ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ (գրաբար՝ արևելահայերեն բացատրությամբ)

 ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳԸ
(գրաբար՝ արևելհայերեն բացատրություններով - Տ.Հ.)

ՊԱՏԱՐԱԳՉԻ ԶԳԵՍՏԱՒՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ

Պատարագը սկսելուց առաջ պատարագիչը սարկավագի հետ փոխնիփոխ կարդում է Սաղմոս 131։1-18-ը, ապա առանձին-առանձին օրհնում է զգեստներն ու հագնում՝ հատուկ աղոթքներ կարդալով յուրաքանչյուր հագուստի համար։ Զգեստավորվելուց հետո պատարագիչն իր վերջին անձնական աղոթքն է անում, ապա օրհնում է խունկը, բուրվառին մեջ է լցնում ու ասում Տերունական աղոթքը.

Քահանայն.  Հա՛յր մեր որ յերկինս ես, սո՛ւրբ եղիցի անուն Քո։ Եկեսցէ՛ արքայութիւն Քո։ Եղիցի՛ն կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի։ Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր։ Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց։ Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն այլ փրկեա՛ զմեզ ի չարէ։ Զի քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս.  Ամէն: 

Զսաղմոսերգութիւնս եւ զաղաչանս ընկալցի մարդասէրն Աստուած ի հաճոյս բարերար կամաց իւրոց. մեր մեղացն եւ բազում յանցանացն թողութիւն շնորհեսցէ, ի չարեաց փրկեսցէ, ի մեղաց պահեսցէ, եւ նմա փառք յաւիտեանս. ամէն:

Մինչև պատարագիչի և սպասավորների՝ ավանդատնից ելնելը երգչախումբը (դպիրներ) սկսում են երգել զգեստավորման շարականը։
Ներկաները ոտքի են կանգնում.
 

Դպիրքն. - Խորհուրդ խորին, անհաս, անսկիզբն, որ զարդարեցեր զվերին պետութիւնդ, ի յառագաստ անմատոյց լուսոյն, գերապանծ փառօք զդասս հրեղինաց:  Թագաւոր երկնաւոր, զեկեղեցի քո անշարժ պահեա եւ զերկըրպագուս անուանդ քում պահեա ի խաղաղութեան: 

Մոտենալով խորանին՝ պատարագիչը լվանում է ձեռքերը՝ սարկավագի հետ ցածր ընթերցելով Սաղմոս 25։1-12-ը։ Ապա՝ խաչակնքելով օրհնում է ժողովրդին եւ շարականի ավարտին բարձրաձայն ասում.

Քահանայն. Եւ վասն Սրբուհւոյ Աստուածածնի բարեխօսութեանն, Տէ՛ր, ընկա՛լ զաղաչանս մեր եւ կեցո՛ զմեզ:
Սարկաւագն. Սուրբ զԱստուածածինն եւ զամենայն սուրբս բարեխօս արասցուք առ Հայր ի յերկինս, զի կամեցեալ ողորմեսցի եւ գթացեալ կեցուսցէ զարարածս իւր. Ամենակալ Տեր Աստուած մե՛ր, կեցո՛ եւ ողորմեա՛: 
Քահանայն. Ընկա՛լ, Տե՛ր, զաղաչանս մեր, բարեխօսութեամբ Սուրբ Աստուածածնի՝ անարատ ծնողի Միածնի Որդւոյ քո եւ աղաչանօք ամենայն սրբոց քոց եւ աւուրս շնորհիւ: Լո՛ւր մեզ, Տէ՛ր, եւ ողորմեա՛, ներեա՛, քաւեա՛ եւ թող զմեղս մեր: Արժանաւորեա՛ գոհութեամբ փառաւորել զքեզ ընդ Որդւոյ եւ ընդ Սրբոյ Հոգւոյդ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։

Պատարագիչը շրջվում է դեպի ժողովուրդը և խոստովանում իր մեղավորությունը. 

Քահանայն. Խոստովանիմ առաջի Աստուծոյ եւ Սրբուհւոյ Աստուածածնի եւ առաջի ամենայն սրբոց եւ առաջի ձեր հա՛րք եւ եղբա՛րք զամենայն մեղս զորս գործեալ եմ: Քանզի մեղայ խորհրդով, բանիւ եւ գործով եւ ամենայն մեղօք զորս գործեն մարդիկ: Մեղա՜յ, մեղա՜յ: Աղաչեմ զձեզ, խնդրեցէ՛ք վասն իմ յԱստուծոյ զթողութիւն: 

Եթե մեկ այլ քահանա է ներկա, նա մոտենալով թողություն է տալիս, իսկ եթե ոչ, ապա սարկավագներից որեւէ մեկը համապատասխան աղոթք է կարդում. 

Ողորմեսցի քեզ մարդասէրն Աստուած եւ թողութիւն շնորհեսցէ ամենայն յանցանաց քոց՝ անցելոյն եւ այժմուս եւ յառաջակայէն փըրկեսցէ եւ հաստատեսցէ յամենայն գործս բարիս: Եւ հանգուսցէ զքեզ ի հանդերձեալ կեանս. ամէն:

Քահանայն. Ազատեսցէ եւ զձեզ մարդասէրն Աստուած եւ թողցէ զամենայն յանցանս ձեր, տացէ ժամանակ ապաշխարելոյ եւ գործելոյ զգործս բարիս: Ուղղեսցէ եւ զառաջակայ կեանս ձեր շնորհօք Սուրբ Հոգւոյն, հզօրն եւ ողորմածն եւ նմա փառք յաւիտեանս. ամէն:
Դպիրքն. Յիշեսջի՛ր եւ զմեզ առաջի անմահ Գառինն Աստուծոյ:
Քահանայն. Յիշեալ լիջի՛ք առաջի անմահ Որդւոյն Աստուծոյ:

 Դպիրները փոխնիփոխ ասում են  99-րդ սաղմոսը. 

Դպիր Ա. Աղաղակեցէ՛ք առ Տէր ամենայն երկիր, ծառայեցէ՛ք Տեառն ուրախութեամբ։
Դպիր Բ. Մտէ՛ք առաջի նորա ցնծութեամբ, ծաներու՛ք զի նա է Տէր Աստուած մեր։
Դպիր Ա. Նա արար զմեզ եւ ոչ մեք էաք, մէկ ժողովուրդ եւ խաշն արօտի նորա։
Դպիր Բ. Մտէ՛ք ընդ դրունս նորա խոստովանութեամբ, եւ օրհնութեամբ ի յարկս նորա։
Դպիր Ա. Խոստովան եղերո՛ւք Տեառն, եւ օրհնեցէ՛ք զանուն նորա։
Դպիր Բ. Քաղցր է Տէր, յաւիտեան է ողորմութիւն նորա, յազգէ մինչեւ յազգ է ճշմարտութիւն նորա։
Դպիր Ա. Փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ:
Դպիր Բ. Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Սարկաւագն. Սուրբ եկեղեցեաւս աղաչեսցո՛ւք զՏէր, զի սովաւ փրկեսցէ զմեզ ի մեղաց եւ կեցուսցէ շնորհիւ ողորմութեան իւրոյ: Ամենակալ Տէր Աստուած մե՛ր, կեցո՛ եւ ողորմեա՛: 
Քահանայն. Ի մէջ տաճարիս եւ առաջի աստուածընկալ եւ պայծառացեալ սուրբ նշանացս եւ սուրբ սեղանոյս, խոնարհեալ երկիւղիւ երկիրպագանեմք. զսուրբ, զհրաշալի եւ զյաղթող զՅարութիւնդ քո փառաւորեմք: Եւ քեզ մատուցանեմք զօրհնութիւն եւ զփառս ընդ Հօր եւ ընդ Հոգւոյդ Սրբոյ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Խորան բարձրանալով՝ պատարագիչը և սարկավագը ասում են Սաղմոս 42։1-5-ը. 

