ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ - ԲԱՆ ԼԵ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա 
Եւ արդ, Տէր զաւրութեանց,
Մեծութիւն ահեղ, անտարակոյս տեսաւորութիւն,
Կամք ամէնարձակ, առատութիւն անպակաս,
Ո՞վ ոք զաւրեսցէ տաւնել հանդիսիւ պարերգութեամբ
Ի միոյ կաթուածոյ ցաւղոյ քումդ բարութեան,
Որ ցանկ դեգերիս պատրաստել պատճառս հնարից իմում փրկութեան:
Եւ զոր մեծն է` գրեցից պատմել յապառնիսն:
Քանզի ոչ անուանեցար հրեշտակասէր`
Եւ որ զպետութիւնս նոցունց հաստատեցեր,
Այլ եւ զերկինս ղամբարաւք նոցին` զմատանց քոց գործ,
Ոչ գրեցեր երբէք ի սիրել զնոսա,
Այլ առեր ի պատիւ մեծաց գովեստից`
Առաջին դասեալ զմարդասիրութիւնն:
Վասն որոյ կրկին մեծացուցեր քեզ անուն անճառ` ի խորհուրդս սոսկալիս.
Զերկնայինս լուսակերպիցն կոչեցեր զնոսին
Սպասաւորս եւ գլխաւորս յատուկ մատակարարութեանց,
Իսկ զստորնային ծնունդս մահկանացուաց
Տիրական եւ աստուածական պաշտելի անուամբդ պերճացուցեր.
Անցեալ վերստին ըստ սահման կշռութեան չափոյ`
Լայնեցեր քեզ կտակս գրոց ճառից անբաւից
Զանապակ ծորմանն ծայրագունին վերնում բարութեանն:
Եւս եւ ի մարդանալդ քո` միդ յէութենէ,
Ոմանց` վասն ինքեանց, եւ կիսոց` վասն այլոց
Զեղեր առատութեամբ զտուրս կենաց, արուեստս բազմաւրինակս,
Սքանչելիս աստուածագործս, նշանս ճշմարտատեսիլս:
Որպէս զի թէ անդամալուծին` պակասելոյն ի հաւատոց,
Հոգաբարձացն առաջարկութեամբ զցոյցս յուսոյն` գթացեալ ողորմեցար,- 
Եւ ո'րչափ զաւրեսցէ առաւել բան քո ամենակար`
Առ ախտալից մարմնոյս մաքրութիւն աղաղակողիս հառաչման:
Քանզի արդարեւ մեծ են չափք հրաշից,
Քան զանմաքրեալս հոգի սուրբ հաստել,
Զլուացեալս պատկեր անտիրելի աղտոյ ներգործել,
Նա զի եւ երկրորդս, առաւելութեամբ յաւազանին շնորհ յաճախեալ,
Զփառսն հայրենի բարձրացուցանէ:


Բ 
Դու ես, Տէր, որ սրբես զմեզ,
Որպէս ընտրեցելոյն քոյ նախատպաւորեցեր` Մովսեսի:
Դու ես, որ ի մեղս եւ յանաւրէնութիւնս
Վերակացու եղեր տոհմին Յակոբայ,
Մինչ յեգիպտացւոցն երկրի ընդ խաւարն հեթանոսաց ընտանենային:
Դու ես, որ աւրէնսգէտ առնես զմեղաւորս ի ճանապարհի,
Ըստ բանի երգողին Դաւթայ:
Դու ես, որ փոխատրես զքարեղէն սրտից կարծրութիւն
Ի լոյծ կակղութեան մարմնոյ գոյութեան` բանի ընդունելութեան:
Դու ես, որ բաւես ընձեռել սիրտ այլ եւ ճանապարհ մի`
Երկնչել ի քէն զբովանդակ կենացն սահման:
Դու ես, որ տաս զերկիւղ քո ի միտս խստութեան`
Առ քեզ ուշ ունել հաւատովք, ըստ մարգարէիցն ձայնի:

Գ 
Զաւրհնեալ քո շրթանցդ զաշխարհաստեղծ բերանոյդ
Զաստուածեղէն անձրեւացդ զկեցուցանողդ կաթուած
Մատո' լսելեացս դրանց բացարան,
Որով զաւձին խորամանկութիւն բանսարկուին թունից բարձցես եւ բժշկեսցես:
Ամենակալդ ձեռաւք զխաւսականացս շարժողական գործի ըմբռնեալ`
Ազդեա' զաւրութիւն ձայնի,
Որ տաս բնաւից ընտրութիւն բանի,
Զի դաստիարակեալ զպատշաճականն`
Մի' յանդգնաբար խաւսելով իբր զնախնին` լքայց ի յուսոյդ
Եւ անբանութեան մատնեցայց` վանեալ յորսողէն:
Լուսաւորեա' վերստին զխաւարեցեալ հոգւոյս աչս
Կենդանաբաշխ աջոյդ կարկառմամբ,
Զի մի' համարձակութեանն շիջեալ լապտեր շնչմամբ վիշապին`
Ի ներքոյ գրուանին ստորածածկեցայց:
Բա'րձ զանաւրէնութիւնս իմ, Տէր, եւ ընկեա' ի խորս ծովու,
Որ է փոքր առակ մեծութեան քումդ անբաւութեան,
Ըստ մարգարէին, զիմս ընկղմել չարութիւն:
Կանգնեա' կործանեալս անձին նշան վստահութեան,
Զի մի' յուսահատութեանն կոթող կառուցեալ` զծածկեցելոցն բողոքեսցէ:
Բա'ց, հզաւր եւ գթած, զբժշկարանիդ կենաց վարդապետարան,
Զի զառ ի ներքոյսն մշակութեան կորուսչին սերմանց`
Մանգաղաւ կամացդ հուպ առ արմատ խուզեալ հնձեսցես:

Դ 
Դէմ եդեալ հետեւեալ առ քեզ,
Բոլորիցդ Աստուած, պետրոսեան աւրինակութեամբն,
Ի կենցաղիս ծովու մեղանացս ալեաց ընկլուզայ.
Մատո', ժամանեա' զաջդ կեցուցիչ յաւգնականութիւն ինձ` սասանեցելոյս:
Ընդ քանանուհւոյն ձայնի ի խորոց սրտիս պաղատիմ.
Սովեցելոյս ասպակասպաս, կաղկանձողական` ամենաթշուառ վտանգաւորիս,
Ապրո'ւստ կերակրոյ փշրանաց հացի
Ի բազմազեղդ քո սեղանոյ մասնաւորեսցես:
Արա' փրկութիւն նիւթոյ խորանիս` որդւոյս դառնութեան,
Որ եկիր խնդրել եւ կեցուցանել զիս` զկորուսեալս:
Զի քո է մեծութիւն, յաղթութիւն եւ զաւրութիւն,
Եւ դու ես քաւութիւն եւ բժշկութիւն, նորոգութիւն եւ երանութիւն,
Եւ քեզ վայել է փառք եւ երկրպագութիւն յաւիտեանս:
Ամէն:
Ա 
Արդ, Տե՜ր զորությանց, մեծութուն ահեղ, 
Անտարակույս տեսողություն, կամք 
ամենաընդարձակ, առատությո՛ւն 
անպակաս. 
Ո՞վ կկարողանա պարերգության 
հանդեսով պատվել ցողի մեկ 
կաթիլը քո բարության, 
Դո՛ւ, որ հետամուտ ես միշտ միջոցներ 
գտնել իմ փրկության համար: 
Եվ դեռ ավելի պիտի գրեմ, որպեսզի 
պատմվի գալոց: 
Հրեշտակասեր չանվանվեցիր դու, որ 
հիմնեցիր պետությունները նրանց: 
Ոչ էլ ասացիր երբևիցե, թե սիրում ես 
երկինքն իր ջահերով, 
Որոնք քո մատներով հորինեցիր դու. 
Այլ ի պատիվ քեզ` մեծագույն գովության արժանի` մարդասիրությունը 
գերադասեցիր, 
Որով կրկնակի՛ մեծացրիր դու քո անունը 
անճառ սոսկալի խորհուրդներով: 
Լուսակերպարան երկրայիններին այն` 
սպասավորներ կոչեցիր 
Եվ հատուկ մատակարարումների 
վերակացուներ. 
Իսկ երկրածիններիս մահկանացու` 
Պերճացրիր դու տիրական և 
աստվածային քո պաշտելի անվամբ. 
Ամեն սահմանից, կշռից ու չափից վեր քո ծայրագույն բարության մաքուր 
ծորումի համար 
Կտակներ անթիվ և անբավ ճառեր 
հորինվեցին քեզ: 
Դու ևս, մեկն աստվածային էությունից, 
մարդանալով, 
Ոմանց` իրենց համար, և ոմանց` այլոց, 
Զեղեցիր կյանքի պարգևներ առատ, պես-
պես հրաշքներ, 
Սքանչելիքներ աստվածագործ և 
նշաններ ճշմարտատեսիլ: 
Եթե գթալով դու ողորմեցիր թերահավատ անդամալույծին, 
Տեսնելով, որ նրան խնամողները հույսով 
են դիմում քեզ, 
Ո՜րքան ավելի զորավոր պիտի լինի քո 
խոսքը ամենակարող 
Մաքրելու համար մարմինն ախտալից 
քեզ հառաչագին աղաղակողիս: 
Քանզի արդարև շատ ավելի մեծ հրաշք է 
սրբել անմաքուր հոգին, 
Քան թե լվացված պատկերը աղտին 
դարձնել անենթակա. 
Մանավանդ որ ավազանի շնորհն 
ավելանալով երկրորդի վրա` 
Է՛լ ավելի է բարձրացնում հայրենի փառքն անճառ: 

