ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ - ԲԱՆ ԻԷ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա 
Եւ քանզի ընդ ողբաձայնիցն բանաստեղծութեանց վերընծայելոց
Զդրութիւն թուոցս յարմարեցի`
Կական եւ հեծութիւն, հառաչանք կողկողագինք,
Դառնութեան լալումն եւ արտասուաց երգ,-
Դարձեալ սկսայց զճառ պաղատանացս
Խոստովանաւրէն, զղջականաբար,
Զգաղտնածածուկն` յայտնաբարբառ,
Զի անդրադարձութեամբ սկսմամբն եւ վերջաւորաւքն բառիւք
Զնոյն համաձեւութիւն ի մի թախանձ նմին մաղթանաց
Հոգեկեցոյցն խոնարհութեան աստանաւր եդից: 
Բ

Մեղա՜յ մեծիդ բարերարութեան, անարգս մեղայ,
Մեղա՜յ ծագմանդ ճառագայթից, խաւարս մեղայ,
Մեղա՜յ շնորհացդ անբաւ երախտեաց, արդարեւ մեղայ,
Մեղա՜յ սիրոյդ վերնում գթութեան, յայտնապէս մեղայ,
Մեղա՜յ ստացողիդ յոչէութենէ, ստուգապէս մեղայ,
Մեղա՜յ գերունակ գոգոյդ գրգանաց, անբաւս մեղայ,
Մեղա՜յ աննուազ լուսոյդ վայելման, նենգողս մեղայ,
Մեղա՜յ ճաշակման անճառդ կենաց, բազումս մեղայ,
Մեղա՜յ անհաս պարգեւացդ ձրից, հանապազ մեղայ,
Մեղա՜յ գովեալ մարմնոյդ Աստուծոյ, մահու չափ մեղայ,
Մեղա՜յ պաշտելի արեան Արարչիդ, իսկապէս մեղայ:
 Գ 


Ահա, արդարեւ, աւրհնեալ է հատուած բանի
Յուսադրական սրտի այսր Մեղայ-ի:
Սոյն սա պատուելի աւանդ, անմոռաց պատուէր,
Հայրենեացն տուր, նախահարցն աւրէն,
Համայնից թոշակ, անհերքելի բան,
Զաւրաւոր պատասխանի, կենդանութեան կամուրջ,
Ախորժելի վերնոյն, սիրելի սրբոց,
Անխզելի կապ, հրաշալի բարբառ,
Անշրջելի պատճառ, բաղձալի աղերս,
Փափագելի սեղան, սրտաբեկ հնչումն,
Անհնարից ճարակ, կարծրութեան վանիչ,
Աստուածապաշտից սահման, հեթանոսաց գիրք,
Վաղնջուց կանոն, քրիստոնէից հարազատ,
Արարչութեանն յաղթող, անջրպետ հզաւր,
Խտրոց ահաւոր, արուեստ բարձրութեան,
Խորութիւն անչափ, հիացման տեսիլ,
Խորհուրդ կնքեալ, ընդ որ չիք ումեք անցանել,
Եթէ ոչ անըմբռնելի մտաց արագման զսա ծանիցէ:
Ձայն բարեպատեհ հրաշաւորական,
Որ ոչ յիշատակեցաւ ի վերջին դատակնիք դասուն լքելոյ.
Գուցէ առ նմին խզեալ համառաւտ
Զվրիժակն իրաւանց մահուն հասելոյ,
Յորմէ ընտրութիւնն ապագործ եղեալ`
Զսահմանն յաւիտենական քակտեսցէ:
Զարդ փառաց մեծութեան,
Որով նոյն ինքն աստուածութիւնն պսակեալ բարգաւաճի: 
Դ 

