ԱՂՈԹՔ ՕՐՎԱ ԱՎԱՐՏԻ


Փառք քեզ, Տէր Աստուած մեր, որ պարգեւեցեր զօրս զայս բարեաւ եւ խաղաղութեամբ անցուցանել: Մարդասէր Աստուած զառաջակայ գիշերս,որ ի վերայ մեր գալոց է, ի մեղաց փրկեա, ի չարեաց ազատեա, եւ ի գործս բարիս առաջնորդեա: 
 Առաւօտու օրհնութեանցն եւ փառաբանութեանցն արժանի արա զամենայն հաւատացեալս անուանդ քում սրբոյ եւ պահեա ի խաղաղութեան:
Տէր Աստուած մեր, տուր զքո խաղաղութիւնդ ամենայն աշխարհի, բարձ զցասումն եւ զպատուհասն ի յարարածոցս: 
 Ողորմեա հարց եւ եղբարց մերոց կենդանեաց եւ հանգուցելոց: 
 Ողորմեա զեկեղեցի շինողաց, երախտաւորաց, պտղատուից, սպասաւորաց եւ այնոցիկ, որք ընդ հովանեաւ սրբոյ եկեղեցւոյ են հանգուցեալ: 
 Տէր Աստուած, օգնեա թագաւորացն քրիստոնէից եւ իշխանացն բարեպաշտից, զօրաց եւ զաւակաց նոցին պահելով ի խաղաղութեան: 
 Տէր Աստուած մեր, պահեա զառաջնորդս եւ զեղբայրութիւնս մեր ամբողջ եւ անխռով ի կամս ողորմութեան քոյ: 
 Նշանաւ սուրբ եւ պատուական խաչիւ քոյ հալածեա զերեւելի եւ զաներեւոյթ թշնամին ի սահմանաց մերոց եւ ի բնակութենէս մերմէ: 
 Փրկեա զմեզ ի հրոյն յաւիտենից. եւ քեզ փառք յաւիտեանս. ամէն:
Փա՛ռք Քեզ, Տեր Աստված մեր, որ պարգևեցիր մեզ օրն այս խաղաղությամբ և բարիքով լեցուն անցկացնել: Մարդասեր Աստված, այս գիշերվա ընթացքում, որը մոտենում է, փրկիր մեղքից, ազատիր չարից և առաջնորդիր դեպի բարի գործեր: Առավոտյան օրհնություններին ու փառաբանություններին արժանի դարձրու Քո սուրբ անվանը հավատացողներին՝ պահելով խաղաղության մեջ: Տեր Աստված մեր, տուր Քո խաղաղությունն ամբողջ աշխարհին, վերացրու ցասումն ու պատուհասը Քո արարածներից: Ողորմիր մեր հայրերին ու եղբայրներին՝ ողջերին և հանգուցյալներին: Ողորմիր եկեղեցի կառուցողներին, բարերարներին, բարիքներ պարգևողներին, սպասավորներին և նրանց, ովքեր սուրբ եկեղեցու հովանու ներքո են ննջում: Տեր Աստված, օգնիր և խաղաղության մեջ պահիր քրիստոնյա թագավորներին, բարեպաշտ իշխաններին, ինչպես նաև նրանց զորքերին ու զավակներին: Տեր Աստված մեր, Քո կամքի ողորմությամբ ամբողջ ու անխռով պահիր մեր առաջնորդներին ու վանական միաբանությունները: Սուրբ և պատվական խաչիդ նշանով հալածիր երևելի և աներևույթ թշնամուն, մեր սահմաններից և մեր բնակության վայրից: Փրկիր մեզ հավիտենական հրից, որովհետև Քոնն է փառքը հավիտյանս. ամեն:

ՈւՍԱՆՈՂԻ ԱՂՈԹՔ

ԱՂՕԹՔ ՎԱՍՆ ԽՆԴՐԵԼՈՅ ԶՇՆՈՐՀՍ ԵՒ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ

Արարիչ անճառելի եւ աղբիւր ճշմարիտ լուսոյ եւ իմաստութեան. հեղ ի միտս իմ զնշոյլս պայծառութեան եւ փարատեցո յանձնէ իմմէ զմէգ եւ զանգիտութիւն: Դու, որ զլեզուս տղայոց դնես պարզախոս, վարժեա զլեզու իմ եւ լից օրհնութեամբ շնորհաց քոց զշրթունս իմ։ Տուր ինձ զօրութիւն՝ իմանալոյ, զընդունակութիւն՝ պահելոյ. զկորովամտութիւն մեկնելոյ. զդիւրընկալութիւն՝ ուսանելոյ եւ զամենառատ շնորհախոսելոյ: 
Կազմեալ հարդարեայ զմուտս իմ, ուղղեա զգնացս իմ եւ կատարեայ զելս իմ ի Յիսուս Քրիստոս ի Տէր. ամէն:

Արարիչ անճառելի և աղբյուր ճշմարիտ լույսի ու իմաստության, լուսավորիր իմ միտքը պայծառության նշույլով և մաքրիր իմ միջից անգիտության խավարը: Դո՛ւ, որ մանուկ երեխաների լեզուների մեջ պարզախոսություն ես դնում, վարժիր իմ լեզուն և Քո շնորհների օրհնությամբ լցրու շրթունքներս, սրություն տուր ինձ իմանալու մեջ, ընդունակություն՝ պահելու, կորովամտություն՝ մեկնաբանելու, դյուրընկալություն՝ ուսանելու, ինչպես նաև առատապես շնորհախոսելու: Պատրաստիր ու հարդարիր մուտքն իմ այս կյանք, ուղղիր ընթացքս այս կյանքում ու ավարտին հասցրու կյանքն իմ դեպի Քրիստոս Հիսուս Տերը։ Ամեն:

ԱՂՈԹՔ ԵԿԵՂԵՑԻ ՄՏՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ

Տաճար Աստուծո և բնակարան Սուրբ Հոգու, որ քո սուրբ ավազանով կանչվեցի երկնավոր Հոր որդեգրության, այսօր քո մեջ կամեցավ պատարագվել Գառն անարատ:
Եվ ես եկել եմ քո դռների առջև ու աղաչում եմ քեզ. մաքրի՛ր ինձ վերստին լվացմամբ և սրբի՛ր մեղքերից, արժանի դարձրու քո սուրբ սեղանի առջև երկրպագության անելու։ Ամեն:

ԱՂՈԹՔ ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ


Սիմեոն Երևանցի
Ո՛վ բազմագութ Աստված, աղաչում և խնդրում եմ Քեզ մեր ազգի բոլոր հին ու նոր, հավատով և հույսով ի Քեզ ննջածների համար: Մանավանդ, Քեզ մոտ ննջող իմ մարմնավոր և հոգևոր ծնողների, եղբայրների, քույրերի, ազգականների, սիրելիների, բարեկամների, բարու մեջ կրթող հոգևոր վարդպետների, ուսուցիչների, մեր բոլոր աշխատավորների և երախտավորների համար, որպեսզի Քո գալստյան մեծ օրը ողորմությամբ հիշես և թողություն շնորհես նրանց բոլոր մեղքերին ու սխալներին և Քո աջակողմյան դասի սրբերի հետ դասես ու թույլ տաս լսել Քո երանավետ խոսքը, թե` «Եկե՛ք իմ Հոր օրհնածներ»: Եվ, ըստ մեր հանդեպ կատարած նրանց երախտիքների` մեկի փոարեն բյուրապատիկ հատուցես նրանց հոգիներին, իսկ մեզ նրանց պարտքերից անպարտ դարձնես: 
Քեզ փառք հավիտյանս հավիտենից. Ամեն:

ԱՂՈԹՔ ՄԵՂՔԵՐԻ ՆԵՐՄԱՆ

Եփրեմ Ասորի
Բժշկի՛ր ինձ, Տե՛ր, հպարտությունից և ամբարտավանությունից, սնափառությունից, մարդահաճությունից և ոխակալությունից, նախանձից և ատելությունից և բոլոր չարիքներից:
Բխեցրո՛ւ, Տե՛ր, իմ գլխում վտակների աղբյուրը և ոռոգի՛ր իմ մտքերի անդաստանը, լվա՛ իմ հանցանքների աղտերն ու սրբի՛ր վերքերիս թարախը, հանի՛ր իմ մեղքերի փուշը և տնկի՛ր կենաց բույսը: Աճեցրո՛ւ, Տե՛ր, արդարությունը և նվաստացրո՛ւ անօրենությունը, մեռցրո՛ւ մարմնի ցանկությունը և նորոգի՛ր հոգուս կենդանությունը:
Կանչի՛ր, Տե՛ր, իմ մեղանչած անձը Քեզ մոտ, քանզի չեմ համարձակվում մերձենալ Քեզ, պատկառում եմ ամոթից և զարհուրում եմ իմ գործերից, չունեմ համարձակություն Քո առջև, քանզի ես ինքս եմ ինձ կորստյան մատնել: Հեռացա Քո սուրբ պատվիրաններից և մերկացա Քո փառքից, բայց Դո՛ւ, Տե՛ր, գթա՛ ինձ, ողորմի՛ր, քանզի Քո անարատ ձեռքերի ստեղծածն եմ:
Փնտրի՛ր, Տե՛ր, Քո եղծյալ ու կորուսյալ պատկերիս, որ մեղքերի աղբի և տիղմի մեջ եմ ծածկվել, դո՛ւրս բեր Քո շնորհի ավելով և դի՛ր նախկին գանձանակի մեջ, որից ընկա:
Ապրեցրո՛ւ ինձ, Տե՛ր, երկյուղով և հառաչանքներով, սիրով և սրբությամբ, շնորհներով և ճշմարտությամբ, գիտությամբ և բոլոր առաքինություններով:
Փրկի՛ր ինձ, Տե՛ր, մարդկային գովեստից, փառքից ու մեծարումներից, քանզի լույս կարծելով խավարիս՝ բարին են համբավում իմ՝ եղկելիիս ու ողորմելիիս մասին: Ինձ առաքինի են համբավում, մինչդեռ ես ողբալի եմ և անթիվ մեղքերով լի: Ծածկի՛ր ինձ, Տե՛ր, սուտ գովեստների և երանիների լույսից, քանզի չգիտեն իմ մեղքերը: Ինձ սուրբ եմ ցույց տալիս և լի եմ աղտեղությամբ, կերպարանվում եմ առաքինությամբ և անառակությամբ ապրում, փայլում եմ երկյուղածությամբ և ընթանում արդահաճությամբ, ճանաչում եմ ճշմարտությունը և սուտ խոսում, գիտեմ արդարությունը և անօրենություն եմ գործում:
Չեմ կարող, Տե՛ր, անհույս լինել, քանզի ողորմած ես և գթած, և անճառ փառք խոստացար դարձի եկած մեղավորին, սակայն ես զարհուրում ու դողում եմ և երկնչում եմ իմ բազում և անթիվ մեղքերից, քանզի պարտվելով խաբվեցի որսողից և արդ, ի՞նչ կլինեմ եղկելիս, որ տարակուսած եմ կյանքից:
Քո առջև եմ ընկնում և թողությո՛ւն հայցում իմ մեղքերին. ընդունի՛ր իմ պաղատանքները և քավի՛չ եղիր հանցանքներիս, պայծառացրո՛ւ և լուսավորի՛ր իմ խորհուրդներն ու միտքը, կարո՛ղ դարձրու իմ մարմինը՝ անդադար Քո սուրբ անվան փառաբանության մեջ մնալու:
Հաղո՛րդ դարձրու ինձ, Տե՛ր, Քո աստվածային սիրուն՝ սիրելու Քո պատվիրանները և գալու Քո ճանապարհով, չարչարվելու մինչ ի մահ Քո անվան համար, մտնելու փառքի մեջ, դասվելու Քո սուրբերի շարքը և միշտ ուրախանալու Քո կամարարների հետ:
Շնորհի՛ր ինձ, Տե՛ր, աչքերի լաց, արցունքների հոսում, մեղքերի սուգ, սրտի երկյուղ, ոսկորների սարսափ և դող տանջանքների ահից, կենաց ճանապարհ և
անդադար պաղատանքներ: Փրկիր երևացող և աներևույթ թշնամուց և
արժանավորիր գոհությամբ փառավորել Քեզ, Հոր և Սուրբ Հոգուդ հետ, այժմ և
միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:

ԱՂՈԹՔ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՀԱՄԱՐ


Հովհաննես Գառնեցի
Առաջնորդ կյանքի և ճանապարհ ճշմարտության, մեր Տեր Հիսուս Քրիստոս, որ Հովսեփին առաջնորդեցիր Եգիպտոս, և իսրայելացիներին Կարմիր ծովն անցկացրիր, և Մովսեսին` Սինա լեռը, և ժողովրդին` պարգևների երկիրը, կղեովպյաններին ուղեկից եղար դեպի Էմավուս, աղաչում եմ քեզ, Տե՛ր, առաջնորդիր մեզ և մեր եղբայրներին` գնալու խաղաղությամբ առաջիկա ճանապարհը, փրկի՛ր երևելի ու աներևույթ թշնամուց և բարով առաջնորդիր այնտեղ, ուր դիմում ենք, քանի որ դու ես ճանապարհ և ճշմարտություն և կյանք, և քեզ վայել է փառք ու երկրպագություն, իշխանություն և պատիվ այժմ և միշտ ը հավիտյանս հավիտենից. ամեն:

ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԱՂՈԹՔԸ ՀԱՆՈՒՆ ՇՆՈՐՀՆԵՐԻ

Փրկի՛չ աշխարհի Քրիստոս, աղաչում եմ Քեզ, նայի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ, փրկի՛ր ինձ իմ բազում անօրենություններից, քանզի անարգեցի բոլոր բարիքները, որ շնորհեցիր ինձ իմ մանկությունից ի վեր: Ինձ՝ տխմարիս, տգետիս և հիմարիս, դարձրեցիր գիտությամբ լի անոթ, Քո շնորհն առատացավ իմ մեջ և հագեցրեց իմ քաղցն ու զովացրեց իմ ծարավը, լուսավորեց իմ խավարած միտքը, թափառումներից հավաքեց իմ խորհուրդները և լցրեց իմ սիրտը: Այժմ երկրպագում և աղաչում եմ ծունկի գալովս ու հայցում՝ վկայելով Քո բարերարության մասին. կատարի՛ր ինձ համար Քո շնորհի խոստումը և պահի՛ր այն Քո գանձի մեջ, որպեսզի դարձյալ տաս ինձ այն Օրը: 

Մի՛ բարկացիր ինձ վրա, Մարդասե՛ր, քանզի չեմ դիմանում Քո սպառնալիքներին: Ուստի թախանձելով աղաչում եմ, քանզի չափից առավել առատացավ [շնորհն] իմ մեջ, քանի որ լեզուս տկարացավ՝ չկարողանալով խոսել Քո շնորհի մասին: Սարսափեց նաև իմ միտքը՝ չտանելով [նրա] ալիքների բազմությունը: 

Օրհնված Հորդ կերպարա՛նք և ճառագա՛յթ, դադարեցրո՛ւ դեպի ինձ [եկող] շնորհի հոսանքները, քանզի ինչպես բորբոքված հուր բոցակիզում են իմ երիկամներն ու սիրտը: Հետո այնտեղ դարձյալ պարգևի՛ր ինձ այն ու պահի՛ր ինձ Քո արքայության մեջ, մի՛ հիշիր իմ անօրենությունները, հանդգնում եմ հայցել՝ տո՛ւր ինձ իմ խնդրածները, և Հայտնության Օրն իմ օթևանը թող օրհնվի Քո Հոր կողմից: Շնորհի՛ր ինձ, Քրիստո՛ս, իմ հայցվածերը, քանզի միայն Դու ես ինձ կյանք տվողը: 
Եվ Քեզ փա՜ռք հավիտյանս հավիտենից. ամեն: 

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

ԱՂՈԹՔ ՃԱՇԻՑ ՀԵՏՈ

Փա՜ռք Քեզ, Տե՛ր, Փա՜ռք Քեզ,Փառա՛ց Թագավոր, որ տվեցիր մեզ ուրախության կերակուր և Քո ամենաբավ ողորմության լիությամբ լցրեցիր մեր սրտերը:
Այժմ լցրու՛մեզ նաև Քո Սուրբ Հոգով, որպեսզի ընդունելի լինենք Քո առաջ և ոչ` ամոթահար, քանզի Դու գալիս ես և հատուցում յուրաքանչյուրին ըստ իր գործերի: 
Եվ Քեզ վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտեանս հավիտենից. ամեն:


Փա՜ռք տիեզերքի Կերակրողին, որ կերակրեց մեզ և լիացրեց, Նրան փառք հավիտյանս. ամեն:

ԱՂՈԹՔ ՃԱՇԻՑ ԱՌԱՋ


Օրհնյալ ես, ո՜վ Տեր Աստված մեր, որ կերակրում ես մեզ մանկությունից սկսյալ, և կերակուր ես շնորհում բոլոր մարմնավորներին. մեր սրտերը ուրախությամբ ու բերկրանքով լցրու, որպեսզի լիանանք՝ ուղարկվելով բարիք գործելու ի Հիսուս Քրիստոս ի Տեր մեր, Որին վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Ամեն:

Խաղաղությամբ ճաշակե՛նք այս կերակուրները,
որ պարգևվված են մեզ Տիրոջից. 
օրհնեա՛լ է Տերն Իր պարգևներում. ամեն:

ԳՈՀՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔ




Գոհանում ենք Քեզանից, Տե՛ր Աստված մեր, որ Քո երևելի լույսով ուրախացրեցիր 
Քո բոլոր արարածներին, իսկ Քո պատվիրանների իմանալի լույսով լուսավորեցիր
բոլոր նրանց, ովքեր հավատում են Քեզ: Զօրացրու՛ և մեզ, Տեր՛, պահելու Քո պատվիրաններն այսօր և ամեն ժամ: Որպեսզի լուսավորված մտքով միշտ Քո կամքը կատարենք և գալիք բարիքներին հասնենք Քո բոլոր սուրբերի հետ` մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհով և մարդասիրությամբ, Որին վայել է փառք, իշխանւթյուն և պատիվ այժմ և միշտ և հավիտեանս հավիտենից ամեն:

Աղոթի՛ր ընկերներիդ հետ

ԱՅԼ ԱՂՈԹՔՆԵՐ

    Պատահական