Բ 
Դո՛ւ ես, Տեր, որ մաքրում ես մեզ, 
Ինչպես առաջուց ցույց տվեցիր դու 
Մովսեսի վրա` քո ընտրյալի: 
Դու վերակացու եղար Հակոբի տոհմին,  
Նրա մեղքերի և անօրենությունների մեջ, 
Երբ Եգիպտոսում` հեթանոսական 
խավարում նրանք խարխափում էին: 
Դո՛ւ ես լուսավորում մեղավորներին 
իրենց ընթացքի մեջ, ըստ երգող 
Դավթի: 
Դո՛ւ ես, որ սրտի քարեղեն կարծրությունը 
փոխարկում ես մարմնի 
կակղության, 
Որպեսզի կարող լինի քո խոսքն իր մեջ 
ընդունելու: 
Դո՛ւ ես, որ կարող ես ընձեռել ա՛յլ սիրտ և մեկ ճանապարհ` 
Երկնչել քեզնից կյանքի բովանդակ 
տևողության մեջ: 
Դո՛ւ ես, որ խստամիտների մեջ դնում ես 
քո երկյուղը միշտ, 
Որպեսզի հավատքով ուշք դարձնեն քեզ, 
մարգարեների խոսքի համաձայն: 

Գ 
Քո աշխարհաստեղծ բերանի օրհնյալ 
շրթունքների աստվածեղեն 
անձրևների կաթիլը կենարար, Որպես բանալի` լսելիքներիս դռա՜նը 
մոտեցրու, 
Որով խորամանկ բանսարկու օձի թույնը 
վերցնես ու բժշկե՜ս դու: 
Քո ամենակալ ձեռքով բռնիր շարժվող 
գործիքն իմ խոսողության, 
Եվ ազդի՛ր նրան ձայնի զորություն, 
Դո՛ւ, որ տալիս ես լեզու բոլորին` ընտիր 
խոսելու. 
Որպեսզի ես էլ, դաստիարակվելով 
պատշաճապես, 
Չլինի, որ մեր նախահոր նման հանդուգն 
խոսելով` զրկվեմ քո լոյսից, 
Եվ անբանության դատապարտվեմ` 
որսողից քշված: 
Քո կենդանաբաշխ աջը երկարելով` 
Լուսավորի՛ր վերստին խավարած աչքերն իմ հոգու, 
Որ չլինի թե վիշապի շնչով մարելով 
լապտերն համարձակության` 
Գրվանի ներքո մնամ ծածկված:  
Վերցրո՛ւ անօրենություններն իմ, Տե՛ր, և 
նետիր նրանք խորքերը ծովի, 
Որ փոքր է անչափ քո անսահման 
մեծության համեմատությամբ, 
Ուր իմ մեղքերը կարող են սուզվել, ըստ 
մարգարեի: 
Կործանված հոգուս համար կանգնիր 
նշան վստահության, 
Որ չլինի թե կառուցվելով վհատության 
կոթող` 
Ծածկվածները հրապարակ հանի 
բարձրաձայն: 
Բա՛ց բժշկարանիդ կենաց 
վարդապետարանը, հզո՜ր և գթած, 
Որպեսզի մեր մեջ կորուսչի ցանած, 
մշակած բոլոր որոմները չար` 
Կամքիդ մանգաղով ընդհուպ արմատից 
հնձես ու թափես:

Դ 
Երբ Պետրոսի պես քայլերս ուզեցի 
ուղղել դեպի քեզ, Աստված բոլորի, 
Սուզվեցի և ես այս աշխարհային 
մեղսածուփ ծովի ալիքների մեջ, 
Մոտեցրու աջը քո ազատարար, օգնելու 
համար ինձ` սասանյալիս, 
Քանանուհու հետ ձայնակից` ե՛ս էլ սրտիս խորքերից 
Պաղատում եմ քեզ, ահա՛, սովահար 
որսորդական շան նման 
կաղկանձող. 
Քո բազմազեղուն ու ճոխ սեղանից բաժին 
հան և ինձ` թշվառ սովյալիս, 
Որպես ապրուստի կերակուր տալով 
փշրանքներն հացի: 
Փրկի՛ր նյութեղեն խորանն իմ, ո՛վ դու, 
Որ աշխարհ եկար փնտրելու կորածին և 
ապրեցնելու: 
Զի քո է մեծություն, հաղթություն և 
զորություն. 
Դո՛ւ ես քավություն և բժշկություն, 
նորոգություն և երանություն. 
Եվ քեզ է վայելում փա՜ռք, 
երկրպագություն հավիտյանս. ամեն:

Աղոթի՛ր ընկերներիդ հետ