ԶՈՐԱՎՈՐ ԱՂՈԹՔ ՍՈՒՐԲ ԵՓՐԵՄ ԱՍՈՐՈՒ

 Ա (1)

Տե՛ր, տե՛ս իմ տառապանքները և բազմամեղ հոգուս ցավերը, դարձի՛ր, ների՛ր և դեպի Քե՛զ առաջնորդիր, ինչպես որ ասացիր. «Դարձե՛ք դեպի Ինձ, և Ես կդառնամ դեպի ձեզ»:


Բ (2)

Ողորմի՛ր ինձ` լքվածիս, օգնի՛ր եղկելիիս, ճառագայթի՛ր խավարյալիս, առաջնորդի՛ր մոլորյալիս, որ լի եմ մեղքերով ու անթիվ հանցանքներով և տարուբերվելով ծփում եմ անօրենության հորձանուտում:


Գ (3)

Ձե՛ռք մեկնիր ինձ, ինչպես Պետրոսին. մաքսավորի պես արդարանալ եմ աղերսում:


Դ (4)

Շնորհի՛ր, ինչպես ավազակին, բա՛ց արա ինձ կենաց ճանապարհի և մեծ արքունական առագաստի դուռը:


Ե (5)

Ո՜վ խորք մեծության և իմաստության, ընդունի՛ր բռնվածիս, որ մեղքերով ընկել եմ ծովի խորքը: Պահպանի՛ր ու զորացրո՛ւ ինձ, որ Քո կամքը գործեմ, զօր ու գիշեր սգամ և լամ իմ ողջ անօրինության ու հեղգության համար:


Զ (6)

Աղբյո՛ւրդ կենդանության, հագեցրո՛ւ ծարավ հոգիս Քո առատաբուխ վտակից, որ ցամաքած տոչորվում եմ իմ բազում անօրենություններից: Ցնցի՛ր քարացած սիրտս և ինձնից ապաշխարության արտասուք քամիր:


Է (7)

Գա՛նձդ ամենայն բարության, դույզն-ինչ շնորհի՛ր ինձ Քո առատ բարիքներից, որոնցից չարաչար աղքատացած ու մերկացած եմ. զգեստավորի՛ր ու կերակրի՛ր ինձ ապաշխարության արցունքներով:


Ը (8)

Լո՛ւյս ճշմարիտ Քրիստոս, որ լուսավորում ես ամեն մարդու. լուսավորի՛ր մեղքերով խավարյալիս, բա՛ց արա սրտիս աչքերը և հաստատի՛ր Քո պատվիրանների երկյուղի ու սիրո մեջ:


Թ (9)

Տե՛ր, մի՛ դատիր և մի՛ դատապարտիր ինձ ըստ իմ անբավ զազիր գործերի և մի՛ կարգիր ինձ նրանց հետ, ովքեր զայրացրին Քեզ, այլ փառավորի՛ր փառավորյալների հետ և պսակի՛ր պսակյալների հետ ուրախացրո՛ւ բերկրյալների հետ:


Ժ (10)

Արժանի չեմ, Տե՛ր, բայց հույս եմ դնում Քո ողորմության վրա, քանզի շներն էլ կերակրվում իրենց տիրոջ սեղանից ընկած կերակրի փշրանքներով: Շո՛ւն կոչիր ինձ, Տե՛ր, որպեսզի գամ Քո ետևից: Հովի՛վ բարի, փնտրի՛ր ինձ` մոլորյալիս: Նավապե՛տ իմ Հիսո՛ւս, փրկի՛ր ինձ մեղքերիս ալեծուփ բազմությունից և տո՛ւր ինձ խաղաղության նավահանգիստը:

ՍՐԲԵՐԻ ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԽՆԴՐԵԼՈՒ ԱՂՈԹՔ

ԳՐԱԲԱՐ

ԻԴ. Փառաւորեալ Տէր,
ընկալ զաղաչանս ծառայիս քո,
եւ կատարեա ի բարի զխնդրուածս իմ,
բարեխօսութեամբ սրբուհւոյ Աստուածածնին,
եւ Յովհաննու Մկրտչին,
եւ սրբոյն Ստեփանոսի նախավկային,
եւ սրբոյն Գրիգորի մերոյ Լուսաւորչին,
եւ սրբոց Առաքելոց, Մարգարէից, Վարդապետաց,
Մարտիրոսաց, Հայրապետաց, Ճգնաւորաց,
Կուսանաց, եւ Ամենայն սրբոց քոց երկնաւորաց եւ երկրաւորաց:
Եւ քեզ փառք եւ երկրպագութիւն անբաժանելի Սուրբ Երրորդութեանդ,
յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆ

24.  Փառավորյա՛լ Տեր,
ընդունի՛ր Քո ծառայի աղաչանքները
և ի բարի՛ կատարիր իմ խնդրվածքները՝
բարեխոսությամբ սրբուհի Աստվածածնի
և Հովհաննես Մկրտչի
և սուրբ Ստեփանոս Նախավկայի
և մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի
և սուրբ Առաքյալների, Մարգարեների, Վարդապետների,
Մարտիրոսների, Հայրապետների, Ճգնավորների,
Կույսերի, Միանձանց
և Քո բոլոր երկնավոր և երկրավոր սրբերի.
և Քեզ անբաժանելի Սուրբ Երրորդությանդ,
փա՜ռք և երկրպագություն հավիտյանս հավիտենից. ամեն:

ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆ

24. Փառաւորեալ Տէր,
ընդունէ՛ քու ծառայիդ աղաչանքը,
եւ դէպի բարին կատարէ իմ խնդրանքներս,
բարեխօսութեամբը սրբուհի Աստուածածնին,
եւ Յովհաննէս Մկրտիչին,
եւ սուրբ Ստեփանոս Նախավկային,
եւ մեր լուսաւորչին՝ սուրբ Գրիգորի,
եւ սուրբ առաքեալներուն, մարգարէներուն, վարդապետներուն,
մարտիրոսներուն, հայրապետներուն, ճգնաւորներուն,
կոյսերուն, մենակեացներուն,
եւ երկինքի մէջ եւ երկրի վրայ գտնուող քու բոլոր սուրբերուդ:
Եւ քեզի՝ անբաժանելի Սուրբ Երրորդութեանդ՝
փա՜ռք եւ երկրպագութիւն յաւիտեանէ մինչեւ յաւիտեան: Ամէն:

Աղոթքն ամբողջական ձայնագրությամբ եւ 
8 լեզվով հասանելի ենթագրերով կարող եք լսել այստեղ՝ 
https://youtu.be/t0_I_fl5A8s

ԱՂՈԹՔ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԳՐԱԲԱՐ

ԻԳ. Ամենողորմ Տէր,
ողորմեա ամենայն հաւատացելոց ի քեզ,
իմոց եւ օտարաց,
ծանօթից եւ անծանօթից,
կենդանեաց եւ մեռելոց.
շնորհեա եւ թշնամեաց իմոց եւ ատելեաց զթողութիւն
որ առ իս յանցանացն,
եւ դարձո զնոսա ի չարեացն
զոր ունին վասն իմ,
զի ողորմութեան քում արժանի եղիցին.
եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆ

23.  Ամենողո՛րմ Տեր,
ողորմի՛ր Քեզ հավատացողներին`
յուրայիններիս ու օտարներին,
ծանոթներին ու անծանոթներին,
կենդանիներին ու մեռյալներին.
թողությո՛ւն շնորհիր նաև իմ թշնամիներին ու ատողներին
իմ դեմ գործած հանցանքների համար
և ետ դարձրու նրանց չարիքից,
որ պահում են իմ դեմ,
որպեսզի նրանք էլ արժանի լինեն Քո ողորմությանը.
և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆ

23. Ամենողորմ Տէր,
ողորմէ՛ բոլոր քեզի հաւատացողներուն,
ազգակիցներուս եւ օտարներուն,
ծանօթներուս եւ անծանօթներուն,
ողջերուն եւ մեռելներուն.
թողութի՛ւն շնորհէ նաեւ թշնամիներուս
եւ զիս ատողներուն՝ ինծի դէմ ունեցած իրենց յանցանքներուն համար,
եւ դարձո՛ւր զանոնք իմ մասիս իրենց խորհած չարիքներէն,
որպէսզի քու ողորմութեանդ արժանի ըլլան.
եւ ողորմէ՛ քու արարածներուդ եւ ինծի՝ բազմամեղիս:

Աղոթքն ամբողջական ձայնագրությամբ եւ 
8 լեզվով հասանելի ենթագրերով կարող եք լսել այստեղ՝ 
https://youtu.be/t0_I_fl5A8s

ԱՂՈԹՔ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ

ԳՐԱԲԱՐ

Ի. Բարերա՛ր Տէր,
հրեշտակի բարւոյ յանձն արասցես զիս
քաղցրութեամբ աւանդել զհոգի իմ,
եւ անխռով անցուցանել ընդ չարութիւն այսոցն,
որ են ի ներքոյ երկնից.
եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

