ԱՂՕԹՔ ՎԱՍՆ ԴԺՈՒԱՐԱԾԻՆ ՅՂԻ ԿՆՈՋ
Տէր Աստուած մեր Յիսուս Քրիստոս, մեծ եւ բարձրեալ, անայլայլելի, անփոփոխելի եւ մշտնջենաւոր. որ իջեր ի յերկնից եւ մարմնացար ի սրբոյ Կուսէն Մարիամայ Հոգւովն Սըրբով, եւ զապականեալն մեղօք զբնութիւն մեր ի նախահօրն յանցանաց՝ որով ամենայն կանացի բնութիւն ընկալաւ զպատուհաս անիծից՝ ցաւօք եւ տրտմութեամբ ծնանիլ զզաւակ, սրբեցեր աստուածութեամբ քով:
Եւ արդ աղաչեմք զքեզ, մարդասէր Թագաւոր, ստեղծող եւ նորոգող մեր եւ բժիշկ հիւանդութեանս մերոյ, բժշկեա՛ եւ առողջացո՛ (այս անուն) անուն զաղախին քո: Առաքեա՛ զօգնութիւն քո ի սրբութենէ քումմէ, եւ տո՛ւր սմա զօրութիւն ծնանիլ զզաւակ, որպէսզի զպտուղ որովայնի իւրոյ մաքրեալ յամենայն արատոյ, ծննդեամբ սուրբ Աւազանին՝ ընծայեսցէ Եկեղեցւոյ քում սրբոյ: Շնորհեա՛ ծննդականիս այսորիկ հանդարտութեամբ եւ առանց վնասու հասանիլ ի խնդութիւն, եւ ամենայն տանց հաւատացելոց աճել եւ բազմանալ ի փառս տէրութեան քո եւ ի լրումն աստուածային քո բանիդ, եթէ «Աճեցէք եւ բազմացարուք»: Այո՛, Տէր Աստուած մեր, լո՛ւր եւ այժմ խնդրուածոց անարժան ծառայիս եւ ամենեցուն որ շուրջ կան աստ, բարեխօսութեամբ անարատ ծնողի քո սուրբ Աստուածածնին եւ ամենայն սրբոց քոց: Զի քեզ՝ միածնի Որդւոյդ, եւ անսկիզբն եւ համագոյ Հօր քոյ, եւ կենդանարար եւ ամենասուրբ Հոգւոյդ՝ վայել է փառք, պատիւ եւ երկրպագութիւն, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Ով մեր Տեր Աստված Հիսուս Քրիստոս՝ բարձրյալ և մեծ, անայլայլելի, անփոփոխելի և մշտնջենավոր. դու, որ երկնքից իջար և Սուրբ Հոգու միջոցով սուրբ Կույս Մարիամից ծնվեցիր և քո Աստվածությամբ սրբեցիր նախահոր հանցանքի հետևանքը՝ մեղքով ապականված մեր բնությունը, որով կանացի բնությունը ցավերով և տրտմությաբ զավակ ծնելու անեծք ու պատիժ ստացավ:
Արդ աղաչում ենք քեզ, մարդասեր Թագավոր, դու, որ մեր ստեղծիչն ու նորոգողը և մեր հիվանդությունների բժիշկն ես, բժշկի՛ր քո (անունը) աղախնին: Քո սուրբ բնակությունից օգնի՛ր և զորացրո՛ւ նրան, որպեսզի իր զավակն ունենա և նրան՝ իբրև իր որովայնի պտուղ, Սուրբ Ավազանից ծնունդով ամեն արատներից մաքրելով՝ Քո սուրբ Եկեղեցուն ընծայի:
Շնորհի՛ր, որ այս ծննդկանը հանդարտությամբ և առանց փորձանքի հասնի ուրախության, և բոլոր հավատացյալ տները աճեն ու բազմանան քո փառքի համար, ո՛վ Տեր, որպես կատարում աստվածային քո խոսքի. «Աճեցե՛ք և բազմացե՛ք»: Այո՛, Տեր մեր Աստված, այս պահին լսիր քո անարժան ծառայի և բոլոր այստեղ գտնվողների խնդրանքը, անարատ ծնողիդ՝ սուրբ Աստվածածնի և բոլոր սրբերիդ բարեխոսությամբ. որովհետև քեզ՝ Միածին Որդուդ, և անսկիզբ ու համագո քո Հոր և կենդանարար ու ամենասուրբ Հոգուդ են վայել փառքը, պատիվն ու երկրպագությունը այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն: