ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ - ԲԱՆ Դ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
 Ա 
Եւ քանզի սկիզբն կալայ խաւսել ընդ քեզ,
Որ ի ձեռին ունիս զշունչ կենդանութեան հոգւոյս բազմամեղի,
Յիրաւի սարսեալ, դողացեալ տագնապաւ մեծաւ յաւէտ երկնչիմ,
Վասն զի ահաւոր եւ անտանելի եւ ի սահմանէ բանի փախչելի,
Յիշատակ անճողոպրելի անաչառդ քո ատենի`
Ի կշտամբումն իմ` պարտաւորի, Արարիչ երկնի եւ երկրի:
Նա զի եւ չիք իսկ բժշկութիւն
Բազմավտանգ սաստկութեան վիրացս անողջանալի
Խայթմանց խածուածոց մահաբերին բերանոյ ժանեաց`
Որսողին զանձն իմ ի կորուստ:
Մանաւանդ զի ոչ գոյ պատասխանի, ըստ առակողին, յաւուր պատերազմի,
Եւ ո'չ բանիւ իրաւանալի,
Եւ ո'չ վերարկուաւ պատսպարելի,
Եւ ո'չ դիմակաւք կեղծաւորելի,
Ո'չ առ երեսս բանիւք մատչելի,
Ո'չ կերպարանաւք երբէք խաբելի,
Ո'չ յաւդուածով բանից ստելի,
Ո'չ արագմամբ ոտից փախչելի,
Ո'չ թիկանց դարձուցանելի,
Ո'չ ընդ երկիր մածուցանելի,
Ո'չ բերանովք ընդ հող հաստելի,
Ո'չ ի խորս երկրի ղաւղելի,
Քանզի մերկ են քեզ ծածկեցեալքն, եւ հրապարակեալ են աներեւոյթքն:



Բ 
Արդարութիւնն իմ նուազեալ եւ իսպառ ունայնացեալ,
Մեղանքն յայտնեցեալ եւ յաւէտ առաւելեալ,
Չարիքն իմ մնացական, եւ ես` կորստական,
Իրաւանցն կշիռ պակասեալ, եւ անիրաւութիւնն իսկոյն զաւրացեալ,
Բարեացն բեր հալեալ, եւ սխալմունքն արձանացեալ,
Աւանդն կորուսեալ, եւ դատակնիքն այժմէն գտեալ,
Մահուն մուրհակ գծեալ, եւ աւետեացն կտակ եղծեալ,
Բարերարն տխրեցեալ, եւ բանսարկուն ուրախացեալ,
Հրեշտակաց գունդն թախծեալ, եւ սատանայ խնծղիւք պարեալ,
Վերնական զաւրքն ողբացեալ, եւ ստորնայինքն բերկրեցեալ,
Սպանողին մթեր լցեալ, եւ պահողին գանձն կապտեալ,
Աւտարին կողմն կանգնեալ, եւ ստացողին պարգեւ մատնեալ,
Հաստողին ձիր մոռացեալ, եւ կորուսչին խաղբք պահեալ,
Երախտիք փրկչին հենգնեալ, եւ Բելիար զուարթացեալ,
Կենացն աղբիւր փակեալ, եւ գոռոզին ժանգ ժանտիս ժամանեալ: 

Գ 
Եւ արդ, ո՞չ ապաքէն ըղձալի էր,
Ըստ Գրոյն կանխութեան նախաձայնելոյ,
Ո'չ ստեղծանիլն երբէք յարգանդի
Եւ ո'չ նկարիլն յորովայնի,
Ո'չ ի ծնունդ յառաջագայիլ
Եւ ո'չ ի լոյս կենաց հասանիլ,
Ո'չ ի թիւս մարդկան գրիլ
Եւ ո'չ ի հասակ աճման ամբառնալ,
Ո'չ ի պատկեր գեղոյ զարդարիլ
Եւ ո'չ բանիւ հանդերձաւորիլ,
Քան ընդ այսպիսեաց սաստկագունից
Եւ սարսափելեաց ըմբռնիլ պարտուց,
Զոր եւ ոչ վիմաց կարծրութւին բերէ,
Թող թէ մարմնոց լուծականութիւն: 