Քանզի ո՞վ ոք դիմեալ կալաւ զեղջերաց սեղանոյ այսր սրբութեան
Եւ ոչ առժամայն պրծեալ ի պատժոց` անարատ գտաւ:
Իսկ եթէ Աքար Զամրեան եւ Սաւուղ Կիսեան եւ Յուդա Սիմոնեան,
Ասելով զսոյն, ոչ արդարացան,
Եւ ես վկայեմ` իրաւամբք խոստովանեալ զայս պայման բանի,
Զի ակամայիցն բռնադատելոց ոչ է կատարեալ սէր,
Ուստի եւ ոչ բովանդակապէս փրկութիւն: 
Ե 

Իսկ ես կամաւ համբուրեմ` դարձեալ կրկնելով
Զերջանիկ բանիդ զմկրտութեան հարազատս:
Մեղա՜յ երախտեացդ մոռացութեան, վերստին մեղայ,
Մեղա՜յ մարմնոյ ձեռն յոգի հարեալ, յիմարս մեղայ,
Մեղա՜յ առ կեանսդ դժրողութեան, իսկ եւ իսկ մեղայ,
Մեղա՜յ բանիդ ապախտ առնելոյ, չարաչար մեղայ,
Մեղա՜յ ի յաւր սատակման` ինձէն ստիպեալ, վատթարս մեղայ,
Մեղա՜յ պարտականս անկենդան մահուն, ձաղելիս մեղայ,
Մեղա՜յ անպատկառս քո բարձրութեան, տաղտկալիս մեղայ: 
Զ

Վերջին ինձ կրկին աշխար հոգեւոր,
Զի ի կորուստ եւ ի կործանումն ինձ երեւեցաւ,
Զի անդարձս վարատեցայ,
Զի որդիս թշնամի գրեցայ,
Զի ի բարձանց երկնից ընկեցայ,
Զի փուշս վարուց դիզեցի:
Եւ եւս առ սմին ողբք աղաղակի,
Զի անձամբ զանձն անարգեցի,
Զի բագին կորուսչին գտայ:
Այլ իմն կսկիծ դժնդակ սրտի,
Զի զիս ունին, առ որ չեմ:
Զարտաքնայարդար բաժակս անմաքուր,
Զբռեալ որմս գարշունակ,
Զսին պարծանաւք պաճուճեալս,
Զլոյսս ի մռայլ շրջեալ,
Զգերանակիր ակնս թշուառացեալ,
Զջահս փառաց շիջեալ,
Զամենայնիս յամենայնի ամենայն իրաւք վնասակարս`
Առ տնաւրինականսն տէրունականս,
Առ յայտնութիւնսն աստուածայինս,
Առ երեւմունսն արարչագիրս,
Առ խոնարհութիւնսն սարսափելիս,
Առ այն, զոր տեսի աչաւք իսկ իմովք,
Առ որ մեծ է պատասխանատրութիւնս,
Քան առ համաւրէն Աւետարանին,
Զարմանս, հիացմունս,
Հոգս հալողականս, անդաճմունս անհնարաւորս,
Թուականութիւնս մտաց անբարդելիս,
Ելմունս անկատարս, իջմունս անհաստատս,
Յուսահատութիւնս յարմարականս,
Յանդիմանութիւնս պատշաճականս, ձաղանս պատեհագոյնս,
Նզովս իրաւացիս, անէծս արժանահատոյցս:
Արդ, այսոքիկ են մեղաւորիս իմ կշտամբութիւնք
Եւ ինքնահարուած տանջանաւորութիւնք: 
Է

Եւ քանզի կարող ես զայս ամենայն զպարտս թողուլ
Եւ զխայթուածս մահու բժշկել,
Տէր ողորմութեանց, Աստուած բոլորից,
Քրիստոս թագաւոր, բարձրեալ Հաւր Որդի,
Ստեղծիչ, գթած, բարերար,
Աւրհնեալ, առատ, հարուստ,
Ահաւոր, հզաւր, ողորմած,
Տեսուչ, ձեռնկալ, հաստիչ,
Ապրեցուցիչ, դարմանիչ, կեցուցիչ,
Երկայնամիտ, անոխակալ, ապաւէն,
Բժիշկ, գովեալ, երկնաւոր,
Անճառ, լոյս, կեանք,
Յարութիւն, նորոգութիւն, քաւութիւն: 
Ը 