Քահանայն. Մտից առաջի սեղանոյ Աստուծոյ, առ Աստուած, որ ուրախ առնէ զմանկութիւն իմ:
Սարկաւագն. Դատ արա՛ ինձ, Աստուա՛ծ, եւ իրաւ արա՛ ինձ ի դատաստանի իմում:
Քահանայն. Յազգէ, որ ոչ է սուրբ, ի մարդոյ մեղաւորէ, նենգաւորէ փրկեա՛ զիս:
Սարկաւագն. Դո՛ւ, Աստուա՛ծ, հզօրիչ իմ ես, ընդէ՞ր մոռացար զիս, ընդէ՞ր տրտում գնամ ես ի նեղել թշնամւոյ իմոյ:
Քահանայն. Առաքեա՛, Տէ՛ր, զլոյս քո եւ զճշմարտութիւն քո, զի առաջնորդեսցեն ինձ եւ հանցեն զիս ի լեառն սուրբ եւ ի յարկս քո:
Սարկաւագն. Մտից առաջի սեղանոյ Աստուծոյ, առ Աստուած, որ ուրախ առնէ զմանկութիւն իմ:
Քահանայն. Խոստովան եղեց քեզ օրհնութեամբ, Աստուա՛ծ, Աստուա՛ծ իմ:
Սարկաւագն. Արդ, ընդէ՞ր տրտում ես ա՛նձն իմ, կամ ընդէ՞ր խռովես զիս: Յուսա՛յ առ Աստուած, խոստովանեա՛ նմա. փրկիչ երեսաց իմոց Աստուած է:
Քահանայն. Փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ:
Սարկաւագն. Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցո՛ւք: Օրհնեսցո՛ւք զամենակալն Աստուած, Հայր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որ արժանի արար զմեզ կալ ի տեղւոջ փառաբանութեան եւ երգել զերգս հոգեւորս: Ամենակա՛լ Տէր Աստուած մեր, կեցուսցէ՛ եւ ողորմեսցի՛:
Քահանայն. Ի յարկի քում սրբութեան եւ ի տեղւոջս փառաբանութեան, հրեշտակաց բնակարանիս եւ մարդկան քաւարանիս, առաջի աստուածընկալ եւ պայծառացեալ սուրբ նշանացս եւ սուրբ սեղանոյս, խոնարհեալ երկիւղիւ երկիրպագանեմք, զսուրբ, զհրաշալի եւ զյաղթող զՅարութիւնդ քո օրհնեմք եւ փառաւորեմք: Եւ քեզ ընդ երկնային զօրսն մատուցանեմք զօրհնութիւն եւ զփառս ընդ Հօր եւ ընդ Հոգւոյդ Սրբոյ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: 

Այս աղոթքներից հետո վարագույրը փակվում է, և խորանը փակ է մնում  ընծաների պատրաստության ողջ ընթացքում (առաջադրություն): Ներկաները նստում են։ Երգչախումբը երգոըմ է օրվա մեղեդին։ Առաջադրության ավարտին վարագույրը բացվում է և հավատացյալները ոտքի են կանգնում։ Պատարագիչը սպասավորների ուղեկցությամբ խորանից իջնում է եւ շրջում եկեղեցու մեջ։ Այս թափորը կոչվում է «Աշխարհգալոց»։
Այս ընթացքում երգչախումբը երգում է.
 

Դպիրքն. Բարեխօսութեամբ մօր քո եւ կուսի ընկալ զաղաչանս քոց պաշտօնէիցս, որ գերագոյն քան զերկինս պայծառացուցեր սուրբ զեկեղեցի արեամբ քո, Քրիստոս, եւ ըստ երկնայնոցն կարգեցեր ի սմա զդասս առաքելոց եւ մարգարէից, սուրբ վարդապետաց: Այսօր ժողովեալ դասք քահանայից, սարկաւագաց, դպրաց եւ կղերիկոսաց խունկ մատուցանեմք առաջի քո, Տէր, յօրինակ ըստ հնումն Զաքարիայ: Ընկալ առ ի մէնջ զխնկանուէր մաղթանս, որպէս զպատարագն Աբելի, Նոյի եւ Աբրահամու: Բարեխօսութեամբ վերին քո զօրացդ միշտ անշարժ պահեա զաթոռ Հայկազեանս:

Թափորի՝ խորան բարձրանալուց հետո սարկավագը հրավիրում է քահանային փառաբանության. 

Սարկաւագն. Օրհնեա՜, Տէ՛ր։
Քահանայն. Օրհնեալ թագաւորութիւնն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: 

Խորանի սպասաւորներից մեկը երգում է օրվա ժամամուտը։ Սուրբ Հարության օրերին (և պարզ կիրակիներին) ժամամուտը հետևյալն է. 

Միածի՛ն Որդի եւ Բա՛նդ Աստուած, եւ անմահ էութիւն, որ յանձն առեր մարմնանալ, ի սրբոհւոյ Աստուածածնէն եւ ի միշտ Կուսէն։ Անփոփոխելիդ մարդ եղեալ, խաչեցար Քրիստո՛ս Աստուած մեր, մահուամբ զմահ կոխեցեր։ Մինդ ի Սրբոյ Երրորդութէնէն, փառաւորակից ընդ Հօր եւ ընդ Սրբոյ Հոգւոյն կեցո՛ զմեզ։
Սարկաւագն. Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցո՛ւք, ընկա՛լ, կեցո՛ եւ ողորմեա՛: Օրհնեա՜, Տէ՛ր։
Քահանայն. Օրհնութիւն եւ փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: † Խաղաղութիւն ամենեցուն:
Դպիրքն. Եւ ընդ հոգւոյդ քում:
Սարկաւագն. Աստուծոյ երկիրպագեսցո՛ւք:
Դպիրքն. Առաջի քո, Տէ՛ր:
Քահանայն. Տէ՛ր Աստուած մեր, որոյ կարողութիւնդ անքնին է եւ փառքդ անհասանելի: Որոյ ողորմութիւնդ անչափ է եւ գթութիւնդ անբաւ: Դո՛ւ ըստ առատ մարդասիրութեանդ քում նայեաց ի ժողովուրդս քո եւ ի տաճարս յայս սուրբ: Եւ արա՛ ընդ մեզ եւ ընդ աղօթակիցս մեր առատապէս զողորմութիւն քո եւ զգթութիւն: Զի քեզ վայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: 

Երգչախումբը կամ սարկավագներից մեկը երգում է օրցա Ճաշու շարականը։


ՃԱՇՈՒ ՊԱՇՏՕՆ

Ճաշու շարականի ընթացքում պատարագիչը ցածրաձայն աղոթում է Եկեղեցու միասնության և ներկաների միաբանության համար։ Ապա վերցնելով Ավետարանը՝ հնչեցնում է աղոթքի վերջին տողը.

Քահանայն. ... Զի քո է կարողութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն: 

Այնուհետև, պատարագիչը սարկավագին է տալիս Սուրբ Ավետարանը։ Սարկավագը համբուրում է այն ու բարձր պահած երգում. «Պռօսխումէ... » (որ հունարոն նշանակում է «ուշադրություն»)։ Ապա մյուս սպասավորների հետ թափոր կազմած անցնում են  Սուրբ Սեղանի մյուս կողմը. Ներկաները ոտքի են կանգնում։
Երգչախումբը երգում է Երեքսրբյան շարականը.

Դպիրքն. Սո՛ւրբ Աստուած, սո՛ւրբ եւ հզօր՛, սո՛ւրբ եւ անմա՛հ, որ յարեար ի մեռելոց, ողորմեա՛ մէզ (երգվում է 3 անգամ)։ 

Երեքսրբյանի երգեցողության ընթացքում պատարագիչը ցածր աղոթում է եւ Աստծուց խնդրում «իմաստություն ու երկյուղածություն» համախմբված ժողովրդի համար։ Թափորը ավարտելով՝ սպասավորները ներկաներին հրավիրում են հանուն խաղաղության աղոթքի։
Ներկաներ կարող են նստել

Սարկաւագն. Եւ եւս խաղաղութեան, զՏէր աղաչեսցո՛ւք:
Դպիրքն. Տէ՛ր, ողորմեա՛:
Սարկաւագն. Վասն խաղաղութեան ամենայն աշխարհի եւ հաստատութեան սրբոյ եկեղեցւոյ, զՏէր աղաչեսցո՛ւք:
Դպիրքն. Տէ՛ր, ողորմեա՛:
Սարկաւագն. Վասն ամենայն սուրբ եւ ուղղափառ եպիսկոպոսաց, զՏէր աղաչեսցո՛ւք:
Դպիրքն. Տէ՛ր, ողորմեա՛:
Սարկաւագն. Վասն հայրապետին մերոյ Տեառն Տեառն (Անուն) Սըրբազնագոյն Կաթողիկոսի կենաց եւ փրկութեան հոգւոյ նորին, զՏէր աղաչեսցո՛ւք:
Դպիրքն. Տէ՛ր, ողորմեա՛:
Սարկաւագն. Վասն վարդապետաց, քահանայից, սարկաւագաց, դըպրաց եւ ամենայն ուխտի մանկանց եկեղեցւոյ, զՏէր աղաչեսցո՛ւք:
Դպիրքն. Տէ՛ր, ողորմեա՛:
Սարկաւագն. Վասն բարեպաշտ թագաւորաց եւ աստուածասէր իշխանաց, զօրավարաց եւ զօրաց նոցին, զՏէր աղաչեսցո՛ւք:
Դպիրքն. Տէ՛ր, ողորմեա՛:
Սարկաւագն. Վասն հոգւոցն հանգուցելոց, որք ճշմարիտ եւ ուղիղ հաւատով ի Քրիստոս ննջեցին, զՏէր աղաչեսցո՛ւք:
Դպիրքն. Յիշեա՛, Տէ՛ր եւ ողորմեա՛:
Սարկաւագն. Եւ եւս միաբան վասն ճշմարիտ եւ սուրբ հաւատոյս մերոյ, զՏէր աղաչեսցո՛ւք:
Դպիրքն. Տէ՛ր, ողորմեա՛:
Սարկաւագն. Զանձինս մեր եւ զմիմեանս Տեառն Աստուծոյ ամենակալին յանձն արասցո՛ւք:
Դպիրքն. Քեզ Տեառնդ յանձն եղիցո՛ւք:
Սարկաւագն. Ողորմեաց մեզ, Տէ՛ր Աստուած մեր, ըստ մեծի ողորմութեան քում ասասցո՛ւք ամենեքեան միաբանութեամբ:
Դպիրքն. Տէ՛ր, ողորմեա՛: (երգվում է 3 անգամ)։
Քահանայն. ...Զի ողորմած եւ մարդասէր ես Աստուած գոլով, եւ քեզ վայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: 

Այսուհետ սպսավորները ընթերցում են մարգարեական գիրքերից ու առաքելական թղթերից հատվածներ ըստ օրվա խորհրդի (որոշ եկեղեցիներում այս ընթերցումները զանց են առնվում)։ Ընթերցման եւ օրվա սաղոմոսի ավարտին ներկաները ոտքի են կանգնում, երբ սարկավագն ասում է. 

