ՄԵԾ ՊԱՀՔԻ ԱՂՈԹՔ

Մեսրոպ Վարդապետ

Տե՜ր իմ, Դու քաղցր և ողորմած կոչվեցիր մեղավորիս համար, քանզի Դու էիր, որ ասացիր. «Անօրենի հետ կանգնեիս այլևս չեմ հիշի նրա բոլոր անօրենությունները, որ արեց»։ Եւ արդ, Տեր, ահա, Քո առջև ընկնելով` աղաչում և խնդրում եմ պաղատելով. «Մի հիշիր իմ բազում մեղքերը և մի հանդիմանիր կամա թե ակամա գործած իմ անօրենությունները, որոնցով մեղանչեցի` գիտությամբ թե անգիտությամբ, խոսքով թե գործով և թե անտեղի մտածումով ու մեղքերի ամբողջ ծուլությամբ: Քանզի, Դու Տե՜ր, սովոր ես գթալ և թողություն շնորհել մեր բազում մեղքերին: Այլև առատաբուխ շնորհիցդ հագեցրու քաղցյալիս և լիացրու ծարավյալիս, որ ամեն ժամ բաղձում եմ Քեզ նայել, փափագում Քո շնորհներին և հանապազ կարոտում Քո ողորմությանը: Մի պատժիր հանցապարտների հետ, մի դատիր դատապարտյալների հետ, այլ ընդունիր Քո կամքը կատարողների հետ և պատվիր Քո պատվիրանները պահողների հետ: Քանզի եթե առանց ներելու քննես իմ հանցանքները, անիմաստ է ինձ համար հարության խոստումը, որովհետև գեհենի հուրն է իմ ժառանգությունը, քանզի եթե դատես իմ հանցավորությունը, ապա երանի կտամ մորից չծնվածներին: Այլ, նայիր, Տեր, իմ խնդրանքներին ու պաղատանքներին և մի մերժիր ինձ Քո ողորմությունից, քանզի մարմինս մշտապես պղծել և հոգիս շարունակ աղտոտել եմ ոչ միայն չար գործերով, այլև գարշելի մտքերով:

Եւ արդ, Տեր, մաքրիր ինձ մեղքերից, սկզբից ի վեր գործածս իմ անօրենություններից, սրբիր, ինչպես պոռնիկին, արդարացրու, ինչպես մաքսավորին արդարացրիր, ողորմիր ինձ, ինչպես քանանացուն, շնորհիր ինձ ողորմություն, ինչպես ավազակին և բնակեցրու ինձ Քո սուրբերի դասերում և Քո անունը սիրողների խորաններում:
Եւ Քեզ փա՜ռք հավիտեանս. ամեն:

Աղոթի՛ր ընկերներիդ հետ

ԱՅԼ ԱՂՈԹՔՆԵՐ

    Պատահական