Եթէ հայեսցիս մարդասիրութեամբ,
Ըստ որում քոյդ են սովորութիւնք,
Նայեցեալ ի քեզ` կողկողիմ եւ ես:
Եթէ լուիցես` հառաչեմ,
Եթէ ունկն մատուցանիցես` պաղատիմ,
Եթէ անսայցես` աղերսեմ,
Եթէ ներեսցես` աղաչեմ,
Եթէ առ իս դառնայցես` գոչեմ,
Ապա թէ անտես առնիցես` կործանիմ,
Իսկ եթէ առ ոտն հարկանիցես` լամ,
Եթէ զոգեպահն ոչ ընծայեսցես` մեռանիմ,
Ապա թէ ահարկու դէմս ցուցանիցես` սատակիմ:
Իսկ եթէ սաստեսցես` դողամ,
Եթէ խեթիւ տեսանես` սոսկամ,
Ապա թէ սաստկանաս` սարսափեմ:
Եթէ հալածես` հեծեմ,
Իսկ եթէ ընդ վայր հարկանիցես` հերքիմ,
Եթէ զբոց վհատութեանս ոչ առցես` տագնապիմ,
Եթէ խստանաս` փախնում,
Ապա թէ սպառնաս` ընկճիմ:
Իսկ եթէ քննես` քարկոծիմ,
Ապա թէ ուժգին ակնարկես` սուզանիմ:
Եթէ ոչ անխայեսցես` մերժիմ,
Եթէ կոչեսցես` խիթամ,
Իսկ եթէ աչս յառեսցես` ամաչեմ,
Եթէ ձայն տացես` երկնչիմ:
Զբարեացն պարգեւ մատնեալ,
Զերանութիւնն թողեալ,
Զշնորհն լքեալ, զուխտն ցրեալ,
Զաւանդն կենաց մոռացեալ,
Զհամարձակութեանն վստահութիւն կորուսեալ,
Զստեղծիչդ էիս բարկացուցեալ,
Զանճառութիւն շնորհին ընդոտնեալ,
Զպատուոյն պատկեր այլայլեալ: 
Թ 

Իսկ եթէ առ այս խեղդ մահու հեծութեան ցաւոյ
Մարդասիրեալ առ իս ժամանեցուսցես, տէր Յիսուս Քրիստոս,
Զազդեալն Գիր լնանիլ ի յիս,
Եթէ բժշկութիւն դադարեցուցանէ զմեղս մեծամեծս,
Որով ամէնառատ քաղցրութեամբ պատուաստեալ ի քեզ,
Զքոյդ կերպարան լուսոյ նկարեալ յոգի`
Վերստին գտեալ պնդեցայց` քաւեալ եւ ստեղծեալ կրկին
Ի փրկութիւն անմահից կենացն անախտականաց,
Եւ քեզ, ընդ Հաւր, Հոգւովդ Սրբով փա՜ռք յաւիտեանս:
Ամէն: 
Ա 
Քանզի ողբաձայն բանաստեղծության 
հետ վերընծայեցի և՛ չափական 
խոսք, 
Հյուսեցի կական ու կողկողագին հառաչհեծություն, 
Դառնաթախիծ լաց, արտասվագին երգ,– 
Այժմ վերստին պիտի սկսեմ 
պաղատանքներն իմ 
Խոստովանորեն և զղջողաբար, 
բարբառելով բաց 
Ու մերկանալով ծածուկն ու գաղտնին: 
Որպեսզի սկիզբն ամեն մի տողի,ինչպես 
և վերջը միևնույն բառի կրկնությամբ, 
Այս թախանձալից և նմանաձայն աղոթքը այստեղ ես պիտի դնեմ, Որ խոնարհություն է հոգեկեցույց: 

