ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԱՂՈԹՔ

Ընդհանրական (միասնական) աղոթքը, ինչպես առանձնական կամ անհատական աղոթքը չափազանց մեծ նշանակություն ունի հավատացյալի կյանքում. դրա մասին խոսել է նաև Տերը` Հիսուս Քրիստոսը` ասելով. «Դարձյալ ձեզ ասում եմ. եթե ձեզնից երկուսը միաբանվեն երկրի վրա որևէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կկատարվի նրանց համար իմ Հոր կողմից, որ երկնքում է. Որովհետև ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մեջ» (Մատթ. 18:19-20): Եթե աչքի անցկացնենք Աստվածաշնչի որոշ հատվածներ, ապա կնկատենք, որ միասնական աստվածպաշտությունը ուղեկցել է մարդուն բոլոր ժամանակներում, թե՛ Հին Կտակարանում, թե՛ Նոր Կտակարանում հաստատված նոր՝ Քրիստոնեական եկեղեցում: Հինկտակարանյան նմանօրինակ հատվածների շարքում (Գ Թագ. 8:44, Բ Մնաց. 6:21-26, 30:27, Սաղմ. 31:6, Զաք. 8:22 ) ամենացայտունը Երեմիա մարգարեի Ողբում է նկարագրված. ժողովուրդը ընդհանուր աղոթք է մատուցում՝ ձեռքերը սրտերի հետ դեպի երկնքի բարձունքները կարկառելով (Ողբ 3:41): Իսկ Նոր Ուխտի արևածագին Ղուկաս ավետարանիչը գրում է. «խնկարկության ժամին ժողովրդի ամբողջ բազմությունը դրսում աղոթքի էր կանգնած» (Ղուկ. 1:10): Իսկ արդեն Տիրոջ Հարությունից հետո նրան հավատացողները` քրիստոնյաները, հավաքվում էին Քրիստոսի անվամբ և «հարատևում էին առաքեալների ուսուցման, հաղորդության, հացի բեկման ու աղոթքների մեջ»ործք. 2:42), և նորաբողբոջ քրիստոնեական Եկեղեցին կոչ էր անում ու օրինակներ էր տալիս միասնական աղոթքի (հմմտ. Հռոմ 5: 30, 15:15, Կող. 1:9, Ա Թեսաղ. 1:2, Հայտն. 8:4, 5:8):
Մարդ էակը չեզոք ու միայնակ մեկը չէ. նա հասարակական էակ է, մասն ու անդամն է կազմում մի միության որ կոչվում է ժողովուրդ: Ահա մարդու` մյուսների հետ ունեցած մարմնավոր ու հոգևոր այս կապվածությունն է հիմքը աղոթքի այն տեսակի, որ կոչվում է ընդհանրական աղոթք, պաշտամունք, ծես կամ ժամերգություն, որի ժամանակ մի նպատակով հավաքված հավատացյալնեի խումբը միասնական կերպով մասնակցում է հոգևոր արարողությանը՝ սաղմոսներով, երգերով, աղոթքներով և օրհնաբանություններով: Առհասարակ գոյություն չունի կրոնական որևէ համակարգ, որը զուրկ կլինի ծիսական արարողություններից և հասարակաց աղոթքից:
Ի տարբերություն անհատական աղոթքի, ընդհանրական աղոթքն ունի իր մի շարք կարևոր առավելությունները.

  1. Առաջինը, որ նկատելի է ընդհանրական աղոթքի մեջ, դրա ընդհանրականությունն է, այն, որ այս աղոթքի մասնակիցն է ոչ թե մեկ անհատը, այլ բազմությունը, համայնքը, ժողովուրդը: «Եկեղեցի» (ekklesia) բառն էլ հունարենից թարգմանաբար նշանակում է համայնք, ժողովուրդ, ինչը ցույց է տալիս, թե Եկեղեցին չի կարող բաղկացած լինել մեկ անհատից, այլ մարդկանց հավաքից: Այդ մարդկանց համար ժողովատեղի ծառայող շինությունն էլ քրիստոնյաները անվանեցին եկեղեցի, ինչի արդյունքում նյութեղեն եկեղեցին ինքնըստինքյան աղոթքի վայր դարձավ հոգեղեն եկեղեցու համար, ինչը նաև Քրիստոս է վկայում ասելով՝ « Իմ տունը պետք է աղոթքի տուն լինի»ուկ. 19:46): Իսկ այն, որ Հիսուս ասում է, թե ինքը այնտեղ է, ուր մի քանի հոգի կհավաքվեն իր անվամբ (Մատթ 18:20), ցույց է տալիս, որ միաբան խոսքն ու աղոթքը ավելի զորեղ է Աստծո առաջ. սրա ժողովրդական ապացույցներից է նաև առածը՝ «Ձայն բազմաց, ձայն Աստուծոյ»: Իսկապես, եթե պատկերացնենք միայնակ վառվող մոմը սենյակի մեկ անկյունում, ապա դրա արձակած լույսն այնքան չնչին կլինի, որ լավ կլուսավորի սոսկ որոշակի տարածք, բայց բավական է դրան միանան ևս մի քանիսը և սենյակը կողողվի պայծառ լույսով: Պողոս առաքյալը հորդորում է. «Եվ թող համբերության և ամենայն մխիթարության Աստվածը ձեզ շնորհ տա, որ դուք համախոհ լինեք միմյանց ըստ Հիսուս Քրիստոսի, որպեսզի միասիրտ և միաբերան փառավորեք Աստծուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը» (Հռոմ. 15:6): Եվ ի վերջո, ինչպես սբ. Հովհան Ոսկեբերանն է ասում. «աղոթել կարելի է և տանը, բայց աղոթել այնպես, ինչպես եկեղեցում, որտեղ այդքան հոգևոր հայրեր կան, որտեղ միահամուռ կերպով երգեր է հղվում առ Աստված, անհնար է: Այնքան լսելի չես լինի Տիրոջ առաջ տանը, ինչքան եկեղեցում՝ եղբայրների հետ»:
  2. Ընդհանրական աղոթքի կարևոր առանձնահատկություններից է նաև միաբանություն ոչ միայն մասնակից մարդկանց, այլ նաև «անդրանկաց եկեղեցու» և հրեշտակների հետ: Եկեղեցին զատված չէ իր հաղթող, անձնազոհ անդամներից՝ սրբերից: Բոլորով աղոթելով` սրբերի հետ ենք միությունը պահպանում՝ աղոթելով նրանց համար և շահելով նրանց աղոթքը մեզ համար. «Ամենայն աղոթքներով և աղաչանքներով ամեն ժամ աղոթեցե՛ք Հոգով. և այդ բանի մեջ հսկեցե՛ք անխոնջ հարատևությամբ և աղաչանքներով բոլոր սրբերի համար, նաև ինձ համար»,- գրում է Պողոս Առաքյալը (Եփես. 6:18-19): Աղոթքին ներկա են նաև հրեշտակները. քրիստոնյա ամեն անձնավորություն ունի իր պահապան հրեշտակը, որը շրջապատում է նրան և աղոթակից է լինում: Սուրբ Եղիշե վարդապետն այս կապակցությամբ գրում է. «Աղոթքի ժամանակ հեռու չես հրեշտակներից, այլ նրանց հետ ես, որպեսզի նրանց հետ փառավորես Աստծուն. ինչպես որ դու նրանց հետ ես միաբանվում, նույնպես էլ նրանք քեզ հետ երգակից են լինում աղոթքների և օրհնությունների ժամանակ»:
  3. Ընդհանրական աղոթքը կարևոր է նաև այն հանգամանքով, որ այն կարգավորված, դասավորված, ներդաշնակ կառուցվածք ունի` հաստատված Քրիստոսի առաքյալների և Սուրբ Հոգու շնորհով լցված սուրբ հայրերի կողմից: Պատահական չէ, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր ժամերգությունները անվանում է նաև «Կարգաւորութիւն հասարակաց աղօթից»՝ հասարակաց աղոթքին տալով կարգավորված կուռ կառույց այնպես, որ աղոթքի յուրաքանչյուր մաս մյուսի հետ կապակցվում է ներքին բովանդակությամբ, ինչի արդյունքում աղոթքը դառնում է առավել կազմակերպված, ճիշտ և վարդապետական որոշ սկզբունքներ արտահայտող՝ զուրկ հեթանոսների աղոթքի դատարկ շատախոսությունից (հմմտ. Մատթ. 6:7): Այս կարգավորությունը թույլ է տալիս նաև հավասարապես բաշխել աղոթքի մեջ խնդրանքը, գոհությունը, փառաբանությունը, այն հնարավորություն է տալիս ոչ միայն աղոթել ինքդ քեզ համար այլ քեզանից առավել հիշել ուրիշներին` հարազատներից մինչև թշնամիներ: Սրա մասին Խոսրով Անձևացին ասում է. «Եթե Պողոսն աշակերտների աղոթքների կարիքն ուներ, որչափ առավել ևս մենք կարիք ունենք միմյանց համար աղոթելու: Ուրիշների համար աղոթելով, ուրիշների աղոթքները կշահենք մեզ համար»:
  4.  Եվ վերջապես պակաս կարևոր չէ նաև ընդհանրական աղոթքի ժամանակ օծյալ հոգևորականի առկայությունը, ում աղոթքի ու կոչերի միջոցով հավատացյալը չի շեղվի մտքով և ճիշտ ընթացքով կվարի իր աղոթքը:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում ընդհանրական աղոթքները կոչվում են ժամակարգություն կամ ժամերգություն: Օրվա որոշակի ժամի համապատասխան ունենք 7 ժամերգություններ՝ օրվա մեջ 9 բաժանումով:

