ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ - ԲԱՆ ԻԲ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա 
Դարձեալ այլաբանեցից` ի նոյն շարունակ բարդեալ
Զկշտամբանացս եղանակ դսրովեալ անձինս,
Ածեալ մատուցեալ, կրկին կացուցեալ նովին պատկերաւ ի նոյն պայմանի.
Թերեւս գրեսցէ ինձ ամենագէտն
Զայս յանդիմանութեան դատակնիք կսկծեցուցանողականս բանի`
Ճշմարիտ խոստովանութիւն համայնից գործոց գաղտնութեանց չարեաց:

Բ 
Այլ ոմն ձիս խաւսնական, կարծրերախ, սանձակոտոր, արձակերասան,
Յովանակս անհամբոյր, վայրենական եւ անկրթական,
Երինջս աւողական, անուղղական եւ անվարժական,
Մարդս մոլեգնական, տարագրական եւ կորստական,
Մանուկս մեղանչական, անխրատական եւ վարատական,
Տնտեսս մահապարտական, տարտամական եւ անգործական,
Բանականս անասնական, գազանական եւ անմաքրական,
Ձիթենիս ամայական, անպտղական եւ կործանական,
Մարմինս հոգւոյս իմ թախծողական, դատողական եւ տանջողական,
Խոցեալս անբժշկական, անխնամական են անկանգնական,
Ոսկի շարս կայսերական, արդվատնական եւ անգտական,
Ծառայս սխալական, փախստական եւ թշուառական:

Գ 
Ահա ես ինքն ինձէն կամաւորապէս անձնամատն եւ մարմնակործան,
Հոգեկորոյս եւ միշտ մտախաբ,
Կամակոր իսկ եւ սրտաբեկ,
Ուշամոռաց եւ հանճարազրաւ,
Զգայազիրկ եւ իմաստասպառ,
Յայրատատես եւ եղեռնալուր:
Ես աստուստ եւ անդուստ բնաւիւք բորբոքմամբք
Մահաբեր երկամբք վնասեալ,
Ոչ միով իւիք տեսութեամբ
Ի գործ ընտրութեան քեզ պիտանացուս, տէրդ բոլորից:
Ողբամ զորովայնն, որ երկնեացն զիս,
Աշխարեմ զստինսն, որ դիեցուցին.
Ընդէ՞ր ոչ մաղձ մակարդեալ ընդ կաթին ձգեցի,
Եւ զիա՞րդ ոչ դառնութիւն ինձ ընդ քաղցրութեան ջամբեալ մատուցաւ:


Դ 
Զի թէ ես ինձէն անձին իմում
Դժնեայ դատախազ համբարձայ այսքանեաւք բանիւք
Եւ ունիմ տակաւին զսուր բարկութեանս անխոնարհելի,-
Ո՞վ ոք յերկրածնաց աստի զիս ողոքեսցէ:
Զամենայն խայտառակեցից,
Զբնաւ էութիւնս դատեալ տուժեցից,
Զհամաւրէն վնասակարացն զգունդ գանեցից,
Զխոցողացն զինուորութեանց դատախազեցից,
Զգայականացն գլխաւորութիւնս կշտամբեցից:
Մեղայ ամենայնիւ յամենայնի, ողորմեա', գթած:
Ոչ նոր ինչ գտեր յիս զյանցանացս պարտեաց մառախուղ,
Այլ նոյն եմ յաւէտ նովին պատահմամբ պարտաւորութեան`
Անկցելի ձորձով սխալեալ առաջի քո` անփոփոխելի,
Եւ դու միայն իսկապէս գթած, աւրհնեալ, մարդասէր,
Ընդ աջմէ իմոյս փրկութեան կանխեալ ներութեամբ անայլայլելի:

Ե 
Արդ, մատո', խնամակալ, հզաւր, երկնաւոր, բարի,
Ամենից հաստիչ յոչէից,
Զբանիդ զաւրութեան իմաստից կայծակն
Ի գործի ազդման լեզուիս շարժութեան,
Առիթ մաքրութեան յամենուստ զգայականաց գոյաւորութեանց
Յիս մասնաւորելոց` քո ձեռակերտից,
Սոքաւք առ ի քէն եղելովք եւ բժշկելովք կրկին հանդերձանաւք,
Անպակաս ձայնիւ, անհատ բարբառով քեզ վերընծայել գոհաբանութիւն`
Ի փառս մեծութեան Հաւրդ քոյ` Աստուծոյ մերոյ, յաւիտեանս:
Ամէն:
Ա 
Նախատված անձիս կշտամբանքների 
շարքը նույն ձևով ու պատկերներով 
Պիտի կրկնեմ ես այստեղ վերստին նոր-
նոր բարդությամբ. 
Կսկծեցուցիչ դառն այս խոսքերիս 
դատակնիքը հանդիմանական 
Ամենագետը թերևս համարի ճիշտ 
խոստովանանք 
Իմ բոլոր գաղտնի և չար գործերի: 