Բ 
Մեղա՜ ես Մեծիդ բարերարությանն, 
անարգս` մեղա՜. 
Մեղա՜ ծագումիդ ճառագայթների, 
խավարս մեղա՜. 
Մեղա՜ շնորհիդ երախտիքներին, արդարև մեղա՜. 
Մեղա՜ երկնային գթառատ լույսիդ, 
հայտնապես մեղա՜. 
Մեղա՜ ոչնչից կյանք ստեղծողիդ, 
ստուգիվ մեղա՜. 
Մեղա՜ գերագույն գոգիդ գրգրալիր, 
անսահման մեղա՜. 
Մեղա՜ աննվազ լույսիդ վայելմանն, 
նենգողս մեղա՜. 
Մեղա՜ ճաշակմանն անճառ քո կենաց, 
բյուր անգամ մեղա՜. 
Մեղա՜ միշտ անհաս քո պարգևներին, 
հանապազ մեղա՜. 
Մեղա՜ քո գովյալ մարմնին Աստուծո, 
մահու չափ մեղա՜. Մեղա՜ Արարչիդ պաշտելի արյանն, իսկապես մեղա՜: 
Գ

Ահա՛, արդարև, հատվածն այս խոսքի` 
«Մեղան» օրհնյալ է և հուսադրական, 
սրտերի համար: 
Ավանդ է նա պատվական, անմոռաց 
պատկեր, հայրենական տուրք, 
Նախահարց օրենք, պաշար 
ընդհանրական, 
Անհերքելի խոսք, զորավոր պատասխան, 
Կենդանության կամուրջ` ախորժելի` 
վերնայնին, սիրելի` սրբոց, 
Անխզելի կապ, հրաշալի բարբառ, 
անժխտելի փաստ, 
Բաղձալի աղերս, փափագելի սեղան, 
անճարներին ճար, 
Կարծրության վանիչ, կարգ 
աստվածապաշտների, 
Հեթանոսաց գիրք, վաղնջական օրենք, 
Քրիստոնյաներին հարազատ և հաղթող` 
արարչությանն, 
Անջրպետ հզոր, ահավոր խտրոց, 
Բարձրագույն արվեստ, խորություն 
անչափ, հիահրաշ տեսիլ, Կնքված խորհուրդ, որին չի կարող 
թափանցել ոչ ոք, 
Արագաթռիչ միտքը մինչև իսկ 
անընդունակ է ըմբռնելու այն: 
Ձայն բարեպատեհ և հրաշալի, որը 
չլսվեց, 
Երբ դասը մերժված ընդունում էր իր 
վճիռը վերջին. 
Գուցե և այնժամ ետ առնվեր իսկույն 
մահապարտության վճիռը արդար, 
Որով դատաստանն այլևս անելիք 
չունենալով` 
Հավիտենական սահմանը պիտի լուծվեր, վերանար: 
Մեծագույն փառքի զարդն է այն, որով 
նույնիսկ աստվածությունն ինքը 
կպսակվի պայծառորեն:
Դ

Քանզի ո՞վ էր, որ վազելով` բռնեց 
եղջյուրներից այս սուրբ սեղանի 
Եվ ազատվելով իսկույն պատժից` 
չմաքրվեց
 Հին օրենքի համաձայն Սեղանի եղջյուրներին փարվողը չէր 
ազատվում մահապատժից, մինչդեռ նոր օրենքի սեղանի 
այս եղջյուրներին, այսինքն մեղայի զղջման ապավինողը Իսկ եթե Աքար Քարմյանն ու Սավուղ 
Կիսյանը և Սիմոնյան Հուդան
«Մեղանե այս ասելով հանդերձ 
չարդարացան, 
Վկայում եմ և ես իրավամբ, 
խոստովանելով, թե արդարացի էր 
ճշմարտապես: 
Զի նրանք, որ ակամա և բռնադատյալ են այդ խոսքն արտասանում, 
Չունեն կատարյալ սեր, հետևապես` և 
փրկություն: 