  • Գիշերային,
  • Առավոտյան,
  • Արևագալի,
  • Ճաշու (Երրորդ, Վեցերորդ և Իններորդ ժամերի), 
  • Երեկոյան,
  • Խաղաղկան,
  • Հանգստյան:
Հին Կտակարանում էլ, Օրենքի համաձայն՝ օրը յոթ անգամ ընդհանրական աղոթք էր կատարվում, ինչը վկայում է նաև Դավիթ մարգարեն. «Օրվա մեջ յոթն անգամ քեզ պիտի օրհնեմ» (Սաղմ 118:164): Այս կանոնակարգված ժամային հերթականության արդյունքում իրականություն է դառնում տերունական պատգամը՝ «ամեն ժամ աղո՛թք արեք» (Ղուկ. 21:36, 18:1), ինչը հետագայում պետք է կրկներ նաև Պողոս առաքյալը (Ա Թեսաղ. 5:17, Հռոմ. 12:12):
 Աղոթքի ընդհանրական կատարումը որոշակի ժամին նպաստում է, որպեսզի Քրիստոսի խոսքը անդադար աղոթելու վերաբերյալ կիրառական դառնա նաև համայն քրիստոնյա աշխարհում, քանի որ ժամային գոտիների բաժանման շնորհիվ քրիստոնյայի աղոթքն առ Աստված երբեք դադար չի առնում:
Ահա, թե ինչքան կարևոր են հասարակաց աղոթքները` ժամերգությունները, որոնց հարցում կարևոր է այնքան զգոն ու նախանձախնդիր լինել, որքան անհատական աղոթքերի մեջ, քանի որ «Հոգին օգնության է հասնում մեր տկարություններին, որովհետև մենք աղոթում ենք» (Հռոմ. 8:26):

Աղոթի՛ր ընկերներիդ հետ

ԱՅԼ ԱՂՈԹՔՆԵՐ

    Պատահական