ԱՂՈԹՔ ՎԱՏ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ԵՎ ՉԱՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

ԳՐԱԲԱՐ

ԺԴ. Խնամող արարածոց,
պահեա նշանաւ Խաչի քո զհոգի եւ զմարմին իմ
ի պատրանաց մեղաց,
ի փորձութեանց դիւաց,
եւ ի մարդոց անիրաւաց,
եւ յամենայն վտանգից հոգւոյ եւ մարմնոյ.
եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆ

14.  Խնամո՛ղ արարածների,
պահի՛ր Քո Խաչի նշանով իմ հոգին և մարմինը
մեղքերի պատրանքներից,
դևերի փորձություններից,
անիրավ մարդկանցից
և հոգու ու մարմնի բոլոր վտանգներից.
և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆ

14. Արարածները խնամող [Տէր],
քու խաչիդ նշանովը
հեռո՛ւ պահէ հոգիս եւ մարմինս՝
մեղքի խաբկանքներէն,
դեւերու փորձութիւններէն,
անիրաւ մարդերէն
եւ հոգիի ու մարմինի ամէն տեսակի վտանգներէն.
եւ ողորմէ՛ քու արարածներուդ եւ ինծի՝ բազմամեղիս:

Աղոթքն ամբողջական ձայնագրությամբ եւ 
8 լեզվով հասանելի ենթագրերով կարող եք լսել այստեղ՝ 
https://youtu.be/t0_I_fl5A8s

ԱՍՏԾՈ ԿԱՄՔԸ ԽՆԴՐԵԼՈՒ ԱՂՈԹՔ

ԳՐԱԲԱՐ

ԺԲ. Կամեցող բարեաց Տէր կամարար,
մի՛ թողուր զիս ի կամս անձին իմոյ գնալ,
այլ առաջնորդեա ինձ լինել միշտ ըստ կամաց քոց բարեսիրաց.
եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ԺԳ. Արքայ Երկնաւոր,
տո՛ւր ինձ զարքայութիւն քո
զոր խոստացար սիրելեաց քոց,
եւ զօրացո զսիրտ իմ ատել զմեղս,
եւ սիրել զքեզ միայն,եւ առնել զկամս քո.
եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:


ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆ

12.  Բարիք կամեցող Տե՛ր կամարար,
մի՛ թող ինձ իմ անձի կամքով գնալ,
այլ առաջնորդի՛ր ինձ միշտ լինել ըստ Քո բարեսեր կամքի.
և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

13.  Արքա՛ երկնավոր,
տո՛ւր ինձ Քո արքայությունը,
որ խոստացար Քո սիրելիներին,
զորացրո՛ւ իմ սիրտը՝ ատելու մեղքը
և միայն Քեզ սիրելու և Քո կամքը կատարելու.
և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 


ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆ

12. Բարիք կամեցող, կամքերը կատարող Տէր,
մի՛ թողուր որ ես իմ կամքիս համաձայն ընթանամ,
այլ առաջնորդէ՛ զիս՝ որ միշտ քու բարեսէր կամքիդ համաձայն ապրիմ.
եւ ողորմէ՛ քու արարածներուդ եւ ինծի՝ բազմամեղիս:

13.  Երկնաւոր թագաւոր,
տո՛ւր ինծի քու արքայութիւնդ՝
զոր քեզ սիրողներուն խոստացար.
եւ զօրացո՛ւր իմ սիրտս՝ որպէսզի մեղքը ատեմ
եւ միայն քե՛զ սիրեմ եւ քու կամքդ կատարեմ.
եւ ողորմէ՛ քու արարածներուդ եւ ինծի՝ բազմամեղիս:


Աղոթքն ամբողջական ձայնագրությամբ եւ 
8 լեզվով հասանելի ենթագրերով կարող եք լսել այստեղ՝ 
https://youtu.be/t0_I_fl5A8s

ԱՂՈԹՔ ԳՈՐԾ ՍԿՍԵԼՈՒՑ ԱՌԱՋ

ԳՐԱԲԱՐ

ԺԱ. Իմաստութիւն Հօր Յիսուս,
տուր ինձ իմաստութիւն
զբարիս խորհել եւ խօսել եւ գործել
առաջի քո յամենայն ժամ.
ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա զիս.
եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 


ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆ

11.   Հոր իմաստություն Հիսո՛ւս,
տո՛ւր ինձ իմաստություն՝
ամեն ժամ Քո առջև
բարին խորհելու, խոսելու և գործելու:
Փրկի՛ր ինձ չար խորհուրդներից, խոսքերից և գործերից.
և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:


ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆ

11. Դուն՝ Հօրը իմաստութիւնը՝ Յիսուս,
իմաստութի՛ւն տուր ինծի՝
որ բարի բաներ խորհիմ, խօսիմ եւ գործեմ
քու առջեւդ՝ ամէն ժամ.
չար խորհուրդներէ, խօսքերէ եւ գործերէ փրկէ՛ զիս.
եւ ողորմէ՛ քու արարածներուդ եւ ինծի՝ բազմամեղիս:

Աղոթքն ամբողջական ձայնագրությամբ եւ 
8 լեզվով հասանելի ենթագրերով կարող եք լսել այստեղ՝ 
https://youtu.be/t0_I_fl5A8s

ԱՂՈԹՔ ԱՍՏԾՈՎ ԼՈՒՍԱՎՈՐՎԵԼՈՒ

ԳՐԱԲԱՐ

Ժ. Հուր կենդանի Քրիստո՛ս,
զհուր սիրոյ քո զոր արկեր յերկիր,
բորբոքեա յանձն իմ,
զի այրեսցէ զաղտ հոգւոյ իմոյ,
եւ սրբեսցէ զխիղճ մտաց իմոց,
եւ մաքրեսցէ զմեղս մարմնոյ իմոյ,
եւ վառեսցէ զլոյս գիտութեան քո ի սրտի իմում.
եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆ

10.  Հուր կենդանի Քրիստո՛ս,
Քո սիրո հուրը, որ գցեցիր երկրի վրա,
բորբոքի՛ր իմ անձում,
որպեսզի այրի իմ հոգու աղտերը
և սրբի իմ մտքի խիղճը,
մաքրի իմ մարմնի մեղքերը
և վառի Քո գիտության լույսն իմ սրտում.
և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆ

10. Դուն՝ կենդանի կրա՛կ,Քրիստոս,
իմ սրտիս մէջ բորբոքէ՛ քու սիրոյդ կրակը,
որ այս աշխարհը ձգեցիր,
որպէսզի այրէ հոգիիս աղտերը,
սրբէ խղճմտանքս
եւ մաքրէ մարմինիս մեղքերը,
եւ սրտիս մէջ քու գիտութեանդ լոյսը վառէ.
եւ ողորմէ՛ քու արարածներուդ եւ ինծի՝ բազմամեղիս:

Աղոթքն ամբողջական ձայնագրությամբ եւ 
8 լեզվով հասանելի ենթագրերով կարող եք լսել այստեղ՝ 
https://youtu.be/t0_I_fl5A8s

ԱՂՈԹՔ ԱՄԵՆ ՏԵՍԱԿ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԳՐԱԲԱՐ

ԺԶ. Աստուած իմ,
որ բանաս զձեռն քո,
եւ լնուս զամենայն արարածս ողորմութեամբ քով.
քեզ յանձն առնեմ զանձն իմ.
դու հոգա եւ պատրաստեա զպէտս հոգւոյ եւ մարմնոյ իմոյ
յայսմհետէ մինչեւ յաւիտեան.
եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆ

16.  Աստվա՛ծ իմ,
որ բացում ես ձեռքերդ
և լցնում բոլոր արարածներիդ Քո ողորմությամբ,
Քեզ եմ հանձնում իմ անձը,
Դո՛ւ հոգա և պատրաստիր իմ հոգու և մարմնի կարիքները
այսուհետև մինչև հավիտյանս.
և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆ

16. Աստուած իմ,
որ ձեռքդ կը բանաս
եւ բոլոր արարածներդ կը լիացնես քու ողորմութեամբդ.
ինքզինքս քեզի՛ կը յանձնեմ.
դո՛ւն հոգա եւ պատրաստէ հոգիիս եւ մարմնիս բոլոր պէտքերը,
այսօրունէ մինչեւ յաւիտեան.
եւ ողորմէ՛ քու արարածներուդ եւ ինծի՝ բազմամեղիս:

Աղոթքն ամբողջական ձայնագրությամբ եւ 
8 լեզվով հասանելի ենթագրերով կարող եք լսել այստեղ՝ 
https://youtu.be/t0_I_fl5A8s

ԱՂՈԹՔ ԸՆՏԱՆԻՔԻ

Սիրող և ողորմած Աստված, օգնի՛ր մեր ընտանիքին, որպեսզի զորանանք հավատքով ու հավատարմությամբ:

Օգնի՛ր, որ Քո բարությունից սովորելով, օգնենք ու կարեկից լինենք դիմացինին:

Օգնի՛ր, որ մեր ընտանիքում գիտակից խոնարհությամբ Քո փառքն ու մեծությունը պատմվի:

Օգնի՛ր, որ մեր ընտանիքում հեզությամբ ապրենք՝ միշտ Քեզ փառք տալով:

Օգնի՛ր, որ մեր ընտանիքում յուրաքանչյուր անդամիու հարազատի նկատմամբ համբերությամբ լցվենք:

Իսկ ամեն բանից առաջ օժտի՛ր մեզ Քո սիրով, որպեսզի այդ սիրով ապրենք ու պտղաբեր լինենք՝ փառք տալով Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն. ամեն:

Աղոթի՛ր ընկերներիդ հետ

ԱՅԼ ԱՂՈԹՔՆԵՐ

    Պատահական