ԱՂՈԹՔ ԱՍՏՎԱԾԸՆԿԱԼ ՍՈՒՐԲ ԽԱՉԻՆ

ԱՂՕԹՔ ԱՌ ՍՈՒՐԲ ԽԱՉՆ ԱՍՏՈՒԱԾԸՆԿԱԼ

Միջնո՛րդ փրկութեան մերոյ եւ գրա՛ւ տիեզեաց, ճառագայթաւէտ լո՛յս աշխարհաց եւ արեգա՛կ սիրոյ եւ ապաստա՛ն յուսոյ, նշա՛ն սուրբ եւ սոսկալի երախտեացն Աստուծոյ առ մեզ, սու՛ր աստուածամուխ՝ սպանող հակառակամարտին մերոյ եւ դրո՛շմ զգայարանաց մերոց եւ ամուր ապաստա՛ն ակնկալութեան մերոյ, աստուածային զօրութիւն քո, որ պահէ հաստատուն զհիմունս աշխարհի, պահեսցէ զհոգի եւ զմամին իմ ի ցասմանէ, ի ցանկութենէ եւ յատելութենէ եւ յամենայն փորձութեանց եւ գայթակղութեանց հոգւոյ եւ մարմնոյ իմոյ առ սոսկալի զօրութեան քոյ յաւիտեանս յաւիտենից.ամէն:
Մեր փրկության միջնո՛րդ,  ողջ աշխարհի հույսի գրավակա՛ն,  տիեզերքի ճառագայթավետ լո՛ւյս, սիրո արեգա՛կ, հույսի ապաստա՛ն,  Աստծո` մեր հանդեպ բարերարության սուրբ ու սոսկալի նշա՛ն, աստվածամուխ սո՛ւր` մեր հակառակորդին սպանող, մեր զգայարանների դրո՛շմ, մեր հույսի ամուր ապաստա՛ն, քո աստվածային զորությունը, որ հաստատուն է պահում աշխարհի հիմքերը, թող իմ հոգին ու մարմինը հեռու պահի բարկությունից, ցանկությունից, ատելությունից հոգևոր ու մարմնավոր բոլոր փորձություններից ու գայթակղություններից և պահպանի քո սոսկալի զրությամբ հավիտյանս հավիտենից. ամեն:

ԱՂՈԹՔ ՕՐՎԱ ԱՎԱՐՏԻ


Փառք քեզ, Տէր Աստուած մեր, որ պարգեւեցեր զօրս զայս բարեաւ եւ խաղաղութեամբ անցուցանել: Մարդասէր Աստուած զառաջակայ գիշերս,որ ի վերայ մեր գալոց է, ի մեղաց փրկեա, ի չարեաց ազատեա, եւ ի գործս բարիս առաջնորդեա: 
 Առաւօտու օրհնութեանցն եւ փառաբանութեանցն արժանի արա զամենայն հաւատացեալս անուանդ քում սրբոյ եւ պահեա ի խաղաղութեան:
Տէր Աստուած մեր, տուր զքո խաղաղութիւնդ ամենայն աշխարհի, բարձ զցասումն եւ զպատուհասն ի յարարածոցս: 
 Ողորմեա հարց եւ եղբարց մերոց կենդանեաց եւ հանգուցելոց: 
 Ողորմեա զեկեղեցի շինողաց, երախտաւորաց, պտղատուից, սպասաւորաց եւ այնոցիկ, որք ընդ հովանեաւ սրբոյ եկեղեցւոյ են հանգուցեալ: 
 Տէր Աստուած, օգնեա թագաւորացն քրիստոնէից եւ իշխանացն բարեպաշտից, զօրաց եւ զաւակաց նոցին պահելով ի խաղաղութեան: 
 Տէր Աստուած մեր, պահեա զառաջնորդս եւ զեղբայրութիւնս մեր ամբողջ եւ անխռով ի կամս ողորմութեան քոյ: 
 Նշանաւ սուրբ եւ պատուական խաչիւ քոյ հալածեա զերեւելի եւ զաներեւոյթ թշնամին ի սահմանաց մերոց եւ ի բնակութենէս մերմէ: 
 Փրկեա զմեզ ի հրոյն յաւիտենից. եւ քեզ փառք յաւիտեանս. ամէն:
Փա՛ռք Քեզ, Տեր Աստված մեր, որ պարգևեցիր մեզ օրն այս խաղաղությամբ և բարիքով լեցուն անցկացնել: Մարդասեր Աստված, այս գիշերվա ընթացքում, որը մոտենում է, փրկիր մեղքից, ազատիր չարից և առաջնորդիր դեպի բարի գործեր: Առավոտյան օրհնություններին ու փառաբանություններին արժանի դարձրու Քո սուրբ անվանը հավատացողներին՝ պահելով խաղաղության մեջ: Տեր Աստված մեր, տուր Քո խաղաղությունն ամբողջ աշխարհին, վերացրու ցասումն ու պատուհասը Քո արարածներից: Ողորմիր մեր հայրերին ու եղբայրներին՝ ողջերին և հանգուցյալներին: Ողորմիր եկեղեցի կառուցողներին, բարերարներին, բարիքներ պարգևողներին, սպասավորներին և նրանց, ովքեր սուրբ եկեղեցու հովանու ներքո են ննջում: Տեր Աստված, օգնիր և խաղաղության մեջ պահիր քրիստոնյա թագավորներին, բարեպաշտ իշխաններին, ինչպես նաև նրանց զորքերին ու զավակներին: Տեր Աստված մեր, Քո կամքի ողորմությամբ ամբողջ ու անխռով պահիր մեր առաջնորդներին ու վանական միաբանությունները: Սուրբ և պատվական խաչիդ նշանով հալածիր երևելի և աներևույթ թշնամուն, մեր սահմաններից և մեր բնակության վայրից: Փրկիր մեզ հավիտենական հրից, որովհետև Քոնն է փառքը հավիտյանս. ամեն:

ՈւՍԱՆՈՂԻ ԱՂՈԹՔ

ԱՂՕԹՔ ՎԱՍՆ ԽՆԴՐԵԼՈՅ ԶՇՆՈՐՀՍ ԵՒ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ

Արարիչ անճառելի եւ աղբիւր ճշմարիտ լուսոյ եւ իմաստութեան. հեղ ի միտս իմ զնշոյլս պայծառութեան եւ փարատեցո յանձնէ իմմէ զմէգ եւ զանգիտութիւն: Դու, որ զլեզուս տղայոց դնես պարզախոս, վարժեա զլեզու իմ եւ լից օրհնութեամբ շնորհաց քոց զշրթունս իմ։ Տուր ինձ զօրութիւն՝ իմանալոյ, զընդունակութիւն՝ պահելոյ. զկորովամտութիւն մեկնելոյ. զդիւրընկալութիւն՝ ուսանելոյ եւ զամենառատ շնորհախոսելոյ: 
Կազմեալ հարդարեայ զմուտս իմ, ուղղեա զգնացս իմ եւ կատարեայ զելս իմ ի Յիսուս Քրիստոս ի Տէր. ամէն:

Արարիչ անճառելի և աղբյուր ճշմարիտ լույսի ու իմաստության, լուսավորիր իմ միտքը պայծառության նշույլով և մաքրիր իմ միջից անգիտության խավարը: Դո՛ւ, որ մանուկ երեխաների լեզուների մեջ պարզախոսություն ես դնում, վարժիր իմ լեզուն և Քո շնորհների օրհնությամբ լցրու շրթունքներս, սրություն տուր ինձ իմանալու մեջ, ընդունակություն՝ պահելու, կորովամտություն՝ մեկնաբանելու, դյուրընկալություն՝ ուսանելու, ինչպես նաև առատապես շնորհախոսելու: Պատրաստիր ու հարդարիր մուտքն իմ այս կյանք, ուղղիր ընթացքս այս կյանքում ու ավարտին հասցրու կյանքն իմ դեպի Քրիստոս Հիսուս Տերը։ Ամեն:

ԱՂՈԹՔ ԵԿԵՂԵՑԻ ՄՏՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ

Տաճար Աստուծո և բնակարան Սուրբ Հոգու, որ քո սուրբ ավազանով կանչվեցի երկնավոր Հոր որդեգրության, այսօր քո մեջ կամեցավ պատարագվել Գառն անարատ:
Եվ ես եկել եմ քո դռների առջև ու աղաչում եմ քեզ. մաքրի՛ր ինձ վերստին լվացմամբ և սրբի՛ր մեղքերից, արժանի դարձրու քո սուրբ սեղանի առջև երկրպագության անելու։ Ամեն:

ԱՂՈԹՔ ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ


Սիմեոն Երևանցի
Ո՛վ բազմագութ Աստված, աղաչում և խնդրում եմ Քեզ մեր ազգի բոլոր հին ու նոր, հավատով և հույսով ի Քեզ ննջածների համար: Մանավանդ, Քեզ մոտ ննջող իմ մարմնավոր և հոգևոր ծնողների, եղբայրների, քույրերի, ազգականների, սիրելիների, բարեկամների, բարու մեջ կրթող հոգևոր վարդպետների, ուսուցիչների, մեր բոլոր աշխատավորների և երախտավորների համար, որպեսզի Քո գալստյան մեծ օրը ողորմությամբ հիշես և թողություն շնորհես նրանց բոլոր մեղքերին ու սխալներին և Քո աջակողմյան դասի սրբերի հետ դասես ու թույլ տաս լսել Քո երանավետ խոսքը, թե` «Եկե՛ք իմ Հոր օրհնածներ»: Եվ, ըստ մեր հանդեպ կատարած նրանց երախտիքների` մեկի փոարեն բյուրապատիկ հատուցես նրանց հոգիներին, իսկ մեզ նրանց պարտքերից անպարտ դարձնես: 
Քեզ փառք հավիտյանս հավիտենից. Ամեն:

ԱՂՈԹՔ ՄԵՂՔԵՐԻ ՆԵՐՄԱՆ

Եփրեմ Ասորի
Բժշկի՛ր ինձ, Տե՛ր, հպարտությունից և ամբարտավանությունից, սնափառությունիցմարդահաճությունից և ոխակալությունից, նախանձից և ատելությունից և բոլոր չարիքներից:
Բխեցրո՛ւ, Տե՛ր, իմ գլխում վտակների աղբյուրը և ոռոգի՛ր իմ մտքերի անդաստանը, լվա՛ իմ հանցանքների աղտերն ու սրբի՛ր վերքերիս թարախը, հանի՛ր իմ մեղքերի փուշը և տնկի՛ր կենաց բույսը: Աճեցրո՛ւ, Տե՛ր, արդարությունը և նվաստացրո՛ւ անօրենությունը, մեռցրո՛ւ մարմնի ցանկությունը և նորոգի՛ր հոգուս կենդանությունը:
Կանչի՛ր, Տե՛ր, իմ մեղանչած անձը Քեզ մոտ, քանզի չեմ համարձակվում մերձենալ Քեզ, պատկառում եմ ամոթից և զարհուրում եմ իմ գործերից, չունեմ համարձակություն Քո առջև, քանզի ես ինքս եմ ինձ կորստյան մատնել: Հեռացա Քո սուրբ պատվիրաններից և մերկացա Քո փառքից, բայց Դո՛ւ, Տե՛ր, գթա՛ ինձողորմի՛ր, քանզի Քո անարատ ձեռքերի ստեղծածն եմ:
Փնտրի՛ր, Տե՛ր, Քո եղծյալ ու կորուսյալ պատկերիս, որ մեղքերի աղբի և տիղմի մեջ եմ ծածկվել, դո՛ւրս բեր Քո շնորհի ավելով և դի՛ր նախկին գանձանակի մեջ, որից ընկա:
Ապրեցրո՛ւ ինձ, Տե՛ր, երկյուղով և հառաչանքներով, սիրով և սրբությամբշնորհներով և ճշմարտությամբ, գիտությամբ և բոլոր առաքինություններով:
Փրկի՛ր ինձ, Տե՛ր, մարդկային գովեստից, փառքից ու մեծարումներից, քանզի լույս կարծելով խավարիս՝ բարին են համբավում իմ՝ եղկելիիս ու ողորմելիիս մասին: Ինձ առաքինի են համբավում, մինչդեռ ես ողբալի եմ և անթիվ մեղքերով լի: Ծածկի՛ր ինձ, Տե՛ր, սուտ գովեստների և երանիների լույսից, քանզի չգիտեն իմ մեղքերը: Ինձ սուրբ եմ ցույց տալիս և լի եմ աղտեղությամբ, կերպարանվում եմ առաքինությամբ և անառակությամբ ապրում, փայլում եմ երկյուղածությամբ և ընթանում արդահաճությամբ, ճանաչում եմ ճշմարտությունը և սուտ խոսումգիտեմ արդարությունը և անօրենություն եմ գործում:
Չեմ կարող, Տե՛ր, անհույս լինել, քանզի ողորմած ես և գթած, և անճառ փառք խոստացար դարձի եկած մեղավորին, սակայն ես զարհուրում ու դողում եմ և երկնչում եմ իմ բազում և անթիվ մեղքերից, քանզի պարտվելով խաբվեցի որսողից և արդ, ի՞նչ կլինեմ եղկելիս, որ տարակուսած եմ կյանքից:
Քո առջև եմ ընկնում և թողությո՛ւն հայցում իմ մեղքերին. ընդունի՛ր իմ պաղատանքները և քավի՛չ եղիր հանցանքներիս, պայծառացրո՛ւ և լուսավորի՛ր իմ խորհուրդներն ու միտքը, կարո՛ղ դարձրու իմ մարմինը՝ անդադար Քո սուրբ անվան փառաբանության մեջ մնալու:
Հաղո՛րդ դարձրու ինձ, Տե՛ր, Քո աստվածային սիրուն՝ սիրելու Քո պատվիրանները և գալու Քո ճանապարհով, չարչարվելու մինչ ի մահ Քո անվան համար, մտնելու փառքի մեջ, դասվելու Քո սուրբերի շարքը և միշտ ուրախանալու Քո կամարարների հետ:
Շնորհի՛ր ինձ, Տե՛ր, աչքերի լաց, արցունքների հոսում, մեղքերի սուգ, սրտի երկյուղ, ոսկորների սարսափ և դող տանջանքների ահից, կենաց ճանապարհ և
անդադար պաղատանքներ: Փրկիր երևացող և աներևույթ թշնամուց և
արժանավորիր գոհությամբ փառավորել Քեզ, Հոր և Սուրբ Հոգուդ հետ, այժմ և
միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:

ԱՂՈԹՔ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՀԱՄԱՐ


Հովհաննես Գառնեցի
Առաջնորդ կյանքի և ճանապարհ ճշմարտության, մեր Տեր Հիսուս Քրիստոս, որ Հովսեփին առաջնորդեցիր Եգիպտոս, և իսրայելացիներին Կարմիր ծովն անցկացրիր, և Մովսեսին` Սինա լեռը, և ժողովրդին` պարգևների երկիրը, կղեովպյաններին ուղեկից եղար դեպի Էմավուս, աղաչում եմ քեզ, Տե՛ր, առաջնորդիր մեզ և մեր եղբայրներին` գնալու խաղաղությամբ առաջիկա ճանապարհը, փրկի՛ր երևելի ու աներևույթ թշնամուց և բարով առաջնորդիր այնտեղ, ուր դիմում ենք, քանի որ դու ես ճանապարհ և ճշմարտություն և կյանք, և քեզ վայել է փառք ու երկրպագություն, իշխանություն և պատիվ այժմ և միշտ ը հավիտյանս հավիտենից. ամեն:

ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԱՂՈԹՔԸ ՀԱՆՈՒՆ ՇՆՈՐՀՆԵՐԻ

Փրկի՛չ աշխարհի Քրիստոս, աղաչում եմ Քեզ, նայի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ, փրկի՛ր ինձ իմ բազում անօրենություններից, քանզի անարգեցի բոլոր բարիքները, որ շնորհեցիր ինձ իմ մանկությունից ի վեր: Ինձ՝ տխմարիս, տգետիս և հիմարիս, դարձրեցիր գիտությամբ լի անոթ, Քո շնորհն առատացավ իմ մեջ և հագեցրեց իմ քաղցն ու զովացրեց իմ ծարավը, լուսավորեց իմ խավարած միտքը, թափառումներից հավաքեց իմ խորհուրդները և լցրեց իմ սիրտը: Այժմ երկրպագում և աղաչում եմ ծունկի գալովս ու հայցում՝ վկայելով Քո բարերարության մասին. կատարի՛ր ինձ համար Քո շնորհի խոստումը և պահի՛ր այն Քո գանձի մեջ, որպեսզի դարձյալ տաս ինձ այն Օրը: 

Մի՛ բարկացիր ինձ վրա, Մարդասե՛ր, քանզի չեմ դիմանում Քո սպառնալիքներին: Ուստի թախանձելով աղաչում եմ, քանզի չափից առավել առատացավ [շնորհն] իմ մեջ, քանի որ լեզուս տկարացավ՝ չկարողանալով խոսել Քո շնորհի մասին: Սարսափեց նաև իմ միտքը՝ չտանելով [նրա] ալիքների բազմությունը: 

Օրհնված Հորդ կերպարա՛նք և ճառագա՛յթ, դադարեցրո՛ւ դեպի ինձ [եկող] շնորհի հոսանքները, քանզի ինչպես բորբոքված հուր բոցակիզում են իմ երիկամներն ու սիրտը: Հետո այնտեղ դարձյալ պարգևի՛ր ինձ այն ու պահի՛ր ինձ Քո արքայության մեջ, մի՛ հիշիր իմ անօրենությունները, հանդգնում եմ հայցել՝ տո՛ւր ինձ իմ խնդրածները, և Հայտնության Օրն իմ օթևանը թող օրհնվի Քո Հոր կողմից: Շնորհի՛ր ինձ, Քրիստո՛ս, իմ հայցվածերը, քանզի միայն Դու ես ինձ կյանք տվողը: 
Եվ Քեզ փա՜ռք հավիտյանս հավիտենից. ամեն: 