Սարկաւագն. Ալէլուիա: Օ՜րթի (ոտքի)։
Քահանայն. † Խաղաղութիւն ամենեցուն:
Դպիրքն. Եւ ընդ հոգւոյդ քում:
Սարկաւագն. Երկիւղածութեամբ լուարո՛ւք:
Քահանայն. Սրբոյ աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ ... (Ավետարանիչի անունը՝ ըստ օրվա ընթերցվածի)։
Դպիրքն. Փա՜ռք քեզ, Տէ՛ր Աստուած մեր:
Սարկաւագն. Պռօսխումէ... (ուշադրություն).
Դպիրքն. Ասէ Աստուած: 

Սարկավագը շրջվում է դեպի ժողովուրդը և երգելով կարդում է օրվա Ավետարանը։ Ընթերցման ավարտին շնորհակալությամբ փառաբանում ենք Աստծուն. 

Դպիրքն. Փա՜ռք քեզ, Տէ՛ր Աստուած մեր: 

Սարկավագը, Ավետարանից հետո կանգնում է քահանայի աջակողմը եւ գլխից վեր պահած Աստծո Խոսքը՝ ասում է Հավատամքը՝ Հավատի հանգանակը։
Ներկաները ձայնակցում են սպասավորներին.

Հաւատամք ի մի Աստուած, ի Հայրն Ամենակալ, յԱրարիչն երկնի եւ երկրի, երեւելեաց եւ աներեւութից։ Եւ ի մի Տէր Յիսուս Քրիստոս, Որդին Աստուծոյ, ծնեալն յԱստուծոյ Հօրէ, Միածին՝ այսինքն յէութենէ Հօր։ Աստուած յԱստուծոյ, Լոյս ի Լուսոյ, Աստուած ճշմարիտ յԱստուծոյ ճշմարտէ, ծնունդ եւ ոչ արարած։ Նոյն ինքն ի բնութենէ Հօր, որով ամենայն ինչ եղեւ յերկինս եւ ի վերայ երկրի, երեւելիք եւ աներեւոյթք։ Որ յաղագս մեր մարդկան եւ վասն մերոյ փրկութեան իջեալ ի յերկնից՝ մարմնացաւ, մարդացաւ, ծնաւ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ կուսէն Հոգւովն Սրբով։ Որով էառ զմարմին, զհոգի եւ զմիտ եւ զամենայն որ ինչ է ի մարդ, ճշմարտապէս եւ ոչ կարծեօք։ Չարչարեալ, խաչեալ, թաղեալ, յերրորդ աւուր յարուցեալ, ելեալ ի յերկինս նովին մարմնովն, նստաւ ընդ աջմէ Հօր։ Գալոց է նովին մարմնովն եւ փառօք Հօր՝ ի դատել զկենդանիս եւ զմեռեալս, որոյ թագաւորութեանն ոչ գոյ վախճան։
Հաւատամք եւ ի Սուրբ Հոգին՝ յանեղն եւ ի կատարեալն, որ խօսեցաւ յօրէնս եւ ի մարգարէս եւ յաւետարանս։ Որ էջն ի Հորդանան, քարոզեաց յառաքեալսն, եւ բնակեցաւ ի սուրբսն։
Հաւատամք եւ ի մի միայն, ընդհանրական եւ առաքելական սուրբ եկեղեցի, ի մի մկրտութիւն, յապաշխարութիւն, ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց։ Ի յարութիւն մեռելոց, ի դատաստանն յաւիտենից հոգւոց եւ մարմնոց, յարքայութիւնն երկնից եւ ի կեանսն յաւիտենականս։

Սարկաւագն. Իսկ որք ասենն՝ էր երբեմն յորժամ ոչ էր Որդին, կամ էր երբեմն յորժամ ոչ էր Սուրբ Հոգին, կամ թէ յոչէից եղեն կամ յայլմէ էութենէ ասեն լինել զՈրդին Աստուծոյ եւ կամ զՍուրբ Հոգին եւ թէ փոփոխելիք են կամ այլայլելիք, զայնպիսիսն նզովէ կաթուղիկէ եւ առաքելական սուրբ Եկեղեցի:
Քահանայն. Իսկ մեք փառաւորեսցուք, որ յառաջ քան զյաւիտեանս, երկիրպագանելով սրբոյ Երրորդութեանն եւ մի Աստուածութեանն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: 

Հավատամքից հետո սպասավորները հրավիրում են ժողովրդին խնդրանքների աղոթքի. Պատարագիչը ծածուկ աղօթում է։ Ներկաները կարող են նստել. 

Սարկաւագն. Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցո՛ւք:
Դպիրքն. Տէ՛ր, ողորմեա՛:
Սարկաւագն. Եւ եւս հաւատով աղաչեսցո՛ւք եւ խնդրեսցուք ի Տեառնէ Աստուծոյ եւ ի փրկչէն մերմէ Յիսուսէ Քրիստոսէ՝ ի ժամուս պաշտաման եւ աղօթից, զի արժանի ընդունելութեան արասցէ: Լուիցէ Տէր ձայնի աղաչանաց մերոց, ընկալցի զխնդրուածս սրտից մերոց, թողցէ զյանցանս մեր, ողորմեսցի ի վերայ մեր: Աղօթք մեր եւ խնդրուածք յամենայն ժամ մտցեն առաջի մեծի տէրութեան նորա, եւ նա տացէ մեզ միաբան, միով հաւատով եւ արդարութեամբ վաստակիլ ի գործս բարիս, զի զողորմութեան զշնորհսն իւր արասցէ ի վերայ մեր: Տէրն ամենակալ կեցուսցէ եւ ողորմեսցի:
Դպիրքն. Կեցո՛, Տէ՛ր:
Սարկաւագն. Զժամ սուրբ պատարագիս եւ զառաջակայ օրս խաղաղութեամբ անցուցանել հաւատով, ի Տեառնէ խնդրեսցո՛ւք:
Դպիրքն. Շնորհեա՛, Տէ՛ր:
Սարկաւագն. Զհրեշտակ խաղաղութեան պահապան անձանց մերոց ի Տեառնէ խնդրեսցո՛ւք:
Դպիրքն. Շնորհեա,՛ Տէ՛ր:
Սարկաւագն. Զքաւութիւն եւ զթողութիւն յանցանաց մերոց ի Տեառնէ խնդրեսցո՛ւք:
Դպիրքն. Շնորհեա,՛ Տէ՛ր:
Սարկաւագն. Զսրբոյ խաչին մեծ եւ կարող զօրութիւնն յօգնութիւն անձանց մերոց ի Տեառնէ խնդրեսցո՛ւք:
Դպիրքն. Շնորհեա՛, Տէ՛ր:
Սարկաւագն. Եւ եւս միաբան վասն ճշմարիտ եւ սուրբ հաւատոյս մերոյ, զՏէր աղաչեսցո՛ւք:
Դպիրքն. Շնորհեա՛, Տէ՛ր:
Սարկաւագն. Զանձինս մեր եւ զմիմեանս Տեառն Աստուծոյ ամենակալին յանձն արասցուք:
Դպիրքն. Քե՛զ, Տեառնդ յանձն եղիցո՛ւք:
Սարկաւագն. Ողորմեաց մեզ, Տէ՛ր Աստուած մեր, ըստ մեծի ողորմութեան քում ասասցո՛ւք ամենեքեան միաբանութեամբ:
Դպիրքն. Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:
Քահանայն. ... Որպէսզի արժանաւորք եղիցուք գոհութեամբ փառաւորել զքեզ ընդ Հօր եւ Սուրբ Հոգւոյդ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: 
† Խաղաղութիւն ամենեցուն:
Դպիրքն. Եւ ընդ հոգւոյդ քում:
Սարկաւագն. Աստուծոյ երկրպագեսցո՛ւք:
Դպիրքն. Առաջի քո, Տէ՛ր:
Քահանայն. Խաղաղութեամբ քով Քրիստոս փրկիչ մեր, որ ի վեր է քան զամենայն միտս եւ զբանս, ամրացո զմեզ եւ աներկիւղ պահեա յամենայն չարէ: Հաւասարեա զմեզ ընդ ճշմարիտ երկրպագուս քո, որք հոգւով եւ ճշմարտութեամբ քեզ երկիրպագանեն: Վասն զի ամենասուրբ Երրորդութեանդ վայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:
Սարկաւագն. Օրհնեա՛, Տէ՛ր:
Քահանայն. † Տէր Աստուած օրհնեսցէ զամենեսեան:
Դպիրքն. Ամէն: 

Սարկավագը մոտենում է պատարագիչ քահանային եւ օգնում է հանել թագը, լանջախաչը. քահանան հանում է հողաթափերը։ Այսպիսով քահանան ցույց է տալիս, որ ինքն այլևս Պատարագին ներկա է որպես Քրիստոսի սպասավոր։

Սարկաւագն. Մի՛ ոք յերախայից, մի՛ ոք ի թերահաւատից, եւ մի՛ ոք յապաշխարողաց եւ յանմաքրից մերձեսցի յաստուածային խորհուրդս։
Դպիրքն. Մարմին տէրունական, եւ արիւն փրկչական, կայ առաջի երկնային զօրութիւնքն յաներեւոյթս, երգեն եւ ասեն անհանգիստ բարբառով. Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց:


ԲՈՒՆ ՊԱՏԱՐԱԳ

Սկսվում է Բուն Պատարագի կանոնը՝ Փրկչի Մարմնի եւ Արյան զոհաբերության խորհուրդը։ Պատարագիչը մի փոքր հեռանում է Սուրբ Սեղանին և սկսում է ծածուկ ընթերցել Վերաբերման աղոթքը։ Սպասավորները պատրաստվում են Սկիհի Վերաբերման թափորին։ Սարկավագը հրավիրում է ներկաներին փառաբանության.

