ԱՂՈԹՔ ԲԱՐԴ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԱՂՕԹՔ ՎԱՍՆ ԴԺՈՒԱՐԱԾԻՆ ՅՂԻ ԿՆՈՋ

Տէր Աստուած մեր Յիսուս Քրիստոս, մեծ եւ բարձրեալ, անայլայլելի, անփոփոխելի եւ մշտնջենաւոր. որ իջեր ի յերկնից եւ մարմնացար ի սրբոյ Կուսէն Մարիամայ Հոգւովն Սըրբով, եւ զապականեալն մեղօք զբնութիւն մեր ի նախահօրն յանցանաց՝ որով ամենայն կանացի բնութիւն ընկալաւ զպատուհաս անիծից՝ ցաւօք եւ տրտմութեամբ ծնանիլ զզաւակ, սրբեցեր աստուածութեամբ քով: Եւ արդ աղաչեմք զքեզ, մարդասէր Թագաւոր, ստեղծող եւ նորոգող մեր եւ բժիշկ հիւանդութեանս մերոյ, բժշկեա՛ եւ առողջացո՛ (այս անուն) անուն զաղախին քո: Առաքեա՛ զօգնութիւն քո ի սրբութենէ քումմէ, եւ տո՛ւր սմա զօրութիւն ծնանիլ զզաւակ, որպէսզի զպտուղ որովայնի իւրոյ մաքրեալ յամենայն արատոյ, ծննդեամբ սուրբ Աւազանին՝ ընծայեսցէ Եկեղեցւոյ քում սրբոյ: Շնորհեա՛ ծննդականիս այսորիկ հանդարտութեամբ եւ առանց վնասու հասանիլ ի խնդութիւն, եւ ամենայն տանց հաւատացելոց աճել եւ բազմանալ ի փառս տէրութեան քո եւ ի լրումն աստուածային քո բանիդ, եթէ «Աճեցէք եւ բազմացարուք»: Այո՛, Տէր Աստուած մեր, լո՛ւր եւ այժմ խնդրուածոց անարժան ծառայիս եւ ամենեցուն որ շուրջ կան աստ, բարեխօսութեամբ անարատ ծնողի քո սուրբ Աստուածածնին եւ ամենայն սրբոց քոց: Զի քեզ՝ միածնի Որդւոյդ, եւ անսկիզբն եւ համագոյ Հօր քոյ, եւ կենդանարար եւ ամենասուրբ Հոգւոյդ՝ վայել է փառք, պատիւ եւ երկրպագութիւն, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Ով մեր Տեր Աստված Հիսուս Քրիստոս՝ բարձրյալ և մեծ, անայլայլելի, անփոփոխելի  և մշտնջենավոր. դու, որ երկնքից իջար և Սուրբ Հոգու միջոցով սուրբ Կույս Մարիամից ծնվեցիր և քո Աստվածությամբ սրբեցիր նախահոր հանցանքի հետևանքը՝ մեղքով ապականված մեր բնությունը, որով կանացի բնությունը ցավերով և տրտմությաբ զավակ ծնելու անեծք ու պատիժ ստացավ:
Արդ աղաչում ենք քեզ, մարդասեր Թագավոր, դու, որ մեր ստեղծիչն ու նորոգողը և մեր հիվանդությունների բժիշկն ես, բժշկի՛ր քո (անունը) աղախնին: Քո սուրբ բնակությունից օգնի՛ր և զորացրո՛ւ նրան, որպեսզի իր զավակն ունենա և նրան՝ իբրև իր որովայնի պտուղ, Սուրբ Ավազանից ծնունդով ամեն արատներից մաքրելով՝ Քո սուրբ Եկեղեցուն ընծայի: 
Շնորհի՛ր, որ այս ծննդկանը հանդարտությամբ և առանց փորձանքի հասնի ուրախության, և բոլոր հավատացյալ տները աճեն ու բազմանան քո փառքի համար, ո՛վ Տեր, որպես կատարում աստվածային քո խոսքի. «Աճեցե՛ք և բազմացե՛ք»: Այո՛, Տեր մեր Աստված, այս պահին լսիր քո անարժան ծառայի և բոլոր այստեղ գտնվողների խնդրանքը, անարատ ծնողիդ՝ սուրբ Աստվածածնի և բոլոր սրբերիդ բարեխոսությամբ. որովհետև քեզ՝ Միածին Որդուդ, և անսկիզբ ու համագո քո Հոր և կենդանարար ու ամենասուրբ Հոգուդ են վայել փառքը, պատիվն ու երկրպագությունը այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

