ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԱՂՈԹՔԸ ՀԱՆՈՒՆ ՇՆՈՐՀՆԵՐԻ

Փրկի՛չ աշխարհի Քրիստոս, աղաչում եմ Քեզ, նայի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ, փրկի՛ր ինձ իմ բազում անօրենություններից, քանզի անարգեցի բոլոր բարիքները, որ շնորհեցիր ինձ իմ մանկությունից ի վեր: Ինձ՝ տխմարիս, տգետիս և հիմարիս, դարձրեցիր գիտությամբ լի անոթ, Քո շնորհն առատացավ իմ մեջ և հագեցրեց իմ քաղցն ու զովացրեց իմ ծարավը, լուսավորեց իմ խավարած միտքը, թափառումներից հավաքեց իմ խորհուրդները և լցրեց իմ սիրտը: Այժմ երկրպագում և աղաչում եմ ծունկի գալովս ու հայցում՝ վկայելով Քո բարերարության մասին. կատարի՛ր ինձ համար Քո շնորհի խոստումը և պահի՛ր այն Քո գանձի մեջ, որպեսզի դարձյալ տաս ինձ այն Օրը: 

Մի՛ բարկացիր ինձ վրա, Մարդասե՛ր, քանզի չեմ դիմանում Քո սպառնալիքներին: Ուստի թախանձելով աղաչում եմ, քանզի չափից առավել առատացավ [շնորհն] իմ մեջ, քանի որ լեզուս տկարացավ՝ չկարողանալով խոսել Քո շնորհի մասին: Սարսափեց նաև իմ միտքը՝ չտանելով [նրա] ալիքների բազմությունը: 

Օրհնված Հորդ կերպարա՛նք և ճառագա՛յթ, դադարեցրո՛ւ դեպի ինձ [եկող] շնորհի հոսանքները, քանզի ինչպես բորբոքված հուր բոցակիզում են իմ երիկամներն ու սիրտը: Հետո այնտեղ դարձյալ պարգևի՛ր ինձ այն ու պահի՛ր ինձ Քո արքայության մեջ, մի՛ հիշիր իմ անօրենությունները, հանդգնում եմ հայցել՝ տո՛ւր ինձ իմ խնդրածները, և Հայտնության Օրն իմ օթևանը թող օրհնվի Քո Հոր կողմից: Շնորհի՛ր ինձ, Քրիստո՛ս, իմ հայցվածերը, քանզի միայն Դու ես ինձ կյանք տվողը: 
Եվ Քեզ փա՜ռք հավիտյանս հավիտենից. ամեն: 

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

Աղոթի՛ր ընկերներիդ հետ

ԱՅԼ ԱՂՈԹՔՆԵՐ

    Պատահական