ԻԱ. Լոյս ճշմարիտ Քրիստոս,
արժանաւորեա զհոգի իմ
ուրախութեամբ տեսանել զլոյս փառաց քոց
ի կոչման աւուրն,
եւ հանգչել յուսով բարեաց յօթեւանս արդարոց
մինչեւ յօր մեծի գալստեան քո.
եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

ԻԲ. Դատաւոր արդար,
յորժամ գաս փառօք հօր
դատել զկենդանիս եւ զմեռեալս,
մի՛ մտաներ ի դատաստան ընդ ծառայի քում,
այլ փրկեա զիս ի յաւիտենական հրոյն,
եւ լսելի արա ինձ զերանաւէտ կոչումն արդարոց
յերկնից արքայութիւնդ.
եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 


ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆ

20.  Բարերա՛ր Տեր,
ինձ բարի հրեշտակին հանձնիր՝
իմ հոգին քաղցրությամբ ավանդելու համար
և անխռով անցկացնելու դևերի չարիքից,
որոնք երկնքի ներքո են.
և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

21. Lո՛ւյս ճշմարիտ Քրիստոս,
արժանավորի՛ր իմ հոգու կոչման օրը
ուրախությամբ տեսնել Քո փառքի լույսը
և բարիքների հույսով հանգչել արդարների օթևաններում
մինչև Քո Գալստյան մեծ օրը.
և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

22. Արդա՛ր Դատավոր,
երբ գաս Հոր փառքով դատելու կենդանիներին և մեռյալներին,
մի՛ մտնիր դատաստանի մեջ Քո ծառայի հետ,
այլ փրկի՛ր ինձ հավիտենական հրից
և լսելի՛ արա ինձ արդարների երանավետ կանչը
դեպի երկնքի արքայությունդ.
և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 


ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆ

20. Բարերար Տէր,
բարի հրեշտակի՛ մը յանձնէ զիս,
որպէսզի խաղաղ կերպով անոր աւանդեմ հոգիս
եւ անխռով անցնիմ երկինքին տակ գտնուող
չար դեւերուն ընդմէջէն.
եւ ողորմէ՛ քու արարածներուդ եւ ինծի՝ բազմամեղիս:

21. Դուն՝ ճշմարիտ լո՛յս, Քրիստոս,
շնորհէ՛ հոգիիս՝ որ կանչուելու օրը ուրախութեամբ տեսնէ
քու փառքիդ լոյսը,
եւ արդարներու օթեւանին մէջ բարիքներու յոյսովը հանգչի՝
մինչեւ քու մեծ գալստեանդ օրը.
եւ ողորմէ՛ քու արարածներուդ եւ ինծի՝ բազմամեղիս:

22. Արդար Դատաւոր,
երբ Հօրդ փառքով գաս՝ ողջերն ու մեռելները դատելու,
դատաստանի մի՛ մտներ քու ծառայիդ հետ,
այլ փրկէ՛ զիս յաւիտենական կրակէն,
եւ երկինքի արքայութեանդ մէջ ինծի լսել տուր
արդարներուն ուղղուած երանաւէտ կոչը.
եւ ողորմէ՛ քու արարածներուդ եւ ինծի՝ բազմամեղիս:


Աղոթքն ամբողջական ձայնագրությամբ եւ 
8 լեզվով հասանելի ենթագրերով կարող եք լսել այստեղ՝ 
https://youtu.be/t0_I_fl5A8s

ԱՂՈԹՔ՝ ՀԱՂՈՐԴՎԵԼՈՒՑ ԱՌԱՋ

ԳՐԱԲԱՐ

ԺԹ. Պարգեւիչ ողորմութեան,
պարգեւեա ինձ ուղղափառ հաւատով,
եւ բարի գործով,
եւ սուրբ մարմնոյ եւ արեան քո հաղորդութեամբ գալ առ քեզ.
եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆ

19.  Պարգևի՛չ ողորմության,
պարգևի՛ր ինձ ուղղափառ հավատքով
և բարի գործով
և Քո սուրբ Մարմնի և Արյան հաղորդությամբ գալ Քեզ մոտ.
և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆ

19. Ողորմութիւն պարքեւող [Տէր],
շնորհէ՛ ինծի՝ որ ուղղափառ հաւատքով,
բարի գործերով
ու սուրբ Մարմինդ եւ Արիւնդ ճաշակած գամ քովդ.
եւ ողորմէ՛ քու արարածներուդ եւ ինծի՝ բազմամեղիս:

Աղոթքն ամբողջական ձայնագրությամբ եւ 
8 լեզվով հասանելի ենթագրերով կարող եք լսել այստեղ՝ 
https://youtu.be/t0_I_fl5A8s

ՎԱՏ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԱՂՈԹՔ

ԳՐԱԲԱՐ

ԺԷ. Դարձուցիչ մոլորելոց,
դարձո զիս ի չար սովորութեանց իմոց ի բարի սովորութիւն,
եւ բեւեռեա ի հոգի իմ զսոսկալի օր մահուն,
եւ զերկիւղ գեհենոյն,
եւ զսէր արքայութեանն,
զի զղջացայց ի մեղաց,
եւ գործեցից զարդարութիւն.
եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

ԺԸ. Աղբիւր անմահութեան,
աղբերացո ի սրտէ իմմէ
զարտասուս ապաշխարութեան որպէս պոռնկին,
զի լուացից զմեղս անձին իմոյ
յառաջ քան զելանելն իմ յաշխարհէս.
եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 


ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆ

17.  Մոլորյալներին դարձի՛ բերող,
ե՛տ դարձրու ինձ իմ չար սովորություններից բարի սովորության
և բևեռի՛ր իմ հոգում մահվան սոսկալի օրը
և գեհենի երկյուղը
և արքայության սերը,
որպեսզի զղջամ մեղքերիս համար
և գործեմ արդարություն.
և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

18. Անմահությա՛ն աղբյուր,
բխեցրո՛ւ իմ սրտից ապաշխարության արտասուքներ,
ինչպես պոռնիկին,
որպեսզի լվանամ իմ հոգու մեղքերն
աշխարհից ելնելուց առաջ.
և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:


ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆ

17. Մոլորեալները դարձի բերող [Տէր],
դարձո՛ւր զիս իմ չար սովորութիւններէս դէպի բարի սովորութիւն,
եւ իմ հոգիիս մէջ բեւեռէ մահուան սոսկալի օրը,
դժոխքի սարսափը
եւ արքայութեան սէրը,
որպէսզի զղջամ իմ մեղքերուս համար
եւ արդարութիւն գործեմ.
եւ ողորմէ՛ քու արարածներուդ եւ ինծի՝ բազմամեղիս:

18. Անմահութեան աղբիւր,
ապաշխարութեան արցունքնե՛ր հոսեցուր սրտէս,
ինչպէս պոռնիկին [սրտէն հոսեցուցիր],
որպէսզի այս աշխարհէն դեռ չելած՝
լուամ իմ մեղքերս.
եւ ողորմէ՛ քու արարածներուդ եւ ինծի՝ բազմամեղիս:



Աղոթքն ամբողջական ձայնագրությամբ եւ 
8 լեզվով հասանելի ենթագրերով կարող եք լսել այստեղ՝ 
https://youtu.be/t0_I_fl5A8s

ԱՂՈԹՔ ՃԱՆԱՊԱՐՀԻՑ ԵՒ ՔՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ

ԳՐԱԲԱՐ

ԺԵ. Պահապան ամենայնի Քրիստոս,
աջ քո հովանի լիցի ի վերայ իմ,
ի տուէ եւ ի գիշերի,
ի նստիլ ի տան,
ի գնալ ի ճանապարհ,
ի ննջել եւ ի յառնել,
զի մի երբեք սասանեցայց.
եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆ

15.  Պահապա՛ն բոլորի Քրիստո՛ս,
Քո աջը թող հովանի լինի ինձ վրա
գիշեր թե ցերեկ,
թե՛ տանը նստելիս,
թե՛ ճանապարհ գնալիս,
ննջելիս և թե՛ արթնանալիս,
որպեսզի երբեք չսասանվեմ.
և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆ

15. Դուն՝ որ բոլորին պահապանն ես, Քրիստոս,
քու աջդ թող հովանի՛ ըլլայ իմ վրաս՝
գիշեր ու ցերեկ,
տան մէջ նստած ատենս,
թէ ճամբան գացած ատենս,
քնացած թէ արթնցած ատենս,
որպէսզի երբե՛ք չսասանիմ.
եւ ողորմէ՛ քու արարածներուդ եւ ինծի՝ բազմամեղիս:

Աղոթքն ամբողջական ձայնագրությամբ եւ 
8 լեզվով հասանելի ենթագրերով կարող եք լսել այստեղ՝ 
https://youtu.be/t0_I_fl5A8s

Աղոթի՛ր ընկերներիդ հետ

ԱՅԼ ԱՂՈԹՔՆԵՐ

    Պատահական