Բ 
Խոսուն մի ձի եմ ես, կարծրերախ, 
սանձակոտոր և ապերասան, 
Հովանակ անհամբույր, վայրենի և 
անկրթական, 
Երինջ խրտչող, անուղղա և 
անվարժական
Ակնարկում է տապանակի սայլը քաշող երինջներին, որոնք Մարդ մոլեգին, տարագրված և կորստական, 
Մանուկ մեղավոր, անխրատ և 
թափառական, 
Տնտես մահապարտ, տարտամ և 
անգործնական, 
Բանական անասնաբարո, գազանացյալ և անմաքրական, 
Ձիթենի լքված, անպտուղ և 
կործանական, 
Մարմին` հոգիս տրտմեցնող, դատող ու 
տանջողական, 
Խոցված եմ անբուժելի, անխնամ և 
անկանգնական, 
Վատնված և անգտնելի ոսկի շարոց եմ 
կայսերական, 
Ծառա եմ սխալական, փախստական և 
թշվառական: 

Գ
իրենց հորթերից զատված լինելու համար թեև դժկամում 
էին, սակայն և այնպես իրենց ճամփից չէին խոտորում. 
մինչդեռ ինքը իր հոգևոր պարտականության լծի տակ մնում 
է անուղղա և անընտել: 
 Գ 
Եվ այսպես, ահա, ես ինքս իմ դեմ եղա 
կամովին անձնամատ սաստիկ և 
մարմնակործան, 
Հոգեկորույս և միշտ մտախաբ, 
Կամակոր իսկական և սրտաբեկ, 
Ուշագնաց և խելակորույս, 
Զգայազուրկ և իմաստասպառ, 
Հայրատես և եղեռնալուր: 
Ես ամեն կողմից բռնված ամբողջովին 
մահաբեր երկունքի 
բորբոքումներով` 
Մի լավ բանի մեջ, Տեր իմ, ոչ մի կերպ քեզ պիտանի չեմ: 
Ողբում եմ ես այն որովայնը, որ ինձ 
երկնել է, 
Ողբում ստինքներն այն, որ սնել են ինձ: 
Ինչո՞ւ կաթի հետ մակարդված ես մաղձ 
չծծեցի,

Դ
Եվ ինչո՞ւ քաղցրության փոխարեն 
չտրվեց ինձ դառնություն: 
Զի եթե ես իմ խոսքերով այսքան ինքս իմ 
դեմ եղա անձնադատ դատախազ 
դժնի, Եվ իմ բարկության սուրն է տակավին անխոնարհելի, 
Ո՞ր երկրածինն ինձ կկարողանա ողոքել 
այլևս: 
Ամեն ինչ պիտի հրապարակեմ, 
Էությունս համակ ես պիտի դատեմ ու 
դատապարտեմ, 
Ողջ վնասակար գնդերը պիտի ես 
գանակոծեմ, 
Ես ինձ խոցոտող զինվորների դեմ պիտի 
բողոքեմ 
Եվ իմ գլխավոր զգայարանքներս պիտի 
կշտամբեմ: 
Ամեն բանի մեջ և ամեն ձևով ես 
մեղանչեցի, ողորմի՜ր, գթա՛ծ: 
Նոր չէ, որ գտար հանցապարտության 
մառախուղն իմ մեջ, 
Այլ նույնն եմ հավետ, միշտ նույն 
արատով հանցապարտության 
Անկարկատելի ձորձով սխալված` 
անփոփոխելի քո առջևն եմ ես, 
Եվ ինքդ միայն իսկապես գթած, օրհնյալ, մարդասեր, 
Քո ներողությամբ անայլայլելի փութա աջ կողմս ի փրկություն ինձ:

Ե 
Արդ, ո՜վ երկնավոր, հզոր ու բարի դու 
խնամակալ, 
Ստեղծիչդ ամեն ինչի` ոչնչից, 
Կայծն իմաստության զորավոր խոսքիդ 
մոտեցրու լեզվիս, 
Որպեսզի դառնա առիթ մաքրության` 
Քո ձեռքով կերտված մարմնիս մաս 
կազմող զգայարանքներիս: 
Եվ ես նրանցով` քո կամքով կազմված և 
քեզնով բուժված` 
Նոր պատրաստությամբ, անպակաս 
ձայնով, անհատ բարբառով 
Քեզ վերընծայեմ գոհաբանություն` 
Ի փառս քո Հոր` մեծ Աստուծո, 
հավիտյանս. ամեն: 

Աղոթի՛ր ընկերներիդ հետ

ԱՅԼ ԱՂՈԹՔՆԵՐ

    Պատահական