Դ 
Եւ արդ, տո'ւր, բարեգութ, աղաչեմ զքեզ, տո'ւր ինձ ողորմութւին,
Որ զայսոսիկ դու ինքնին քեզէն քոյովդ բանիւ մեզ սահմանեցեր`
Ասելով, թէ` Տո'ւք զայդ նուէր յանուն փրկութեան ձերոյ Աստուծոյ
Եւ սուրբք եղերուք, զի զողորմութիւն կամիմ եւ ոչ զպատարագ:
Ահա բարձրացի'ր` վերստին խնկեալ այսր յիշատակաւ,
Որ ունիս զամենայն, եւ ի քէն է ամենայն,
Եւ քեզ փա՜ռք յամենեցունց:
Ամէն:
Ա 
Եվ քանզի խոսել սկսեցի քեզ հետ, 
Որ կենդանի շունչն ունես ձեռքիդ մեջ 
բազմամեղ հոգուս` 
Սարսում եմ սաստիկ տագնապով իրոք ու 
դողդողում եմ երկյուղից ահա՛, 
Զի հիշելն անգամ քո անխուսափելի և 
անաչառ դատաստանի մասին, 
Ուր պիտի մեղքերն իմ կշտամբվեն, ո՜վ 
Արարիչ երկնի և երկրի, 
Ահավոր է և անպարփակելի ու վեր ամեն 
սահմանումից: 
Մանավանդ, որ չկա բժշկություն իմ 
բազմավտանգ, անողջանալի 
սաստիկ վերքերին, 
Որոնք ստացա հոգիս կորստյան 
մատնողի մահաբեր ժանիքներից 
Եվ չիք պատասխան «պատերազմի օրնե,- ըստ առակողի
Հնար չի լինի ո՛չ խոսքով արդարանալ, ո՛չ 
վերարկուի տակ պահվել, 
Ո՛չ դիմակավոր` կեղծել և ո՛չ երեսպաշտ 
խոսքերով մոտենալ, 
Ո՛չ շինծու ձևերով խաբել, ո՛չ կցկտուր 
բառերով ստել, 
Ո՛չ արագոտն փախչել, ո՛չ թիկունք դարձնել, 
Ո՛չ երեսն ի վայր` դեմքն հողին քսել, 
Եվ ո՛չ էլ երկրի խորքերում թաքնվել, 
Քանզի ծածկվածները բաց են քեզ համար 
և աներևույթներն` հրապարակված:

Բ 
Արդարությունն իմ նվազել է իսպառ և 
ունայնացել, 
Մեղքերս հայտնի են դարձել և շատացել 
են է՛լ ավելի, 
Մնացական են չարություններն իմ, և ես` 
կորստական. 
Իրավունքի կշիռն է պակասած, և 
անիրավությունն իմ` միանգամից զորացած. 
Բարեգործության պտուղներն են հալած, 
և սխալմունքներն արձանացած. 
Ավանդն է կորած, և դատակնիքն 
այժմվանից գտնված. 
Մահվան մուրհակն է գրված, և ավետման 
կտակն եղծված. 
Բարերարն է տխրած, և բանսարկուն 
ուրախացած. 
Հրեշտակների գունդը թախծած, և 
սատանան խնդասիրտ պար բռնած. 
Վերնական զորքը ողբի մեջ, և 
երկրայինները բերկրած. 
Սպանողի մթերանոցն է լի, և 
պահպանողի գանձը կողոպտված. 
Օտարի մասն է կանգուն, և Ստացողի 
պարգևը` մատնված, 
Ստեղծողի շնորհն է մոռացված, և 
կորուսչի ծուղակները պահված. 
Փրկչի երախտիքն է հեգնված, և Բելիարն 
է զվարթացած. 
Կենաց աղբյուրն է փակված, և գոռոզի 
ժանգը ժանտիս հասած: 

 Գ
Եվ արդ, ինչպես Գիրքն է ասել դեռ 
առաջուց,
Ցանկալի չէ՞ր արդյոք չստեղծվել երբեք 
արգանդի մեջ, 
Չձևավորվել որովայնում և չծնվել, 
Ո՛չ մարդկանց թվում գրվել և ո՛չ աճել, 
առնել հասակ, 
Ո՛չ գեղեցիկ պատկերով զարդարվել և ոչ 
էլ օժտվել խոսելու ձիրքով, 
Քան թե ենթարկվել այսպիսի սաստիկ ու 
սարսափելի ծանրությունների, 
Որոնց չեն կարող դիմանալ կարծր 
քարերը նույնիսկ, 
Էլ ո՜ւր կմնան մարմինները լույծ: 

Դ
Ուստի, բարեգութ, աղաչում եմ քեզ, 
տո՜ւր ինձ ողորմություն, 
Դու, որ քո խոսքերով սահմանեցիր մեզ 
վարվել այսպես,
 Ասելով.- Տվե՛ք այդ նվերն Աստծուն` ձեր 
փրկության համար, 
Ու մաքրվեցեք, քանզի ողորմություն եմ 
ուզում ես և ո՛չ պատարագ: 
Այդ խոսքդ հիշելով, բարձրացի՛ր ահա 
վերստին, խնկվա՜ծ, 
Դու, որ ունես ամեն ինչ և ամեն ինչ 
քեզանից է. 
Քեզ փա՜ռք բոլորից. ամեն:

Աղոթի՛ր ընկերներիդ հետ

ԱՅԼ ԱՂՈԹՔՆԵՐ

    Պատահական