Ե
Իսկ ես կամովին եմ համբուրում, 
կրկնելով դարձյալ խոսքն այդ 
երջանիկ, որ մկրտությունս է 
հարազատ: կփրկվի
Աքար Զարմյան (Քարմյան), որը գողություն արավ 
Երիքովի ավարից (Հեսու Է, 20): Սավուղը Իսրայելի 
թագավորն էր, իսկ Հուդան` մատնիչը: Այս երեքն էլ 
հանցավոր էին. առաջինը` գողության, երկրորդը` 
կամապաշտ անհնազանդության և երրորդը` 
տիրամարտության համար: Երեքն էլ թեև զղջացին, բայց 
նրանց զղջումն ընդունելի չեղավ: 
 Մեղա՜, որ մոռացա երախտիքներդ, 
վերստին մեղա՜. 
Մեղա՜, որ եղա ես հանձնապաստան, 
հիմարս մեղա՜. 
Մեղա՜, որ կյանքիդ դրժողը եղա, իսկ և իսկ մեղա՜. 
Մեղա՜, որ խոսքերդ արհամարհեցի, 
չարաչար մեղա՜: 
Մեղա՜, սատակման օրվան վազելուս, 
վատթարս մեղա՜. 
Մեղա՜ պարտականս անկենդան մահվան, ծաղրելիս մեղա՜. 
Մեղա՜ անպատկառս` բարձրությանդ 
հանդեպ, տաղտկալիս մեղա՜: 
Զ

Դարձյալ ու վերջին անգամ աշխարանք իմ հոգու համար: 
Ես ինքս եղա ինձ դեպի կորուստ-
կործանում տանող, 
Զի անդարձ կերպով հեռացա և որդիս`
թշնամի համարվեցի, 
Ընկա երկնքի բարձրությունից և վարքի փշեր դիզեցի: 
Եվս առավել է սաստկանում ողբերիս 
աղաղակն ահա,–
Զի ես ինքս անձամբ անարգեցի 
Ու դարձըրի ինձ կորուսիչ բագին: 
Ունեմ ես նաև մի այլ
դժնդակ կսկիծ իմ սրտում.– 
Ուրիշները ինձ համարում են այն,
ինչ որ չեմ երբեք: 
Արտաքնահարդար բաժակս նմաքուր, 
Ծեփված որմս գարշելի, 
Սին պարծանքներով պաճուճյալս, լույսս` մռայլի փոխված, 
Գերանակիր աչք թշվառ,
փառքի շիջած ջահ. 
Հանցապարտ իրոք և վնասակար ամեն ինչի մեջ ըստ ամենայնի, 
Հանդեպ տերունյան տնօրինությանց և աստվածային հայտնությունների, 
Եվ արարչագիր երևումների և 
խոնարհությանց հանդեպ սոսկալի, 
Եվ նրա հանդեպ,
որին ես իմ իսկ աչքերով տեսա, 
Եվ որի համար ես ավելի եմ 
պատասխանատու, քան թե համորեն
Ավետարանի: 
Եվ այդ է, որ ինձ պատճառում է զարմանք և հիացում, 
Հոգսեր մաշողական և տարակույսներ 
անկարելի, 
Հաշիվներ` մտքում անզետեղելի, 
Ելքեր անկատար, էջքեր անհաստատ, 
հուսալքումներ, 
Հանդիմանություններ տեղին ու 
ծաղրուծանակ, 
Նզովքներ իրավացի և անեծքներ 
արժանահատույց: 
Սրանք են ահա կշտամբությունները 
մեղավորիս 
Եվ ինքնահարված տանջանքները իմ:

Է
Միայն դո՛ւ կարող ես հանցանքներս ներել 
Եվ բուժել մահացու խայթվածներն ամեն, 
Տե՜ր ողորմության, Աստվա՛ծ բոլորի, 
Քրիստոս թագավոր բարձրյալ Հոր Որդի, 
Ստեղծիչ, գթած, բարերար, օրհնյալ 
առատաձեռն, հարուստ, 
Ահավոր, հզոր, ողորմած տեսուչ, ձեռնկալ հաստիչ, 
Ապրեցնող, դարմանող, փրկող, Երկայնամիտ, անոխակալ, ապավեն, 
Բժիշկ գովյալ երկնավոր, անճառ լույս ու կյանք, 
Հարություն, նորոգություն և քաջություն,
Ը

Եթե համաձայն քո սովորության` 
մարդասիրությամբ նայես ինձ վրա, 
Ես էլ նայելով քեզ` դառնապես կողբամ. 
Եթե լսես ինձ` կհառաչեմ. 
Եթե ականջ դնես` կպաղատեմ. 
Եթե ներես ինձ` կաղաչեմ. 
Եթե դառնաս դեպի ինձ` կգոչեմ. 
Իսկ եթե անտես առնես` կկործանվեմ. 
Եթե ոտնահարես` կուլամ. 
Եթե հոգեպահիկ չընծայես` կմեռնեմ. 
Ապա եթե ահարկու դեմք ցույց տաս` 
կսատակեմ. 
Իսկ եթե սաստես` կդողամ. 
Եթե խեթ աչքով նայես` կսոսկամ. 
Եթե բարկանաս սաստիկ`կսարսափեմ. 
Եթե հալածես` կհեծեմ. 
Իսկ եթե ընդվայր զարկես ինձ` 
կոչնչանամ. 
Եթե վհատ ողբերս չդադարեցնես` 
կտագնապեմ. Եթե խստանաս` կփախչեմ. 
Ապա եթե սպառնաս` կընկճվեմ. 
Իսկ եթե քննես` կքարկոծվեմ. 
Եթե ուժգնակի ակնարկես` կսուզվեմ. 
Եթե չխնայես` կմերժվեմ. 
Եթե կանչես` կկասկածեմ. 
Իսկ եթե աչքդ հառես վրաս` կամաչեմ. 
Եթե ձայն տաս` կերկնչեմ: 
Զի անարգել եմ ես պարգևները բարի, 
Երանությունը թողել, շնորհը լքել և 
ուխտը դրժել, 
Կենաց ավանդը մոռացել, 
Համարձակությունն ու ստահությունը կորցրել, 
Արարածների ստեղծողիդ բարկացրել, 
Անճառելի շնորհն եմ ընդոտնել 
Եվ պատվական պատկերն այլայլել: 
Թ

Իսկ եթե խեղդող հեծությանս այս իմ ու ցավերիս մեջ 
Մարդասիրություն հասցնես դու ինձ, Տե՜ր Հիսուս Քրիստոս, 
Վրաս ի կատար ածելով խոսքն այն, 
Թե` «Բժշկությունը դադարեցնում է 
մեծամեծ մեղքերն»,– Ապա ես այնժամ քո առատագույն մարդասիրությամբ պատվաստվելով քո մեջ 
Եվ նկարելով լուսեղեն պատկերդ խորքը իմ հոգու, 
Նորից գտնված` կգոտեպնդվեմ քավված լիովին 
Ու փրկվելով` կրկին կստեղծվեմ 
հավիտենական անարատ կյանքով. 
Եվ քեզ Հորդ հետ և Սուրբ 
Հոգուդ փա՜ռք հավիտյան. ամեն:

Աղոթի՛ր ընկերներիդ հետ

ԱՅԼ ԱՂՈԹՔՆԵՐ

    Պատահական