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

ԱՂՈԹՔ ՃԱՇԻՑ ՀԵՏՈ

Փա՜ռք Քեզ, Տե՛ր, Փա՜ռք Քեզ,Փառա՛ց Թագավոր, որ տվեցիր մեզ ուրախության կերակուր և Քո ամենաբավ ողորմության լիությամբ լցրեցիր մեր սրտերը:
Այժմ լցրու՛մեզ նաև Քո Սուրբ Հոգով, որպեսզի ընդունելի լինենք Քո առաջ և ոչ` ամոթահար, քանզի Դու գալիս ես և հատուցում յուրաքանչյուրին ըստ իր գործերի: 
Եվ Քեզ վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտեանս հավիտենից. ամեն:


Փա՜ռք տիեզերքի Կերակրողին, որ կերակրեց մեզ և լիացրեց, Նրան փառք հավիտյանս. ամեն:

ԱՂՈԹՔ ՃԱՇԻՑ ԱՌԱՋ


Օրհնյալ ես, ո՜վ Տեր Աստված մեր, որ կերակրում ես մեզ մանկությունից սկսյալ, և կերակուր ես շնորհում բոլոր մարմնավորներին. մեր սրտերը ուրախությամբ ու բերկրանքով լցրու, որպեսզի լիանանք՝ ուղարկվելով բարիք գործելու ի Հիսուս Քրիստոս ի Տեր մեր, Որին վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Ամեն:

Խաղաղությամբ ճաշակե՛նք այս կերակուրները,
որ պարգևվված են մեզ Տիրոջից. 
օրհնեա՛լ է Տերն Իր պարգևներում. ամեն:

ԳՈՀՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔ




Գոհանում ենք Քեզանից, Տե՛ր Աստված մեր, որ Քո երևելի լույսով ուրախացրեցիր 
Քո բոլոր արարածներին, իսկ Քո պատվիրանների իմանալի լույսով լուսավորեցիր
բոլոր նրանց, ովքեր հավատում են Քեզ: Զօրացրու՛ և մեզ, Տեր՛, պահելու Քո պատվիրաններն այսօր և ամեն ժամ: Որպեսզի լուսավորված մտքով միշտ Քո կամքը կատարենք և գալիք բարիքներին հասնենք Քո բոլոր սուրբերի հետ` մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհով և մարդասիրությամբ, Որին վայել է փառք, իշխանւթյուն և պատիվ այժմ և միշտ և հավիտեանս հավիտենից ամեն:

ԱՂՈԹՔ ՍՈՒՐԲ ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ

Ներսես Լամբրոնացի
Դու, որ մեր տկար բնության փորձառությունը ունեցար, ո՜վ մեր քահանայապետ Հիսուս, Քեզ ենք նայում: 
Դու, որ մեզ համար մեղքի պատարագ եղար, որպեսզի մենք քեզ համար արդար լինենք, Դու, որ մեզ համար երկրավոր եղար, որպեսզի մենք քեզ համար երկնավոր լինենք, Դու, որ մեզ համար հաց եղար, որպեսզի մենք Քեզ ճաշակելով սրբվենք, տո՛ւր վշտերով լեցուն քո մարմինը, որպեսզի բոլոր սրտերը քեզ ճաշակեն և սրբվեն: Մատռվակի՛ր վտակի պես կաթկթող քո անմեղ արյունը, որպեսզի մարդիկ անմեղությամբ հագենան: Երկարի՛ր փրկարար խաչդ` այս աշխարհի ծովում լողացողներիս, մեզ վեր` դեպի Քեզ բարձրացնելու համար:
Շնորհքի կարոտ ենք, սփռի՜ր, հոգնած ենք մեղանչելուց, քավի՛ր, խավարի մեջ ենք խարխափում, ճառագայթի՛ր. մեր հավատքից տապալվել ենք, հաստատի՛ր: 
Դո՛ւ ես հույսը, Դո՛ւ ես լույսը, Դո՛ւ ես կյանքը, Դո՛ւ ես քավությունը, Դու ինքդ ես անմահությունը, Քե՛զ ենք սպասում, քո շնորհի կռթնածներս, Քեզնից փրկություն ստանալու կարոտ ենք Քո մարմնին միացածներս: Քե՛զ որպես քավիչ քահանա ունենք. մենք` Քո արյունով գնված հոտդ: 
Նայի՛ր բոլորիս, սփոփիր մեր տարակուսանքները Քո փրկագործությամբ, հանդարտեցրո՛ւ մեր խռովությունները Քո խաղաղությամբ, հանգստացրո՛ւ մեր հոգնած հոգիները Քո օթևանների մեջ, ուր Դու գնացիր, ո՜վ Տեր, և նույնը մեզ խոստացար:
Եվ արժանացրո՛ւ մեզ` քեզ պատկանողներիս, որ փառավորենք Քեզ, Հոր և Սուրբ Հոգու հետ միասին` հավիտյանս հավիտենից. Ամեն:

ԱՂՈԹՔ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Սողոմոն Իմաստուն - Իմաստություն Սողոմոնի, Գլուխ 9
Ո՛վ իմ հայրերի Աստված և Տերդ ողորմության, Դու ես, որ քո խոսքով ստեղծեցիր բոլորին. և Քո իմաստությամբ ձևավորեցիր մարդուն, որ տիրի Քո ստեղծած արարածներին, սրբությամբ ու արդարությամբ կառավարի աշխարհը և ուղիղ հոգով դատ ու դատաստան անի։ Տո՛ւր ինձ Քեզ գահակից իմաստությունից և խոտան մի՛ համարիր ինձ քո ծառաներից։ Արդարև, ես Քո ծառան եմ և Քո աղախնի որդին, ես տկար մարդ եմ և կարճատև կյանքի տեր,ես հասուն չեմ դատի ու օրենքի իմացության մեջ։ Եվ եթե նույնիսկ որևէ մեկը կարող է կատարյալ լինել մարդու որդիների մեջ, բայց եթե Քո իմաստությունը հեռու է նրանից, նա ոչինչ պիտի համարվի... Քեզ հետ է նաև իմաստությունը, որ գիտի Քո գործերը, Քեզ մոտ էր նա, երբ դու արարում էիր աշխարհը, և գիտեր, թե որն է հաճելի Քո աչքին ու որն է Քո պատվիրաններին համապատասխան։ Առաքի՛ր դրան Քո սուրբ երկնքից, Քո փառքի աթոռից ուղարկի՛ր դրան, որ գա և տեղ գտնի իմ մեջ, և ես գիտենամ, թե ինչն է հաճելի Քո առջև, քանզի Նա գիտե ամեն ինչ և խելամուտ է բոլորին, իմ գործերի մեջ ինձ կառաջնորդի զգաստությամբ և իր փառքով կպահպանի ինձ... Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծու խորհուրդները, և կամ ո՞վ կարող է խելամուտ լինել, թե ինչ է կամենում Տերը. քանզի մահկանացուների մտածումները անստույգ են, իսկ մեր գիտելիքները՝ անհաստատ։ Եղծանելի մարմինը ծանրացնում է հոգին, և հողեղեն այս հարկը բազմահոգ է դարձնում միտքը։ Ուստի մենք հազիվ ենք նկատում երկրային բաները և չարչարանքով ենք գտնում այն, ինչ ընկած է մեր ոտքերի մոտ։ Իսկ այն, ինչ գտնվում է երկնքում, ո՞վ կարող է քննել, և ո՞վ կարող է գիտենալ Քո խորհուրդները, եթե Դու իմաստություն չտաս և քո սուրբ Հոգին չառաքես Քո բարձունքներից։ Այսպես է, որ երկրայիններն ուղղեցին իրենց շավիղները, սովորեցին այն, ինչ հաճելի է Քեզ, և փրկվեցին Քո իմաստությամբ։

ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԱՂՈԹՔ

Սաղմոս 112
Օրհնեցեք Տիրոջը, երիտասարդներ, օրհնեցեք անունը Տիրոջ։ Թող Տիրոջ անունն օրհնյալ լինի այսուհետև մինչև հավիտյան, օրհնյալ լինի անունը Տիրոջ։ Բարձր է Տերը բոլոր ազգերից վեր, և երկնքում է փառքը նրա։ Ո՞վ է նման մեր Տեր Աստծուն, որ բնակվում է բարձունքներում։ Նա տեսնում է հեզերին երկնքում ու երկրի վրա։ Բարձրացնում է աղքատներին գետնից, և տառապյալներին վեր քաշում աղբանոցից։  Նրանց որպես իշխան նստեցնում է իր ժողովրդի իշխանների կողքին։ Ամուլ կնոջը բնակեցնում է ցնծալից տան մեջ՝ իբրև մայր, որ հրճվում է զավակներով։

Արարիչ իմ և Տեր իմ,
Փրկիչ իմ և Հայր իմ,
Որ անհոգս մանկություն ինձ շնորհելով
Հասցրել ես երիտասարդության:
Շնորհիր այժմ, որ Քո ճշմարիտ
Խոսքի համաձայն ապրեմ՝
իմ երիտասարդության օրերին միշտ Քեզ հիշելով:
Քո խոսքերը պահող դարձրու ինձ, որպեսզի
ավելանան իմ կյանքի օրերը:
Տե՛ր, Դու, որ արու և էգ ստեղծեցիր մարդուն
եվ միմյանց սիրելու օրենքը դրեցիր մեր մեջ,
հիմա, ո՜վ Աստված, օրհնիր իմ սիրած/ աղջկան/ տղային՝
հավատարմություն և ժուժկալություն շնորհելով:
Օրհնի՛ր մեր սերը՝ անարատ կուսությամբ մեզ պահելով
Եվ Սուրբ ամուսնության Պսակին արժանացնելով:
Օրհնիր նրա ծնողներին՝ նրանց իմաստություն տալով,
որպեսզի հաշտվեն ու հանդուրժեն այն մտքի հետ,
որ նրանց ցանածը ուրիշն է հնձելու:
Օրհնիր ծնողների՛ս, իսկ ինձ էլ նրանց պատվելու շնորհ արա:
Ծաղկեցրու իմ հայրենիքը՝ խաղաղություն շնորհելով աշխարհին,
որպեսզի գոհությամբ Քեզ փառավորենք Հայր, Որդի և Սուրբ Հոգի
 այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Ամեն

ԱՌԱՎՈՏՅԱՆ ԱՂՈԹՔ

Գոհանում եմ Քեզանից,
Ո՜վ Տեր իմ և Աստվա՛ծ իմ.
Եվ օրհնում ու փառավորում
Քո սուրբ անունը,
Որ պահեցիր այս գիշեր
Քո անարժան ու մեղավոր ծառային
Բոլոր վտանգներից ու փորձություններից,
Խաղաղությամբ հասցնելով
Առավոտյան այս ժամին
Եվ արժանացրիր Քո ծառային տեսնելու
Քո ողորմության լույսը:
Ամեն:

ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ

ԱՂՕԹՔ ՊԻՏԱՆԻՔ ԻՒՐԱՔԱՆՉԻՒՐ ԱՆՁԻՆ ՀԱՒԱՏԱՑԵԼՈՑ Ի ՔՐԻՍՏՈՍ
ԱՐԱՐԵԱԼ ՍՐԲՈՅՆ ՆԷՐՍԻՍԻ ՇՆՈՐՀԱԼՒՈՅ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
Ա 
 Հաւատով խոստովանիմ եւ երկիրպագանեմ քեզ, Հայր եւ Որդի եւ Սուրբ Հոգի, անեղ եւ անմահ բնութիւն, արարիչ հրեշտակաց եւ մարդկան եւ ամենայն եղելոց. ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

Բ 
 Հաւատով խոստովանիմ եւ երկիրպագանեմ քեզ, անբաժանելի լոյս, միասնական սուրբ երրորդութիւն եւ մի աստուածութիւն, արարիչ լուսոյ եւ հալածիչ խաւարի. հալածեա ի հոգւոյ իմմէ զխաւար մեղաց եւ անգիտութեան, եւ լուսաւորեա զմիտս իմ ի ժամուս յայսմիկ աղօթել քեզ ի հաճոյս, եւ ընդունել ի քէն զխնդրուածս իմ. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

 Գ 
 Հայր երկնաւոր Աստուած ճշմարիտ, որ առաքեցեր զորդիդ քո սիրելի ի խնդիր մոլորեալ ոչխարին, մեղայ յերկինս եւ առաջի քո, ընկալ զիս որպես զանառակ որդին, եւ զգեցո ինձ զպատմուճանն զառաջին զոր մերկացայ մեղօք. եւ ողորմեա քո արարածոց 
եւ ինձ բազմամեղիս: 

 Դ 
 Որդի Աստուծոյ, Աստուած ճշմարիտ, որ խոնարհեցար ի Հայրական ծոցոյ, եւ առեր մարմին ի սրբոյ Կուսէն Մարիամայ վասն մերոյ փրկութեան, խաչեցար, թաղեցար եւ յարեար ի մեռելոց, եւ համբարձար փառօք առ հայր. մեղայ յերկինս եւ առաջի քո, յիշեա զիս որպէս զաւազակն յորժամ գաս արքայութեամբ քով. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

 Ե
 Հոգի Աստուծոյ, Աստուած ճշմարիտ, որ իջեր ի Յորդանան եւ ի վերնատունն, եւ լուսաւորեցեր զիս մկրտութեամբ սուրբ աւազանին. մեղայ յերկինս եւ առաջի քո, մաքրեա զիս վերստին աստուածային հրով քով` որպէս հրեղէն լեզուօք սուրբ զառաքեալսն. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 


Զ 
 Անեղ բնութիւն, մեղա՜յ քեզ մտօք իմովք, հոգւով եւ մարմնով իմով. մի՛ յիշեր զմեղս իմ զառաջինս վասն անուանդ քում սրբոյ. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

 Է 
 Տեսող ամենայնի, մեղայ քեզ խորհրդով բանիւ եւ գործով. ջնջեա՛ զձեռագիր յանցանաց իմոց, եւ գրեա՛ զանուն իմ ի դպրութեան կենաց. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

 Ը 
 Քննող գաղտնեաց, մեղայ քեզ կամաւ եւ ակամայ, գիտութեամբ եւ անգիտութեամբ, թողութիւն շնորհեա մեղաւորիս, զի ի ծննդենէ սուրբ աւազանին մինչեւ ցայսօր մեղուցեալ եմ առաջի աստուածութեանդ քո զգայարանօք իմովք, եւ ամենայն անդամօք մարմնոյս. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

Թ 
 Ամենախնամ Տէր, դի՛ր պահապան աչաց իմոց զերկիւղ քո սուրբ ոչ եւս հայիլ յայրատ, եւ ականջաց իմոց` ոչ ախորժել լսել զբանս չարութեան, եւ բերանոյ իմոյ` ոչ խօսել զսուտութիւն, եւ սրտի իմոյ` ոչ խորհել զչարութիւն, եւ ձեռաց իմոց` ոչ գործել զանիրաւութիւն, եւ ոտից իմոց` ոչ գնալ ի ճանապարհս անօրէնութեան, այլ ուղղեա զշարժումն սոցա լինել միշտ ըստ պատուիրանաց քոց յամենայնի. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

 Ժ 
 Հուր կենդանի Քրիստո՛ս, զհուր սիրոյ քո զոր արկեր յերկիր, բորբոքեա յանձն իմ, զի այրեսցէ զաղտ հոգւոյ իմոյ, եւ սրբեսցէ զխիղճ մտաց իմոց, եւ մաքրեսցէ զմեղս մարմնոյ իմոյ, եւ վառեսցէ զլոյս գիտութեան քո ի սրտի իմում. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

 ԺԱ 
 Իմաստութիւն Հօր Յիսուս, տուր ինձ իմաստութիւն զբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա զիս. եւ ողորմեա քո արարածոց 
եւ ինձ բազմամեղիս: 

 ԺԲ 
 Կամեցող բարեաց Տէր կամարար, մի՛ թողուր զիս ի կամս անձին իմոյ գնալ, այլ առաջնորդեա ինձ լինել միշտ ըստ կամաց քոց բարեսիրաց. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 


ԺԳ 
 Արքայ Երկնաւոր, տո՛ւր ինձ զարքայութիւն քո զոր խոստացար սիրելեաց քոց, եւ զօրացո զսիրտ իմ ատել զմեղս, եւ սիրել զքեզ միայն, եւ առնել զկամս քո. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:


 ԺԴ 
 Խնամող արարածոց, պահեա նշանաւ Խաչի քո զհոգի եւ զմարմին իմ ի պատրանաց մեղաց, ի փորձութեանց դիւաց, եւ ի մարդոց անիրաւաց, եւ յամենայն վտանգից հոգւոյ եւ մարմնոյ. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 


 ԺԵ 
 Պահապան ամենայնի Քրիստոս, աջ քո հովանի լիցի ի վերայ իմ, ի տուէ եւ ի գիշերի, ի նստիլ ի տան, ի գնալ ի ճանապարհ, ի ննջել եւ ի յառնել, զի մի երբեք սասանեցայց. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

ԺԶ 
 Աստուած իմ, որ բանաս զձեռն քո, եւ լնուս զամենայն արարածս ողորմութեամբ քով. քեզ յանձն առնեմ զանձն իմ. դու հոգա եւ պատրաստեա զպէտս հոգւոյ եւ մարմնոյ իմոյ յայսմհետէ մինչեւ յաւիտեան. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

 ԺԷ 
 Դարձուցիչ մոլորելոց, դարձո զիս ի չար սովորութեանց իմոց ի բարի սովորութիւն, եւ բեւեռեա ի հոգի իմ զսոսկալի օր մահուն, եւ զերկիւղ գեհենոյն, եւ զսէր արքայութեանն, զի զղջացայց ի մեղաց, եւ գործեցից զարդարութիւն. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:  

ԺԸ 
 Աղբիւր անմահութեան, աղբերացո ի սրտէ իմմէ զարտասուս ապաշխարութեան որպէս պոռնկին, զի լուացից զմեղս անձին իմոյ յառաջ քան զելանելն իմ յաշխարհէս. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 


