ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ - ԲԱՆ ԼԶ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա 
Եւ քանզի անթիւ են յաճախեցեալ
Եւ գերազանցութեամբ միշտ առաւելեալ
Փրկանաւորդ արգասիք շնորհաց
Առ պարտուցս իմոց առաւելութիւն,
Չարչարանացդ հանդէս եւ յանձնառութիւն:
Զափդ ամփոփիչ, ամենից հոգւոց գոյից արարիչ,
Ի գործարանի մահուն նշանի խաչին հեղուսեր,
Զի զձեռնարձակութիւնն իմ ընդդիմութեան կամաց քոց լքցես:
Զընթացողականդ լծակցութիւն երկոցունց ոտիցդ կեցուցողաց,
Յանարգելութեանս պատճառ, ի պատժարանի փայտին մածուցեր,
Զի զփախուցեալս վայրագութիւն թշուառացելոյս
Գրաւականեսցես գթածաբար: 


Բ 
Ո'չ գաւսանալ ձեռաց կռփողացն հրամայեցեր աւրհնեալ գագաթանդ,
Որ զթզենւոյն տունկ առժամայն չորացուցեր,
Զի եւ զառ իս ներելոյդ աւրինակ կանխաւ աւետարանեսցես:
Ո'չ գանողացն ապիրատութեան զխոստովանեալդ Աստուած սպառնացար,
Որ զարուսեակն մթացուցեր,
Զի մահացելոյս անձին բարութիւն հանգստեամբ հանդերձ գործեսցես:
Ո'չ զհայհոյչացն հնարաւոր չարաբանութիւն կապտեցեր,
Որ զլուսնին պատկեր երանգաւ արեան գունեցեր,
Զի զանհամարձակ լեզուս ի գովեստ քեզ զաւրացուսցես:
Ո'չ նախատողացն մոլեգնութեան սաստեցեր,
Որ զտարերս սասանեցեր,
Զի զթշուառացեալս գլուխ գթութեանդ աւծմամբ իւղեսցես,
Ո'չ ի մոլորեցուցիչն կարդալ զքեզ աստուածասպանիցն
Զյաւդուած ծնաւտիցն բաժանեցեր` քակտեալ ի միմեանց,
Որ զկարծրութիւն վիմացն հերձեր,
Զի զանունակս բարեաց հոգիս
Ի բերմանէ ընդունայնութեան ողորմութեամբ հանդարտեցուսցես:
Ո'չ զպահապանացն սուրս ընդերաց իւրեանց մատուցեր,
Որ զորովայն աւձին սահեցման հողոյ մատնեցեր,
Զի զտառապեալս մարմնոյ ոսկերս, իբր ի գանձարանի պահեալ,
Կենաց յարութեան արժանացուսցես:
Ո'չ ի կնքելն զշիրմին փականս կենդանակիր քո գերեզմանին
Անդրէն յորսայսեալս զնոսին յանդունդս երկրի սուզեցեր,
Զի ի տապանակի անձինս զնշխար լուսոյդ հանգուսցես:
Ո'չ ի համբաւելն զքեզ կորուսեալ
Եւ իբր զերկրաւոր մարմին գողացեալ
Համայնաջինջ եւ ամենասպառ զսերմն ծննդոցն կրճատեցեր,
Զի զիս` զանարժանս յիշատակի ընտրութեան բարեաց
Անկորուստ եւ անվնասելի ընդ փրկեցելոցն հաղորդեսցես:
Ո'չ յարծաթոյն կրկնակապէն կաշառաձգութիւն,
Որ ի գանձարանէ Հաւր քում նուիրաց
Քեզ գրաւ մատնութեան եւ անարգութեան մասնաւորեցին,
Զուրացողացն մոլեգնելոց,
Ըստ հին հարուածոց հանոյն Մովաբու,
Ի յարձան քարի յեղանակեցեր,
Զի զիս` զվրիպեալս ի հաստատութեանց
Եւ ընդ իշխանութեամբ մահու վաճառեալս,
Արեամբ քո փրկեալ, ի հաստատութիւն վիմիդ կառուսցես:
Աւրհնեա՜լ կրկին, աւրհնեա՜լ վերստին,
Յամենայնի միշտ աւրհնաբանեա՜լ յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:
Ա 
Որքան էլ շատ լինեն մեղքերս, 
Շնորհիդ փրկարար արդյունքներն անթիվ 
Եվ հանդիսադրումն այն չարչարանքների, որոնք հանձն առար` 
Գերազանցում են նրանց միշտ իրենց 
առավելությամբ: 
Հոգիներն համայն իր մեջ ամփոփող աջդ 
արարչագործ 
Մահվան գործիքի` Խաչի նշանի վրա 
գամեցիր, 
Որպեսզի կամքիդ դեմ երկարող ձեռքս 
թուլացնես: 
Համընթաց քո զույգ ոտքերդ ազատարար 
Իմ անսանձության պատճառով 
պատժարանի փայտին կպցրիր, 
Որպեսզի զսպես դու գթածաբար 
վայրագությունը փախչող թշվառիս:


Բ 
Չհրամայեցիր, որ քո օրհնյալ գագաթը 
կռփողների ձեռքը գոսանար, 
Դու, որ քարերի կարծրությունը 
ճեղքեցիր,– 
Որպեսզի այդ օրինակով` և ի՛նձ ներելդ 
կանխավ ավետես: 
Քեզ` խոստովանված Աստծուդ գանող 
անպիտաններին չսպառնացիր, Դու, որ արուսյակը մթնացրիր– 
Որ մահացածիս բարությամբ հանդերձ 
հանգիստ շնորհես: 
Հայհոյիչների չարախոս բերանը 
չչորացրիր, 
Դու, որ լուսնի պատկերը արյան երանգով գունավորեցիր,– 
Որպեսզի քեզ գովելու համար 
անհամարձակ լեզուս զորացնես 
Չսաստեցիր քեզ նախատողների 
մոլեգնությունը, 
Դու, որ տարերքն անգամ սասանեցիր,– 
Որպեսզի թշվառ գլուխս գթությանդ 
օծումով յուղես: 
Քեզ մոլորեցուցիչ անվանող 
աստվածասպանների ծնոտների 
հոդվածներն իրարից բաժանելով 
չխախտեցիր, 
Դո՛ւ, որ քարերի կարծրությունը 
ճեղքեցիր,– 
Որպեսզի բարուց դատարկ իմ հոգին  
ընդունայնության հոժարությունից 
հանդարտեցնես: 
Պահապանների սրերը իրենց ընդերքը 
չմխեցիր, 
Դո՛ւ, որ օձի որովայնը հողի վրա 
սողալուն մատնեցիր,– 
Որպեսզի ոսկորներն իմ տառապյալ 
մարմնի, իբր գանձարանում 
պահված` 
Հարության կենացն արժանացնես: 
Երբ կենդանակիր քո գերեզմանի 
տապանաքարը կնքում էին, 
Նրանց տեղնուտեղը թիկունքի վրա 
պառկեցնելով` երկրի անդունդները 
չսուզեցիր, 
Որպեսզի հոգուս տապանակի մեջ լույսիդ նշխարը հանգչեցնես: 
Երբ քեզ կորած և իբրև երկրավոր մարմին 
գողացված էին համբավում, 
Դու` համայնաջինջ և սպառսպուռ 
չկրճատեցիր նրանց սերունդները, 
Որպեսզի և ինձ, բարուն հետևող 
հիշատակվելու անարժանիս իսկ 
Անկորուստ կերպով, անվնասելի` փրկվածներին մասնակից դարձնես: 
Երբ ուրացողները մոլեգնաբար, որպես 
մատնության անարգ գրավական` 
Քո Հոր տաճարի գանձարանից մաս էին 
հանում, կաշառք տալով արծաթ 
կրկնակապեն` 
Չդարձրիր նրանց դու քարե արձան, 
Նման` Մովաբի տատին
պատահած այն հին հարվածի: 
Որպեսզի և ինձ` հաստատությանս մեջ 
վրիպյալիս 
Եվ մահվան իշխանությանը վաճառվածիս թշվառ` 
Արյամբ քո փրկելով` հաստատուն վեմիդ 
վրա կառուցես: 
Օրհնյա՜լ ես կրկին, օրհնյա՜լ վերստին, 
Ամեն ինչի մեջ միշտ օրհնաբանված` 
հավիտյանս հավիտենից. ամեն:

Աղոթի՛ր ընկերներիդ հետ

ԱՅԼ ԱՂՈԹՔՆԵՐ

    Պատահական