ԱՂՈԹՔ ՈՂՋ ԱԶԳԻ ԵՎ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 Տե՛ր իմ եւ Աստվա՛ծ իմ Հիսուս Քրիստոս, ես՝ ամենասխալ, բազում չարիքներով եւ անօրինությամբ լցված Քո ծառան, կորագլուխ անձով խոնարհված եւ մեծակական ողբով ի խորոց սրտի հառաչում եմ ամենագթածդ Աստծուն եւ աղաչում: Մեր ողորմելի եւ անտերացած ազգի համար Քեզ եմ կանչում, Ո՛վ ողորմելիներին ողորմող եւ անտերների Տեր, անճարների ճար, անօգնականների օգնական, անհույսների հույս ու ապավեն, նեղյալների եւ վշտացածների հանգիստ ու մխիթարություն: 

Մեծ թախանձանքով առ Քեզ եմ գոչում. բացի՛ր, Տե՛ր, Քո աչքերը եւ տե՛ս մեր ողորմելիությունը, տե՛ս, թե Քո փոքրիկ հոտն ինչպես է ցրվել եւ տարագրվել ամբողջ աշխարհով, մատնվել օտար տերերի եւ թշնամիների ձեռքը, զրկվել իր բնակության բնիկ տեղերից ու հայրենիքից: Ա՛խ, նրանք նման են ծովի ալիքների վրա առանց ղեկավարի ղեկաբեկ տատանվող նավի եւ անապատում առանց հովվի մոլորված ոչխարների, ո՛չ Մովսես ունեն, որ առաջնորդի, եւ ո՛չ էլ Հեսու, որ թշնամիների դեմ ելնի: Ո՛չ Դավիթ ունեն, որ նրանց համար հաճելի պատարագ մատուցի Քեզ եւ Քո բարկության սուրը ետ դարձնի: Մարգարե, թագավոր, իշխան եւ առաջնորդ չկա, եւ ո՛չ էլ որեւէ այլ տեղից օգնություն ունեն:

Մեր իշխաններն ու ազատազունները, ունեցվածքից եւ իշխանությունից զրկված եւ ուրիշների իշխանության տակ ընկած, ծառայում են ողորմելիաբար: Մեր հասարակ ժողովուրդը, այլազգիների ծանր լծի եւ հարկի տակ, իր կյանքի ապրուստը հազիվ է հայթայթում եւ գտնում, երբ ուրիշներն են ուտում եւ վայելում նրանց սերմանածն ու վաստակածը: Քո անվամբ եւ Քո սիրելի սրբերի հիշատակին կառուցված, Սուրբ Հոգուդ օծմամբ կնքված եւ ամենահաղթ Խաչիդ նշանով պսակված վայելչագեղ եկեղեցիներն ու պայծառաշեն վանքերը, որոնց մեջ Աստծո Գառն էր աշխարհի փրկության համար պատարագվում, որոնց մեջ Քո սրբագործ եւ հոգեկեցույց խորհուրդներն էին կատարվում, որոնցից օրհնությունների եւ փառաբանությունների ձայներ, հոգեւոր բուրմունք, հաճելի ընծաներ եւ հաշտարար աղոթքներ էին վերառաքվում, ահա՛, մեծ մասամբ ամայացել են եւ ապականվել, գողերի եւ գազանների օթեւան դարձել: 

Հիրավի, թշնամին Քո փափագածի հանդեպ ոտնձգություն արեց: Հեթանոսները մտան Քո ժառանգությունը եւ պղծեցին Քո սուրբ տաճարը: Նրանց սրահներն ու սրբությունները ապականություն դարձան, նրանց ճանապարհները սգավոր դարձան, նրանց տարեկան տոների երթեւեկը դադարեց: Լռեցին նրանցից ելնող օրհնությունների եւ փառաբանություննե րի ձայները: Այնտեղ գազաններն ու հափշտակողներն են ելումուտ անում: Սքանչելի դամբարաններն ու նրանց մեջ գտնվող Քո սրբերի բժշկարար նշխարները անսուրբերի եւ պիղծերի ոտքերի կոխան են դարձել: Դրանց քահանաներն ու պաշտոնյաները հալածվել եւ ամենուր փախստական են դարձել, շատերն էլ գերվել, սպանվել եւ անհայտ կորել: 