ԺԹ 
 Պարգեւիչ ողորմութեան, պարգեւեա ինձ ուղղափառ հաւատով, եւ բարի գործով, եւ սուրբ մարմնոյ եւ արեան քո հաղորդութեամբ գալ առ քեզ. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

 Ի 
 Բարերա՛ր Տէր, հրեշտակի բարւոյ յանձն արասցես զիս քաղցրութեամբ աւանդել զհոգի իմ, եւ անխռով անցուցանել ընդ չարութիւն այսոցն, որ են ի ներքոյ երկնից. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 


 ԻԱ 
 Լոյս ճշմարիտ Քրիստոս, արժանաւորեա զհոգի իմ ուրախութեամբ տեսանել զլոյս փառաց քոց ի կոչման աւուրն, եւ հանգչել յուսով բարեաց յօթեւանս արդարոց մինչեւ յօր մեծի գալստեան քո. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

ԻԲ 
 Դատաւոր արդար, յորժամ գաս փառօք հօր դատել զկենդանիս եւ զմեռեալս, մի՛ մտաներ ի դատաստան ընդ ծառայի քում, այլ փրկեա զիս ի յաւիտենական հրոյն, եւ լսելի արա ինձ զերանաւէտ կոչումն արդարոց յերկնից արքայութիւնդ. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

ԻԳ 
 Ամենողորմ Տէր, ողորմեա ամենայն հաւատացելոց ի քեզ, իմոց եւ օտարաց, ծանօթից եւ անծանօթից, կենդանեաց եւ մեռելոց. շնորհեա եւ թշնամեաց իմոց եւ ատելեաց զթողութիւն որ առ իս յանցանացն, եւ դարձո զնոսա ի չարեացն զոր ունին վասն իմ, զի ողորմութեան քում արժանի եղիցին. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 


 ԻԴ 
 Փառաւորեալ Տէր, ընկալ զաղաչանս ծառայիս քո, եւ կատարեա ի բարի զխնդրուածս իմ, բարեխօսութեամբ սրբուհւոյ Աստուածածնին, եւ Յովհաննու Մկրտչին, եւ սրբոյն Ստեփանոսի նախավկային, եւ սրբոյն Գրիգորի մերոյ Լուսաւորչին, եւ սրբոց Առաքելոց, Մարգարէից, Վարդապետաց, Մարտիրոսաց, Հայրապետաց, Ճգնաւորաց, Կուսանաց, եւ Ամենայն սրբոց քոց երկնաւորաց եւ երկրաւորաց: Եւ քեզ փառք եւ երկրպագութիւն անբաժանելի Սուրբ Երրորդութեանդ, յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Ա (1) 
 Հավատով խոստովանում և երկրպագում եմ Քեզ` Հա՛յր և Որդի՛ և Սո՛ւրբ Հոգի, անստեղծ և անմա՛հ բնություն, հրեշտակների, մարդկանց և բոլոր եղածների՛ Արարիչ, ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

 Բ (2) 
 Հավատով խոստովանում և երկրպագում եմ Քեզ, անբաժանելի լո՛ւյս, միասնական Սո՛ւրբ Երրորդություն և Մի Աստվածություն, արարի՛չ լույսի և հալածի՛չ խավարի, հալածի՛ր իմ հոգուց մեղքերի և անգիտութեան խավարը և լուսավորի՛ր միտքս` աղոթելու Քեզ այժմ հաճույքով ու ստանալու Քեզանից իմ խնդրածները. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

 Գ (3) 
 Հա՛յր երկնավոր, Աստվա՛ծ ճշմարիտ, որ առաքեցիր Քո սիրելի Որդուն մոլորված ոչխարին փնտրելու համար, մեղա՜ երկնքի ու Քո առաջ, ընդունի՛ր ինձ ինչպես անառակ որդուն և հագցրո՛ւ ինձ առաջին պատմուճանը, որից մերկացա մեղքով. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

Դ (4) 
 Որդի՛ Աստծո, Աստվա՛ծ ճշմարիտ, որ իջար հայրական ծոցից և մարմին առար սուրբ Կույս Մարիամից մեր փրկութեան համար, խաչվեցիր, թաղվեցիր և հարություն առար մեռելներից ու փառքով համբարձվեցիր առ Հայրը, մեղա՜յ երկնքի և Քո առաջ, հիշի՛ր ինձ, ինչպես ավազակին, երբ գաս Քո արքայությամբ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

 Ե (5) 
 Հոգի՛ Աստծո, Աստվա՛ծ ճշմարիտ, որ իջար Հորդանան և Վերնատուն և լուսավորեցիր ինձ սուրբ ավազանի մկրտությամբ, մեղա՜յ երկնքի և Քո առաջ, մաքրի՛ր ինձ վերստին Քո աստվածային հրով, ինչպես հրեղեն լեզուներով՝ սուրբ առաքյալներին. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

 Զ (6) 
 Անե՛ղ բնություն, մեղա՜ Քեզ իմ մտքով, հոգով և մարմնով, հանուն Քո սուրբ անվան մի՛ հիշիր իմ նախկին մեղքերը. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

 Է (7) 
 Ամեն ինչ տեսնող Աստված, մեղանչեցի Քո առջև խորհրդով, խոսքով և գործով, ջնջի՛ր իմ հանցանքների ձեռագիրը և գրի՛ր անունս Կյանքի Գրքում. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

 Ը (8) 
 Գաղտնիքնե՛ր քննող, մեղա՜ Քեզ կամա և ակամա, գիտությամբ և անգիտությամբ, թողությո՛ւն շնորհիր մեղավորիս, քանզի սուրբ Ավազանի ծնունդից մինչև այսօր մեղանչել եմ Աստվածությանդ առաջ իմ զգայարաններով և մարմնիս բոլոր անդամներով. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

 Թ (9) 
 Ամենախնա՛մ Տեր, Քո սուրբ երկյուղը պահապան դի՛ր աչքերիս` այլևս անպատկառ չնայելու, ականջներիս՝ չախորժելու լսել չար խոսքեր, բերանիս՝ սուտ չխոսելու,սրտիս՝ չարը չխորհելու, ձեռքերիս՝ անիրավություն չգործելու, և ոտքերիս՝ անօրենության ճանապարհով չգնալու, այլ ուղղի՛ր սրանց ընթացքը` միշտ լինելու ըստ Քո պատվիրանների. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

