ԱՂՈԹՔ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ

ԳՐԱԲԱՐ

Ի. Բարերա՛ր Տէր,
հրեշտակի բարւոյ յանձն արասցես զիս
քաղցրութեամբ աւանդել զհոգի իմ,
եւ անխռով անցուցանել ընդ չարութիւն այսոցն,
որ են ի ներքոյ երկնից.
եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

ԻԱ. Լոյս ճշմարիտ Քրիստոս,
արժանաւորեա զհոգի իմ
ուրախութեամբ տեսանել զլոյս փառաց քոց
ի կոչման աւուրն,
եւ հանգչել յուսով բարեաց յօթեւանս արդարոց
մինչեւ յօր մեծի գալստեան քո.
եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

ԻԲ. Դատաւոր արդար,
յորժամ գաս փառօք հօր
դատել զկենդանիս եւ զմեռեալս,
մի՛ մտաներ ի դատաստան ընդ ծառայի քում,
այլ փրկեա զիս ի յաւիտենական հրոյն,
եւ լսելի արա ինձ զերանաւէտ կոչումն արդարոց
յերկնից արքայութիւնդ.
եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 


ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆ

20.  Բարերա՛ր Տեր,
ինձ բարի հրեշտակին հանձնիր՝
իմ հոգին քաղցրությամբ ավանդելու համար
և անխռով անցկացնելու դևերի չարիքից,
որոնք երկնքի ներքո են.
և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

21. Lո՛ւյս ճշմարիտ Քրիստոս,
արժանավորի՛ր իմ հոգու կոչման օրը
ուրախությամբ տեսնել Քո փառքի լույսը
և բարիքների հույսով հանգչել արդարների օթևաններում
մինչև Քո Գալստյան մեծ օրը.
և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

22. Արդա՛ր Դատավոր,
երբ գաս Հոր փառքով դատելու կենդանիներին և մեռյալներին,
մի՛ մտնիր դատաստանի մեջ Քո ծառայի հետ,
այլ փրկի՛ր ինձ հավիտենական հրից
և լսելի՛ արա ինձ արդարների երանավետ կանչը
դեպի երկնքի արքայությունդ.
և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 


ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆ

20. Բարերար Տէր,
բարի հրեշտակի՛ մը յանձնէ զիս,
որպէսզի խաղաղ կերպով անոր աւանդեմ հոգիս
եւ անխռով անցնիմ երկինքին տակ գտնուող
չար դեւերուն ընդմէջէն.
եւ ողորմէ՛ քու արարածներուդ եւ ինծի՝ բազմամեղիս:

21. Դուն՝ ճշմարիտ լո՛յս, Քրիստոս,
շնորհէ՛ հոգիիս՝ որ կանչուելու օրը ուրախութեամբ տեսնէ
քու փառքիդ լոյսը,
եւ արդարներու օթեւանին մէջ բարիքներու յոյսովը հանգչի՝
մինչեւ քու մեծ գալստեանդ օրը.
եւ ողորմէ՛ քու արարածներուդ եւ ինծի՝ բազմամեղիս:

22. Արդար Դատաւոր,
երբ Հօրդ փառքով գաս՝ ողջերն ու մեռելները դատելու,
դատաստանի մի՛ մտներ քու ծառայիդ հետ,
այլ փրկէ՛ զիս յաւիտենական կրակէն,
եւ երկինքի արքայութեանդ մէջ ինծի լսել տուր
արդարներուն ուղղուած երանաւէտ կոչը.
եւ ողորմէ՛ քու արարածներուդ եւ ինծի՝ բազմամեղիս:


Աղոթքն ամբողջական ձայնագրությամբ եւ 
8 լեզվով հասանելի ենթագրերով կարող եք լսել այստեղ՝ 
https://youtu.be/t0_I_fl5A8s

Աղոթի՛ր ընկերներիդ հետ

ԱՅԼ ԱՂՈԹՔՆԵՐ

    Պատահական