Ուստի մենք՝ մնացածներս, մեր դրացիների համար նախատինք եղանք եւ թշնամիների կատակներում ծաղրի ենթարկվեցինք: Արդ, այս բոլորը մեզ վրա եկել եւ գալիս են մե՛ր մեղքերի պատճառով: Քանի որ մեղանչեցինք, անօրինացանք, եւ ապստամբեցինք Քո դեմ, այդ պատճառով էլ Դու թույլ տվեցիր, որ բոլոր այս չարիքները գան մեզ վրա, տիրեն մեզ եւ մատնեն թշնամիների, ապստամբ տերերի ձեռքը, այնպես որ մեր մեղքերի համար ամբողջ երկրում տառապում ենք այսօր: 

Ուրեմն, Քեզ, մեր Աստծուն՝ արդարություն, իսկ մեր երեսներին՝ ամոթ: 
Արդ, այժմ ո՞ւմ պիտի դիմենք, Տե՛ր Աստված մեր, եւ ո՞ւմ պիտի պատմենք մեր ցավերը, եթե ոչ նույն Բարկացողիդ, որ ինչպես արդարությամբ խրատեցիր եւ պատժեցիր մեզ, նույնպես կարող ես նույն ողորմությամբդ վերստին բժշկել եւ մխիթարել:
Դրա համար ահա, ընկնում եմ անոխակալ Աստծուդ առաջ, եւ անառակ որդու պես գոչում. մեղանչել ենք երկնքի եւ Քո առաջ, մեղանչել ենք Ստեղծողիդ առաջ, մեղանչել ենք Քո, մեր Բարերարիդ եւ Աստծուդ առաջ: Աղաչում եմ Քեզ, անոխակալ Աստված, հրաժարվի՛ր Քո բարկությունից եւ Քո ցասումից, մի՛ հիշիր մեր առաջին մեղքերը, Քո ողորմությունը շուտափույթ թող գա մեզ վրա, որովհետեւ շատ ենք աղքատացել:


Զարթնի՛ր, Տե՛ր, զարթնի՛ր, արի՛ եւ մի՛ մերժիր մեզ իսպառ: Մի՛ մոռացիր մեր աղքատությունը եւ նեղությունները: Արի՛, Տե՛ր, օգնի՛ր եւ փրկի՛ր մեզ Քո անվան համար, որ դրված է մեզ վրա: Հանուն Քո անվան՝ իսպառ մի՛ մատնիր մեզ, մի՛ դրժիր Քո ուխտը եւ մի՛ հեռացրու Քո ողորմությունը մեզանից, որովհետեւ Դու ես միայն մեր Տեր եւ Թագավոր, Դու ես միայն մեր Փրկիչն ու օգնականը, Դու ես միայն մեր ապավենն ու հույսը, որովհետեւ Քեզանից բացի որեւէ մեկին չենք ճանաչում եւ հանապազ Քո անունն ենք տալիս: 

Տե՛ս մեր ազգի տառապանքները, օգնության հասի՛ր եւ այցելի՛ր: Եվ ինչպես Աբրահամի, Իսահակի, Հակոբի եւ Քո Դավիթ ծառաների համար գթում էիր հին ժողովրդին, այժմ էլ Քո անարատ ծնող Սուրբ Աստվածածնի, Սուրբ Հովհաննես Կարապետի եւ Քո Մկրտչի, Սուրբ Ստեփանոս Նախավկայի, Քո սուրբ առաքյալների եւ մարգարեների եւ մեր Թադեոս ու Բարդուղիմեոս սուրբ առաքյալների եւ հատուկ մեր լուսավորիչների, Սուրբ Գրիգոր բազմաչարչար Քո վկայի եւ նրա ընտրյալ որդիների, թոռների ու ծոռների, սուրբ Հռիփսիմյանց եւ Գայանյանց կույսերի, այլեւ սուրբ հայրապետների ու վարդապետների, ճգնավորների, մարտիրոսների, կույսերի եւ Քո բոլոր հին ու նոր, հայտնի եւ անհայտ սրբերի բարեխոսությամբ, այլեւ Քո երկնավորների՝ Գաբրիելի եւ Միքայելի եւ ամբողջ անմարմին դասերի բարեխոսությամբ գթա՛ Քո նոր ժողովրդին եւ փոքր հոտին: Որովհետեւ եթե մեր բազում մեղքերի եւ անօրինությունների պատճառով առժամանակ թողեցիր մեզ, երեսդ դարձրեցիր մեզանից եւ Քո պատվական Արյան համար տրտմեցիր, ապա նաեւ Քո սիրելիների արդարության համար դարձի՛ր եւ Քո մեծ ողորմությամբ ողորմի՛ր մեզ, ցո՛ւյց տուր Քո երեսը եւ ուրախացրո՛ւ մեզ, ինչպես ասացիր Եսայի մարգարեի միջոցով.

