ԱՂՈԹՔ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԳՐԱԲԱՐ

ԻԳ. Ամենողորմ Տէր,
ողորմեա ամենայն հաւատացելոց ի քեզ,
իմոց եւ օտարաց,
ծանօթից եւ անծանօթից,
կենդանեաց եւ մեռելոց.
շնորհեա եւ թշնամեաց իմոց եւ ատելեաց զթողութիւն
որ առ իս յանցանացն,
եւ դարձո զնոսա ի չարեացն
զոր ունին վասն իմ,
զի ողորմութեան քում արժանի եղիցին.
եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆ

23.  Ամենողո՛րմ Տեր,
ողորմի՛ր Քեզ հավատացողներին`
յուրայիններիս ու օտարներին,
ծանոթներին ու անծանոթներին,
կենդանիներին ու մեռյալներին.
թողությո՛ւն շնորհիր նաև իմ թշնամիներին ու ատողներին
իմ դեմ գործած հանցանքների համար
և ետ դարձրու նրանց չարիքից,
որ պահում են իմ դեմ,
որպեսզի նրանք էլ արժանի լինեն Քո ողորմությանը.
և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆ

23. Ամենողորմ Տէր,
ողորմէ՛ բոլոր քեզի հաւատացողներուն,
ազգակիցներուս եւ օտարներուն,
ծանօթներուս եւ անծանօթներուն,
ողջերուն եւ մեռելներուն.
թողութի՛ւն շնորհէ նաեւ թշնամիներուս
եւ զիս ատողներուն՝ ինծի դէմ ունեցած իրենց յանցանքներուն համար,
եւ դարձո՛ւր զանոնք իմ մասիս իրենց խորհած չարիքներէն,
որպէսզի քու ողորմութեանդ արժանի ըլլան.
եւ ողորմէ՛ քու արարածներուդ եւ ինծի՝ բազմամեղիս:

Աղոթքն ամբողջական ձայնագրությամբ եւ 
8 լեզվով հասանելի ենթագրերով կարող եք լսել այստեղ՝ 
https://youtu.be/t0_I_fl5A8s