ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ - ԲԱՆ ԻԱ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա 
Եւ քանզի ես ինձէն անձամբ իմով ինքնագրաւ ի մահ`
Ոչ կացի երբէք ի յոտս մարդոյ
Եւ ոչ սիրտ բանականի ստացայ, ըստ Գրոյն,
Եւ քանզի ոչ փոփոխեցայ ի նախակարգելոցդ,
Եւ ոչ ընդ բարւոք ուղին ընթացայ,
Ընդէ՞ր ոչ զխոտորնական հետոցն խաւարայնոց զդէմս ցուցից
Ի սահման կարգի այսր ընթերցուածոյ:
Առ որս ածեալ յարմարեալ առ սոյն զկերպարան տեսակի բանիդ երեսաց,
Ըստ վերագոյնդ նշանակելոյ անփոխադրելի պահելով`
Խոստովանեցայց վերստին դարձեալ աստանաւր
Զմնացեալ չարութեանցն զբիծս, զոր յաջորդաւդ է իմանալի:

Բ 
Աւտար ժանտագործս արժանապատիժս
Աճեցուն արարի գնացիւք անսաստութեան զգունդն Բելիարայ,
Կաքաւս կայթից եւ ցուցս վազից
Խաղալկացն դիւաց գարշելեաց` ճարտար խաբողաց
Ծուլութեամբս իմով շնորհեցի,
Գանս գաղտնիս եւ խոցուածս անյայտս
Ի կործանեցելոցն դահճաց ընկալայ:
Ոչ հերքեցի զվանեալսն խաչիւն Քրիստոսի,
Քան թէ անդրէն առաւել կրկին իսկ զաւրացուցի:
Վասն իմոյ հիքոյս անաւրէնութեան
Անունդ Յիսուսի հայհոյի ի մէջ այսականաց,
Որպէս վասն Իսրայելի` ի մէջ հեթանոսաց:
Հարուածս հարուածոց վնասակարս ապականութեանց, ժանգոյ եւ թրթրոյ
Եւ այլոց կերչաց` վատնողաց զծաղիկ հոգւոյս,
Ըստ սրբոյն Յովելայ հրաշական ողբոցն,
Որ ի ցոյցս երկրի վասն Իսրայելի`
Յառակս հինից եւ չարաց հոգւոց,-
Յիս ինքն տնկեցի,
Ստեղծանել զնոսա պատրաստեցայ, քան թէ սատակել:
Բիւրս կուտեալ հաւաքեցի անձին իմում մարտիկս մահազէնս,
Կշտամբիչս ինձ գոյացուցի` անիրաւս եւ անպատկառելիս,
Ներհակս ինձ զաւրացուցի` ապառումս եւ անկռուելիս,
Դառինս ինձ առի մասունս ընդ քաղցրաւենեաց ճաշակացն,
Առ ստացողն` միշտ նենգաւորս,
Եւ առ բանսարկուն` յաւէտ հաւատարիմս:



Գ 
Աւա՜ղ աղէտիս, վիշտ վտանգիս, խաւար ամաւթոյս, մութ պատկառանացս,
Զիա՞րդ եւ առ բանիս յանդիմանութիւն համարձակեցայց.
Մեծ է ձայնս գուժի, եւ անբերելի` բողոքս աղաղակի:
Քանզի թէ զհոգիս իմ էր տեսանել,
Տգեղս եւ նուաղս եւ ամենեւին ներգեւեալս,
Ցաւովք հեծութեանս ի վերջինս վարեալ վարանումն
Եւ մրճոտեալ, աղտեղեալ գունով զազրութեան` իբր զպաշտաւնատար մեհենի,
Վասն զի նոյն է սպաս տանել ձուլեալ պատկերի եւ մեղաց ախտի:

Դ 
Արդ, ես գնացի ընդ այս ճանապարհ կորստեան հետոց խաւարի,
Ետու զբաժինն քո ցանկալի յանապատ անկոխ, ըստ մարգարէին,
Որ առ քահանայսն Իսրայելի ամբաստանութեան:
Եւ զիա՞րդ ասացից անձին իմում մարդ գրեալս ընդ անմարդիս,
Եւ ի՞բր անուանեցայց բանական անբանիցն յիմարութեան կցորդեալս,
Եւ ո՞րպէս կոչեցայց տեսանողական` մթացուցեալ զլոյսս, որ յիս,
Եւ ընդէ՞ր համբաւեցայց զգայական` զիմաստիցս դրունս փակեալս,
Կամ որո՞վք ցուցայց տպաւորութիւն նկարագրութեան անեղծին շնորհի
Անձամբ ինձէն յոգի մահացեալս,
Նաեւ ոչ շարժողական եւ կամ շնչական ունիմ անուանել,
Թող թէ հոգեկան կամ մտաց ընդունական:

Ե 
Անպիտանս ի թիւս անաւթոց,
Անարգս ի քարինս որմոց,
Արհամարհեալս ի կարգս կոչեցելոց,
Վատթարս ի յազգս հրաւիրելոց,
Արհաւրաւք մահու պակուցեալս,
Անխրախուսելի ի բոլորեցունց` ցաւովքն եւ տանջանաւքն Երուսաղեմի,
Ըստ Երեմիայ բանին խրատեցեալ,
Պակասեալ աւուրցս ի հեծութենէ, եւ ընթացք ամացս` ի հառաչմանէ,
Ըստ նուագարանաց երգողին:
Իբր ասուի` ի ցեցոյ, եւ փայտ` ի յորդանէ,
Ըստ իմաստնոյն բանի, ի խիթմանէ սրտիս հալեցայ,
Իբր զոստայն սարդից մաշեցայ, ըստ սաղմոսողին, եւ խոտան գտայ,
Իբր զամպ առաւաւտեայ եւ զցաւղ վաղորդայնի,
Ըստ մարգարէութեանն ձայնի, սպառեցայ:

Զ 
Այլ ոչ ի մարդ ոք ունիմ զյոյս,
Եթէ անիծեալ ի տեսանողէն` անյուսադրելի վհատիմ,
Այլ ի քեզ, Տէր իմ ոգեսէր,
Որ ընկղմեալ ի քոյդ գթութեանց բարեաց անբաւից
Եւ ի բեւեռելոյն ժամու ի խաչին`
Մաղթեցեր մեծդ ողորմութեան
Առ Հայր քո բարձրեալ` քո չարչարողացն:
Արդ, շնորհեա' ինձ յոյս քաւութեան, կեանք եւ ապաւէն,
Եւ ի տուր շնչոյս թշուառի` առից զոգիդ քո բարի:
Եւ քեզ, ընդ Հաւր, Հոգւովդ Սրբով` զաւրութիւն,
Յաղթութիւն, մեծութիւն եւ փա՜ռք յաւիտեանս:
Ամէն:
Ա 
Եվ քանի որ ինքս ինձ անձամբ մատնեցի 
մահվան իմ ինքնագրությամբ, 
Ու չկանգնեցի երբեք ինչպես մարդ` ոտքի, 
Ոչ էլ ստացա սիրտ բանականի, Գրքի 
համաձայն, 
Չթողի նախկին մեղանչումներն իմ ու 
չփոխվեցի, 
Չընթացա ուղիղ ճանապարհով ես,– 
Ինչո՞ւ խավարի հետքերը խոտոր ցույց 
չտամ ես այս խոսքիս սկզբում: 
Ուստի նախընթաց խոսքերի իմաստն ու 
ձևն անփոփոխ պահելով, այստեղ, 
Ըստ այդմ պիտի ես խոստովանեմ 
Մնացած բոլոր չարություններս` հաջորդ տողերով:

Բ 
Արժանապատիժ ժանտագործս օտար` 
Գունդը Բելիարի աճեցրի անսաստ իմ 
ընթացքով: 
Ճարպիկ, խաբեբա և գարշորեն պարող 
դևերի համար 
Կաքավումներ, կայթեր, ցույցեր ու 
վազքեր պատրաստեցի ես իմ 
ծուլությամբ, 
Եվ ընդունեցի դահիճներից այդ 
կործանված` 
Հարվածներ գաղտնի և խոցեր անհայտ: 
Քրիստոսի խաչով չհալածեցի ես այդ 
վտարվածներին, 
Այլ առավել ևս զորացրի նրանց: 
Հեգ ողորմելուս անօրենության 
հետևանքով 
Հայհոյվում է Հիսուսիդ անունն 
այսականների մեջ, 
Ինչպես մի ժամանակ հեթանոսների մեջ` 
Իսրայելի պատճառով: 
Ես ինքս իմ ձեռքով տնկեցի իմ մեջ 
 Ապականարար և վնասակար բազում 
պատուհասներ` 
Հոգուս ծաղիկն ուտող և սպառող ժանգն 
ու թրթուրը և այլ ուտիչներ, 
Որոնց սուրբ Հովելն է նկարագրում 
իսրայելացոց երկրի համար 
Իբրև օրինակ ավազակների և չար 
ոգիների` իր հրաշակերտ 
ողբերգության մեջ: 
Սատակեցնելու փոխարեն` իմ մեջ ինքս 
ստեղծեցի, աճեցրի նրանց, 
Եվ իմ անձի դեմ հավաքեցի բյուր 
մահազեն մարտիկներ. 
Շուրջս անպատկառ և անիրավ 
կշտամբիչներ գոյացրի. 
Զինեցի իմ դեմ անզգամ և անպարտելի 
հակառակորդներ. 
Քաղցրի փոխարեն դառնությունն առա 
ինձ իբրև բաժին` 
Ես` Արարչի դեմ նենգավորս միշտ և 
բանսարկուի հանդեպ` հավատարիմ:

Գ 
Ավա՜ղ աղետիս, վիշտ ու վտանգիս, մթին 
ամոթիս և անարգանքիս. 
Ես ինչպե՞ս հիմա պիտի հանդգնեմ խոսքերս հայտնապես հրապարակել: 
Մեծ է գուժկան ձայնս ու բարձրաղաղակ 
բողոքն իմ ահա՛ հույժ անտանելի: 
Քանզի եթե հնար լիներ հոգիս տեսնել, 
Պիտի երևար, թե որքա՜ն տգեղ է նա, 
տկար և ազազուն, 
Հեծեծագին ցավերով մատնված 
ծայրաստիճան վարանումի, 
Եվ մրոտված, աղտոտ գույնով զազրելի, 
ինչպես մեհյանի պաշտոնատար, 
Զի միևնույնն է, թե` սպասարկել կուռքին 
ձուլածո և կամ ծառայել մեղքերի 
ախտին:

Դ
Արդ, ես քայլեցի կորստյան այս 
խավարահետ ճանապարհով 
Եվ ցանկալի բաժինը դարձրի անկոխ 
անապատ, 
Ինչպես մեղադրում է մարգարեն 
Իսրայելի քահանաներին:  
Եվ ես, որ տմարդների կարգն եմ դասված` 
ինչպե՞ս համարեմ ինձ մարդ. 
Ինչպե՞ս անվանվեմ բանական, երբ 
կցորդվել եմ հիմար անբաններին, 
Ինչպե՞ս կարող եմ կոչվել տեսանող, երբ խավարել եմ ներքին լույսս ես, 
Ինչպե՞ս համբավվեմ ես իմացական, 
Երբ իմացությանս դռներն են փակվել, 
Կամ ինչո՞վ ցույց տամ ինքս ինձ որպես 
պատկեր Աստուծո անեղծ և անմահ, 
երբ անձնասպան եմ եղել հոգեպես. 
Եվ ոչ իսկ շարժուն և կամ շնչավոր կարող 
եմ կոչվել, թո՛ղ թե հոգևոր և իմացական:

Ե 
Անոթների մեջ անպիտան եմ ես և 
անարգագույնը` որմնաքարերի մեջ, 
Արհամարհված եմ կանչվածների մեջ և 
վատթարը` հրավիրվածների խմբում, 
Ահաբեկված մահվան արհավիրքով և 
բոլորից լքված անխրախույս: 
Երուսաղեմի ցավերով ու տանջանքներով 
եմ ես պատժված, ըստ Երեմիայի խոսքի
Պակասել են օրերս հեծությամբ և տարիներիս ընթացքը` հառաչանքներով, 
Ըստ սաղմոսողի նվագերգության: 
Ինչպես ասվին ցեցից և փայտը որդից` 
Այդպես նաև ես սրտիս խիթերից հալվեցի 
իսպառ ըստ իմաստունի: 
Ու սաղմոսողի խոսքի համաձայն 
սարդոստայնի պես մաշվեցի ահա և 
դարձա անպետ. 
Առավոտյան ամպի և վաղորդյան ցողի 
պես ցնդեցի ես, մարգարեության 
խոսքի համաձայն:

Զ 
Բայց ես իմ հույսը մարդու վրա չեմ դրել, 
Որ տեսանողի ակնարկած անեծքն վրաս 
առնելով վհատվեմ անհուսորեն, 
Այլ քեզ վրա, Տե՜ր իմ ոգեսեր, 
Որ լցված անբավ բարեգթությամբ 
Նույնիսկ խաչի վրա բևեռված պահին` 
 Մեծ ողորմությամբ աղոթեցիր դու առ 
Հայրդ բարձրյալ` քեզ 
չարչարողների համար: 
Արդ, շնորհի՛ր ինձ դու քավության հույս, 
կյա՜նք և ապավեն, 
Որպեսզի թշվառ շունչս երբ փչեմ` 
ստանամ Հոգին քո բարի: 
Եվ քեզ քո Հոր հետ ու քո Սուրբ Հոգուն` 
Զորություն, հաղթություն, 
մեծություն և փառք, հավիտյանս. ամեն:

Աղոթի՛ր ընկերներիդ հետ

ԱՅԼ ԱՂՈԹՔՆԵՐ

    Պատահական