Սարկաւագն. Սաղմոս ասացէ՛ք Տեառն Աստուծոյ մերում, դպի՛րք, ձայնիւ քաղցրութեամբ զերգս հոգեւորս:
Դպիրքն. Հրեշտակային կարգաւորութեամբ լցեր, Աստուա՛ծ, զքո սուրբ զԵկեղեցի: Հազարք հազարաց հրեշտակապետք կան առաջի քոյ եւ բիւրք բիւրոց հրեշտակք պաշտեն զքեզ, Տէ՛ր. եւ ի մարդկանէ հաճեցար ընդունիլ զօրհնութիւն ձայնիւ խորհրդականաւ. Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Տէ՛ր զօրութեանց։ 

Մինչ դպիրները երգում են, սարկավագը խնկարկում է Սուրբ Սեղանը, եւ խորհրդանոցը, որտեղ գտնվում է ընծաներով սկիհը։ Ապա, ցածր ձայնով սաղմոսներ ասելով՝ վերցնում է սկիհը ու գլխից վեր բռնած թափորով ձախ կողմից տանում է աջակողմ։ Հասնելով պատարագիչին՝ կանգնում է նրա դիմաց։ Քահանան խնկարկում է սկիհը և փոխնիփոխ ասում են Սաղմոս 23։7-10-ը։ 

Սարկաւագն. Համբարձէ՛ք, իշխանք զդրունս ձեր ի վեր. համբարձցին դրունք յաւիտենից եւ մտցէ թագաւոր փառաց:
Քահանայն. Ո՞վ է սա թագաւոր փառաց, Տէր հզօր զօրութեամբ իւրով, Տէր կարող ի պատերազմի:
Սարկաւագն. Համբարձէ՛ք, իշխանք զդրունս ձեր ի վեր. համբարձցին դրունք յաւիտենից եւ մտցէ թագաւոր փառաց:
Քահանայն. Ո՞վ է սա թագաւոր փառաց, Տէր զօրութեանց:
Սարկաւագն. Սա ինքն է թագաւոր փառաց: 

Թափորի ավարտին պատարագիչը խոնարհվում է և վերցնելով ընծաները (հացը և գինին)՝ Սուրբ Սկիհով օրհնում է ժողովրդին ու ասում. 

Քահանայն. Օրհնեալ եկեալ անուամբ Տեառն, օրհնեալ որ գալոցդ ես, օրհնութիւն ի բարձանս։

Ապա պատարագիչը խորանի վրա է դնում սկիհը, խնկարկում է ընծաները, լվանում է իր մատները ու ինքն իրեն պատրաստում է հաջորդող կարևոր գործողություններին։ Հավատացյալները կարող են նստել։ Սպասավորները ներկաներին հորդորում են Սուրբ Խորհրդին հետևել երկյուղով և զգուշությամբ. 

Սարկաւագն. Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցո՛ւք:
Դպիրքն. Տէ՛ր, ողորմեա՛:
Սարկաւագն. Եւ եւս հաւատով եւ սրբութեամբ կացցո՛ւք յաղօթս առաջի սրբոյ սեղանոյս Աստուծոյ ահիւ. մի՛ խղճիւ եւ գայթակղութեամբ, մի՛ նենգութեամբ, խորամանկութեամբ, մի՛ պատրանօք եւ խաբէութեամբ, մի՛ երկմտութեամբ եւ մի՛ թերահաւատութեամբ: Այլ ուղիղ վարուք, պարզ մտօք, միամիտ սրտիւ, կատարեալ հաւատով, լցեալ սիրով, լի եւ առաւելեալ ամենայն գործովք բարութեան, կացցո՛ւք յաղօթս առաջի սրբոյ սեղանոյս Աստուծոյ եւ գտցո՛ւք զողորմութեան զշնորհս, յաւուր յայտնութեան եւ ի միւս անգամ գալստեան Տեառն մերոյ եւ փրկչին Յիսուսի Քրիստոսի: Կեցուսցէ՛ եւ ողորմեսցի՛։
Դպիրքն. Կեցո՛, Տէ՛ր եւ ողորմեա՛:
Քահանայն. ... Շնորհօք եւ մարդասիրութեամբ Տեառն մերոյ եւ փրկչին Յիսուսի Քրիստոսի, ընդ որում քեզ Հօր, միանգամայն եւ Հոգւոյդ Սրբոյ, վայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: † Խաղաղութիւն ամենեցուն:
Դպիրքն. Եւ ընդ հոգւոյդ քում:
Սարկաւագն. Աստուծոյ երկրպագեսցո՛ւք:
Դպիրքն. Առաջի քո, Տէ՛ր:
Սարկաւագն. Ողջոյն տո՛ւք միմեանց ի համբոյր սրբութեան, եւ որք ոչ էք կարողք հաղորդիլ աստուածային խորհրդոյս, առ դրունս ելէ՛ք եւ աղօթեցէ՛ք:

Պատարագիչը ձեռնամած աղոթում է, ապա մասամբ բացում նշխարի ծածկոցը։ Սարկավագը հրավիրում է ներկաներին ողջունել Քրիստոսի մուտքը Պատարագի մեջ։ Սարկավագը Սկիհը խնկարկելուց հետո համբուրում է Սուրբ Սեղանը, ապա քահանային աջը, նրանից ստանում ողջույնը և խորանց իջնելով՝ ողջույնը փոխանցում է մյուս քահանաներին ու հավատացյալներոին։ Այս ընթացում ամեն մարդ ոտքի է կանգնում, և երգչախումբը երգում է. 

Դպիրքն. Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ. Որ Էնն Աստուած աստ բազմեցաւ: Խաղաղութեան ձայն հնչեցաւ. Սուրբ ողջունի հրաման տուաւ: Եկեղեցիս մի անձն եղեւ, համբոյրս յօդ լրման տուաւ: Թշնամութիւնն հեռացաւ, սէրն յընդհանուրս սփռեցաւ. արդ պաշտօնեայք բարձեալ զձայն, Տո՛ւք զօրհնութիւն ի մի բերան միասնական Աստուածութեանն, որում սրովբէքն են սրբաբան։ 

Հավատացյալները ստանում ու իրար են փոխանցում սրբության համբոյրը և ողջունելով օրհնաբանում են Քրիստոսին: Ողջունող անձը պետք է ասի՝ «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ» (թրգմն.՝ Քրիստոս մեր մեջ հայտնվեց), իսկ ողջույն ստացողը ասում է՝ «Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի» (թրգմն.՝ Օրհնյալ թող լինի Քրիստոսի հայտնությունը):

Սարկաւագն. Ահիւ կացցո՛ւք, երկիւղիւ կացցո՛ւք, բարւոք կացցո՛ւք, եւ նայեցարո՛ւք զգուշութեամբ:
Դպիրքն. Ա՛ռ քեզ Աստուած:
Սարկաւագն. Պատարագ Քրիստոս մատչի անարատ գառն Աստուծոյ:
Դպիրքն. Ողորմութիւն եւ խաղաղութիւն եւ պատարագ օրհնութեան:
Քահանայն. Շնորհք, սէր եւ աստուածային սրբարար զօրութիւնն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ,
† եղիցի՛ ընդ ձեզ ընդ ամենեսեանդ:
Դպիրքն. Ամէն: Եւ ընդ հոգւոյդ քում:
Սարկաւագն. Զդրունս, զդրունս. Ամենայն իմաստութեամբ եւ զգուշութեամբ: Ի վեր ընծայեցուցէ՛ք զմիտս ձեր աստուածային երկիւղիւ։
Դպիրքն. Ունիմք առ քեզ, Տէ՛ր ամենակալ:
Սարկաւագն. Եւ գոհացարո՛ւք զՏեառնէ բոլորով սրտիւ:
Դպիրքն. Արժան եւ իրաւ:

Պատարագիչը ցածրաձայն շարունակում է Գոհաբանական աղոթքը և հասնելով առաջին մասի ավարտին՝ բարձրաձայն հրավիրում է Պատարագին ներկա հրեշտակների հետ միասին փառաբանել Աստծուն։ 

Քահանայն. ... Եւ ընդ սերովբէսն եւ ընդ քերովբէսն, միաձայն սրբասացութեամբ յօրինել նուագս, եւ համարձակապէս գոչելով աղաղակել ընդ նոսին եւ ասել.
Դպիրքն. Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ Տէ՛ր զօրութեանց. լի են երկինք եւ երկիր փառօք քո: Օրհնութիւն ի բարձունս: Օրհնեալդ որ եկիր եւ գալոցդ ես անուամբ Տեառն: Ովսաննա՜ ի բարձունս։ 

Քանի դեռ Եկեղեցին երգում է «Սուրբ-սուրբ»-ը, պատարագիչը ցածր ձայնով շարունակում է Գոհաբանության աղոթքը, ապա բացում է սկիհի ծածկոցը, վերցնում նշխարը (հացը), օրհնում, չորս կողմից խաչաձև կտրում է և գլխից վեր պահելով՝ բարձրաձայն ասում.