«Լսելի՛ արա մեզ երանավետ ձայնդ, լուսավորի՛ր Հայաստանյայց Եկեղեցիդ եւ ուրախ եղի՛ր, որովհետեւ հասել է Քո լույսը: Ահավասիկ խաղաղությունը իբրեւ գետ դարձնում եմ դեպի քեզ եւ քո մանուկներին իրենց ուսերի վրաբարձրացրած հեռուներից կբերեն» (հմմտ. Ես. 60): Հիրավի, այսպիսի Ամենակարող Աստծո ողորմությանն ենք մնացել ապավինած, ողորմա՛ծ Աստված: Ուրեմն, հաշտվի՛ր Քո մնացած ժողովրդի հետ: Փրկի՛ր մեզ մեծ հրաշքներով, ժողովի՛ր մեզ Քո սիրո գոգը եւ մխիթարի՛ր մեզ Քո սուրբ անվան փառքի համար, որ դրել ես մեզ վրա:

Այլեւ աղաչում եմ Քեզ, Տե՛ր իմ եւ Աստվա՛ծ իմ, մեր ամայացած եւ անշքացած վանքերի ու եկեղեցիների համար: Լսի՛ր մեզ, որ ահա նեղված սրտով դիմում ենք Քեզ: Մի՛ հիշիր մեր մեղքերը, որով բարկացրեցինք Քեզ, այլ հիշի՛ր Քո սրբերին, որոնց անուններով կառուցվեցին մեր եկեղեցիները, հիշի՛ր նրանց սուրբ եւ մաքուր նշխարները, որոնք ամփոփված են նրանց մեջ, եւ սրբությունները, որոնց վրա Քո անունն է գրված: Ոչ թե իմ արդարության համար եմ այս աղերսներն ուղղում Քեզ, այլ Քո բազում գթության եւ Քո սիրելի սրբերի ու սրբությունների սիրո համար: Աղաչում եմ Քեզ, ողորմած Աստված, գթած Աստված, Քո անհուն ողորմության համար, ի սեր Քո սուրբ եկեղեցիների եւ սրբությունների, Քեզ հաճելի սրբերի բարեխոսությամբ եւ նրանց չարչարանքների, պատվական Արյան, մաքուր նշխարների եւ դամբարանների միջնորդությամբ ողորմի՛ր եւ այցելի՛ր մեզ: Ինչպես տառապեցրեցիր Քո բարկությամբ, նույնպես բժշկի՛ր եւ մխիթարի՛ր Քո ողորմությամբ: Որովհետեւ ինչպես մեր մեղքերի պատճառով մեր աչքերը ամայություն եւ ապականություն տեսան, այնպես էլ, հանուն Քո սիրելի սրբերի, վերստին տեսնելու արժանացրու նրանց վերանորոգությունն ու պայծառությունը: Եվ ինչպես որ նրանցից դադարեցին եւ լռեցին օրհնության եւ փառաբանության ձայները, այնպես արա, որ Քո անվան փառքի համար վերստին զորանան եւ բարձրանան, որպեսզի բոլորն իմանան, որ Քո անունը դրված է մեր եւ նրանց վրա, որը եւ մենք տեսնելով ՝ փառք եւ գոհություն առաքենք դեպի երկինք՝ Հոր եւ Սուրբ Հոգուդ հետ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից. Ամեն:


Սիմեոն Երեւանցի

Աղոթի՛ր ընկերներիդ հետ

ԱՅԼ ԱՂՈԹՔՆԵՐ

    Պատահական