ՀՂԻ ԿՆՈՋ ԱՂՈԹՔՆ ԱՍՏՎԱԾԱԾՆԻՆ


Ո՜վ Աստծո փառավորյալ Մայր, օգնության հասիր ինձ իմ բոլոր տկարությունների ու վտանգների պահին, որոնց մեջ մանուկ են ծնում Եվայի բոլոր դուստրերը։ Ո՜վ Օրհնյալդ կանանց մեջ, հիշիր, թե ինչպիսի ուրախությամբ ու սիրով էիր այցելության շտապում քո ազգական Եղիսաբեթին` իր հղիության ժամանակ, և ինչ սքանչելի եղավ քո այցը մոր և մանկան համար։ Քո անսպառ բարեսիրությամբ նաև ինձ` նվաստ աղախնուս էլ պարգևիր բարեհաջող որդեծնության շնորհը, որպեսզի այժմ սրտիս տակ հանգիստ գտած բալիկս, զգայություն առնելով, մանուկ Հովհաննեսի նման ուրախությամբ ու խայտալով ցնծա Փրկիչ Աստծով, Ով մեղավորներիս հանդեպ անսահման սիրուց մղված` չխորշեց մեզ պես մարդանալուց եւ Մանուկ լինելուց։ Այն անանց ուրախությունը, որով լցվեց կուսական սիրտդ` նորածին Քո Մանկանն ու Տիրոջը հայելիս, թող սփոփի նաև ինձ և թեթևացնի ծննդաբերությանս ծանրությունը։ Իմ Փրկիչն ու Կյանքն աշխարհի, որ մարմին առավ և ծնվեց քեզանից, թող պահպանի ինձ հոգու և մարմնի բոլոր վտանգներից, իսկ դեռ լույս աշխարհ չեկած մանկանս դասի Աստծո ընտրյալների մեջ։ Լսի՛ր խոնարհ աղաչանքներս ո՜վ Երկնային Ամենասուրբ Թագուհի եւ շնորհընկալ հայացքդ ուղղիր ինձ ու հովանի եղիր, թող ամոթով չմնա քո մեծ բարեգթությանն ապավինած հույսս։ Տիրոջ անունը բոլոր կրողների օգնական, ապաքինող բոլոր հիվանդություններից ու տկարություններից, թող ես էլ համոզվեմ, որ Դու ես Մայրը գթության և միշտ փառավորեմ քեզանից ծնված Աստծո Որդուն և Աստծո Մայրությունդ, որ չի մերժում իրեն աղաչողներին և ազատում է վշտերի ու հիվանդությունների մեջ իրեն կանչողներին. Ամեն:

ԱՂՈԹՔ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԱՂՕԹՔ ՎԱՍՆ ՀԻՎԱՆԴԱՑ

Անսկ՛իզբդ Աստված, սու՛րբդ սրբոց, 
որ Քո Միածին Որդուն առաքեցիր բժշկելու 
մեր հոգիների ու մարմինների ախտերը, 
առաքի՛ր Քո Սուրբ Հոգուն և մաքրիր Քո (անունը) ծառային/աղախնուն
և ազատի՛ր բոլոր մեղքերից, քանզի ողորմած ես և գթած: 
Եվ քեզ՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, 
Փառք հավիտյանս. ամեն:

ԱՂՈԹՔ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ԱՂՕԹՔ ՎԱՍՆ ԲԺՇԿՈՒԹԵԱՆ

Փարատեա զցաւս եւ բժշկեա զհիւանդութիւնս ի ժողովրդենէ քումմէ, Տէր Աստուած մեր, եւ շնորհեա ամենեցուն զկատարեալ առողջութիւն, նշանաւ ամենայաղթ խաչիւ քով, որով բարձեր զտկարութիւն ազգի մարդկան եւ դատապարտեցեր զթշնամին կենաց եւ փրկութեան մերոյ: Դ
ու ես կեանք մեր եւ փրկութիւն, բարերար եւ բազումողորմ Աստուած, որ միայն կարող ես թողուլ զմեղս եւ մերժել զախտս եւ զհիւանդութիւնս ի մէնջ, որում յայտնի են պէտք կարեաց մերոց: Պարգեւիչդ բարեաց, պարգեւեա զառատ ողորմութիւնս քո ի վերայ արարածոց քոց՝ ըստ իւրաքանչիւր պիտոյից. յորոց հանապազ փառաւորեալ գովի Ամենասուրբ Երրորդութիւնդ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն:
Տեր Աստված մեր, փարատիր ցավերն ու բժշկիր հիվանդությունները քո ժողովրդից եւ շնորհիր բոլորին կատարյալ առողջություն՝ քո ամենահաղթ խաչիդ նշանով, որով մարդկության տկարությունը կրեցիր և դատապարտեցիր մեր կյանքի եւ փրկության թշնամուն: Դու ես մեր կյանքն ու փրկությունը, բարերար եւ բազումողորմ Աստված: Միայն Դու կարող ես ներել մեր մեղքերը եւ մեզանից հեռացնել ախտերն ու հիվանդությունները, որին հայտնի են մեր կարիքները: 
Բարիքներ պարգեւող, առատ ողորմությունդ պարգեւիր քո արարածներին՝ յուրաքանչիւրին ըստ իր կարիքի: Եվ նրանց միջոցով միշտ թող գովաբանվի Ամենասուրբ Երրորդությունդ. այժմ, միշտ եւ հավիտյանս հավիտենից: Ամեն:

ԱՂՈԹՔ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԱՂՕԹՔ ՎԱՍՆ ԹՇՆԱՄԵԱՑ ԵՒ ՉԱՐԱԿԱՄԱՑ


Արդ, ո՜վ ողորմած և բազմագութ Աստված իմ Հիսուս Քրիստոս, իմ հարազատների և բարեկամների համար բարիքներ և ողորմություն խնդրեցի Քեզանից, ինչպես որ հարկն է, և պահանջում է մեր բնության օրենքը: Այժմ աղաչում եմ Քեզ նաև իմ թշնամիների համար, ինչպես որ Դո՛ւ ասացիր օրհնյալ բերանովդ, թե՝ «Բարի՛ք գործեք ձեզ ատողներին»: Ուրեմն, ընկնելով Քո առաջ, խնդրում եմ ամենառատ ողորմությունիցդ, որ ողորմես նաև իմ բոլոր թշնամիներին և ատողներին, չարակամներին ու վնասատուներին և բոլոր մյուսներին, ովքեր Քո ծառայի հանդեպ չարն են խորհում, խոսում, գործում և կամենում գործել, ովքեր բամբասում, վատաբանում և հայհոյում են ինձ՝ թե՛ իրավամբ և թե՛ անիրաւամբ, մի՛ բարկացիր, Տե՛ր իմ, նրանց վրա իմ պատճառով, այլ ների՛ր և թողությո՛ւն տուր նրանց մեղքերին: 
Քանզի նրանք մեղանչում են իմ հանդեպ, որովհետև հիրավի մեղավոր եմ և արժանի ամենայն բամբասանքի ու նախատինքի: Ես մեղանչում եմ Քո հանդեպ, որ արդար ես ամեն ինչում և միշտ բարերար իմ հանդէպ: Ուրեմն, եթե նրանք արժանի են Քո բարկությանը, ապա ես բյուրապատի՛կ բարկության որդի եմ և պատժի արժանի, քան նրանք: 
Այս պատճառով աղաչում եմ Քեզ, Տե՛ր իմ, որ բոլոր բարիքների աղբյուր ես և անհուն ողորմության ծով, որ ողորմես նրանց և ինձ՝ նրանց հետ, և ներես իմ հանդեպ [ունեցած] բոլոր սխալները և ետ դարձնես նրանց չարից՝ փոխարկելով բարու: Որպեսզի ամենքս զգաստանալով ընթանանք ըստ Քո կամքի և փառք վերառաքենք Քեզ Հոր և Սուրբ Հոգուդ այժմ և միշտ և հավիտեանս հավիտենից. ամեն:

ԱՂՈԹՔ ՄԻԱԾԻՆ ՈՐԴՈՒՆ

ԱՂՕԹՔ ԱՌ ՄԻԱԾԻՆ ՈՐԴԻ
Ներսես Լամբրոնացի
Այլ ամեն կողմից տարակուսանքներով շրջապատված՝ սրտով պղծվածներս և ունկնդրության կարոտյալներս 
Քեզ ենք նայում, մեր տկար բնությունը կրած քահանայապե՛տդ Հիսուս: 
Ո՜վ Դու, որ մեզ համար մեղապարտ եղար, որպեսզի մենք Քեզանով արդարանանք: 
Ո՜վ Դու, որ մեզ համար երկրավոր եղար, որպեսզի մենք Քեզանով երկնավորներ լինենք: 
Ո՜վ Դու, որ մեզ համար հաց եղար, որպեսզի մենք, Քեզ ճաշակելով, սրբվենք: 
Տո՛ւր Քո ցավերով լի Մարմինը՝ որպես ամենայն սրտի սրբարար կերակուր: 
Մատռվակի՛ր Քո Արյան անմեղ վտակը՝ կաթեցնելով ի հագուրդ անմեղության մարդկանց որդիների: 
Մեկնի՛ր աշխարհի ծովում թաղվածներիս Քո փրկական խաչը՝ առ Քեզ վեր հանող:
Կարոտեցինք շնորհի, սփռի՛ր, լքված մնացինք գործերից, քաւի՛ր, 
խարխափում ենք խավարում, ճառագայթի՛ր, ընկանք հավատից, հաստատի՛ր: 
Դո՛ւ ես յույս, Դո՛ւ ես լույս, Դո՛ւ ես կյանք, Դո՛ւ ես քավութիւն, Դո՛ւ ի՛նքն իսկ անմահություն: 
Քեզ են սպասում Քո շնորհներին ապավինողները, Քեզանից փրկություն ստանալու են կարոտ Քո Մարմնին խառնվածները, Քեզ ունի որպես քավիչ քահանա Քո Արյամբ գնված Քո հոտը: 
Նայի՛ր ամենքին, սփոփի՛ր մեր տարակուսանքները Քո չարչարանքներով, հանդարտեցրո՛ւ մեր խռովությունը Քո խաղաղությամբ, հանգստացրո՛ւ մեր հոգնությունը Քո օթևաններում, ուր Դու գնացիր, ո՜վ Տեր, և խոստացար:
Արժանացրո՛ւ յուրայիններիդ փառավորել Քեզ այդտեղ Հոր և Սուրբ Հոգու հետ հավիտյանս. ամեն:

ՄԱՅՐ ՍՈՒՐԲ

ՄԱՅՐ ՍՈՒՐԲ ԲԱՐԵԽՈՍԵԱ

Մայր սուրբ սքանչելի լուսոյն, որ զԱստուածն ամենայն յաւիտեանց յորովայնի քում կրեցեր, եւ ցնծութիւն աշխարհի ծնար զԲանն Աստուած, աղաչեմք: 
Մայր սուրբ բարեխօսեա՛:

Աղաչեա՛ վասն մեր զառ ի քէն զմարմնացեալն Աստուած, որ խոնարհեցաւ ի հայրական ծոցոյ, էառ մարմին ըստ մարդկային բնութեանս. առնել խաղաղութիւն յերկինս եւ յերկրի. աղաչեմք: 
Մայր սուրբ բարեխօսեա՛:


 Աղաչեա՛ վասն մեր զառ ի քէն զմարմնացեալն Աստուած, ներել մեզ, անտես առնել զյանցանս մեր, եւ տալ օգնականութիւն ընդդիմակաց լինիլ հակառակամարտի՛ցն ի պատերազմի. աղաչեմք: 
Մայր սուրբ բարեխօսեա՛:

Աղաչեա՛ վասն մեր զառ ի քէն զմարմնացեալն Աստուած, զի լռեսցին պատերազմունք, դադարեսցին յարձակմունք թշնամեաց, տնկեսցի սէր եւ արդարութիւն ի յերկրի. աղաչեմք: 
Մայր սուրբ բարեխօսեա՛: 

Աղաչեա՛ վասն մեր զառ ի քէն զմարմնացեալն Աստուած աճեցուցանել յերկրի մերում զքաղցր բղխումն աղբերաց, զառատ պտղաբերութիւն բուսոց եւ տնկոց, առ ի զուարճալի լինիլ ամենայն հարկաւոր պիտոյից մերոց. աղաչեմք: 
Մայր սուրբ բարեխօսեա՛: 

Աղաչեա՛ վասն մեր զառ ի քէն զմարմնացեալն Աստուած, զի միաբանեսցէ զեկեղեցի իւր սուրբ, շինեալ ի վերայ հիման առաքելոց եւ մարգարէից, պահել անարատ մինչեւ յօր երեւելոյ գալստեան իւրոյ. աղաչեմք: 
Մայր սուրբ բարեխօսեա՛: 

Աղաչեա՛ վասն մեր Սրբուհի զՄիածին քո զորդին: Եւ վասն հոգւոցն հանգուցելոց, ընդունիլ յարքայութիւն երկնից եւ տալ մասն եւ բաժին ընդ սուրբս ամենայն. աղաչեմք: 
Մայր սուրբ բարեխօսեա՛:
Սքանչելի Լույսի Սուրբ Մա´յր, դու, որ հավիտենական Աստծուն որովայնումդ կրեցիր և ծնեցիր աշխարհի ցնծությունը` Աստծո Խոսքը, աղաչում ենք, 
Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր: 

 Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, Նրան, Ով խոնարհվեց Հայրական ծոցից և մարմին առավ ըստ մարդկային բնության, որպեսզի խաղաղություն պարգևի երկնքին և երկրին, աղաչում ենք, 
Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր: 

 Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ ների մեզ, անտեսի մեր հանցանքները և օգնական լինի` դիմադրելու հակառակորդին պատերազմի ժամանակ, աղաչում ենք, 
Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր: 

 Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ լռեն պատերազմները, դադարեն թշնամիների հարձակումները, երկրի վրա սեր և արդարություն հաստատվի, աղաչում ենք, 
Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր: 

 Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ շատացնի մեր երկրում աղբյուրների բխումը, բույսերի ու տնկիների առատ պտղաբերությունը` ծառայելու մեզ հարկավոր ամեն պետքի, աղաչում ենք, 
Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր: 


 Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ միաբանվի առաքյալների և մարգարեների հիմքի վրա կառուցված Իր Սուրբ Եկեղեցին, անարատ պահի այն մինչև իր երևելի գալստյան օրը, աղաչում ենք, 
Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր: 

 Աղաչի´ր մեզ համար, Սրբուհի´, քո Միածին Որդուն, նաև մեր հանգուցյալների հոգիների համար, որպեսզի ընդունի նրանց երկնքի արքայության մեջ և մաս ու բաժին հատկացնի բոլոր 
սրբերի հետ, աղաչում ենք, 
Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր:

ԱՂՈԹՔ ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏԻ ՏՈՆԻ

ԱՂՕԹՔ Ի ԴԷՄՍ ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹԵԱՆ

Սբ. Հովհան Ոսկեբերան

Ամենակալ անարատ Աստված` անսկիզբ Հայր` անտեսանելի, անբովանդակելի, անպատմելի, անպարագրելի, անփոփոխելի, անիմանալի, անհասանելի: 

Որ միայն Դու` անմատչելի լույսի մեջ բնակվածդ, անմահություն ունես: 
Որ Քո խոսքով ստեղծեցիր երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը և դրանց մեջ եղած բոլոր արարածներին, և Քո Հոգով գոյացան բոլոր ստեղծվածները: 
Եվ մարդկային ազգի նկատմամբ Քո անչափելի սիրո պատճառով ուղարկեցիր Քո Միածին Որդուն` փրկելու մեզ Ադամի անեծքից: 
Նա, որ երկնքից իջնելով, Սուրբ Հոգով մարմնացավ սուրբ և անարատ կույս Մարիամից, և մարդկային բոլոր կրքերը կրելով, բացի մեղքից, ազատեց մեզ մեղքի բեռից: 
Եվ մեզ համար խաչի ու մահվան համբերելով, մեզ փրկեց սատանայի ծառայությունից և կուռքերի երկրպագությունից: 
Եվ մեզ սովորեցրեց ամենասուրբ Երրորդությանդ գլուխ և ծունկ խոնարհել, աղոթք մատուցել և մեղքերի թողություն խնդրել: 
Եվ հարությունից հետո զանազան նշաններով քառասուն օր երևաց Իր աշակերտներին` նրանց հետ հացով հաղորդվելով` կենսաբեր տնօրենության հավատքի հաստատության համար: 
Եվ Իր հարության քառասուներորդ օրը երկինք վերանալիս, ձեռքը դրեց աշակերտների վրա և օրհնեց` նրանց տալով առաքինության կատարյալ շնորհները: 
Եվ նրանց միտքը բացեց` հասկանալու գրքերը. և նրանց պատվիրեց մնալ Երուսաղեմում. սպասել աստվածային խոստմանը և երկնավոր ու մարդասեր Հոր Ավետիսին: 

ՀԱՅՐ ՄԵՐ


     Հայ՛ր մեր, 
որ յերկինս ես, 
սուրբ եղիցի անուն  Քո, 
եկեսցէ արքայութիւն Քո, 
եղիցին կամք Քո 
որպէս յերկինս եւ յերկրի:
   Զհաց մեր հանապազորդ 
տո՛ւր մեզ այսօր. 
եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, 
որպէս եւ մեք թողումք 
մերոց պարտապանաց:
   Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, 
այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, 
զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն 
եւ փառք յաւիտեանս. 
ամէն:
  Հայ՛ր մեր, 
որ երկնքում ես, 
սուրբ թող լինի Քո անունը, 
թող գա Քո արքայութունը, 
Քո կամքը թող լինի երկրի վրա, 
ինչպես որ երկնքում է:
Մեր հանապազօրյա հացը 
տո՛ւր մեզ այսօր. 
և թո՛ղ մեզ մեր պարտքերը, 
ինչպես որ մենք ենք թողնում 
մեր պարտապաններին:
Եվ մի՛ տանիր մեզ փորձության, 
այլ փրկի՛ր մեզ չարից, 
քանզի Քոնն է արքայությունը և
զօրությունը և փառք հավիտյանս. 
ամեն:





















ՀԱՅՐ ՄԵՐ աղոթքի 
յուրաքանչյուր տողի բացատրությանը հետևեք այստեղ՝

ԱՂՈԹՔ՝ ԵԿԵՂԵՑԻ ՄՏՆԵԼԻՍ

ԱՌ ԴՐԱՆՆ ՍՐԲՈՅ ԵԿԵՂԵՑՎՈՅ

Առ դրանն սրբոյ Եկեղեցւոյս եւ առաջի աստուածընկալ եւ պայծառացեալ սուրբ նշանացս խոնարհեալ երկիղիւ երկիր պագանեմք քեզ, Տէր Աստուած, որ յերկինս ես եւ ամենայն ուրեք: Զսուրբ, զհրաշալի եւ զյաղթող Տէրութիւնդ քո օրհնեմք եւ փառաւորեմք եւ քեզ մատուցանեմք զօրհնութիւն եւ զփառս Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, 
այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն:
Այս սուրբ Եկեղեցու դռան մօտ եւ աստուածընկալ ու լուսապայծառ սրբութիւնների առաջ երկիւղածութեամբ խոնարհւում եւ երկրպագում ենք քեզ, Տէր Աստուած, որ երկնքում ես եւ ամենուր: Քո սուրբ, հրաշալի եւ յաղթող Տէրութիւնդ օրհնում ենք ու փառաւորում եւ քեզ՝ Հօրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն օրհնութիւն ու փառք ենք մատուցում, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն:

Աղոթի՛ր ընկերներիդ հետ

ԱՅԼ ԱՂՈԹՔՆԵՐ

    Պատահական