Քահանայն. ԱՌԷ՛Ք, ԿԵՐԷ՛Ք ԱՅՍ Է ՄԱՐՄԻՆ ԻՄ, ՈՐ ՎԱՍՆ ՁԵՐ ԵՒ ԲԱԶՄԱՑ ԲԱՇԽԻ, Ի ՔԱՒՈՒԹԻՒՆ ԵՒ Ի ԹՈՂՈՒԹԻՒՆ ՄԵՂԱՑ:
Դպիրքն. Ամէն:
Քահանայն. ԱՐԲԷ՛Ք Ի ՍՄԱՆԷ ԱՄԵՆԵՔԵԱՆ, ԱՅՍ Է ԱՐԻՒՆ ԻՄ ՆՈՐՈՅ ՈՒԽՏԻ, ՈՐ ՅԱՂԱԳՍ ՁԵՐ ԵՒ ԲԱԶՄԱՑ ՀԵՂԱՆԻ, Ի ՔԱՒՈՒԹԻՒՆ ԵՒ Ի ԹՈՂՈՒԹԻՒՆ ՄԵՂԱՑ:
Դպիրքն. Ամէն. Հա՛յր երկնաւոր, որ զՈրդիդ քո ետուր ի մահ վասն մեր պարտապան պարտեաց մերոց, հեղմամբ արեան նորա, աղաչեմք զքեզ, ողորմեա՛ քո բանաւոր հօտի:
Քահանայն. ... Եւ զքոյս ի քոյոց քեզ մատուցանեմք ըստ ամենայնի եւ յաղագս ամենեցուն:
Դպիրքն. Յամենայնի օրհնեալ ես Տէր. Օրհնեմք զքեզ գովեմք զքեզ. գոհանամք զքէն. աղաչեմք զքեզ Տէր Աստուած մեր:
Քահանայն. † Խաղաղութիւն ամենեցուն:
Դպիրքն. Եւ ընդ հոգւոյդ քում:
Սարկաւագն. Աստուծոյ երկրպագեսցո՛ւք:
Դպիրքն. Առաջի քո, Տէ՛ր: Որդի՛ Աստուծոյ, որ պատարագեալ Հօր ի հաշտութիւն, հաց կենաց բաշխիս ի մեզ. հեղմամբ արեան քո սուրբ, աղաչեմք զքեզ, ողորմեա՛ արեամբ քով փրկեալ հօտի:
Քահանայն. ... Որպէս զի եղիցի սա ամենեցուն մեզ մերձեցելոցս, յանդատապարտութիւն, ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց:
Դպիրքն. Հոգի՛ Աստուծոյ, որ զփառակցի քո զխորհուրդ իջեալ ի յերկնից կատարես ի ձեռն մեր, հեղմամբ արեան սորա, աղաչեմք զքեզ, հանգո՛ զհոգիս մեր ննջեցելոց: 

Ողջ աշխարհի համար ծածուկ աղոթելուց հետ պատարագիչը բարձրաձայն դիմում է Սուրբ Հոգուն՝ որպեսզի Իր ներկայությամբ լցնի Սուրբ Եկեղեցին և մասնակցի հատուկ հիշատակություններին, որոնց ընթացքում հիշվում են Եկեղեցու սրբերը։ Այս պահին խորանի բոլոր սպասավորները գնում են Սուրբ Սեղանի աջ կողմը։
Հավատացյալ ժողովուրդը կարող է նստել

Քահանայն. ... Ընդ որս եւ մեզ այց արասցես, բարերա՛ր Աստուած, աղաչեմք:
Դպիրքն. Յիշեա՛, Տէ՛ր եւ ողորմեա՛։
Քահանայն. Աստուածածնին Սրբոյ Կուսին Մարիամու եւ Յովհաննու Մկրտչին, Ստեփանոսի Նախավկային, եւ ամենայն սրբոց, եղիցի՛ յիշատակ ի սուրբ պատարագս, աղաչեմք:
Դպիրքն. Յիշեա՛, Տէ՛ր եւ ողորմեա՛:
Սարկաւագն. Առաքելոց սրբոց, մարգարէից, վարդապետաց մարտիրոսաց, եւ ամենայն հայրապետաց սրբոց, առաքելագործ եպիսկոպոսաց, երիցանց, ուղղափառ սարկաւագաց, եւ ամենայն սրբոց, եղիցի՛ յիշատակ ի սուրբ պատարագս, աղաչեմք:
Դպիրքն. Յիշեա՛, Տէ՛ր եւ ողորմեա՛:
Սարկաւագն. Օրհնեալ, գովեալ եւ փառաւորեալ, հրաշալի եւ աստուածազարդ յարութեանն Քրիստոսի երկիրպագանեմք:
Դպիրքն. Փա՜ռք Յարութեան քո, Տէ՛ր:
Սարկաւագն. Առաջնորդացն մերոց եւ առաջին լուսաւորչացն, սրբոցն Թադէոսի եւ Բարթուղիմէոսի առաքելոցն, եւ Գրիգորի Լուսաւորչին, Արիստակիսի, Վրթանիսի, Յուսկանն, Գրիգորիսի, Ներսիսի, Սահակայ, Դանիէլի եւ Խադայ, Մեսրոպայ վարդապետին, եւ Գրիգորի Նարեկացւոյն եւ Ներսիսի Կլայեցւոյն, Յովհաննու Որոտնեցւոյն եւ Գրիգորի եւ Մովսիսի Տաթեւացեացն, եւ սրբոց Գրիգորիսեանց եւ Ներսիսեանց, հովուաց եւ հովուապետացն հայաստանեայց, եղիցի յիշատակ ի սուրբ պատարագս, աղաչեմք:
Դպիրքն. Յիշեա՛, Տէ՛ր եւ ողորմեա՛:
Սարկաւագն. Միանձնացելոց սրբոց, առաքինասէր եւ աստուածուսոյց կրօնաւորացն՝ Պօղոսի, Անտօնի, Պօղայ, Մակարայ, Ոնոփրիոսի, Աբբայ Մարկոսի, Սրապիոնի, Նեղոսի, Արսենի, Եւագրի, Պարսամայ, Յովհաննիսեանց եւ Սիմէոնեանց, սրբոց Ոսկեանց եւ Սուքեասեանց, եւ ամենայն սրբոց հարց եւ աշակերտելոց նոցին ընդ տիեզերս, եղիցի՛ յիշատակ ի սուրբ պատարագս, աղաչեմք:
Դպիրքն. Յիշեա՛, Տէ՛ր եւ ողորմեա՛:
Սարկաւագն. Թագաւորաց հաւատացելոց, սրբոցն Աբգարու, Կոստանդիանոսի, Տրդատայ, եւ Թէոդոսից, եւ ամենայն սուրբ եւ բարեպաշտ թագաւորաց եւ աստուածասէր իշխանաց, եղիցի՛ յիշատակ ի սուրբ պատարագս, աղաչեմք:
Դպիրքն. Յիշեա՛, Տէ՛ր եւ ողորմեա՛:
Սարկաւագն. Ընդհանուր ամենայն հաւատացելոց, արանց եւ կանանց, ծերոց եւ տղայոց, եւ ամենայն չափու հասակի հաւատով եւ սրբութեամբ ի Քրիստոս ննջեցելոցն, եղիցի՛ յիշատակ ի սուրբ պատարագս, աղաչեմք:
Դպիրքն. Յիշեա՛, Տէ՛ր եւ ողորմեա՛: 

Սրբերի խմբերի հիշատակությունից հետո պատարագիչը հիշատակում է նաև բոլոր ողջերին։ Այս պահին խորանի սպասավորները տեղափոխվում են Սուրբ Սեղանի ձախ կողմը։ Ներկաները ոտքի են կանգնում

