե նրանց խնայելով գթաս մեզ եւ ողորմես:
Արդ, նախ հիշեցնեմ Քեզ, Ո՛վ Տեր իմ Հիսուս Քրիստոս, Քո կերտած ու հաստատծ Աթոռը՝ հավատքի եւ հոգու մեր ծնող Սուրբ Էջմիածինը, որը Քո իջմամբ հիմնարկեցիր, Քո աստվածային լույսով ձեւակերպեցիր, որպես ամենիմաստ ճարտարապետ կառուցեցիր եւ հաստատեցիր: Սուրբ Էջմիածինն եմ ասում, որը որպես միակ պայծառագույն արեգակ՝ ծագեցրեցիր Արարատյան դաշտի վրա, եւ որպես միակ լուսատու եւ պատվական ակն՝ փայլեցրեցիր Վաղարշապատ քաղաքի վրա: Այն իբրեւ Քո անսպառելի շնորհների միակ շտեմարան՝ կառուցեցիր Հայկազյան ազգի մեջ եւ իբրեւ հոգեպարար պարգեւների միակ մշտաբուխ աղբյուր՝ բխեցրեցիր Թորգոմյան վիճակի համար, որով ցանկալի եւ նախանձելի դարձրեցիր նրան բոլոր ազգերի եւ երկրների աչքում: Այս միակ, գերազանցագույն եւ անհամեմատ պարգեւը առանձնահատուկ սիրով մեզ՝ հայ ազգիս եւ Քո փոքր հոտիդ շնորհեցիր: 
Եվ ոչ միայն այս, այլեւ բազում եղանակներով, հատուկ սիրով ուրիշ ազգերի մեջ առանձնացրեցիր մեր ազգը, որովհետեւ թեպետ յուրաքանչյուր ազգ եւ ժողովուրդ Աթոռներ եւ եկեղեցիներ ունեն, սակայն նրանք լուսաձեւ եւ աստվածակերտ չեն Սուրբ Էջմիածնի մեր Աթոռի պես: 

Ուրիշ հավատացյալ ազգերի հովվապետերն ու լուսավորիչները թեպետ սուրբ են, սակայն տասնհինգ տարի բազմատեսակ չարչարանքների փորձության բովով չեն մաքրվել, պարզվել եւ մահից ազատվել, ինչպես մեր սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Թեպետ ուրիշ ազգեր անմարմին եւ աստվածային Բանի մարմնացուցիչ՝ գիր եւ տառ ունեն, սակայն մեր գրերի նման հատուկ Քեզանից չեն շնորհված եւ Քո մատով չեն գծված: Թեպետ բազում ազգերի կանչեցիր դեպի Քեզ եւ հավատացյալներ դարձրեցիր, սակայն Քո սրբազան առաքյալների եւ աշակերտների քարոզությամբ եւ վարդապետությամբ այդ արեցիր, իսկ Հայոց Ազգին (որ հատուկ սիրելի էր Քեզ) չբավարարվեցիր աշակերտներով եւ քարոզությամբ Քոնը դարձնել, այլ, կարծես թե անաշխատ եւ ամենակարող Աստվածդ, աշխատեցիր եւ այնքան հոգացիր, մինչեւ որ բռնությամբ եւ անօրինակ հրաշքներով դեպի Քեզ կանչեցիր եւ Քեզ սեփական ժողովուրդ դարձրեցիր: Ուրիշ ազգերի վրա թեեւ թագավորներ եւ մարմնավոր իշխողներ կարգեցիր, սակայն մեզ՝ Հայոց Ազգի եւ Քո փոքր հոտի համար Դու Ի՛նքդ եղար Թագավոր, Տեր եւ Իշխան՝ ավանդելով մեզ, թե՝ «Իմ եւ յուրայիններիս թագավորությունն այս աշխարհից չէ», եւ ըստ Քո հարազատ սուրբ Պողոսի՝ «Ովքեր քրիստոնյա են, իրենց մարմինները խա՛չ պիտի հանեն»: Եթե այլազգիների ձեռքով երբեմն տանջում եւ խրատում ես մեզ, այն եւս Քո հայրական եւ հատուկ սիրո նշաններն են, որովհետեւ ում սիրում ես, խրատում եւ հանդիմանում ես, որոնք Քո հատուկ եւ գերազանցագույն սիրո եւ գթության նշաններն ու քարոզներն են, որ ունես մեր խեղճ Հայոց Ազգի հանդեպ: Հիրավի, Ո՛վ Տեր իմ, ինչպես մեր հանդեպ վարվեցիր, ուրիշ ազգերի եւ ժողովուրդների հետ նույնկերպ չվարվեցիր: Արդ, Քո այսքան բարերարությունների փոխարեն ոչինչ չունենք Քեզ հատուցելու, այլ միայն շնորհակալությամբ հանդերձ հավիտյանս հավիտենից փառք եւ գոհություն պիտի մատուցենք Քեզ՝ անկարոտ Աստծուդ:

Արդ, որ ավելի մեծ եւ ավելի գերազանց գործեր արեցիր, փոքրերն ու ավելի դյուրինները մի՛ խնայիր մեզանից, Ո՛վ բարերար եւ ողորմած Աստված։ Քեզ համար ամեն ինչ հնարավոր է եւ դյուրին: Ուրեմն, աղաչում եմ Քեզ, Ո՛վ բարերար եւ ողորմած Աստված, քո հաստատած մեր Աթոռը եւ Մայրը՝ Սուրբ Էջմիածինը (որը իբրեւ հատուկ փառք, պարծանք եւ մխիթարություն մեզ՝ հայ ազգիս եւ լուսավորչակրոն հոտիս շնորհեցիր), ըստ Քո անսուտ խոստման, անխախտելի վեմիդ վրա հաստատուն եւ անշա՛րժ պահիր: Ի մխիթարություն, ի զվարճություն մեզ եւ մեր եկեղեցիների մինչեւ աշխարհի վերջը Քո Սուրբ Հոգու մշտազեղ եւ հոգեպարար շնորհներն անպակա՛ս արա նրանից: Նրան, որ հաստատել ես մեր մեջ, Քո սուրբ անվան փառքի համար օրըստօրե զորացրո՛ւ, պայծառացրո՛ւ եւ փայլեցրո՛ւ երկրի բոլոր ծագերում: Քո ճշմարիտ խոստումի համաձայն՝ Քո ոտքերի սուրբ Տեղը բոլորի աչքերում միշտ փառավորի՛ր: Փշրի՛ր Քո ամենակարող զորությամբ եւ խորտակի՛ր նրանց, ովքեր կհարվածեն այն վեմին: Կուրացրո՛ւ նրանց աչքերը, ովքեր նենգությամբ նայում են նրան: Զարդարուն եւ պե՛րճ պահիր նրան միշտ քո ընտրած Հայրապետներով, շնորհափայլ եպիսկոպոսներով եւ վարդապետներով եւ բոլոր հավատացյալներով: Ներկա մեր Հայրապետին (ասել անունը)՝ Կաթողիկոսին, Քեզ հաճելի նրա բոլոր գործերում եւ ընթացքներում ամեն ժամ օգնական եւ ձեռնհաս եղի՛ր: Քո սուրբ տան պայծառության եւ Քո ծառաների մխիթարության համար նրան երկար տարիներ խաղաղությամբ պահի՛ր:

Մեր Սուրբ Աթոռի հետ պահի՛ր նաեւ մեր մյուս բոլոր վանքերն ու եկեղեցիները՝ առաջնորդներով, վարդապետներով, քահանաներով եւ իշխաններով, ժողովրդով եւ նրանց բոլոր հավատացյալներով հանդերձ, շինության, բարեկարգության եւ խաղաղության համար՝ զերծ եւ անաղարտ բոլոր օտար եւ մոլոր աղանդներից: Քո ամենահաղթ զորության սուրբ Խաչի անպարտելի նշանը, երկնային զինվորությունների բանակները եւ Քո բոլոր սրբերի դասերը մեր եկեղեցիների եւ նրա հավատացյալների վրա ողջ գիշեր եւ ողջ ցերեկ պահապան կարգի՛ր եւ փրկի՛ր բոլոր հոգեւոր եւ մարմնավոր թշնամիներից եւ փորձություններից, որպեսզի նրանց մեջ Քո անունը հավիտյանա փառավորվի:

Տե՛ր Աստված մեր, մեր հոգեւոր հովիվներին եւ առաջնորդներին քո իմաստությունը, հեզությունն ու խոնարհությունը տո՛ւր, որպեսզի կամքիդ համաձայն Քո հոտը հովվելով, Հովվապետիդ երեւալու ժամանակ համարձակությամբ կարողանան ասել՝ ահա ես եւ իմ հավատացյալները, եւ Քեզանից փառքի պսակը ընդունել: Նրանց զորությամբ եւ արիությամբ սպառազինի՛ր, որպեսզի կարողանան դիմակայել ոչխարամորթ գայլերին եւ մեր եկեղեցիների ու հավատքի ապականիչներին: Մեր քահանաներին զգաստություն եւ մաքրություն տո՛ւր, որպեսզի կարողանան արժանապես ծառայել Քո սուրբ խորհրդին եւ լինել համարձակ միջնորդ Աստծուդ եւ ժողովրդի՝ նրանց աղոթքը մատուցելու Քեզ եւ Քո ողորմությունն իջեցնելու նրանց մոտ, որոնք էլ Քո կամքի համաձայն շահելով Քո տված մնասը՝ Քեզանից բազմապատիկն առնեն: Տե՛ր, սարկավագներին, դպիրներին, մեր եկեղեցիների ողջ հավատացյալներին պարկեշտություն եւ ուսման սեր պարգեւի՛ր, որպեսզի յուրաքանչյուրը, ինչ կոչման կանչված է, նրանում անարատ մնա, արժանապես ծառայի Քո Սուրբ Եկեղեցուն եւ Քո կողմից կոչվի բարի, ազնիվ եւ հավատարիմ ծառա: Տե՛ր, Քո փառքի եւ հաճույքի համար ընդունի՛ր աշխատավորների արդյունքը եւ Քո Սուրբ Եկեղեցուն տրվող նվերները, եւ նրանց փոխարենը ըստ հոգու եւ ըստ մարմնի բազմապատիկը տո՛ւր եւ արժանի՛ արա այն երանությանը, որ ողորմածներն են ժառանգում:

Տե՛ր, մեր ժողովրդի իշխաններին եւ գլխավորներին Քո հանդեպ բարեպաշտություն եւ սերտ հավատ, միմյանց հանդեպ՝ սեր եւ միաբանություն, աղքատների ու փորձանքի մեջ եղողների հանդեպ՝ գութ եւ խնամածություն տո՛ւր: Քաղցր եւ սիրելի դարձրո՛ւ նրանց բոլոր իշխողների եւ բռնավորների աչքում, որպեսզի Քո Եկեղեցուն պարծանք եւ ուրախություն լինեն, հասարակությանը՝ ձեռնտու եւ մխիթարություն, հաճելի ծառաներ Քեզ եւ Քեզնից Քո բոլոր սրբերի հետ վարձ ստանան:

Տե՛ր, հիշի՛ր մեր ամբողջ ազգին՝ Քո փոքրիկ հոտին, ամենքին, ուր էլ որ լինեն՝ մեծերին եւ փոքրերին, տղամարդկանց եւ կանանց. եւ Քո մեծ ողորմածությամբ այցելի՛ր բոլորին: Թո՛ղ բոլորը սիրով եւ խաղաղությամբ, լուսավորչավանդ հավատով եւ առաքինի գործով, ապահով կյանքով եւ բարվոք կենցաղավարությամբ ապրեն: Բոլորին ձեռնտու եւ օգնական եղի՛ր ամեն ժամանակ՝ ննջելիս եւ արթնանալիս, տանը եւ ճանապարհին, ծովում եւ ցամաքում, առնելիս եւ տալիս, աշխատելիս եւ վաստակելիս, եւ նրանց բոլոր օգտակար եւ անմեղածին գործերը հաջողի՛ր ու բարի ավարտի հասցրո՛ւ:

Այլեւ հիվանդներին եւ ցավագարներին առողջացրո՛ւ, տրտմյալներին եւ վշտացածներին սփոփի՛ր եւ ուրախացրո՛ւ: Բանտարկյալներին եւ գերյալներին ազատի՛ր: Տկարներին փրկի՛ր: Կարիքավորների հոգեւոր եւ մարմնավոր կարիքները բավարարի՛ր: Բոլոր անճարներին եւ անօգնականներին օգնության հասի՛ր եւ այցելի՛ր: Մեղքի մեջ անդարձներին եւ համառներին դարձրո՛ւ իրենց չար ճանապարհներից եւ Քո մեծ ողորմությամբ բոլորին ողորմի՛ր եւ խաղաղության մեջ պահի՛ր, որպեսզի բոլորին ողորմելով ՝ միշտ բոլորից փառավորվես: 

Այլեւ խնդրում եմ Քեզանից, Տե՛ր եւ Աստված իմ, որպեսզի ամբողջ աշխարհին խաղաղություն տաս, թագավորներին՝ հաշտություն, ենթականերին՝ սեր եւ հնազանդություն, քաղաքներին, գավառներին եւ գյուղերին՝ շենություն եւ ապահովություն, այգիներին եւ անդաստաններին՝ պտղաբերություն, եւ բոլոր բարիքներին՝ լիություն եւ առատություն: Այլեւ Քո ողորմածությամբ ամբողջ աշխարհից եւ ազգերից եւ մանավանդ Հայոց Երկրից եւ ազգից ողջ ցասումն ու զանազան ձախորդությունները՝ հիվանդություններն ու պես-պես ցավերը, սովը, սուրը, մահտարաժամը եւ մյուս բոլոր վշտաբեր ու վնասաբեր պատահարները, որոնք Քո ամենազոր հրամանով շարժվելով մեր մեղքերի համար գալիս են մեզ վրա, վերացրո՛ւ, որպեսզի ամեն ինչում եւ ամենքի մեջ Քո անունը փառավորվի հավիտյանս հավիտենից. Ամեն:

Սիմեոն Երեւանցի

Աղոթի՛ր ընկերներիդ հետ

ԱՅԼ ԱՂՈԹՔՆԵՐ

    Պատահական