 Ժ (10) 
 Հուր կենդանի Քրիստո՛ս, Քո սիրո հուրը, որ գցեցիր երկրի վրա, բորբոքի՛ր իմ անձում, որպեսզի այրի իմ հոգու աղտերը և սրբի իմ մտքի խիղճը, մաքրի իմ մարմնի մեղքերը և վառի Քո գիտության լույսն իմ սրտում. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

ԺԱ (11) 
 Հոր իմաստություն Հիսո՛ւս, տո՛ւր ինձ իմաստություն՝ ամեն ժամ Քո առջև բարին խորհելու, խոսելու և գործելու: Փրկի՛ր ինձ չար խորհուրդներից, խոսքերից և գործերից. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

 ԺԲ (12) 
 Բարիք կամեցող Տե՛ր կամարար, մի՛ թող ինձ իմ անձի կամքով գնալ, այլ առաջնորդի՛ր ինձ միշտ լինել ըստ Քո բարեսեր կամքի. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

 ԺԳ (13) 
 Արքա՛ երկնավոր, տո՛ւր ինձ Քո արքայությունը, որ խոստացար Քո սիրելիներին, զորացրո՛ւ իմ սիրտը՝ ատելու մեղքը և միայն Քեզ սիրելու և Քո կամքը կատարելու. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

 ԺԴ (14) 
 Խնամո՛ղ արարածների, պահի՛ր Քո Խաչի նշանով իմ հոգին և մարմինը մեղքերի պատրանքներից, դևերի փորձություններից, անիրավ մարդկանցից և հոգու ու մարմնի բոլոր վտանգներից. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

 ԺԵ (15) 
 Պահապա՛ն բոլորի Քրիստո՛ս, Քո աջը թող հովանի լինի ինձ վրա գիշեր թե ցերեկ, թե՛ տանը նստելիս, թե՛ ճանապարհ գնալիս, ննջելիս և թե՛ արթնանալիս, որպեսզի երբեք չսասանվեմ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

 ԺԶ (16)
 Աստվա՛ծ իմ, որ բացում ես ձեռքերդ և լցնում բոլոր արարածներիդ Քո ողորմությամբ, Քեզ եմ հանձնում իմ անձը, Դո՛ւ հոգա և պատրաստիր իմ հոգու և մարմնի կարիքները այսուհետև մինչև հավիտյանս. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

 ԺԷ (17) 
 Մոլորյալներին դարձի՛ բերող, ե՛տ դարձրու ինձ իմ չար սովորություններից բարի սովորության և բևեռի՛ր իմ հոգում մահվան սոսկալի օրը և գեհենի երկյուղը և արքայության սերը, որպեսզի զղջամ մեղքերիս համար և գործեմ արդարություն. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

 ԺԸ (18) 
 Անմահությա՛ն աղբյուր, բխեցրո՛ւ իմ սրտից ապաշխարության արտասուքներ, ինչպես պոռնիկին, որպեսզի լվանամ իմ հոգու մեղքերն աշխարհից ելնելուց առաջ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

ԺԹ (19) 
 Պարգևի՛չ ողորմության, պարգևի՛ր ինձ ուղղափառ հավատքով և բարի գործով և Քո սուրբ Մարմնի և Արյան հաղորդությամբ գալ Քեզ մոտ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

 Ի (20) 
 Բարերա՛ր Տեր, ինձ բարի հրեշտակին հանձնիր՝ իմ հոգին քաղցրությամբ ավանդելու համար և անխռով անցկացնելու դևերի չարիքից, որոնք երկնքի ներքո են. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

 ԻԱ (21) 
 Lո՛ւյս ճշմարիտ Քրիստոս, արժանավորի՛ր իմ հոգու կոչման օրը ուրախությամբ տեսնել Քո փառքի լույսը և բարիքների հույսով հանգչել արդարների օթևաններում մինչև Քո Գալստյան մեծ օրը. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

 ԻԲ (22) 
 Արդա՛ր Դատավոր, երբ գաս Հոր փառքով դատելու կենդանիներին և մեռյալներին, մի՛ մտնիր դատաստանի մեջ Քո ծառայի հետ, այլ փրկի՛ր ինձ հավիտենական հրից և լսելի՛ արա ինձ արդարների երանավետ կանչը դեպի երկնքի արքայությունդ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

 ԻԳ (23) 
 Ամենողո՛րմ Տեր, ողորմի՛ր Քեզ հավատացողներին` յուրայիններիս ու օտարներին, ծանոթներին ու անծանոթներին, կենդանիներին ու մեռյալներին. թողությո՛ւն շնորհիր նաև իմ թշնամիներին ու ատողներին իմ դեմ գործած հանցանքների համար և ետ դարձրու նրանց չարիքից, որ պահում են իմ դեմ, որպեսզի նրանք էլ արժանի լինեն Քո ողորմությանը. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

 ԺԴ (24) 
 Փառավորյա՛լ Տեր, ընդունի՛ր Քո ծառայի աղաչանքները և ի բարի՛ կատարիր իմ խնդրվածքները՝ բարեխոսությամբ սրբուհի Աստվածածնի և Հովհաննես Մկրտչի և սուրբ Ստեփանոս Նախավկայի և մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի և սուրբ Առաքյալների, Մարգարեների, Վարդապետների, Մարտիրոսների, Հայրապետների, Ճգնավորների, Կույսերի, Միանձանց և Քո բոլոր երկնավոր և երկրավոր սրբերի. և Քեզ անբաժանելի Սուրբ Երրորդությանդ, փա՜ռք և երկրպագություն հավիտյանս հավիտենից. ամեն:

































































































































































































ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքը ձայնագրությամբ եւ 8 լեզուներով հասանելի ենթագրերով կարող եք լսել այստեղ՝ 

 

Աղոթի՛ր ընկերներիդ հետ

ԱՅԼ ԱՂՈԹՔՆԵՐ

    Պատահական