Քահանայն. ...Եւս առաւել զեպիսկոպոսապետն մեր եւ զպատուական Հայրապետն Ամենայն Հայոց զՏէր (այս անուն) սրբազնագոյն Կաթողիկոսն, եւ վիճակիս բարեխնամ առաջնորդն զՏէր (այս անուն) սրբազան (արք)եպիսկոպոսն, շնորհեսցես մեզ ընդ երկայն աւուրս ուղիղ վարդապետութեամբ:
Դպիրքն. Ամէն։
Քահանայն. Նաեւ զՀանրապետութիւն Հայաստան աշխարհիս եւ ժողովուրդն Հայոց զօրացուսցե՛ս եւ պահպանեսցե՛ս յամայր ամս ընդ հովանեաւ ամենազօր Աջոյ Քո ի շինութեան, ի խաղաղութեան եւ յանսասանութեան:
Դպիրքն. Ամէն։
Սարկաւագն. Գոհութիւն եւ փառաբանութիւն մատուցանեմք զքեզ, Տէ՛ր Աստուած մեր, վասն սուրբ եւ անմահ պատարագիս, որ ի վերայ սրբոյ սեղանոյս, զի զսա մեզ ի սրբութիւն կենդանութեան պարգեւեսցես: Սովաւ շնորհա՛ զսէր, զհաստատութիւն եւ զըղձալի խաղաղութիւն ամենայն աշխարհի, սրբոյ եկեղեցւոյ եւ ամենայն ուղղափառ եպիսկոպոսաց, եպիսկոպոսապետին մերոյ եւ պատուական հայրապետին ամենայն հայոց, տեառն, տեառն (այս անուն) սրբազնագոյն կաթողիկոսի եւ առաջնորդին մերում վիճակի տեառն (այս անուն) սրբազան եպիսկոպոսի եւ քահանայիս, որ զպատարագս մատուցանէ։ Եւ վասն զօրութեանց եւ յաղթութեանց թագաւորաց Քրիստոնէից եւ իշխանացն բարեպաշտից աղաչեսցո՛ւք: Եւ խնդրեսցո՛ւք եւ վասն հոգւոցն հանգուցելոց: Եւս առաւել վասն հանգուցեալ րաբունապետացն մերոց, եւ շինողաց սրբոյ եկեղեցւոյս, եւ որք ընդ հովանեաւ սորին են հանգուցեալ: Ազատութիւ՜ն եղբարց մերոց գերելոց եւ շնորհ առաջիկայ ժողովրդեանս: Հանգիստ հաւատով եւ սրբութեամբ ի Քրիստոս կատարելոցն: Եղիցի՛ յիշատակ ի սուրբ պատարագս աղաչեմք:
Դպիրքն. Ըստ ամենայնի եւ յաղագս ամենեցուն:
Քահանայն. ...Եւ եղիցի ողորմութիւն մեծիս Աստուծոյ եւ փրկչիս մերոյ Յիսուսի Քրիստոսի, ընդ ձեզ ընդ ամենեսեանդ: 

Երգչախումբը և խորանի սպասավորները աղոթական երկխոսությամբ երգում են։
Ներկաները նստում են

Դպիրքն. Ամէն: Եւ ընդ հոգւոյդ քում:
Սարկաւագն. Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցո՛ւք:
Դպիրքն. Տէ՛ր, ողորմեա՛:
Սարկաւագն. Ամենայն սրբովք զորս յիշատակեցաք եւս առաւելապէս, զՏէր աղաչեսցո՛ւք:
Դպիրքն. Տէ՛ր, ողորմեա՛:
Սարկաւագն. Վասն մատուցեալ սուրբ եւ աստուածային անմահ պատարագիս, որ ի վերայ սրբոյ սեղանոյս, զՏէր աղաչեսցո՛ւք:
Դպիրքն. Տէ՛ր, ողորմեա՛:
Սարկաւագն. Որպէս զի Տէր Աստուած մեր, որ ընկալաւ զսա ի սուրբ, յերկնային եւ յիմանալի իւր մատուցարանն, զփոխանակն առաքեսցէ առ մեզ զշնորհս եւ զպարգեւս Հոգւոյն Սրբոյ, զՏէր աղաչեսցո՛ւք:
Դպիրքն. Տէ՛ր, ողորմեա՛:
Սարկաւագն. Ընկա՛լ, կեցո՛ եւ ողորմեա՛, եւ պահեա զմեզ Տէ՛ր, քոյին շնորհիւդ:
Դպիրքն. Յիշեա՛, Տէ՛ր եւ ողորմեա՛:
Սարկաւագն. Զամենասրբուհի զԱստուածածինն զմիշտ կոյսն Մարիամ հանդերձ ամենայն սրբովք յիշելով, զՏէր աղաչեսցո՛ւք:
Դպիրքն. Յիշեա՛, Տէ՛ր, եւ ողորմեա՛: Տէ՛ր, ողորմեա.՛ Քեզ Տեառնդ յանձն եղիցո՛ւք. Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛: 

Պատարագիչը կամ հոգեւորականներից մեկը քարոզում է։
Քարոզի ավարտին հավատացյալները ոտքի են կանգնում երգելու համար «Հայր մեր»-ը։ Սարկավագը խնկարկում է եկեղեցին։ 

Քահանայն. ...Եւ տո՛ւր մեզ համարձակաձայն բարբառով բանալ զբերանս մեր, կարդալ զքեզ, երկնաւո՛րդ Հայր, երգել եւ ասել։
Դպիրքն. Հա՛յր մեր որ յերկինս ես, սուրբ եղիցի՛ անուն քո. եկեսցէ՛ արքայութիւն քո. եղիցի՛ն կամք քո. որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր. եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց. եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն. այլ փրկեա՛ ի չարէ:
Քահանայն. ...Զի քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն: † Խաղաղութիւն ամենեցուն:
Դպիրքն. Եւ ընդ հոգւոյդ քում:
Սարկաւագն. Աստուծոյ երկրպագեսցո՛ւք:
Դպիրքն. Առաջի քո, Տէ՛ր:
Քահանայն. ...Քրիստոսիւ Յիսուսիւ տէրամբ մերով, ընդ որում քեզ Հոգւոյդ Սրբոյ եւ Հօր ամենակալի, վայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Սարկաւագն. Պռօսխումէ՛ (ուշադրություն)։
Քահանայն. Ի սրբութիւն սրբոց:
Դպիրքն. Միայն սուրբ, միայն Տէր, Յիսո՛ւս Քրիստոս, ի փառս Աստուծոյ Հօր: Ամէն:
Քահանայն. Օրհնեալ Հա՛յր Սուրբ, Աստուած ճշմարիտ:
Դպիրքն. Ամէն։
Քահանայն. Օրհնեալ Որդի՛դ Սուրբ, Աստուած ճշմարիտ:
Դպիրքն. Ամէն։
Քահանայն. Օրհնեալ Հոգի՛դ Սուրբ, Աստուած ճշմարիտ:
Դպիրքն. Ամէն։
Քահանայն. Օրհնութիւն եւ փառք Հօր եւ Որդւոյ եւ Սրբոյ Հոգւոյն, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Դպիրքն. Ամէն։ Հա՛յր Սուրբ. Որդի՛դ Սուրբ. Հոգի՛դ Սուրբ: Օրհնութիւն Հօր եւ Որդւոյ եւ Սրբոյ Հոգւոյն, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն: 

Մինչ երգչախումբը երգում է, պատարագիչը աղոթում է ցածրաձայն, ապա համբուրում է Սուրբ Սեղանը և վերցնելով Քրիստոսի Մարմինը՝ Այն ամբողջովին թաթախում է Արյան մեջ։ Ծածուկ աղոթքն աւվարտելով՝ քահանան շրջվում է դեպի ժողովուրդը և սկիհը նրանց պարզելով՝ ասում է.

Քահանայն. ...Ի սուրբ, ի սուրբ, պատուական Մարմնոյ եւ յԱրենէ Տեառն մերոյ եւ փրկչին Յիսուսի Քրիստոսի՝ ճաշակեսցո՛ւք սրբութեամբ. որ իջեալ ի յերկնից բաշխի ի միջի մերում: † Սա՛ է կեանք, յո՛յս, յարութի՛ւն, քաւութի՛ւն եւ թողութի՛ւն մեղաց: Սաղմոս ասացէ՛ք Տեառն Աստուծոյ մերում. Սաղմոս ասացէ՛ք երկնաւոր թագաւորիս մերում անմահի, որ նստի ի կառս քերովբէականս: 

Պատարագիչը վերադառնում է Սուրբ Սեղանի մոտ և վարագույրը փակվում է, քանի որ դարձյալ սրբազան մի պահ է։ Հավատացյալները նստում են կամ ծնկում։ Որոշ եկեղեցիներում այս պահին կատարվում է մեղքերի ընդհանրական խոստովանությունը։

Սարկաւագն եւ դպիրքն. Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:
Ամենասո՛ւրբ Երրորդութիւն, տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն:
Եւ հիւանդաց բժշկութիւն, ննջեցելոց արքայութիւն:
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Յիսուս Փրկիչ մեզ ողորմեա:
Սարկաւագն. Սուրբ եւ անմահ պատարագիս միջնորդութեամբ:
Դպիրքն. Ընկա՛լ, Տէ՛ր, եւ ողորմեա՛։ 

Այս ընթացքում վարագույրի ետևը պատարագիչը վերցնում է Արյամբ թաթախված Մարմինը, այն խաչաձև բաժանում է չորս մասի և ասում. «Սուրբ Հոգու լրումը», ապա կտրված նշխարի չորս մասերից երեքը սկիհի մեջ դնելով՝ ծածուկ աղոթում է՝ ձեռքին պահած մեկ բաժին։ Սարկավագները հրավիրում են ժողովրդին սաղմոսասացության. 

Սարկաւագն. Սաղմոս ասացէ՛ք Տեառն Աստուծոյ մերում, դպի՛րք, ձայնիւ քաղցրութեամբ զերգս հոգեւորս: Զի սմա վայելեն սաղմոսք եւ օրհնութիւնք, ալէլուք եւ երգք հոգեւորք: Պաշտօնեա՛յք, հանդերձ երգօք սաղմոս ասացէ՛ք եւ զՏէր յերկինս օրհնեցէ՛ք:
Դպիրքն. Օրհնեա՜լ է Աստուած: Քրիստոս պատարագեալ բաշխի ի միջի մերում: Ալէլուիա: Զմարմին իւր տայ մեզ կերակուր եւ սուրբ զարիւնն իւր ցօղէ ի մեզ: Ալէլուիա: Մատի՛ք առ Տէր եւ առէ՛ք զլոյս: Ալէլուիա: Ճաշակեցէ՛ք եւ տեսէ՛ք զի քաղցր է Տէր: Ալէլուիա: Օրհնեցէ՛ք զՏէր յերկինս: Ալէլուիա: Օրհնեցէ՛ք զնա ի բարձունս: Ալէլուիա: Օրհնեցէ՛ք զնա ամենայն հրեշտակք նորա: Ալէլուիա: Օրհնեցէ՛ք զնա ամենայն զօրութիւնք նորա: Ալէլուիա։

Վարագոյրին ետևում պատարագիչը երկյուղածությամբ հաղորդվում է, ապա սարկավագը նրան կամ երկա մեկ այլ հոգևորականի է մոտեցնում «մաս» կոչվող հացը՝ օրհնելու և Պատարագի ավարտին ժողովրդին բաժանելու համար։ Երբ վարագույրը բացվում է, ներկաները ոտքի են կանգնում, և խորանի սպասավորները պատրաստ հավատացյալներին հրավիրում են Սուրբ Հաղորդության. 

Սարկաւագն. Երկիւղիւ եւ հաւատով յառաջ մատի՛ք եւ սրբութեամբ հաղորդեցարո՛ւք: Ասացէ՛ք մեղայ Աստուծոյ, հաւատամք ի Հայր Սուրբ Աստուած ճշմարիտ, հաւատամք յՈրդին Սուրբ Աստուած ճշմարիտ, հաւատամք եւ ի Հոգին Սուրբ Աստուած ճշմարիտ: Խոստովանիմք եւ հաւատամք, զի սա է ճշմարիտ, կենդանի, եւ կենդանարար Մարմին եւ Արիւն Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի, որ բառնայ զմեղս աշխարհի: 

Պատարագիչը ծնկի է գալիս և խորանից բաշխում է Սուրբ Հաղորդությունը։ Դպիրները այս պահին հատուկ շարական է երգում։ Հավատացյալները շարք կազմած մոտենում ու հավատքով ընդունում են Քրիստոսի փոխարկված Մարմինը եւ Արյունը, որը պատարագիչը դնում է նրանց բերանին մեջ։ Հաղորդվող անձն այդ պահին պետք է խաչակնքի և ասի  «Մեղա Աստծո» (թրգմն.՝ Մեղավոր եմ Աստծո առջև) բառերը, որին ի պատասխան պատարագիչն ասում է. «Տիրոջ Մարմինը և Արյունը թող թողություն լինեն քո մեղքերի համար»: Սուրբ Հաղորդության ավարտին երգչախումբը երգում է. 

Դպիրքն. Աստուած մեր, եւ Տէր մեր, երեւեցաւ մեզ. օրհնեալ, եկեալ անուամբ Տեառն:
Քահանայն. Կեցո՛, Տէ՛ր, զժողովուրդս քո եւ օրհնեա՛ զժառանգութիւնս քո: Հովուեա՛ եւ բարձրացո՛ զսոսա յայսմհետէ մինչեւ յաւիտեան (Սաղմոս 27։9)։


ԱՐՁԱԿՈՒՄ

Վարագույրը վերջին անգամ փակվում է և հավատացյալները կարող են նստել. այս ընթացքում երգչախումբը փառաբանական շարականներ է երգում, իսկ պատարագիչը, Սուրբ Երրորդությանը շնորհակալություն հայտնելով, ճաշակում է Հաղորդության մնացորդը։ Ապա  լվանում է սկիհն ու իր մատները և նորից զգեստավորվելով՝ պատրաստվում է խորանից իջնելու։

Դպիրքն. Լցաք ի բարութեանց քոց, Տէ՛ր, ճաշակելով զմարմին քո եւ զարիւն: Փա՜ռք ի բարձունս կերակրողիդ զմեզ: Որ հանապազ կերակրես զմեզ, առաքեա՛ ի մեզ զհոգեւոր քո զօրհնութիւն: Փա՜ռք ի բարձունս կերակրողիդ զմեզ:
Սարկաւագն. Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցո՛ւք:
Դպիրքն. Տէ՛ր, ողորմեա՛:
Սարկաւագն. Եւ եւս հաւատով ընկալեալք յաստուածային, սուրբ, երկնային, անմահ, անարատ եւ անապական խորհրդոյս, զՏեառնէ գոհացարո՛ւք:
Դպիրքն. Գոհանամք զքէն, Տէ՛ր, որ կերակրեցեր զմեզ յանմահական սեղանոյ քո: Բաշխելով զմարմինդ եւ զարիւնդ ի փրկութիւն աշխարհի. եւ կեանք անձանց մերոց:
Քահանայն. Որ օրհնես զայնոսիկ որք օրհնեն զքեզ, Տէ՛ր, եւ սուրբ առնես զյուսացեալս ի քեզ:
Դպիրքն. Օրհնեալ է Աստուած:
Քահանայն. Կեցո՛ զժողովուրդս քո եւ օրհնեա՛ զժառանգութիւնս քո, զլրումն Եկեղեցւոյ քո պահեա՛:
Դպիրքն. Ամէն:
Քահանայն. Սրբեա՛ զսոսա, որք ողջունեցին սիրով զվայելչութիւն տան քո. դու զմեզ փառաւորեա՛ աստուածային զօրութեամբ քով, եւ մի թողուր զյուսացեալս ի քեզ:
Դպիրքն. Ամէն:
Քահանայն. Զխաղաղութիւն պարգեւեա՛ ամենայն աշխարհի, եկեղեցեաց, քահանայից, պետութեանց քրիստոնէից եւ զինուորեալ մանկանց նոցին. եւ ամենայն ժողովրդեանս:
Դպիրքն. Ամէն:
Քահանայն. Զի ամենայն տուրք բարիք եւ ամենայն պարգեւք կատարեալք ի վերուստ են իջեալք առ ի քէն, որ ես Հայր լուսոյ, եւ քեզ վայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: 

Աղոթքի ավարտին վարագույրը բացվում է, և հավատացյալները ոտքի են կանգնում։ 
Պատարագիչը վերցնում է Սուրբ Ավետարանը, համբուրում է Սուրբ Սեղանը և սպասավորների հետ թափորով իջնում է։ Մինչ ամենքը կհասնեն խորանի առջև, երգչախումբը երեք անգամ երգում է Սաղմոս 112։2-ը:

Դպիրքն. Եղիցի անուն Տեառն օրհնեալ յայսմհետէ մինչեւ յաւիտեան:
Քահանայն. Կատարումն օրինաց եւ մարգարէից Դու՛ ես Քրիստոս Աստուած փրկիչ մեր, որ լցեր զամենայն հայրակամ տնօրէնութիւնս քո: Լի՛ց եւ զմեզ Հոգւով քով Սրբով։
Սարկաւագն. Ալէլուիա: Օ՜րթի (ոտքի)։
Քահանայն. † Խաղաղութիւն ամենեցուն:
Դպիրքն. Եւ ընդ հոգւոյդ քում:
Սարկաւագն. Երկիւղածութեամբ լուարո՛ւք:
Քահանայն. Սրբոյ աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (1։1-14)
Դպիրքն. Փա՜ռք քեզ, Տէ՛ր Աստուած մեր:
Սարկաւագն. Պռօսխումէ... (ուշադրություն)։
Դպիրքն. Ասէ Աստուած:
Քահանայն. † Ի Հօրէ լուսոյ Ի սկզբանէ էր Բանն եւ Բանն էր առ Աստուած, եւ Աստուած էր Բանն: Նա էր ի սկզբանէ առ Աստուած: Ամենայն ինչ նովաւ եղեւ, եւ առանց նորա եղեւ եւ ոչինչ որ ինչ եղեւն: Նովաւ կեանք էր, եւ կեանքն էր լոյս մարդկան. եւ լոյսն ի խաւարի անդ լուսաւորէ եւ խաւար նմա ոչ եղեւ հասու։ Եղեւ այր մի առաքեալ յԱստուծոյ’ անուն նմա Յովհաննէս. սա եկն ի վկայութիւն զի վկայեսցէ վասն լուսոյն, զի ամենեքին հաւատասցեն նովաւ: Ոչ էր նա լոյսն, այլ զի վկայեսցէ վասն լուսոյն: Էր լոյսն ճշմարիտ’ որ լուսաւոր առնէ զամենայն մարդ որ գալոց է յաշխարհ: Յաշխարհի էր, եւ աշխարհ նովաւ եղեւ, եւ աշխարհ զնա ոչ ծանեաւ: Յիւրսն եկն, եւ իւրքն զնա ոչ ընկալան: Իսկ որք ընկալանն զնա’ ետ նոցա իշխանութիւն որդիս Աստուծոյ լինել, որոց հաւատասցեն յանուն նորա. ոյք ոչ յարենէ, եւ ոչ ի կամաց մարմնոյ եւ ոչ ի կամաց առն, այլ յԱստուծոյ ծնան: Եւ Բանն մարմին եղեւ եւ բնակեաց ի մեզ. եւ տեսաք զփառս նորա, զփառս իբրեւ զՄիածնի առ ի Հօրէ, լի շնորհօք եւ ճշմարտութեամբ:
Սարկաւագն. Փա՜ռք քեզ, Տէ՛ր, Աստուա՛ծ մեր: Սուրբ խաչիւս աղաչեսցո՛ւք զՏէր, զի սովաւ փրկեսցէ զմեզ ի մեղաց եւ կեցուսցէ շնորհիւ ողորմութեան իւրոյ: Ամենակա՛լ Տէր Աստուած մեր, կեցո՛ եւ ողորմեա՛:
Քահանայն. Պահպանեա՛ զմեզ, Քրիստո՛ս Աստուած մեր, ընդ սուրբ եւ պատուական խաչիւդ քով ի խաղաղութեան. փրկեա՛ յերեւելի եւ յաներեւոյթ թշնամւոյն. արժանաւորեա՛ գոհութեամբ փառաւորել ըզքեզ ընդ Հօր եւ ընդ Հոգւոյդ Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Սարկաւագն կամ դպիրքն. Օրհնեցից զՏէր յամենայն ժամ. յամենայն ժամ օրհնութիւն նորա ի բերան իմ (Սաղմոս 33։2)։
Քահանայն. Օրհնեալք եղերո՛ւք ի շնորհաց Սուրբ Հոգւոյն: Երթա՛յք խաղաղութեամբ եւ Տէր եղիցի ընդ ձեզ ընդ ամենեսեանդ: Ամէն: 

Սուրբ Պատարագը ավարտվում է վերջին օրհնությամբ ու արձակումով։ Քանի դեռ դպիրները սաղմոսներ և օրհնություններ են հնչեցնում, ներկաները մոտենում են, համբուրում Ավետարանը և քահանայից օրհնություն են ստանում։ Ավետարանը համբուրելիս ասում ենք. «Յիշեսցէ Տէր զամենայն Պատարագս քոյ» (թրգմն.` Թող Տերը հիշի քո [մատուցած] բոլոր պատարագները), ինչին հոգևորականը պատասխանում է՝ «Տացէ քեզ Տէր ըստ սրտի քում» (թրգմն.՝ Թող Տերը սրտիդ համեմատ տա քեզ): 

 Նրանք, որ չեն հաղորդվել, եկեղեցուց ելնելիս կարող են ստանալ ու ճաշակել օրհնված հացը՝ մասը։ Մասը բաժանողը ասում է՝ «Մաս եւ բաժին եղիցի Սուրբ Պատարագիս», իսկ մասը վերցնողը պատասխանում. «Բաժին իմ Աստուած յաւիտեան» (թարգմն.՝ Աստված է իմ հավիտենական բաժինը (կերակուրը):


ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Սարկաւագն. Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցո՛ւք, ընկա՛լ, կեցո՛ եւ ողորմեա՛:
Քահանայն. Օրհնութիւն եւ փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Դպիրքն. Որ յանէից ստեղծող գոյից, արարչակից Հօր Բանդ Աստուած, թողութիւն շնորհեա ննջեցելոց քոց ծառայից, յորժամ գաս դատել, զոր անարատ ձեռօք ստեղծեր: Փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: Որ ի խաչին անշնչացար, զմահու լուծեր զիշխանութիւն, թողութիւն շնորհեա ննջեցելոց քոց ծառայից, յորժամ գաս դատել, զոր անարատ ձեռօք ստեղծեր:

Դպիրքն. Ալէլուիա, ալէլուիա: Ի խորոց կարդացի առ քեզ Տէ՛ր, Տէ՛ր լո՛ւր ձայնի իմում։ Եղիցին ականջք քո ի լսել զձայն աղօթից իմոց (Սաղմոս 129։1)։
Սարկաւագն. Ալէլուիա: Օ՜րթի (ոտքի)։
Քահանայն. † Խաղաղութիւն ամենեցուն:
Դպիրքն. Եւ ընդ հոգւոյդ քում:
Սարկաւագն. Երկիւղածութեամբ լուարուք:
Քահանայն. Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (12։24-26)։
Դպիրքն. Փա՜ռք քեզ, Տէ՛ր Աստուած մեր:
Սարկաւագն. Պռօսխումէ... (ուշադրություն)։
Դպիրքն. Ասէ Աստուած:
Քահանայն. Տէրն մէր Յիսուս Քրիստոս ասէ. Ամէն, ամէն ասեմ ձեզ, եթէ ոչ հատն ցորենոյ անկեալ յերկիր մեռանիցի ինքն միայն կայ, ապա եթէ մեռանիցի բազում արդիւնս առնէ: Որ սիրէ զանձն իւր, արձակէ զնա, եւ որ ատեայ զանձն իւր յաշխարհիս յայսմիկ, ի կեանսն յաւիտենականս պահեսցէ զնա: Եթէ ոք զիս պաշտիցէ, զկնի իմ եկեսցէ եւ ուր եսն եմ, անդ եւ պաշտօնեայն իմ եղիցի: Եթէ ոք զիս պաշտիցէ, պատուեսցէ զնա Հայր իմ: 

Դպիրքն. Քահանայք եւ ժողովուրդք, հայցեմք ի քէն, Տէ՛ր բարեգութ, ընդ ննջեցեալսն հաւատով ընկալ զմեզ նովին յուսով յԵրուսաղէմ քաղաք վերին, յորում արդարքն ժողովին՝ փառս վերերգել միշտ ընդ նոսին Երրորդութեանդ երրեակ անձին: 

Ի վերին Երուսաղէմ՝ ի բնակարանս հրեշտակաց, ուր Ենովք եւ Եղիաս կան ծերացեալ աղաւնակերպ, ի դրախտին Եդեմական՝ պայծառացեալ արժանապէս. ողորմա՛ծ Տէր, ողորմեա՛ հոգւոցն մեր ննջեցելոց:

Քահանայն. Հոգւոցն հանգուցելոց, Քրիստո՛ս Աստուած, արա՛ հանգիստ եւ ողորմութիւն, եւ մեզ մեղաւորացս շնորհեա՛ զթողութիւն յանցանաց:
Սարկաւագն. Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցո՛ւք: Վասն հանգուցեալ հոգւոցն աղաչեսցո՛ւք զՓրկիչն մեր Քրիստոս, զի զնոսա ընդ արդարսն դասեսցէ, եւ զմեզ կեցուսցէ շնորհիւ ողորմութեան իւրոյ: Ամենակա՛լ Տէր Աստուած մեր, կեցո՛ եւ ողորմեա՛:
Քահանայն. Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛: Քրիստո՛ս, Որդի՛ Աստուծոյ, անոխակալ եւ բարեգութ, գթա՛ քո արարչական սիրովդ ի հոգիս հանգուցեալ ծառայից քոց: Եւս եւ ի հոգի մանաւանդ նորոգ հանգուցեալ (այս անուն) ծառայի քո: Յիշեա՛ յաւուր մեծի գալստեան արքայութեան քոյ: Արա՛ արժանի ողորմութեան, քաւութեան եւ թողութեան մեղաց: Դասաւորեալ պայծառացո՛ ընդ սուրբս քո յաջակողման դասուն: Զի դու՛ ես Տէր եւ արարիչ ամենեցուն, դատաւոր կենդանեաց եւ մեռելոց: Եւ քե՛զ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Քահանայն.
Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:

Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն քո։
Եկեսցէ՛ արքայութիւն քո։ Եղիցի՛ն կամք քո, որպէս յերկինս եւ յերկրի։
Զհաց մեր հանապազորդ, տո՛ւր մեզ այսօր։
Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց։
Եւ մի՛ տանիր մեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէ:
Զի քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն: 

† Օրհնեալք եղերո՛ւք ի շնորհաց Սուրբ Հոգւոյն, երթա՛յք ի խաղաղութիւն եւ Տէրն մեր Յիսւոս Քրիստոս եղիցի ընդ ձեզ եւ ընդ ամենեսանս. ամէն:

Աղոթի՛ր ընկերներիդ հետ

ԱՅԼ ԱՂՈԹՔՆԵՐ

    Պատահական